Category: Հրապարակումներ
Published on 25 June 2013
Print

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե լրատվամիջոցները խեղաթյուրում են Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, անգամ կասկած են նետում այդ փաստի վրա։
 

«2013 հունվարի 31-ի Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի հետ կապված մամուլում որոշ անձանց կողմից իրենց ուզած ձևով և կերպով այնպես ձևեց սույն քրեական գործը, որ կասկածի տակ առնվեց անգամ Պարույր Հայրիկյանի վրա կրակելու հանգամանքը»,– ասաց նա:
 

«Զավեշտը հասավ այնտեղ, որ մամուլում հրապարակվեցին նյութեր, որ իբր Հայրիկյանի վրա դատաբժիշկը հրազենային վնասվածք չի տեսել»,– ասաց նա՝ հավելելով, որ ոչ միայն կա այդ հրազենային վնասվածքը, այլ նաև հանցագործի գնդակը խրվել, մնացել է Հայրիկյանի մարմնում, որը վիրահատական ճանապարհով հեռացվել է մարմնից։


Նրա խոսքով՝ եթե հասարակությունն ունակ է արժանին մատուցելու իր զավակին, ով իր հետ չէ, ապա ինչն է խանգարում նայել կողքը և յուրաքանչյուրի մեջ փորձել, տեսնել մարդուն, մարդկայինը:


Լևոն Բաղդասարյանն ասաց, որ եթե հանցագործի գնդակից Հայրիկյանը զոհվեր, նա դասվելու էր զոհված հերթական հերոս նահատակների շարքին: «Աստված սեր է, իսկ սերը մեր մեջ պակասել է,փորձեք նայել մեր կողքը, միմյանց և փորձենք հավատալ և սիրել»,– հայտարարեց նա։
 

Պարույր Հայրիկյանի փաստաբանը նաև նշեց, որ եթե նրա երեկվա միջնորդությունն ընդունվեր, շատ բաներ կբացահայտվեին։ «Պարզ էր, որ այդ միջնորդությանը դեմ կլիներ հակառակ կողմը, դատախազությունը կարող էր չընդունել, քանի որ իրենց բացթողումն է, բայց դատավորը իրավունք չուներ»,–ասաց նա։


Նա նշեց, որ հետամուտ են լինելու գործի օբյեկտիվ քննությանը, իսկ ընթացքը նա բավարար գնահատեց:


Ինչ վերաբերում է 100 000 դոլար Վարդան Սեդրակյանի հաշվեհամարին ուղարկելու հանգամանքին, Լևոն Բաղդասարյանն ասաց, որ 2012-ի դեկտեմբերին նա ստացել է հարյուր հազար դոլարի չափով գումար: Իրենք այս գումարը ո՛չ կապում, ո՛չ էլ չեն կապում գործի հետ։

 

Աղբյուր՝ Tert.am

 
Category: Հրապարակումներ
Published on 25 June 2013
Print

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարին տեղի ունեցած մահափորձի գործը: Տուժող Հայրիկյանը չի էլ թաքցնում, որ իր դեմ ակնհայտ պատվեր է կատարվել, եւ որ ամբաստանյալներ  Վարդան Սեդրակյանը, Խաչիկ Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը փոքը  պտուտակն են ընդամենը: Դատական նիստի ընդմիջման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում Հայրիկյանը չթաքցրեց իր այդ համոզմունքը, նկատի ունենալով այս տարվա փետրվարի 11-ին հրապարակված Օլեգ Կուզնեցովի «1977թ.մոսկովյան պայթյունների արձագանքը» հրապարակումը: Հրապարակման հեղինակը անդրադարձել էր պետական անվտանգության մարմիններին քաջ հայտնի, Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Ստեփան Զատիկյանի գործին, որը, ըստ հոդվածագրի, ընկերը եւ համախոհն է եղել Պարույր Հայրիկյանի: Ռուսաստանցի հեղինակը ներկայացնում է Հայրիկյանին, որ նա 1991-94թթ. ղարաբաղյան պատերազմի ակտիվ  մասնակից էր, խորհրդարանի պատգամավոր, ԱԻՄ ազգայնական կուսակցության առաջնորդ եւ փետրվարի 18-ի ընտրություններում՝ Հայաստանի նախագահի թեկնածու: Հոդվածագիրը, որի խոսքն ուղղված է ռուսական քաղաքական շրջանակներին, գրում է. «Փետրվարի 18-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնցում պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդներից մեկը Պարույր Հայրիկյանն է լինելու՝ համախոհը, զինակիցը, ընկերը եւ մոտ ազգականը Ստեփան Զատիկյանի, ում խղճի վրա է  Խորհրդային Միության քաղաքացիներից 7-ի կյանքը եւ եւս 37-ի արյունը, որոնց ողբերգությունն այն էր, որ հայտնվեցին ոչ ճիշտ ժամանակ ոչ ճիշտ տեղում: Արդյոք Հայաստանը նրա օրոք ներում կխնդրի՞ Ռուսաստանից 1977թ. հունվարի 8-ին նրա քաղաքացիներին պատճառած վշտի համար» (հեղինակը նկատի ունի Մոսկվայի մետրոյի պայթյունի գործը.-Ռ. Մ.)»: Ըստ ռուսական քաղաքական շրջանակներ ներկայացնող այս հեղինակի՝ Հայրիկյանին նախագահ ընտրելը, եթե, իհարկե, դա տեղի ունենա, հարցականի տակ կդնի ռուս-հայկական ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա պահպանումը, «քանի որ յուրաքանչյուր առողջ դատող մարդ հասկանում է, որ չորսուկես տասնամյակ շարունակ բացահայտ ազգայնական եղած եւ բոլոր այդ տարիներին  ռուս ժողովրդին՝ հայերին հալածող համարած քաղաքական գործիչը չի կարող մի ակնթարթում Ռուսաստանի Ֆեդերացիայի անկեղծ բարեկամը դառնալ»: Ըստ Օ. Կուզնեցովի, Ռուսաստանն ու Մոսկվան իրավունք ունեն Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնաստանձնման ժամանակ (նկատի ունի Հայրիկյանին) Երեւանից պահանջել հրապարակորեն ներողություն խնդրել եւ կապված այն բանից՝ Հայաստանը ներողություն կխնդրի՞, թե՞ ոչ՝ կառուցել երկրների միջեւ հետագա հարաբերությունները: Համարելով  Հայրիկյանին հակառուսական գաղափարախոսության կրող, Օ. Կուզնեցովը գրել է. «Պետական իշխանության մարմինները պետք է ընդլայնեն 2012թ. դեկտեմբերի 28-ի թիվ 272-Ф3 դաշնային օրենքը ոչ միայն ԱՄՆ քաղաքացիների,  այլ բոլոր օտարերկրացիների նկատմամբ եւ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց եւ հասարակական գործիչների նկատմամբ, եթե նրանք իրենց պետության, իրենց ղեկավարած քաղաքական կամ հասարակական կազմակերպության կամ իրենց անունից հրապարակայնորեն չդատապարտեն Ազգային միացյալ կուսակցության  գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունը»: Ըստ ռուս հեղինակի՝ միլիոնավոր մարդկանց գիտակցության մեջ «Հայրիկյանը դիտվում է քաղաքական ահաբեկչության  եւ ազգայնական ծայրահեղականության գաղափարախոս, մի բան, որ Ռուսաստանում  խորապես չեն սիրում»: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Դատավոր Գագիկ Պողոսյանը, խորհրդակցական սենյակում 3 ժամ մնալուց հետո,  հրապարակեց Վարդան Սեդրակյանի պաշտպանի միջնորդության կապակցությամբ արված որոշումը՝ մերժեց նրա կալանքը փոխելու եւ գրավ կիրառելու միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 1-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/24/258283/ 

 
Category: Հրապարակումներ
Published on 20 June 2013
Print

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՄԿ հիմնադիր, քաղբանտարկյալ

Ծնվել է 1946 թ. հունիսի 20-ին Երեւանում արհեստավորի ընտանիքում: Ծնողները ներգաղթել են Արեւմտյան Հայաստանից 1915թ.: Զատիկյանը սովորել է Երեւանի Մ. Նալբանդյանի անվ. միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1963թ.: Նույն տարի ընդունվել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետ: 1965թ tretinoin buy. ապրիլի 24-ին պատահաբար հայտնվել է ամբոխի մեջ, որն իշխանություններից պահանջում էր ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Տոգորվելով այդ գաղափարով՝ հաջորդ օրը Զատիկյանը գնում է քաղաքային պանթեոն, որպեսզի ծաղիկներ դնի հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի գերեզմանին: Գերեզմանի մոտ նա ձերբակալվում է միլիցիայի կողմից եւ 15 օր պահվում նախնական կալանքի տակ: Այնտեղ ծանոթանում է Հայկազ Խաչատրյանի հետ, ով եւս ձերբակալվել էր Կոմիտասի գերեզմանի մոտ: 


Ստեփան Զատիկյանը

Ընդհանուր գաղափարական հիմքի վրա Զատիկյանն ու Խաչատրյանը պայմանավորվում են համատեղ գործունեություն ծավալել: Որոշ ժամանակ անց նրանց է միանում նաեւ ուսանող Շահեն Հարությունյանը, ում հետ միասին նրանք 1966 թ-ին հիմնում են Ազգային Միացյալ Կուսակցությունը (ԱՄԿ): Շուտով ԱՄԿ-ին են միանում ընդհատակյա երիտասարդական մի շարք կազմակերպություններ, որոնք մինչ այդ առանձին էին գործում: Որպես տարիքով ամենամեծը՝ կազմակերպությունը ղեկավարում է Խաչատրյանը: Կուսակցության ղեկավար մարմին հռչակվում է Գլխավոր խորհուրդը, որի անդամներից մեկը Զատիկյանն էր: ԱՄԿ-ն մշակում է կանոնադրություն ու գործողությունների պլան, որոնց տեքստերը գրում է Զատիկյանը: Կազմակերպության առաջին անդամները կուսակցության գաղափարներին հավատարիմ մնալու մասին Ազգային Սուրբ երդում էին տալիս Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում: ԱՄԿ-ի յուրաքանչյուր անդամ պարտավոր էր սրբորեն հետեւել կուսակցության ծրագրին՝ «հանուն Ազգի եւ Հայրենիքի»: Կուսակցության անդամներ կարող էին դառնալ 16 տարեկանից բարձր անձինք, ովքեր ընդունում էին ծրագիրը, կանոնադրությունն ու Ազգային Սուրբ երդումը: Կուսակցությանը դավաճանելը դիտարկվում էր որպես Ազգի եւ Հայրենիքի դավաճանություն: 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան էր նվիրված «Փարոս» ընդհատակյա թերթի առաջին համարը, որը եւս խմբագրել էր Զատիկյանը: Նա հեղինակել էր նաեւ մի քանի նյութեր («Այլեւս չի կարելի լռել», «Լենինը՝ հայ ժողովրդի դահիճ» եւ այլն): Թերթի մի քանի հարյուր օրինակներ տարածվեցին քաղաքի կենտրոնում: Գրեթե նույնքան օրինակ հայտնվեց հայ մտավորականության ներկայացուցիչների փոստարկղերում: «Փարոսը» հայտնի դարձավ ոչ միայն Հայաստանում եւ ԽՍՀՄ-ում, այլեւ արտասահմանում: ԱՄԿ-ի գոյության մասին իմացան ամենուր, որտեղ հակախորհրդային շարժումը սկսում էր թափ հավաքել: Թերթն արգելվեց եւ ճանաչվեց հակասովետական: Հալածանքների էին ենթարկվում ոչ միայն «Փարոսի» հեղինակները, այլեւ ընթերցողները: ԱՄԿ-ականներին հաջողվեց հրատարակել թերթի ընդամենը 2 համար: 


«Փարոս» թերթի առաջին էջի ճակատային մասը:

1968թ. հունիսին, երբ Զատիկյանը սովորում էր ինստիտուտի 5-րդ կուրսում, ԱՄԿ-ի այլ ղեկավարների հետ միասին նա ձերբակալվեց անվտանգության մարմինների կողմից: Նրան մեղադրանք ներկայացվեց ՀԽՍՀ ՔՕ 65.1 եւ 67 հոդվածներով (հակախորհրդային ագիտացիա, մասնակցություն հակախորհրդային կազմակերպությանը): ՀԽՍՀ Գերագույն դատարանը հակապետական գործունեության, հակապետական բովանդակություն պարունակող գրականության տարածման եւ ընդհատակյա գործունեության կազմակերպման համար Զատիկյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում:  

Ազատազրկման առաջին տարիներն ընթանում էին Մորդովիայի քաղաքական ճամբարում (ЖХ 385/19): Այնտեղ Զատիկյանը շարունակում էր ակտիվ քաղաքական գործունեությունը: 1970թ. հուլիսի սկզբին նա 20 երիտասարդ քաղբանտարկյալների հետ միասին մասնակցեց խստացված ռեժիմի դեմ բողոքի 6-օրյա հացադուլին: Այդ ակցիայի համար Զատիկյանը, Վ. Կուլինինը, Ն. Դրագոշը եւ Ն. Տարնովսկին ուղարկվում են Վլադիմիրի բանտ: Այդ առիթով բողոքի հացադուլ է հայտարարվում երկու կալանավայրերում, որտեղ ընթերցվում է նրանց՝ Վլադիմիր տեղափոխելու մասին հրամանը: 1971թ. նոյեմբերին այլ քաղբանտարկյալների հետ Զատիկյանը մասնակցում է հացադուլի Վլադիմիրի բանտում: Նրանք բողոքում են քաղբանտարկյալների մասին տեղեկություններ տրամադրողներին հավաքագրելու ՊԱԿ-ի պրակտիկայի, ինչպես նաեւ բանտարկյալների հայտարարությունները պետական մարմիններում որպես հակախորհրդային փաստաթղթեր ներկայացնելու, դրանք քրեականացնելու եւ շանտաժի դեմ: 

1972թ. հուլիսին Զատիկյանը դուրս է գալիս Վլադիմիրի բանտից եւ վերադառնում Երեւան: Ազատ արձակումից հետո գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ: 2 տարի շարունակ նրան թույլ չեն տալիս տնից դուրս գալ ժամը 17.00-ից հետո, ամեն օր նա պարտավոր էր գնալ ՆԳ բաժին եւ ստորագրել հատուկ գրանցամատյանում: Զատիկյանին թույլ չտվեցին ավարտել ուսումը (իշխանությունները վախենում էին ուսանողների շրջանում նրա ներկայությունից), եւ նա ստիպված էր աշխատանքի անցնել Երեւանի կիսահաղորդիչների գործարանում: Սակայն Զատիկյանին հաջողվում է կապ հաստատել ԱՄԿ-ի իր համախոհների, նախ եւ առաջ Հայրիկյանի, Նավասարդյանի եւ Արշակյանի հետ, ովքեր այդ ժամանակ գլխավոր դեր էին կատարում կազմակերպությունում: Իսկ 1974թ. Զատիկյանն ամուսնանում է Պարույր Հայրիկյանի քրոջ՝ Սոնայի հետ: Նրանք ունենում են երկու երեխա՝ դուստրը՝ Հասմիկը, եւ որդին՝ Վրեժը: 1975 թ-ին Զատիկյանը հրաժարվում է քաղաքացիությունից եւ ԽՍՀՄ-ից հեռանալու հայտ ներկայացնում, բայց իշխանությունները նրան մերժում են:    

1977թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում տեղի է ունենում պայթյուն, որը մարդկային կյանքեր է խլում: («Իզվեստիա» թերթը միայն 2 տարի անց՝ 1979թ. փետրվարի 8-ին է հայտնում, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 7 եւ վիրավորվել 44 մարդ): 1977թ. հոկտեմբերի 28-ին պայթյունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվում է Զատիկյանի ընկերը եւ հարեւանը՝ ԱՄԿ ակտիվ անդամ Հակոբ Ստեփանյանը: Նկատելով անծանոթ մարդկանց ներկայությունը՝ Զատիկյանը որոշում է մտնել ընկերոջ մոտ: Երբ Զատիկյանը ներկայանում է, Մոսկվայից ժամանած քննիչը զարմացած հարցնում է. «Մի՞թե Դուք ողջ եք»: Այդ դեպքից հետո Զատիկյանը հարազատներին հայտնում է, որ իր դեմ դավադրություն է նյութվում: Եվ իսկապես, 1977թ. նոյեմբերի 2-ին ՊԱԿ-ի աշխատակիցները Զատիկյանին առեւանգում են հացի խանութից: Նրան են վերագրվում Մոսկվայի ահաբեկչության կազմակերպումն ու ղեկավարումը: Բացի Զատիկյանից, ահաբեկչություն իրականացնելու մեղադրանք է ներկայացվում Հակոբ Ստեփանյանին եւ նկարիչ Զավեն Բաղդասարյանին, որին Զատիկյանը գրեթե չէր ճանաչում: 

Հակոբ Ստեփանյանը, Ստեփան Զատիկյանը, Զավեն Բաղդասարյանը:

Միայն 1978թ. գարնանը հարցաքննություններից պարզ է դառնում, որ այդ երեքին մեղադրում են ահաբեկչության համար: Հարցաքննություններից կարելի էր ենթադրել, որ նախաքննությունը ձգտում է իրար կապել ԱՄԿ-ն, Հայաստանի Հելսինկյան խումբը եւ պայթյունների մասին գործը: Նախաքննությունը շարունակվում է ավելի քան երկու տարի: Այդ ամբողջ ժամանակահատվածում մեղադրյալները գտնվում են Մոսկվայում: Զատիկյանի գործով Հայաստանում անցկացված բազմաթիվ հարցաքննությունները տարակարծություններ են առաջացնում ԱՄԿ-ի համախոհների շրջանում՝ Զատիկյանն իսկապե՞ս մասնակցություն ունի պայթյունների գործին: Նրան ճանաչողները կտրականապես բացառում էին դրա հնարավորությունը: Նույնիսկ նրանք, ովքեր հավատում էին նրա մեղավորությանը, չէին կասկածում, որ ԱՄԿ-ն բացարձակ անմասն է ահաբեկչությանը: 

Հայտնի է, որ Զատիկյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Սկզբում նա հրաժարվել է նաեւ փաստաբանից: Դատը կայացել է Մոսկվայում 1979թ. հունվարին եւ այնքան գաղտնի է անցկացվել, որ դրա ստույգ օրը հայտնի չէ (ենթադրվում է՝ հունվարի 20-ին): 

Ամբաստանյալների հարազատներից ոչ ոք չի տեղեկացվել դատավարության մասին եւ ներկա չի գտնվել դրան, թեեւ նրանց խոստացել էին տեղեկացնել: Նրանց փոխարեն դահլիճում ներկա են եղել տուժածների հարազատներն ու ՊԱԿ-ի ներկայացուցիչները: Իր վերջին խոսքում Զատիկյանը հայտարարել է, որ իշխանություններին չի հաջողվի արյան մեջ թաղել հայ ազգային շարժումը, եւ վաղ թե ուշ Հայաստանը կանկախանա: Մեղադրյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել (թեեւ «Իզվեստիա» թերթը հակառակն էր պնդում):  

Դատավարությունը նկարահանվում էր տեսախցիկով: Դատավճիռը կայացվում է 1979թ. հունվարի 24-ին : Երեքին էլ դատապարտում են մահապատժի: Դատավճռի մասին հարազատներն իմանում են միայն դատից հետո կայացած հանդիպման ընթացքում՝ հունվարի 27-ին: «Մեզ դատապարտեցին 10 րոպեում, դատարկ դահլիճում»,- հարազատներին հայտնում է Ստեփանյանը: «Ամբողջ 15 ամսվա ընթացքում ես նրանց բառ անգամ չեմ ասել»,- հարազատներին ասում է Զատիկյանը: Եղբոր հարցին՝ «Ասա՛, դու իսկապե՞ս մասնակցել ես այդ հանցագործությանը», Զատիկյանը պատասխանում է. «Իմ միակ մեղքն այն է, որ ես այս աշխարհում երկու երեխա եմ թողել: Այլ մեղք ես չունեմ»:

Նույն օրը Զատիկյանի մայրը դիմում է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին գործը վերանայելու խնդրանքով: Սակայն 1979թ. հունվարի 29-ին՝ մինչեւ բողոքարկման ժամկետի լրանալը, դատավճիռն ի կատար է ածվում: Հարազատներին այդպես էլ չեն հայտնում, թե որտեղ են թաղվել գնդակահարվածները:
 
Մահապատժից հետո ակադեմիկոս Սախարովը եւ Մոսկվայի Հելսինկյան խումբը բողոքներով են հանդես գալիս դատավարության հրապարակայնության սկզբունքների խախտման դեմ: 

«Հնարավոր չէ հասկանալ,- իրենց ուղերձում գրում են Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամները,- այդպիսի մեղադրանք պարունակող գործընթացն ինչո՞ւ պետք է անցկացվեր կատարյալ գաղտնիության պայմաններում… Չէ՞ որ մետրոյի պայթյունն առաջացրել էր համընդհանուր վրդովմունք, եւ մեղադրյալների մեղքի համոզիչ ապացուցումը, եթե միայն մեղադրող կողմն ուներ այդպիսի ապացույցներ, կնպաստեր հանցագործների համընդհանուր դատապարտմանը: Հրապարակայնության բացակայությունը եւ գաղտնիության մթնոլորտը հիմք են տալիս կասկածելու մեղադրանքների անհիմն լինելու, օբյեկտիվության եւ դատարանի անաչառության հարցում»: 

Մետրոյի պայթյունից անմիջապես հետո Սախարովը հայտարարություն էր արել, որ, հնարավոր է, դա ՊԱԿ-ի կողմից քաղաքական նպատակներով կազմակերպված սադրանք էր: Այդ միտքը հիմնված էր, մասնավորապես, այն արտասովոր արագության վրա, որով պաշտոնատար անձինք դրա մասին հայտնել էին արեւմտյան թղթակիցներին, թեեւ սովորաբար նման իրադարձությունները թաքցվում էին արեւմտյան մամուլից, իսկ եթե դրանց մասին նույնիսկ հայտնում էին, ապա երկար «համաձայնեցումներից» հետո: Այս դեպքում տեղեկատվության օպերատիվ հաղորդումը հանգեցնում էր այն մտքին, որ «համաձայնեցումը» եղել է նախօրոք: Իսկ եթե դա ՊԱԿ-ի սադրանքը չէր, ապա պայթյունի իրական մեղավորները կամ չեն հայտնաբերվել, կամ «ձեռնտու» չեն եղել քաղաքական տեսանկյունից: Մոսկվայում լուրեր էին պտտվում, որ հետաքննությունը տարել է դեպի մերձմոսկովյան Ալեքսանդրով քաղաքի ռադիոգործարան, եւ որ պայթյունի մեղավորները եղել են ռուս աշխատավորներ, որոնց գործունեության հիմքը հանդիսացել է դժգոհությունը ապրանքների սակավությունից: ՊԱԿ-ի տեսանկյունից շատ ողջամիտ էր ընտրել հայ ազգային շարժումը, քանի որ Հայաստանը ԽՍՀՄ միակ պետությունն էր, որտեղ կար կուսակցություն, որն իր առջեւ նպատակ էր դրել դուրս գալ ԽՍՀՄ կազմից: Դա հեշտացնում էր հայ ազգային շարժման վարկաբեկումը ԽՍՀՄ ներսում եւ դրա սահմաններից դուրս՝ այն որպես ահաբեկչության մեթոդներից օգտվող ուժ ներկայացնելու եղանակով: ՊԱԿ-ի այդ ծրագիրը հաջողվում է: 1980-1982թթ. ձերբակալվում եւ դատապարտվում են ԱՄԿ-ի այլ ակտիվիստներ, հասարակական կարծիքն ուղղվում է նրանց դեմ:     

Միայն «պերեստրոյկայից» հետո հնչեցին Զատիկյանի արդարացման մասին կոչեր: Իսկ 90-ականների վերջին ռուսաստանյան “ՕՌՏ” հեռուստաալիքով ցուցադրվեց «Ռումբ» («Бомба») վավերագրական ֆիլմը, որը պատմում էր 1977թ. մետրոյի պայթյունի գործի քննության մասին: 

Մետրոյի պայթյունի մասին ճշմարտությունը մինչ օրս էլ թաքցված է ՊԱԿ-ի գաղտնի արխիվներում, եւ պարզ չէ՝ մենք այն երբեւէ կիմանանք, թե ոչ: 

Զատիկյանի ընտանիքը՝ կինը եւ երեխաները, մշտական բնակության են տեղափոխվել ԱՄՆ: Ինքը՝ Զատիկյանը, մինչ օրս չի արդարացվել, այսինքն՝ «դե յուրե» հանցագործ է հանդիսանում, թեեւ վաղուց արդեն Հայաստանում իշխում է Հանրապետական կուսակցությունը, որն իրեն հռչակում է ԱՄԿ գաղափարական հետնորդ:

Աղբյուր՝ Mediamax.am

 
Category: Հրապարակումներ
Published on 23 June 2013
Print

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 24-ին: Մինչ այդ սակայն, այս գործընթացը, իրար հաջորդող հայտարարությունները Պարույր Հայրիկյանի մտերիմներին բրազիլական սերիալ են հիշեցնում: 

Նրա մտերիմ ընկեր, ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով մի քանի ամիս շարունակվող գործընթացին, ասաց, որ իրենց բոլոր կասկածները մնում են նույնը: «Այսօր մենք տեսնում ենք միտումնավոր գործընթաց, որը, ինչպես Սիրունյանն է ասում, բրազիլական սերիալ է, բայց հենց ինքն է բրազիլական սերիալ ստեղծում իր հայտարարությամբ»,- ասաց Կ. Եղնուկյանը՝ հիշեցնելով «Սիրունյան» փաստաբանական գրասենյակի այն հայտարարությունը, որով կասկածներ էին հայտնում, որ Հայրիկյանի հագուստի վրա գնդակի մուտքային անցքեր չկան:

Որպես օրինակ Եղնուկյանը նշեց այն վերնագիրը, թե Հայրիկյանի շապիկի վրա գնդակի անցքեր չկան: Սա, ըստ նրա, ուղղորդված վերնագիր էր «Սիրունյան» փաստաբանական գրասենյակի կողմից: Նա նշեց, որ հրազենային երկրորդ վնասվածքից չի երևում գնդակի անցքը, քանի որ առաջին գնդակն է, որ Հայրիկյանի մարմնի մեջ է մտել, երկրորդը չի մտել և երբևիցե երկրորդ գնդակի մասին խոսք չի եղել: Բացի այդ, մի քանի բժշկի ցուցմունքներից վերցրել է մեկ բժշկի ցուցմունքն առ այն, որ ինքը չի տեսել վերքը, այդ մեկ բժշկի վերքը չտեսնելը դեռ չի նշանակում, որ վերքը չկա: «Այստեղ գնում է միտումնավոր վարկաբեկում, սոցցանցերով էլ են իրենք անցել գրոհի Հայրիկյանին վարկաբեկելու համար»,- ասաց Կ. Եղնուկյանը՝ սա կեղտոտ խաղ բնորոշելով:

Անդրադառնալով նախաքննության փուլում և դատական նիստերին ամբաստանյալների իրարամերժ հայտարարություններին, մասնավորապես ամբաստանյալ Սամվել Հարությունյանի հայտարարությանը, որ Վարդան Սեդրակյանը մահափորձի հետ կապ չունի, որ Խաչիկ Պողոսյանի հետ են կազմակերպել այն, որպեսզի գումար շորթեն Վարդան Սեդրակյանից, Կ. Եղնուկյանը նշեց, որ շատ խելացի մտածված և մշակված տարբերակով են առաջ գնում:

Նա հիշեցրեց, որ հունվարի 31-ի մահափորձից մեկ-երկու օր անց տարածվեց խոսակցություն, որ չէին ուզում սպանել Պ. Հայրիկյանին, և եթե ուզենային սպանել, պրոֆեսիոնալ կուղարկեին սպանելու, իսկ սա վախեցնող էր, բայց հետաքրքիրն այն է, որ մարդասպաններն ամենայն ճշգրտությամբ ասել են, թե ինչ են արել: «Մեկ բան է, երբ մեկն իր վրա վերցնում է մի բան, մեկ ուրիշ բան է, երբ դետալ առ դետալ բացատրում է այդ օրվա իր քայլերը, թե ո՞ր փողոցն է գնացել, ի՞նչ է արել: Ինձ մոտ որևէ կասկած չկա, որ այդ մարդը զենքը բռնող և կրակողն է եղել»,- ասաց Կարո Եղնուկյանը: 

Կարո Եղնուկյանը նշեց, որ վախեցնելու վարկածի ինֆորմացիան «Ժառանգության» համակիրները կամ անդամներն ինչ-ինչ պատճառներով շատ խանդավառված ձևով էին տարածում մահափորձից օրեր հետո: «Հիմա Իզաբելլա Աբգարյանը, Ստյոպա Սաֆարյանը անհեթեթություններ են խոսում: Ստյոպա Սաֆարյանը պատմում է, որ տաքսիստն ասել է՝ Հայրիկյանը փարթի է անում, ձեզ ի՞նչ Հայրիկյանն ինչ է անում, բայց սա փարթի չէր, այլ մատաղ, այս մատաղը նա չէր անում, այլ իր ընկերներն իր համար, որ վիրահատությունը հաջող է անցել»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Անդրադառնալով ամբաստանյալների իրարամերժ բացատրություններին, Եղնուկյանը նշեց, թե ինչպես կարող են նրանք իրենց փող տվողի, իրենց ընտանիքը պահողի, մեքենա տրամադրողի ձեռքը կտրել: Հունիսի 13-ին, նրա խոսքով, Սամվել Հարությունյանը որոշում է, որ իր խիղճը տանջում է, որ Սեդրակյանին ներգրավել են այս գործի մեջ անիրավ ձևով և վեր է կենում հայտարարություն անում, թե Սեդրակյանը կապ չունի, իսկ Պողոսյանն էլ նույն օրը որոշում է, որ հաջորդ նիստին պետք է հիվանդանա, նիստին հայտարարում է որ հաջորդ նիստին չի կարողանալու գալ, քանի որ իր շաքարը բարձրանալու է, այդպես էլ լինում է: 

Նա հիշեցրեց Ալեքսանդր Սիրունյանի կնոջ՝ բլոգեր Իզաբելլա Աբգարյանի այն դիտարկումը, որ ասում էր՝ Վարդան Սեդրակյանն իր ամուսնու մտերիմն է, ընտանեկան կապեր ունեն չորս տարուց ավելի, որ ոչ միայն Սիրունյանն իր փաստաբանն է, այլ բարեկամական կապեր ունի, բայց պետք չէ մասնագիտականը ընտանեկան հարաբերությունների հետ խառնել: 

Իրականում ո՞վ է կանգնած այս պատմության հետևում, Կ. Եղնուկյանը նշեց, որ Պարույր Հայրիկյանն իր գնահատականում ճիշտ էր, երբ ասում էր ռուսական շովինիստական ուժերն են: «Մենք գիտեք, որ Սեդրակյանը այդ ժամանակահատվածում այդ շրջանակների հետ կապի մեջ է եղել, նաև գիտենք, որ Սեդրակյանը Ռուսաստանից ստացել է 100 հազար դոլար, դա գործի մեջ է, ստացել է 100 հազար դոլար ԱԱԾ-ի նախկին աշխատակցից, որը Ռուսաստանի քաղաքացի է: Այդ 100 հազար դոլարը չի վերադարձվել, նրան հարցրել են՝ ինչ կապ ունի գործի հետ, նա պատասխանել է, որ որևէ կապ չունի, այդ հարցը մնացել է անպատասխան»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Հիշեցենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել հունվարի 31-ին՝ ժամը մոտ 23:20-ին: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 34-305 հոդվածով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի կամ ցմահ ազատազրկում:

 

Աղբյոր՝ 1in.am

 
Category: Հրապարակումներ
Published on 20 June 2013
Print

Պարուր Հայրիկյանի մահափորձի թեմայով մի քանի անգամ գրել եմ, տվել եմ իմ քաղաքական գնահատականը:

Ինձ համար ամենակարևորն այն է, որ Պարույրը ողջ է, խեղկատակություն հիշեցնող դատավարությանն էլ չեմ հետևում:

Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, որ ոմանք այս օրերին փորձում են ծաղրել Հայրիկյանին:

Այնպիսի տպավորություն է, կարծես, Հայրիկյանը մեղավոր է` ողջ մնալու համար:

Որոշեցի մի անգամ էլ անդրադառնալ մահափորձի թեմային, որովհետև վստահ եմ, որ խիստ որոշակի կենտրոն` տեղի ունեցածն անլրջացնելու, Հայրիկյանին վարկաբեկելու խնդիր է լուծում:

Ըստ այդմ` կատարեմ մի քանի արձանագրում.

Առաջին. այս մահափորձը մեր երիտասարդ պետության գոյության ընթացքում տեղի ունեցած ամենազազրելի հանցագործություններից մեկն է:

Թիրախի դերում` Հայրիկյանն է, բայց կրակել են բոլորիս, մեր պետության, ազատության վրա:

Հայրիկյանն, այս իմաստով, պատական չէր ընտրված, որովհետև հատկապես նա է ասոցացվում անկախության գաղափարի հետ:

Երկրորդ. ես մահափորձը բացահայտված չեմ համարում, որովհետև կալանավորված մի քանի թափթփուկներն ընդամենը կատարող են, գործիք:

Դատավարությունը վերածվել է խեղկատակության, որովհետև իրական հանցագործը կամ հանցագործները մեղադրյալի աթոռին չեն:

Երրորդ. այս հանցագործությունը պլանավորած մարդիկ նպատակ են ունեցել` վիժեցնել ընտրական գործընթացը, ամեն գնով հարամել Սերժ Սարգսյանի կանխատեսելի հաղթանակը:

Ինքներդ դատեք, թե ո՞ր երկիրն է Հայաստանի իշխանության հետ շանտաժով խոսում, կամ ո՞ր երկիրն է շահագրգռված գործ ունենալ թույլ և խոցելի նախագահի հետ:

Չորրորդ. պետությունը պարտավոր է մինչև վերջ ապահովել Հայրիկյանի ապաքինման ծախսերը:

Նախ, որովհետև տեղի է ունեցել մահափորձ նախագահի թեկնածուի դեմ և երկրորդ` Պարույր Հայրիկայանի նման փառավոր անցյալ ունեցող մարդը` բոլորիս հարստությունն է:

Պարույրն իր կյանքի լավագույն տարիները մաշեցրել է սովետական մարդակործան բանտերում, նա իր երիտասարդությամբ հատուցել է մի քանի սերունդների ստրկամտության համար:

Պարույրի այս կամ այն դիրքորոշումը կարող ենք ընդունել, կամ` ոչ, կարող ենք քվեարկել նրա օգտին կամ դեմ, սակայն` երբ ոմանք նրան նպատակային վարկաբեկում են, ակամայից մտածում եմ, որ քսաներկու տարի առաջ անկախացել ենք ձևով` հասու չդառնալով բովանդակությանը:

Որպես ամփոփում հորդորում եմ` հարգեք Պարույրի փառավոր անցյալը, եթե, իհարկե, արժանապատվություն ունեցող քաղաքացի եք և ոչ թե` տխրահռչակ կայսրության հպատակ:

Սուրեն Սուրենյանց

Աղբյուր` armversion.am

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>