Print

Ես Պարոյր Արշաւիրի Հայրիկեանս՝ ծնուել եմ 1949 թուականին յուլիսի 5-ին Երեւանի Նուբարաշէն արուարձանում։ 

Հայրս` Արշավիր Յովհաննէսի Հայրիկեանը, ծնուել է Պոլսում` մտավորականի ընտանիքում։ 1946թ. Ներգաղթել է Խորհրդային Հայաստան: Նրա հորեղբայրը` Աբրահամ Հայրիկյանը, հիմնադրել է Պոլսի Արդիվարժարանը, որը ժամանակակիցները կոչելեն նաեւ Հայրիկեանի վարժարան։ Աբրահամ Հայրիկեանը նահատակուել է 1915թ. ապրիլի 24-ին, պոլսահայ այլ մտավորականների հետ: Մայրս` Զարուհի Սեդրակի Աբրահամեանը, ծնուել է Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում, ուր գաղթել էին նրա ծնողները Մեծ եղեռնի ժամանակ: Զարուհի Աբրահակյանի հայրը` Սեդրակ Սահակի Աբրահամեանը (Կռէեանց), ծնուել է Վասպուրականի Հայոց Ձորգաւառի Մարքս գիւղում, մայրը` Փիաստոս Ասատուրի Աճեմեանը, ծնուել է Վան քաղաքի Այգեստան թաղամասում` Աճեմեանց յայտնի գերդաստանում։

 

1956-1966 թթ. սովորել եմ Նուբարաշէնի միջնակարգ դպրոցում։ 7-րդ դասարանից ամառային արձակուրդների ժամանակ աշխատում էի նախ Նուբարաշէնի կոլտնտեսութիւնում, ապա յաջորդ տարիներին Նուբարաշէնի գործվածքային գործատանը (տրիկոտաժ ֆաբրիկայում)՝փոխադրող բանուոր ապա էլեկտրիկ։

Դպրոցական տարիներին հիմնեցի «Հայաստանի երիտասարդական միութիւն»(ՀԵՄ) անունը կրող գաղտնի խմբակ, որի անունից թռուցիկներ էինք տարածւում։ 

1966թ. Ընդունուեցի Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի բաժանմունքի երեկոյան բաժինը` միաժամանակ աշխատելով Նուբարաշենի գործվածքային գործատանը: Երկու տարի մասնակցեցի Էրեբունի ամրոցի պեղումներին:

1967թ.անդամագրուեցի 1966թ. նկարիչ Հայկազ Խաչատրյանի ստեղծած ընդհատակեայ Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ): Ծանոթացա ԱՄԿ պատասխանատուներ Ստեփան Զատիկեանի եւ Շահէն Յարութիւնեանի հետ։ԱՄԿ-ի շարքերում մասնակցեցի կազմակերպութեան պաշտոնաթերթ ''Փարոս-1''-ի տարածմանը։Կատարում էի տարբեր կազմակերպական աշխատանքներ։ ԱՄԿ ղեկավարութեան  հանձնարարութեամբ ԱՄԿ անդամութեան թեկնածուներ պատրաստելու համար «Շանթ» անունով երիտասարդական կազմակերպութիւն ստեղծեցի։ 

1968թ. ապրիլի 24-ին, Մեծեղեռնի զոհերի հուշարձանի մոտ կազմակերպեցինք մոտ 15 րոպե տևողությամբ գաղտնի ռադիոհաղորդում։

1968թ. Ամռանը ԱՄԿ-ի ղեկավարների կալանավորումից հետո ես ակամայ դարձայ կազմակերպութեան գործող հատուածի փաստացի ղեկավարը։Տպագրեցինք  «Երկունք» թերթիկը և «Ցասում» ստորգրութեամբ թռուցիկներ: Մշակեցինք գաղտնի գործունեության հուսալի համակարգ։.

1969թ. Գարնանը առաջին անգամ ինձ կալանաւորեցին։ 

1970թ. դատապարտուեցի 4 տարվաազատազրկման եւ տեղափոխուեցի ռուսական խիստ ռեժիմի կալանավայր։ Ազատազրկման ժամկետը անցկացրի քաղաքական կալանավորների համար նախատեսված Մորդովայի քաղաքական ճամբարներում: Կալանավայրից կապ էի պահպանում չբացահայտված եւ կալանքից ազատուած ընկերներիս հետ։ Գրում եւ ուղարկում էի հոդվածներ, ծրագարային նիւթեր։ Դրանցից էր «ՓԱՐՈՍ-2»-ի նիւթը, որը մեզ շատ օգնեց անսպառելի դարձնելու ԱՄԿ-ն։

 Հաճախ ինձ պատժախուց էին տեղափոխում, որտեղ ամեն բան արգելուած էր։ Այդ պայմաններում հայրեանսիրական ու ազատասիրական երգեր ու բանաստեղծություններ էին ստեղծւում, որոնք պահում էի յիշողութեանս մէջ մինչեւ գրելու հնարաւորութիւն գտնելը։ Այդ երգերց են «Գերուած զինուորի երգ»-ը, «Սեգ արծիւներ»-ը, «Կրկին ոտքի, հայորդիներ»-ը եւ այլն։

1973թ. ազատազրկումից վերադառնալուս պէս շարունակեցի ընդհատակեայ ազգային գործունեությունը։ Միաժամանակ ինձ յաջողուեց վերականգնուել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Զուգահեռաբար աշխատում էի Նուբարաշէնի գործվածքների գործատանը արդէն որպէս վեցերորդ կարգի էլեկտրիկ:

1973թ. ԱՄԿ նոր ղեկավարութիւն ձեւաւորուեց։ Այն կոչեցինք ԱՄԿ խորհուրդ։ Նրա կազմում էին իմ հին ընկերներից Ազատ Արշակեանը, Անդրանիկ Մարգարեանը եւ Աշոտ Նաւասարդեանը։ Հետագայում միացաւ նաեւ Յակոբջան Թադեւոսեանը։ Փակ գաղտնի քուէարկուեամբ ինձ ԱՄԿ ղեկավար ընտրեցին։ Այդ կազմով որդեգրեցինք ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ  ռազմավարական ծրագիրը։

1974թ. Անձնագրային կարգը խախտելու կեղծ մեղադրանքով ինձ կալանավորեցին եւ դատապարտեցին 2 տարուա ազատազրկման: Մենք շատ հզոր գաղտնապահական համակարգ էինք ստեղծել, այդ պատճառով չկարողացան անմիջապէս քաղաքական մեղադրանք ներկայացնել։  Միայն  կալանաւորումից 2 ամիս անց նոր մեղադրանքներ կայացրին: Այս անգամ ինձ դատապարտեցին 7 տարվ ակալանքի և 3 տարվա աքսորի: Նախաքննության տաս ամիսների ընթացքում գրուեցին նոր ազատասիրական-հայրեանսիրական երգեր ու բանաստեղծություններ: Այդ երգերիցս «Անկախականների հիմներգը» յետագայում դարձաւ ազգային-ազատագրական պայքարի հիմնական երգը։

1976թ ինձ յաջողուեց Պետական Անվտանգութեան կոմիտէի Սարանսկ քաղաքի բանտում գրել եւ  դուրս՝ ընկերներիս փոխանցել «ԱՄԿ-նիրգործունեության 10-րդ տարում» հոդվածաշարը։ Այն թարգմանուեց բազմաթիւ լեզուներով եւ էական նշանակություն ունեցաւ հայ և այլ ազգային-ժողովրդավարական շարժումների զարգացման համար: Նույն թվականին բանտային ընկերներիս` ուկրաինացի բանաստեղծ Վասիլ Ստուսի և հրեա գրող Միխայիլ Հեյֆեցի նախաձեռնությամբ` ԱՄԿ գաղափարներն ընդունելու և ԱՄԿ համակիր անդամներ դառնալու մասին հայտարարություններ արեցին եւ հանրաքվեի պահանջով ԱՄԿ գործողություններին մասնակցեցին նաև ուկրաինացի, ռուս, հրեա, լատվիացի, մոլդովացի, լիտվացի և այլազգերի ներկայացուցիչ քաղկալանավորներ: Դա ազգամիջյան համերաշխության իսկական օրինակ էր: Այդպէս սկսւուեց ԱՄԿ միջազգայնացումը եւ ես դարձայ ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ ԽՍՀՄ-ում:

Երկրորդ պատժաժամկէտս անցկացրի Մորդովիայի եւ Պերմի քաղաքական ճամբարներում․ դրանից: 300 օր միայն պատժախցերում, իսկ պատժաբանտերում 33 ամիս։

Պետերբուգցի պատմաբան, գրող, Միխայիլ Հեյֆեցը, ում վիճակված էր դառնալ այդ օրերի տարեգիրը, իր  «Ռազմագերի քարտուղարը.պատմություն Պարույր Հայրիկյանի մասին» գրքում (առաջին անգամ լույս է տեսել 1985թ., Լոնդոնում, ռուսերեն) մանրամասն նկարագրում է իմ գործունէութիւնը։:

1980թ. Հոկտեմբերին, երբ ազատազրկմանս ժամկետի աւարտին մի քանի ամիս էր մնացել, իմ նկատմամբ նոր գործ հնարուեց։ Ինձ տեղափոխեցին Ուրալի Պերմ քաղաքի քրեական բանտ։ Ինձ մեղադրում էին կաշառատվության մեջ։ Պերմում սարքված խայտառակ դատավարություն-ներկայացումից հետո դատապարտեցին լրացուցիչ 3 տարու ազատազրկման։Դրանից յետոյ խախտելով պետական հատուկ վտանգաւոր հանցագործներին քրեական կալանաւորներից առանձին պահելու օրէնքի պահանջը, ինձ տեղափոխեցին Իրկուտսկի մարզի հյուսիսում տեղակայված թմրամոլների համար նախատեսված ճամբար:

1984-1987թթ. ես արդէն աքսորավայրում էի` Իրկուտսկի Ուստ-Կուտ շրջանի Յակուրիմ գիւղում։ Աշխատում էի որպես էլեկտրիկ: Աքսորավայրում կարելի էր բարձրագույն կրթություն ստանալ, սակայն ինձ խանգարեցին եւ միեայն յետագայում արդէն հասուն տարիքում սովորեցի եւ ավարտեցի Երևանի պետական համալսարանի իրավաբանական բաժինը:

1987թ. մայիսինես մի քանի օրով Երեւանում գործուղման ժամանելուս ընթացքում ստեղծեցի բացայատ գործող «Քաղկալանավորներիպաշտպանությանհայկականհանձնախումբը»:

Նոյն տարուա օգոստոսին վերջնականապէս վերադարձա Հայաստան։

1987 թուականի սեպտեմբերին հիմնեցի  ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈւՄ ՄԻԱՎՈՐՈւՄ (ԱԻՄ) կազմակերպությունը: Դա ԽՍՀՄ ամբողջ տարածքում բացահայտ պայքարող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպություննէր, որն ազդարարեց հայ ժողովրդի ինքնորոշման շարժման սկիզբը։ԱԻՄ-ն ուներ «Անկախություն» անւոնով շաբաթաթերթ եւ «ՀԱՅՐԵՆԻՔ» անունով տեսական յանդէս։: «Անկախութիւն»-ը Խորհրդային Միությունում առաջին բացահայտ հրատարակվող այլընտրանքային քաղաքական պարբերականն էր, որըՀայաստանում ազատ մամուլի հիմքը դրեց: Իմ զինակիցների թւում էր յետագայում յետմահու ազգային հերոս ազդարարուած Մովսէս Գորգիսեանը։

ԱԻՄ նպատակն էր ազգային պետականության վերականգնումը, առաջնահերթ խնդիրը` Հայաստանի անկախացումը ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով: Այն փաստօրէն ընդհատակից դուրս եկած ԱՄԿ-ն էր։

1988 թուականի յունուարի 12-ին Ուկրաինական քաղքալանաւորների պաշտպանութեան օրը Երեւանում իմ հրաւերով կայացաւ հայ, ուկրաինացի եւ վրացի այլախոհ ղեկավար դէմքերի հանդիպումը, որով սկիզբ դրուեց իրենց ազատութիւնների համար պայքարող ազգերի համագործակցութեանը։Մասնակիցների թւում էին յետմահու Ուկրաինայի հերոս Վեաչեսլաւ Չորնովիլը, յետմահու Վրաստանի ազգային հերոս Մերաբ Կոստաւան եւ յետմահու Հայաստանի ազգային հերոս Մովսէս Գորգիսեանը։

Հայաստանեան ինքնորոշման շարժումը Արցախում ունեցաւ իր սրնթաց առաջընթացը։ Նախկինում Մոսկուա խնդրագրեր գրող արցախցիները որոշեցին օգտուել ինքնորոշման սկզբունքից եւ փաստի առաջ կանգնեցնել Մոսկովեան ղեկավարութեանը։ Արցախի մարզային խորհուրդը որոշում ընդունեց դուրս գալ Ադրբեջանի կազմից եւ միանալ Հայաստանին։ԱԻՄ-ն այդ փուլում գործող միակ կազմակերպութիւնն էր Հայաստանում եւ ամեն ինչ արեցինք արցախեան զարթոնքին սատարելու նպատակով մարդկանց ոտքի հանելու համար։ Մասնաւորապէս օգտագործւում էին միջազգային ռադիոկայանները։Համաշխարհային լրատուամիջոցներն ինձ վստահութեան արժանի աղբիւրնէին համարում եւ հաղորդում էին իմ փոխանցած տեղեկութիւնները։։ Ներկայացրի ճշմարտութիւը Սումգաիթի ջարդերում Կրեմլիու Գորբաչովի յանցաւոր դերակատարութիւնը։Դեմոկրատիա եւ գլաստնոստ խաղացող Գորբաչովն ու իր գործընկերները, որ բանտերից ազատ էին արձակել բոլոր քաղկալանաւորներին, Մոսկուայում արտասահմանեան թղթակիցների հետ իմ հանդիպումից յետոյ, 1988 թուականի մարտին ինձ կրկին՝չորրորդ անգամ կալանաւորեցին։ Մէկ օր Մոսկուայում պահելուց յետոյ ինձ տեղափոխեցին Երեւան։

1988 թուականի մարտի 23-ից ես Երեւանի ՊԱԿ-ի բանտում էի։

Յուլիս 20-ին ինձ յատուկ օդանաւով Մոսկովեան իշխանութիւնները բռնի՝ ձեռնակապերով ինձ տեղափոխեցին նախ Մոսկուա, ապա նոյնպէս յատուկ օդանաւով տարան Եթովպիա։ Մեկ շաբաթ անց ես անցայ նախ Եւրոպայ, ապա ԱՄՆ

 Բռնի տարագրեալի վիճակում արտասահմանում ստիպուած եղայ մնալ մինչեւ 1990 թուականի նոյեմբերը, երբ Գորբաչովը համաշխարհային հանրութեան ճնշման տակ ստիպուած եղաւ վերականգնել քաղաքացիութիւնս եւ թոյլատրել վերադառնալ հայրենիք։Դրան նպաստեց նաեւ այն, որ ես իմ ընկերների աջակցութեամբ հեռակայ ընտրուել էի Հայաստանի խորհրդարանի պատգամաւոր։

Տարագրութեան մէջ գտնուելու շրջանում 1989 թուականին ես ընտրուեցի Փարիզում հիմնադրուած «ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ համակարգիչ կենտրոն»-ի նախագահը։ Աշխատանքներին մասնակցում էին ամենանշանաւոր այլախոհ ղեկավար գործիչներ ԽՍՀՄ 9 ազգերից։

1990 թուականին յուլիսին Պրահայում հրաւիրուած աւելի ընդլայնուած կազմով ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՏԱՆՈՂ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ խորհրդաժողովում ինձ վերընտրեցին։ Այդ կարգավիճակով որպէս ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների «հիմնադիր եւ առաջնորդ» ես բազմաթիւ հանդիպումներ ունեցայ բարձր քաղաքական շրջանակների հետ եւ կարողացայ ձախողել Արեւմուտքին մոլորեցնելու Գորբաչովեան ճիգերը։ ԱՄՆ Կոնգրեսի արձանագրութիւններում եւ մամուլի էջերում բազմաթիւ վկայութիւններ կան իմ գործունէութեան վերաբերեալ։

1991 թուականին իրականութիւն դարձաւ իմ առաջարկած եւ 1973 թուականից շրջանառութեան մէջ դրուած Անկախութիւն՝ հանրաքուէի ճանապարհով նպատակը։ Դրանից յետոյ որպէս պատգամաւոր ես եւ մեր ԱԶԱՏ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ խմբակցութիւնը պայքարում էինք շուտափոյթ կերպով ազգային բանակի, սահմանադիր ժողովի միջողով սահմանադրութեան ընդունման, ժողովրդի կողմից ընտրուած գործադիր իշխանութեան հաստատութեան, սահմանադրական դատարանի ստեղծման եւ այլ կարեւոր նպատակների համար։ Մեր ճանապարհին կանգնած էին կոմունիստական ժամանակներից մնացած եւ իշխանակիրներ դարձած  բացայայտ ու գաղտնի գործակալներ։ Ամեն ինչ արւում էր Հայաստանը հետամնաց եւ կրեմլից կախեալ երկիր պահելու համար։Այնուամենայնիւ Տիրոջ կամքով, թեեւ մեծ ուշացումով հայ ժողովուրդն առաջ էր ընթանում. 1992-3 թուականներին ստեղծուեց ազգային բանակը, 1995 թուականին՝ առաջին ազգային սահմանադրութիւնը։

Պատգամաւորների, այդ թւում նաեւ իմ կամքից անկախ (այդ օրը ես մի փոքր ուշացել էի քուէարկութիւնից) իմ ծննդեան օրը՝ ՀՈՒԼԻՍԻ  5-ը դարձաւ հայ ժողովրդի ազգային սահմանադրութեան օրը։

1990-1999 թթ. Ես Հայաստանի խորհրդարանի անդամ էի, 1998-1999 թթ. ՀՀ նախագահի խորհրդական եւ Սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովի նախագահ, 1998-2002 թթ. ՀՀ Մարդու իրաւունքների յանձնաժողովի նախագահ։ Ի դէպ, այդ դժուարին 4 տարիներին ես հասարակական կարգով եմ կատարել Հայաստանի օմբուդսմենի պարտականութիւնները։

1992 թուականին ԱԻՄ-ն իմ առաջարկով ձեռնամուխ եղաւ ամենակաերւոր եւ խիստ վտանգաւոր ազատագրուած Լաչինի շրջանում փախստականների համար բնակավայրեր ստեղծելու գործին։ Այդ նախաձեռնութիւնը կամաւորական բնոյթ էր կրում, սակայն ամենաբարձր մակարդակով՝ Նախագահի հրամանագրով եւ խորհրդարանի հաստատմամբ ես նշանակուեցի Գորիսի եւ Գորիսի շրջան արտակարգ դրութեան պարետ։ Տասնեակ հազարաւոր փախստականներ հեռանում էին Արցախի հիւսիսային շրջաններից եւ գնում դէպի անյայտութիւն։ Տեղում բնակավայրեր հիմնելով մենք նրանց օգնում էինք մնալ հայրենիքում։  Կանոնաւոր ազգային բանակի բացակայութիեան եւ օրուայ պատասխանատուների հետին նկատառումների պատճառով աիմական աշխարհազորայիններն հաճախ ստիպուած էին լինում իրենց կեանքի գնով պաշտպանել նորաբնակներին։ Իմ ստեղծած Սիւնիքի աշխարհազորի 627 գրանցուած աշխարհազորայիններից 43-ը տարբեր ԱԻՄԱՒԱՆ-ներում կնքեցին իրենց մահկանացուն, երեք տասնեակը դարձան պատերազմի հաշմանդամներ։

2002 թ. Նրանց յիշատակն հաւերժացնելու համար ԱԻՄԱՒԱՆ 1-ում (Քաշաթաղի շրջանի Աղաւնո գիւղ) կառուցեցինք Սրբոց Նահատակաց եկեղեցին։  Ես երկու ամսով էի պարետ նշանակուած, սակայն աշխտանքները շարունակեցինք մինչեւ 1995-96թթ. Այստեղ էլ աշխատել եմ հասարակական կարգով։ Այդ ընթացքում ամեն գործ արուել է առանց պետական աջակցութեան, հիմնականում ԱԻՄ արտասահմանեան մասնաճիւղերի եւ արտասահմանեան համակիրների օժանդակութեամբ։

1994 թուականից մեր սկսած՝ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ  նախաձեռնութիւնը պետական քաղաքականութիւն դարձաւ։

1998 թուականի նախագահական ընտրութիւններում ինձ յաջողուեց պարտադրել ՀՀ իշխանութիւններին ընթացք տալ սահմանադրական բարեփոխումների իմ ծրագրին։ Ես գլխաւորելով Սահմանադրական բարեփոխոմների հանձնաժողովը կարողացայ Հայաստանում կեանքի կոչել երկքաղաքացիութեան իրաւունքը եւ վերացնելով նախագահի բացարձակ իշխանութիւնը գործող կառոյցներ դարձնել Հայաստանի խորհրդարանն ու Սահմանադրական դատարանը։ Այդ փուլում սկսածս կատարեալ ժողովրդավարական համակարգի որոնումներն ընթացան ընտրական համակարգերի վերաբերեալ գրքերի, գրքոյկների ու տասնեակ յօդուածների հրապարակմամբ։ Հայաստանում եւ ԱՄՆ-ի հեղինակային իրաւունքի պաշտպանութեան կազմակերպութիւններում գրանցուած է  իմ Պետութիւնների ժողովրդավարականութեան բանաձեւը գիւտը։ 2012թ. կատարեալ ժողովրդավարական համակարգի վերաբերեալ աշխատանքներս աւարտել եմ իմ կայքէջում հրապարակուած հանրամատչելի «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» գրքով։

1989 թուականից հրատարակել եմ նաեւ հրապարակախօսական ու գեղարուեստական գրքեր եւ գրքոյկներ, այդ թւում բանաստեղծութիւնների երկու ժողովրածու,  Լոյսի ճանապարհին վէպը, «Հաւատով եւ սիրով» սցենարը։

1988 թուականից թողարկել եմ քնարական եւ հայրեանսիրական երգերի 3 ալբոմներ։ 2001 թ.  իմ «Սիրոյ թռչուն» երգը համահայկական երգի մրցոյթում գրաւեց առաջին տեղը։

5 վաւերագրական շարժանկարների, այդ թւում՝ ազգային արժեքային համակարգին վերաբերող Յարութիւն գիտահանրամատչելի շարժանկարի, սցենարների հեղինակն ու արտադրողն եմ։

Իմ նախագծով եւ իմ ձեռքով կառուցել եմ մէկ տուն իր ընդարձակ պարտեզով Գողթ գիւղում եւ մէկ բնակելի համալիր Երեւանում՝ նոյնպէս պտղատու ծառերի ընդարձակ այգիով։

1987 թ.-ից ԱԻՄ-ը չորս տարբեր ընտրուած նախագահներ ունեցաւ։ Ես այն օրերից առ այսօր ընդմիջումներով գլխաւորում եմ նրա գործունէութիւնը, սակայն ամեն առիթով շեշտում եմ՝ նոյնիսկ այդքան մեծ ներդրումներ ունեցած ազգային կազմակերպութիւնը  ընդամենը գործիք է, միջոց մարդկանց եւ ժողովրդին ծառայելու համար։

Վերեւում Աստուած, ներքեւում՝ ճշմարտութիւն...

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>