Category: Հրապարակումներ
Published on 10 June 2013
Print


 ԱՄԿ անդամ, քաղբանտարկյալ

Ծնվել է 10.10.1957թ. Հայաստանի Արթիկի շրջանի Սարատակ գյուղում գյուղացու ընտանիքում, որտեղ բացի իրենից կային եւս 6 երեխաներ: Սովորել է գյուղի դպրոցում: Դպրոցական տարիքում հրապուրվել է հայ ժողովրդի պատմությամբ եւ պոեզիայով: Պնդել է, որպեսզի իրեն Իշխան կոչեն («Князь» բառի հայերեն թարգմանությունը): 1974թ. տեղափոխվել է Երեւան, որտեղ ընդունվել է մեքենաշինական տեխնիկում: Եղբոր եւ քրոջ հետ բնակարան են վարձակալել: Երեկոյան աշխատել է մետրոյի շինարարությունում:

1975թ. զորակոչվել է Խորհրդային Բանակ: Եղբոր հետ միասին ծառայել է Խաբարովսկի երկրամասում: 1977թ. վերադարձել է Երեւան: 1979թ. ավարտել է տեխնիկումը եւ որպես տեխնիկ-տեխնոլոգ աշխատանքի է անցել Երեւանի «Էլեկտրոն» գործարանում:  

1979թ. Մարզպետ Հարությունյանի հետ միասին Մկրտչյանը ստեղծել է Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) երիտասարդական թեւը, որն անվանվել է «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ): ՀԵՄ-ի անդամներ կարող էին դառնալ 30 տարեկանից ոչ բարձր անձինք: Կազմակերպության ղեկավար է դառնում Մարզպետ Հարությունյանը: ՀԵՄ անդամները հավատարմության երդում են տալիս Սարդարապատում: Տեքստը գրում է Ստեփան Զատիկյանը:
  
Կազմակերպության հիմնական նպատակն էր Հայաստանի անկախությանը հասնելը: Այլ նպատակների թվում հռչակվել էին՝ հայ երիտասարդության շրջանում ազգային ոգու բարձրացումը, ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը որպես սգո օր ճանաչելը, ինչպես նաեւ հայկական դպրոցների պահպանման համար պայքարը: Մկրտչյանն ակտիվորեն մասնակցում էր «Փարոս» ընդհատակյա թերթի թողարկմանը: Բացի Մկրտչյանից ու Մարզպետ Հարությունյանից, նրանց «հնգյակում» ներառված էին նաեւ Վարդան Հարությունյանը, Սամվել Եղիազարյանն ու Հովհաննես Աղաբաբյանը: Հանդիպում էին Հրազդան գետի կիրճում՝ «Հաղթանակ» կամրջի տակ: Համախոհների հետ համատեղ Մկրտչյանը պատրաստել ու տարածել էր ՀԵՄ-ի երդումը, կանոնադրությունն ու ծրագիրը, ինչպես նաեւ խմբի մյուս անդամների համահեղինակությամբ գրված 14 արգելված հոդվածներ: Դրանցից մեկը վերնագրված էր «Ազգային-ազատագրական շարժման շարքերը»: Արգելված գրականության մեծ մասը, այդ թվում նաեւ ԱՄԿ-ի՝ անվտանգության եզակի հրահանգները, պահվում էին Մկրտչյանի տանը: 

Ընդհատակյա գործիչներն ակտիվորեն պատրաստվում էին 1980թ. ապրիլի 24-ին: Նախապատրաստում էին կարգախոսներ, եռագույն դրոշներ, պաստառներ: Բայց, կանխազգալով հնարավոր դավաճանությունը, հետաձգում են ակցիան:       

21.05.1980թ. ընկերների հետ միասին Մկրտչյանը ձերբակալվում է պետական անվտանգության մարմինների կողմից: Նրա տանը որոնումների ընթացքում հայտնաբերվում են տետրեր ԱՄԿ անդամների ցուցակներով ու հայտերով: Որսալով պահը՝ Մկրտչյանը կարողանում է գողանալ մի քանի տետրեր եւ փախչել պատուհանով: Փաստաթղթերից մի քանիսը հասցնում է ոչնչացնել, բայց փախչել չի հաջողվում: Փախուստի փորձի համար դատարանը նրան մեղավոր է ճանաչում ՀԽՍՀ ՔՕ 208 հոդվածի 1 մասով՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման: ՊԱԿ-ի մեկուսարանում մեկ տարի պահվելու ընթացքում շարունակում է իրեն թշնամաբար պահել ԽՍՀՄ նկատմամբ: 

1981թ. մայիսին տեղի է ունենում ՀԵՄ-ի 5 անդամների դատը: Բոլոր մեղադրյալները հրաժարվում են փաստաբաններից: Վերջին խոսքի իրավունքից օգտվում է միայն Մկրտչյանը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: «Մենք բոլորս շախմատի քարեր ենք, եւ ՊԱԿ-ը ձեզանով խաղում է իմ դեմ»,- հայտարարում է նա դատարանին: Դատարանում նրա ելույթի վերջին բառերն էին. «Եթե հայերեն լեզուն վաղը պետք է մահանա, ես պատրաստ եմ մահանալ այսօր»:

ՀԽՍՀ Գերագույն դատարանը ՀԽՍՀ ՔՕ 65 եւ 67 հոդվածներով (հակախորհրդային ագիտացիա եւ քարոզչություն, խորհրդային պետական եւ հասարակական կառույցը զրպարտող հոդվածների տարածում) Մկրտչյանին դատապարտում է 7 տարի ազատազրկման եւ 5 տարի աքսորի: 

Պերմի ճանապարհին դատապարտյալները 2 շաբաթ պահվում են Ռոստովի բանտում: Ինչ-որ հրաշքով Մկրտչյանին հաջողվում է փախչել բանտից, բայց ընդամենը 8 օր անց նրան կրկին ձերբակալում են: Դատարանը նրա ժամկետին ավելացնում է եւս 4 տարվա ազատազրկում: Ռոստովում նրան պահում են մի քանի ամիս: Դաժան ծեծի են ենթարկում: 1981թ. օգոստոսին ուղարկում են “Պերմ 36” ճամբար, որտեղ անմիջապես տեղավորում են մենախցում:
  
Ճամբարում Մկրտչյանին շատ ջերմ են ընդունում: Շուտով նա դառնում է ճամբարի ամենաակտիվ «բնակիչներից» մեկը: Մասնակցում է գրեթե բոլոր գործադուլներին ու հացադուլներին: 

Նրա հետ բանտախցում նստած է լինում անվանի ռուս ահլախոհ Դմիտրի Դոնսկոյը: 24.04.85թ. Մկրտչյանին կախված են գտնում իր բանտախցում: Պաշտոնապես հայտարարվում է, որ Մկրտչյանն ինքնասպան է եղել: Բայց նրան ճանաչող մարդիկ դրան չեն հավատում: Մկրտչյանը թաղվում է ճամբարի հարեւանությամբ՝ Կուչինո գյուղի գերեզմանոցում:
 
1989 թ-ին Աշոտ Նավասարդյանը, Վարդան Հարությունյանը, Նորիկ Գրիգորյանը եւ Աշոտ Ասլիբեկյանը Մկրտչյանի մասունքները կիսագաղտնի տեղափոխում են Հայաստան եւ վերաթաղում հայրենի գյուղում:

Աղբյուր` Mediamax.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>