Category: Հրապարակումներ
Published on 23 June 2013
Print

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 24-ին: Մինչ այդ սակայն, այս գործընթացը, իրար հաջորդող հայտարարությունները Պարույր Հայրիկյանի մտերիմներին բրազիլական սերիալ են հիշեցնում: 

Նրա մտերիմ ընկեր, ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով մի քանի ամիս շարունակվող գործընթացին, ասաց, որ իրենց բոլոր կասկածները մնում են նույնը: «Այսօր մենք տեսնում ենք միտումնավոր գործընթաց, որը, ինչպես Սիրունյանն է ասում, բրազիլական սերիալ է, բայց հենց ինքն է բրազիլական սերիալ ստեղծում իր հայտարարությամբ»,- ասաց Կ. Եղնուկյանը՝ հիշեցնելով «Սիրունյան» փաստաբանական գրասենյակի այն հայտարարությունը, որով կասկածներ էին հայտնում, որ Հայրիկյանի հագուստի վրա գնդակի մուտքային անցքեր չկան:

Որպես օրինակ Եղնուկյանը նշեց այն վերնագիրը, թե Հայրիկյանի շապիկի վրա գնդակի անցքեր չկան: Սա, ըստ նրա, ուղղորդված վերնագիր էր «Սիրունյան» փաստաբանական գրասենյակի կողմից: Նա նշեց, որ հրազենային երկրորդ վնասվածքից չի երևում գնդակի անցքը, քանի որ առաջին գնդակն է, որ Հայրիկյանի մարմնի մեջ է մտել, երկրորդը չի մտել և երբևիցե երկրորդ գնդակի մասին խոսք չի եղել: Բացի այդ, մի քանի բժշկի ցուցմունքներից վերցրել է մեկ բժշկի ցուցմունքն առ այն, որ ինքը չի տեսել վերքը, այդ մեկ բժշկի վերքը չտեսնելը դեռ չի նշանակում, որ վերքը չկա: «Այստեղ գնում է միտումնավոր վարկաբեկում, սոցցանցերով էլ են իրենք անցել գրոհի Հայրիկյանին վարկաբեկելու համար»,- ասաց Կ. Եղնուկյանը՝ սա կեղտոտ խաղ բնորոշելով:

Անդրադառնալով նախաքննության փուլում և դատական նիստերին ամբաստանյալների իրարամերժ հայտարարություններին, մասնավորապես ամբաստանյալ Սամվել Հարությունյանի հայտարարությանը, որ Վարդան Սեդրակյանը մահափորձի հետ կապ չունի, որ Խաչիկ Պողոսյանի հետ են կազմակերպել այն, որպեսզի գումար շորթեն Վարդան Սեդրակյանից, Կ. Եղնուկյանը նշեց, որ շատ խելացի մտածված և մշակված տարբերակով են առաջ գնում:

Նա հիշեցրեց, որ հունվարի 31-ի մահափորձից մեկ-երկու օր անց տարածվեց խոսակցություն, որ չէին ուզում սպանել Պ. Հայրիկյանին, և եթե ուզենային սպանել, պրոֆեսիոնալ կուղարկեին սպանելու, իսկ սա վախեցնող էր, բայց հետաքրքիրն այն է, որ մարդասպաններն ամենայն ճշգրտությամբ ասել են, թե ինչ են արել: «Մեկ բան է, երբ մեկն իր վրա վերցնում է մի բան, մեկ ուրիշ բան է, երբ դետալ առ դետալ բացատրում է այդ օրվա իր քայլերը, թե ո՞ր փողոցն է գնացել, ի՞նչ է արել: Ինձ մոտ որևէ կասկած չկա, որ այդ մարդը զենքը բռնող և կրակողն է եղել»,- ասաց Կարո Եղնուկյանը: 

Կարո Եղնուկյանը նշեց, որ վախեցնելու վարկածի ինֆորմացիան «Ժառանգության» համակիրները կամ անդամներն ինչ-ինչ պատճառներով շատ խանդավառված ձևով էին տարածում մահափորձից օրեր հետո: «Հիմա Իզաբելլա Աբգարյանը, Ստյոպա Սաֆարյանը անհեթեթություններ են խոսում: Ստյոպա Սաֆարյանը պատմում է, որ տաքսիստն ասել է՝ Հայրիկյանը փարթի է անում, ձեզ ի՞նչ Հայրիկյանն ինչ է անում, բայց սա փարթի չէր, այլ մատաղ, այս մատաղը նա չէր անում, այլ իր ընկերներն իր համար, որ վիրահատությունը հաջող է անցել»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Անդրադառնալով ամբաստանյալների իրարամերժ բացատրություններին, Եղնուկյանը նշեց, թե ինչպես կարող են նրանք իրենց փող տվողի, իրենց ընտանիքը պահողի, մեքենա տրամադրողի ձեռքը կտրել: Հունիսի 13-ին, նրա խոսքով, Սամվել Հարությունյանը որոշում է, որ իր խիղճը տանջում է, որ Սեդրակյանին ներգրավել են այս գործի մեջ անիրավ ձևով և վեր է կենում հայտարարություն անում, թե Սեդրակյանը կապ չունի, իսկ Պողոսյանն էլ նույն օրը որոշում է, որ հաջորդ նիստին պետք է հիվանդանա, նիստին հայտարարում է որ հաջորդ նիստին չի կարողանալու գալ, քանի որ իր շաքարը բարձրանալու է, այդպես էլ լինում է: 

Նա հիշեցրեց Ալեքսանդր Սիրունյանի կնոջ՝ բլոգեր Իզաբելլա Աբգարյանի այն դիտարկումը, որ ասում էր՝ Վարդան Սեդրակյանն իր ամուսնու մտերիմն է, ընտանեկան կապեր ունեն չորս տարուց ավելի, որ ոչ միայն Սիրունյանն իր փաստաբանն է, այլ բարեկամական կապեր ունի, բայց պետք չէ մասնագիտականը ընտանեկան հարաբերությունների հետ խառնել: 

Իրականում ո՞վ է կանգնած այս պատմության հետևում, Կ. Եղնուկյանը նշեց, որ Պարույր Հայրիկյանն իր գնահատականում ճիշտ էր, երբ ասում էր ռուսական շովինիստական ուժերն են: «Մենք գիտեք, որ Սեդրակյանը այդ ժամանակահատվածում այդ շրջանակների հետ կապի մեջ է եղել, նաև գիտենք, որ Սեդրակյանը Ռուսաստանից ստացել է 100 հազար դոլար, դա գործի մեջ է, ստացել է 100 հազար դոլար ԱԱԾ-ի նախկին աշխատակցից, որը Ռուսաստանի քաղաքացի է: Այդ 100 հազար դոլարը չի վերադարձվել, նրան հարցրել են՝ ինչ կապ ունի գործի հետ, նա պատասխանել է, որ որևէ կապ չունի, այդ հարցը մնացել է անպատասխան»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Հիշեցենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել հունվարի 31-ին՝ ժամը մոտ 23:20-ին: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 34-305 հոդվածով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի կամ ցմահ ազատազրկում:

 

Աղբյոր՝ 1in.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>