Category: Հրապարակումներ
Published on 20 June 2013
Print

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՄԿ հիմնադիր, քաղբանտարկյալ

Ծնվել է 1946 թ. հունիսի 20-ին Երեւանում արհեստավորի ընտանիքում: Ծնողները ներգաղթել են Արեւմտյան Հայաստանից 1915թ.: Զատիկյանը սովորել է Երեւանի Մ. Նալբանդյանի անվ. միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1963թ.: Նույն տարի ընդունվել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետ: 1965թ tretinoin buy. ապրիլի 24-ին պատահաբար հայտնվել է ամբոխի մեջ, որն իշխանություններից պահանջում էր ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Տոգորվելով այդ գաղափարով՝ հաջորդ օրը Զատիկյանը գնում է քաղաքային պանթեոն, որպեսզի ծաղիկներ դնի հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի գերեզմանին: Գերեզմանի մոտ նա ձերբակալվում է միլիցիայի կողմից եւ 15 օր պահվում նախնական կալանքի տակ: Այնտեղ ծանոթանում է Հայկազ Խաչատրյանի հետ, ով եւս ձերբակալվել էր Կոմիտասի գերեզմանի մոտ: 


Ստեփան Զատիկյանը

Ընդհանուր գաղափարական հիմքի վրա Զատիկյանն ու Խաչատրյանը պայմանավորվում են համատեղ գործունեություն ծավալել: Որոշ ժամանակ անց նրանց է միանում նաեւ ուսանող Շահեն Հարությունյանը, ում հետ միասին նրանք 1966 թ-ին հիմնում են Ազգային Միացյալ Կուսակցությունը (ԱՄԿ): Շուտով ԱՄԿ-ին են միանում ընդհատակյա երիտասարդական մի շարք կազմակերպություններ, որոնք մինչ այդ առանձին էին գործում: Որպես տարիքով ամենամեծը՝ կազմակերպությունը ղեկավարում է Խաչատրյանը: Կուսակցության ղեկավար մարմին հռչակվում է Գլխավոր խորհուրդը, որի անդամներից մեկը Զատիկյանն էր: ԱՄԿ-ն մշակում է կանոնադրություն ու գործողությունների պլան, որոնց տեքստերը գրում է Զատիկյանը: Կազմակերպության առաջին անդամները կուսակցության գաղափարներին հավատարիմ մնալու մասին Ազգային Սուրբ երդում էին տալիս Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում: ԱՄԿ-ի յուրաքանչյուր անդամ պարտավոր էր սրբորեն հետեւել կուսակցության ծրագրին՝ «հանուն Ազգի եւ Հայրենիքի»: Կուսակցության անդամներ կարող էին դառնալ 16 տարեկանից բարձր անձինք, ովքեր ընդունում էին ծրագիրը, կանոնադրությունն ու Ազգային Սուրբ երդումը: Կուսակցությանը դավաճանելը դիտարկվում էր որպես Ազգի եւ Հայրենիքի դավաճանություն: 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան էր նվիրված «Փարոս» ընդհատակյա թերթի առաջին համարը, որը եւս խմբագրել էր Զատիկյանը: Նա հեղինակել էր նաեւ մի քանի նյութեր («Այլեւս չի կարելի լռել», «Լենինը՝ հայ ժողովրդի դահիճ» եւ այլն): Թերթի մի քանի հարյուր օրինակներ տարածվեցին քաղաքի կենտրոնում: Գրեթե նույնքան օրինակ հայտնվեց հայ մտավորականության ներկայացուցիչների փոստարկղերում: «Փարոսը» հայտնի դարձավ ոչ միայն Հայաստանում եւ ԽՍՀՄ-ում, այլեւ արտասահմանում: ԱՄԿ-ի գոյության մասին իմացան ամենուր, որտեղ հակախորհրդային շարժումը սկսում էր թափ հավաքել: Թերթն արգելվեց եւ ճանաչվեց հակասովետական: Հալածանքների էին ենթարկվում ոչ միայն «Փարոսի» հեղինակները, այլեւ ընթերցողները: ԱՄԿ-ականներին հաջողվեց հրատարակել թերթի ընդամենը 2 համար: 


«Փարոս» թերթի առաջին էջի ճակատային մասը:

1968թ. հունիսին, երբ Զատիկյանը սովորում էր ինստիտուտի 5-րդ կուրսում, ԱՄԿ-ի այլ ղեկավարների հետ միասին նա ձերբակալվեց անվտանգության մարմինների կողմից: Նրան մեղադրանք ներկայացվեց ՀԽՍՀ ՔՕ 65.1 եւ 67 հոդվածներով (հակախորհրդային ագիտացիա, մասնակցություն հակախորհրդային կազմակերպությանը): ՀԽՍՀ Գերագույն դատարանը հակապետական գործունեության, հակապետական բովանդակություն պարունակող գրականության տարածման եւ ընդհատակյա գործունեության կազմակերպման համար Զատիկյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում:  

Ազատազրկման առաջին տարիներն ընթանում էին Մորդովիայի քաղաքական ճամբարում (ЖХ 385/19): Այնտեղ Զատիկյանը շարունակում էր ակտիվ քաղաքական գործունեությունը: 1970թ. հուլիսի սկզբին նա 20 երիտասարդ քաղբանտարկյալների հետ միասին մասնակցեց խստացված ռեժիմի դեմ բողոքի 6-օրյա հացադուլին: Այդ ակցիայի համար Զատիկյանը, Վ. Կուլինինը, Ն. Դրագոշը եւ Ն. Տարնովսկին ուղարկվում են Վլադիմիրի բանտ: Այդ առիթով բողոքի հացադուլ է հայտարարվում երկու կալանավայրերում, որտեղ ընթերցվում է նրանց՝ Վլադիմիր տեղափոխելու մասին հրամանը: 1971թ. նոյեմբերին այլ քաղբանտարկյալների հետ Զատիկյանը մասնակցում է հացադուլի Վլադիմիրի բանտում: Նրանք բողոքում են քաղբանտարկյալների մասին տեղեկություններ տրամադրողներին հավաքագրելու ՊԱԿ-ի պրակտիկայի, ինչպես նաեւ բանտարկյալների հայտարարությունները պետական մարմիններում որպես հակախորհրդային փաստաթղթեր ներկայացնելու, դրանք քրեականացնելու եւ շանտաժի դեմ: 

1972թ. հուլիսին Զատիկյանը դուրս է գալիս Վլադիմիրի բանտից եւ վերադառնում Երեւան: Ազատ արձակումից հետո գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ: 2 տարի շարունակ նրան թույլ չեն տալիս տնից դուրս գալ ժամը 17.00-ից հետո, ամեն օր նա պարտավոր էր գնալ ՆԳ բաժին եւ ստորագրել հատուկ գրանցամատյանում: Զատիկյանին թույլ չտվեցին ավարտել ուսումը (իշխանությունները վախենում էին ուսանողների շրջանում նրա ներկայությունից), եւ նա ստիպված էր աշխատանքի անցնել Երեւանի կիսահաղորդիչների գործարանում: Սակայն Զատիկյանին հաջողվում է կապ հաստատել ԱՄԿ-ի իր համախոհների, նախ եւ առաջ Հայրիկյանի, Նավասարդյանի եւ Արշակյանի հետ, ովքեր այդ ժամանակ գլխավոր դեր էին կատարում կազմակերպությունում: Իսկ 1974թ. Զատիկյանն ամուսնանում է Պարույր Հայրիկյանի քրոջ՝ Սոնայի հետ: Նրանք ունենում են երկու երեխա՝ դուստրը՝ Հասմիկը, եւ որդին՝ Վրեժը: 1975 թ-ին Զատիկյանը հրաժարվում է քաղաքացիությունից եւ ԽՍՀՄ-ից հեռանալու հայտ ներկայացնում, բայց իշխանությունները նրան մերժում են:    

1977թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում տեղի է ունենում պայթյուն, որը մարդկային կյանքեր է խլում: («Իզվեստիա» թերթը միայն 2 տարի անց՝ 1979թ. փետրվարի 8-ին է հայտնում, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 7 եւ վիրավորվել 44 մարդ): 1977թ. հոկտեմբերի 28-ին պայթյունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվում է Զատիկյանի ընկերը եւ հարեւանը՝ ԱՄԿ ակտիվ անդամ Հակոբ Ստեփանյանը: Նկատելով անծանոթ մարդկանց ներկայությունը՝ Զատիկյանը որոշում է մտնել ընկերոջ մոտ: Երբ Զատիկյանը ներկայանում է, Մոսկվայից ժամանած քննիչը զարմացած հարցնում է. «Մի՞թե Դուք ողջ եք»: Այդ դեպքից հետո Զատիկյանը հարազատներին հայտնում է, որ իր դեմ դավադրություն է նյութվում: Եվ իսկապես, 1977թ. նոյեմբերի 2-ին ՊԱԿ-ի աշխատակիցները Զատիկյանին առեւանգում են հացի խանութից: Նրան են վերագրվում Մոսկվայի ահաբեկչության կազմակերպումն ու ղեկավարումը: Բացի Զատիկյանից, ահաբեկչություն իրականացնելու մեղադրանք է ներկայացվում Հակոբ Ստեփանյանին եւ նկարիչ Զավեն Բաղդասարյանին, որին Զատիկյանը գրեթե չէր ճանաչում: 

Հակոբ Ստեփանյանը, Ստեփան Զատիկյանը, Զավեն Բաղդասարյանը:

Միայն 1978թ. գարնանը հարցաքննություններից պարզ է դառնում, որ այդ երեքին մեղադրում են ահաբեկչության համար: Հարցաքննություններից կարելի էր ենթադրել, որ նախաքննությունը ձգտում է իրար կապել ԱՄԿ-ն, Հայաստանի Հելսինկյան խումբը եւ պայթյունների մասին գործը: Նախաքննությունը շարունակվում է ավելի քան երկու տարի: Այդ ամբողջ ժամանակահատվածում մեղադրյալները գտնվում են Մոսկվայում: Զատիկյանի գործով Հայաստանում անցկացված բազմաթիվ հարցաքննությունները տարակարծություններ են առաջացնում ԱՄԿ-ի համախոհների շրջանում՝ Զատիկյանն իսկապե՞ս մասնակցություն ունի պայթյունների գործին: Նրան ճանաչողները կտրականապես բացառում էին դրա հնարավորությունը: Նույնիսկ նրանք, ովքեր հավատում էին նրա մեղավորությանը, չէին կասկածում, որ ԱՄԿ-ն բացարձակ անմասն է ահաբեկչությանը: 

Հայտնի է, որ Զատիկյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Սկզբում նա հրաժարվել է նաեւ փաստաբանից: Դատը կայացել է Մոսկվայում 1979թ. հունվարին եւ այնքան գաղտնի է անցկացվել, որ դրա ստույգ օրը հայտնի չէ (ենթադրվում է՝ հունվարի 20-ին): 

Ամբաստանյալների հարազատներից ոչ ոք չի տեղեկացվել դատավարության մասին եւ ներկա չի գտնվել դրան, թեեւ նրանց խոստացել էին տեղեկացնել: Նրանց փոխարեն դահլիճում ներկա են եղել տուժածների հարազատներն ու ՊԱԿ-ի ներկայացուցիչները: Իր վերջին խոսքում Զատիկյանը հայտարարել է, որ իշխանություններին չի հաջողվի արյան մեջ թաղել հայ ազգային շարժումը, եւ վաղ թե ուշ Հայաստանը կանկախանա: Մեղադրյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել (թեեւ «Իզվեստիա» թերթը հակառակն էր պնդում):  

Դատավարությունը նկարահանվում էր տեսախցիկով: Դատավճիռը կայացվում է 1979թ. հունվարի 24-ին : Երեքին էլ դատապարտում են մահապատժի: Դատավճռի մասին հարազատներն իմանում են միայն դատից հետո կայացած հանդիպման ընթացքում՝ հունվարի 27-ին: «Մեզ դատապարտեցին 10 րոպեում, դատարկ դահլիճում»,- հարազատներին հայտնում է Ստեփանյանը: «Ամբողջ 15 ամսվա ընթացքում ես նրանց բառ անգամ չեմ ասել»,- հարազատներին ասում է Զատիկյանը: Եղբոր հարցին՝ «Ասա՛, դու իսկապե՞ս մասնակցել ես այդ հանցագործությանը», Զատիկյանը պատասխանում է. «Իմ միակ մեղքն այն է, որ ես այս աշխարհում երկու երեխա եմ թողել: Այլ մեղք ես չունեմ»:

Նույն օրը Զատիկյանի մայրը դիմում է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին գործը վերանայելու խնդրանքով: Սակայն 1979թ. հունվարի 29-ին՝ մինչեւ բողոքարկման ժամկետի լրանալը, դատավճիռն ի կատար է ածվում: Հարազատներին այդպես էլ չեն հայտնում, թե որտեղ են թաղվել գնդակահարվածները:
 
Մահապատժից հետո ակադեմիկոս Սախարովը եւ Մոսկվայի Հելսինկյան խումբը բողոքներով են հանդես գալիս դատավարության հրապարակայնության սկզբունքների խախտման դեմ: 

«Հնարավոր չէ հասկանալ,- իրենց ուղերձում գրում են Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամները,- այդպիսի մեղադրանք պարունակող գործընթացն ինչո՞ւ պետք է անցկացվեր կատարյալ գաղտնիության պայմաններում… Չէ՞ որ մետրոյի պայթյունն առաջացրել էր համընդհանուր վրդովմունք, եւ մեղադրյալների մեղքի համոզիչ ապացուցումը, եթե միայն մեղադրող կողմն ուներ այդպիսի ապացույցներ, կնպաստեր հանցագործների համընդհանուր դատապարտմանը: Հրապարակայնության բացակայությունը եւ գաղտնիության մթնոլորտը հիմք են տալիս կասկածելու մեղադրանքների անհիմն լինելու, օբյեկտիվության եւ դատարանի անաչառության հարցում»: 

Մետրոյի պայթյունից անմիջապես հետո Սախարովը հայտարարություն էր արել, որ, հնարավոր է, դա ՊԱԿ-ի կողմից քաղաքական նպատակներով կազմակերպված սադրանք էր: Այդ միտքը հիմնված էր, մասնավորապես, այն արտասովոր արագության վրա, որով պաշտոնատար անձինք դրա մասին հայտնել էին արեւմտյան թղթակիցներին, թեեւ սովորաբար նման իրադարձությունները թաքցվում էին արեւմտյան մամուլից, իսկ եթե դրանց մասին նույնիսկ հայտնում էին, ապա երկար «համաձայնեցումներից» հետո: Այս դեպքում տեղեկատվության օպերատիվ հաղորդումը հանգեցնում էր այն մտքին, որ «համաձայնեցումը» եղել է նախօրոք: Իսկ եթե դա ՊԱԿ-ի սադրանքը չէր, ապա պայթյունի իրական մեղավորները կամ չեն հայտնաբերվել, կամ «ձեռնտու» չեն եղել քաղաքական տեսանկյունից: Մոսկվայում լուրեր էին պտտվում, որ հետաքննությունը տարել է դեպի մերձմոսկովյան Ալեքսանդրով քաղաքի ռադիոգործարան, եւ որ պայթյունի մեղավորները եղել են ռուս աշխատավորներ, որոնց գործունեության հիմքը հանդիսացել է դժգոհությունը ապրանքների սակավությունից: ՊԱԿ-ի տեսանկյունից շատ ողջամիտ էր ընտրել հայ ազգային շարժումը, քանի որ Հայաստանը ԽՍՀՄ միակ պետությունն էր, որտեղ կար կուսակցություն, որն իր առջեւ նպատակ էր դրել դուրս գալ ԽՍՀՄ կազմից: Դա հեշտացնում էր հայ ազգային շարժման վարկաբեկումը ԽՍՀՄ ներսում եւ դրա սահմաններից դուրս՝ այն որպես ահաբեկչության մեթոդներից օգտվող ուժ ներկայացնելու եղանակով: ՊԱԿ-ի այդ ծրագիրը հաջողվում է: 1980-1982թթ. ձերբակալվում եւ դատապարտվում են ԱՄԿ-ի այլ ակտիվիստներ, հասարակական կարծիքն ուղղվում է նրանց դեմ:     

Միայն «պերեստրոյկայից» հետո հնչեցին Զատիկյանի արդարացման մասին կոչեր: Իսկ 90-ականների վերջին ռուսաստանյան “ՕՌՏ” հեռուստաալիքով ցուցադրվեց «Ռումբ» («Бомба») վավերագրական ֆիլմը, որը պատմում էր 1977թ. մետրոյի պայթյունի գործի քննության մասին: 

Մետրոյի պայթյունի մասին ճշմարտությունը մինչ օրս էլ թաքցված է ՊԱԿ-ի գաղտնի արխիվներում, եւ պարզ չէ՝ մենք այն երբեւէ կիմանանք, թե ոչ: 

Զատիկյանի ընտանիքը՝ կինը եւ երեխաները, մշտական բնակության են տեղափոխվել ԱՄՆ: Ինքը՝ Զատիկյանը, մինչ օրս չի արդարացվել, այսինքն՝ «դե յուրե» հանցագործ է հանդիսանում, թեեւ վաղուց արդեն Հայաստանում իշխում է Հանրապետական կուսակցությունը, որն իրեն հռչակում է ԱՄԿ գաղափարական հետնորդ:

Աղբյուր՝ Mediamax.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>