Category: Հրապարակումներ
Published on 24 December 2013
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեռ չի որոշել այսօր կմիանա՞ արդյոք ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա նախաձեռնած երիտասարդներին: «Նախորդ անգամ ես արդեն միացել էի, այսինքն՝ ես իմ համերաշխությունն իմ ներկայությամբ հայտնել եմ, նաև գրել եմ իմ էջում բացասական երևույթների մասին: Ինչ վերաբերում է այս ակցիային, դեռ կնայեմ. ես իմ՝ անձնականի մասին եմ ասում, որովհետև մերոնք գնում են: Բայց դա ավելի շատ քաղաքացիական դրսևորում է, և ես ողջունում եմ, որ մերոնք ներկա են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա: 

Դիտարկմանը, թե՝ չնայած պայմանագրին, որով «ՀայՌուսգազարդի» վերջին՝ քսան տոկոս բաժնեմասը հանձնվում է «Գազպրոմին», էներգետիկայի և բնական պաշարների նախարարը շարունակում է պնդել, որ ռուսական կողմը չի կարողանա միանձնյա որոշումներ կայացնել՝ հայկական կողմի տեսակետն ու դժգոհությունները հաշվի չառնելով, Հայրիկյանը նշեց. «Այսպես կոչված նախարարը ցույց է տվել, որ իրեն բանի տեղ դնել չի կարելի, ընդհանրապես, հենց ինքը երևում է, պետք է ականջները փակել, նույնիսկ աչքերն էլ փակել. ինքը դա ապացուցել է: Այն ժամանակից, երբ ինքը գործի մեջ է, նա ընդամենը կամակատարն է»:

Գույք՝ պարտքի դիմաց-ը ԱԻՄ առաջնորդը ազգադավություն է համարում, հետին թվով ապրանքի գնի վերաբերյալ բանակցություններ վարելը՝ ստորություն: Նշում է, որ չի կարելի ապրանքը գնելուց հետո պայմանավորվել ապրանքի գնի մասին, այն էլ բարձրացնել՝ ի վնաս սեփական ժողովրդի: Հայրիկյանի խոսքով՝ ոչ մի երկիր վաճառվող ապրանքի աղբյուրը չի տալիս, նույնիսկ՝ բարեկամին: Ընդհանրապես, կա երկու ճանապարհ. ազգայնացվում են այն կառույցները, որոնք կարող են գերշահույթներ ապահովել, որպեսզի դրանով կարողանան ժողովրդի սոցիալական շերտերի խնդիրները լուծել կամ հարկային քաղաքականությամբ են նույնն անում: «Իսկ մեզ մոտ ի՞նչ է կատարվում. հէկերը, որ ոսկու երակ են, տրվում են թշնամուն. եթե հայ չի և մեր շահերով չի առաջնորդվում, թշնամի է, ռուս կլինի, թուրք, ամերիկացի: Եթե դու եկամուտ բերող, գործող ձեռնարկությունները հանձնում ես, ակնհայտ ազգադավություն է դա, իսկ մեր պետությունն այդ ճանապարհով է գնում: Ինչ վերաբերում է կոնկրետ այս 20 տոկոսը փոխանցելուն, ապա ճիշտ վերլուծականներ եղան, դրանցից երևում էր, որ պարտքը միայն այդ 20 տոկոսի վրա չէր ծանրացած: Իրականում պարտք չկա ընդհանրապես, այդ պարտքը հնարված է»,- ասաց նա: 

Հետաքրքրվեցինք՝ ինքը չունի՞ արդյոք պատգամավորների մի մասի հնչեցրած մտահոգությունները, որ «Գազպրոմը» կարող է բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին: Ի պատասխան՝ Հայրիկյանը նշեց, որ դա սարսափելի չէ, որովհետև ամենասարսափելին օտարին տալն է, իսկ թե որ օտարին կտրվի՝ ոչ մի նշանակություն չունի: Ժամանակին, երբ ատոմակայանի մասին էին խոսում, ասել են՝ պարզվում է Թուրքիան էլ է ուզում մասնակցել ատոմակայանի կառուցմանը, ինչին ԱԻՄ առաջնորդի արձագանքը եղել է. «Բայց ի՞նչ կա այդտեղ, եթե Ռուաստանը կարող է մասնակցել. Հայաստանը կործանվել է ռուս-թուրքական պայմանագրով, հիմա մենք ռուսական կողմին բարեկամ ենք համարում, թուրքին՝ չէ: Բայց ինչի՞ ենք մոռանում այդ պայմանագրի մասին, միայն թուրքի մասին ենք հիշում»: 

Անցնող տարվա ամենամեծ կորուստը, ըստ Հայրիկյանի, այն է, որ Հայաստանը փոխեց իր հիմնական կողմնորոշումը և ընտրեց երեք բռնապետների համագործակցությունը, բայց կարծում է, որ դա Հայաստանը չարեց: Այստեղ նա եվրոպացիների դիրքն է տարօրինակ համարում, կարծում է, որ նրանք պիտի Վիլնյուսում ասեին՝ Պուտինի հետ ինչ ես խոսել, դու դեռ կորոշես, հիմա ստորագրիր՝ ինչ որ պայմանավորվել էինք, բայց իրենք էլ իրենց լավ չպահեցին: «Նրանք, ինձ թվում է, պահը բաց թողեցին, Վիլնյուսում պիտի ասեին՝ եկել ես, բարով ես եկել, ինչ որ հայտարարել ես, հենց որ կդառնա միջպետական փաստաթուղթ, մենք կմտածենք ՝ քեզ պահենք, թե ոչ, հիմա եկել ես, ստորագրիր: Դա եվրոպացիների նաև տհասությունն էր, չեմ կարծում, որ իրենք ամեն ինչ մինչև վերջ վերլուծել էին: Եթե մենք Հայաստանում մեծ ցույցեր անեինք, ոչ թե ես դուրս գայի հարյուր հոգով… Գիտեք, չէ՞, ապիկարները գրում են՝ տասը կամ քսան հոգի, բայց նվազագույնը դրոշակակիրների, պաստառակիրների թիվը եղել է 73, հատուկ ասել եմ՝ հաշվեն: Աշխատում են փոքրացնել, բայց ես ասացի. եվրոպացինե՛ր, դուք պիտի արհամարհեք Սերժի հայտարարությունը, դուք պիտի հաշվի նստեք նրա վարած քաղաքականության և բանակցությունների արդյունքի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև իր ասածը տեղ հասավ, ահագին ուշացավ, սակայն կարծում է՝ այնուամենայնիվ, իրենք՝ եվրոպացիներն էլ ինչ-որ բան սկսել են լսել ու մտածել: 

Անդրադառնալով Հայաստանի հետ Եվրոպայի համագործակցության նոր փուլին եվրոպացիների պատրաստակամությանը՝ Հայրիկյանը նշեց, որ ինքը փորձել է մեր դեմքը փրկել հարցումների միջոցով, սակայն այդ հարցումներն անմիջապես կեղծվել են պալատական խրտվիլակների միջոցով: Այդուհանդերձ, կարևոր մի բան կա, որ անհնար է հաշվի չառնել. ԵՄ դեմ ոչ մի ցույց չի եղել, մինչդեռ ՄՄ դեմ եղել են և քաղաքացիական նախաձեռնությունների և ԱԻՄ առաջնորդի կազմակերպածները, և հայտարարություններ: Դա էլ այնտեղ՝ Եվրոպայում, ուզած-չուզած, պիտի հաշվի առնեն: 

«Մենք՝ որպես ժողովուրդ, մեզ ճիշտ չպահեցինք այս փուլում: Ես էլ եմ մեղավոր, բայց ես գոնե ինձնից կախվածն արեցի: ԵՄ-ն նախկինում արված հայտարարությունների շրջանակներում հեղափոխական որևէ քայլ չի անում: Նման բան կարող է անել Ուկրաինայում դրսևորումների շրջանակում, իսկ այստեղ ընդամենը կարող են արձանագրել, որ՝ այո, «դեմ»-եր էլ կան: Ես գոնե այդ բանն արեցի, դա ապահովեցի»,- ասաց նա:

 

Աղբիւր՝ 1in.am

 
Category: Հրապարակումներ
Published on 22 December 2013
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեկտեմբերի 28-ին երթ է կազմակերպում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայրիկյանը նշեց, որ երթի թույլտվությունն արդեն կա, ամենայն հավանականությամբ շաբաթվա սկզբից արդեն կսկսեն ազդարարել: «Ի տարբերություն նախորդ միջոցառումների, երբ մենք առանձին էինք անում, հիմա նաև մարդկանց կհրավիրենք: Ամեն մարդ պիտի հասկանա, որ իրենից ինչ-որ բան է կախված, և նվազագույնն այն է, որ և՛ մեր իշխանավորին, և՛ աշխարհին ցույց տա, որ մենք բթամիտ չենք, հասկանում ենք խավարի և լույսի տարբերությունը՝ իր բոլոր անցանկալի դրսևորումներով հանդերձ, հասկանում ենք՝ ինչ է նշանակում Եվրոպա, և ինչ է նշանակում երեք բռնապետների միություն»,- ասաց նա: 

Հայրիկյանի խոսքով՝ Եվրոպական միությունը՝ 27 ազգերի դաշինքը, բացառիկ երևույթ է մարդկության պատմության մեջ. 27 ազգեր, պետություններ համախմբվում են մարդու իրավունքների գաղափարի շուրջ, և երբեմն նույնիսկ այնքան են ուռճացնում մարդու գաղափարը, որ հասնում են անհեթեթությունների, բայց անգամ դա հաղթահարելի է: «Այն, ինչ մենք անհեթեթություն ենք համարում, հաղթահարելի է, բայց անտեսել այդպիսի միության գոյությունը, նրա հետ մերձենալու հնարավորությունը, գլուխները կորցրած կամ իշխանությունների քմահաճույքով հայտնվել երեք բռնապետների դաշինքում, անխոհեմ է»,- ասաց նա: 

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ երթի մեկնակետը Ազատության հրապարակն է. ժամը 14:30-ին երթը կմեկնարկի, հետո Մաշտոցի պողոտայով հասնելու են մինչև Խորենացի, ապա Խանջյան, այնտեղից՝ Հանրապետության հրապարակ, ապա՝ Նալբանդյան փողոցով Սայաթ-Նովա, և վերադառնալու են Ազատության հրապարակ: Երթը գլխավորող կոնկրետ անձնավորություն որոշված չէ, ԱԻՄ-ը պարզապես նախաձեռնել է, բայց ազատ են թողնում: Երթին, ըստ Հայրիկյանի, կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր հասկանում են՝ ինչ է կատարվում, ովքեր ազատ Հայաստանի կողմնակից են, իսկ ազատ ու անկախ Հայաստանի դաշնակիցը կարող է լինել միայն եվրոպական արժեքային համակարգը:

 

Աղբիւր՝ 1in.am

 
Category: Հրապարակումներ
Published on 20 December 2013
Print

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը գտնում է, որ այսօր հիմնական խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող կողմնորոշումներն են, մասնավորապես՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի վերաբերյալ կնքվող պայմանագրերը, որոնք այսօր Ազգային ժողովի քննարկմանն է դրված: «Այնտեղ արգելվում է, որ Հայաստանը կարող է այլ երկրներից գազ ներկրել: Եթե կգտնվի որևէ հայ պատգամավոր, որն այդ հատվածին ծանոթ լինելով «այո» կքվեարկի, դուք հանգիստ կարող եք նայել նրա դեմքին և ասել՝ քո սերունդները կթքեն քո երեսին»,- այսօր կայացած ասուլիսին հայտարարեց նա:

Վերջինիս խոսքով՝ բոլոր երկրներում էլ իշխանությունները հաճախ ժողովրդի կամքին չհամապատասխանող որոշումներ են ընդունում, այդպիսի բան Հայաստանում առաջին անգամ է արվում, իշխանությունը Եվրոպայի փոխարեն ընտրում է Ոսկե հորդան:

«Գազի փաստաթղթի ճակատագիրն են քննարկում, ես հույս չունեմ, որ այն մեծամասնության կողմից կքննարկվի»,- ասաց նա։

Որպես կարևոր հանգամանք, Պարույր Հայրիկյանը նաև ընդգծեց, որ ինչպես բոլոր հայ-ռուսական փաստաթղթերում, այստեղ ևս պայմանագիրը չեղյալ համարվելու կետ չի նշվում: «Ընդամենը վաղը պատգամավորների կարծիքը կարող է փոխվել, և այդ օրենքը կփոխվի: Իսկ պայմանագիրը դադարեցնելու մեխանիզմ չկա, մինչդեռ ցանկացած պայմանագրում դա պետք է լինի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր ազգի լինել-չլինելու հարցն է, և ինքը կմիանա ԱԺ-ի դիմաց անցկացվող բողոքի ցույցին:

 

Աղբիւր՝Tert.am

 
Category: Հրապարակումներ
Published on 21 December 2013
Print

Պատմության կարևորագույն իրադարձությունները կրկնվում են. անցնող տարում ականատես եղանք մի երևույթի, որ եթե խորապես ուսումնասիրած լինեինք, կկարողանայինք կանխել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ տարին ամփոփելով ինչի մասին էլ խոսեն, ամենքը նայելու են իրենց համար արժեք ներկայացնող տեսանկյունից: Գալիք տարին, ըստ Հայրիկյանի, բացարձակ ժողովրդավարական մոդելը կյանքի կոչելու տարի պիտի լինի: 

«Մեր օրերում, երբ Հայաստանն իր արժեհամակարգին համապատասխան ընդամենը պիտի մերձեցներ իր հարաբերությունները ԵՄ հետ, կատարվեց մի բան. հստակ կողմնորոշում հայտարարած իշխանությունները հայտարարեցին, որ նախընտրում են Ոսկե հորդան, իսկ դա չարիք է: Ամենամեծ բնապահպանը եղել է Չինգիզ խանը (այսպես էին ասում սարկազմով), քանի որ նա երեսուն միլիոն մարդ կոտորեց, և անտառները վերականգնվեցին: Նրանք նախընտրեցին Մաքսային միությունը, որ անգամ ձևավորված չէ, հայտնի չէ՝ որն է այն արժեքը, որի շուրջ համախմբվելու են այդ երկրները»,- ասաց նա: Հայրիկյանի խոսքով՝ ՄՄ-ում պարզապես երեք դիկտատորներ «պանյատիաներով» հավաքվել են. սովորաբար գաղափարախոսության շուրջ են համախմբվում, իսկ այս մարդիկ՝ «պանյատիաների», հենց իրենք են այդ մասին նշում: 

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ հայ հասարակությունն ինչ-որ պահի շոկի մեջ էր, քանի որ անընդհատ ասել ենք, որ ԵՄ ենք գնում, սակայն քանի որ նաև ասում էին հնարավոր է ԵՄ կամ ՄՄ, դրա համար բողոքի բուռն դրսևորումներ չեղան, իսկ քաղաքական ուժերից միայն «Հանրապետություն», «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» և ԱԻՄ կուսակցություններն են հստակ դեմ արտահայտվել: «Մենք հարցումներ ենք արել. հարցվածների 27 տոկոսն ազատ-անկախ Հայաստանի կողմնակից է, 23 տոկոսը՝ ՄՄ, 30 տոկոս՝ ԵՄ: Եթե ինչ-որ հարցում ձեռքբերում կա, դա մանրուք է այս մեծագույն կորստի համեմատ: Մենք այսօր որևէ ձեռքբերման մասին խոսել չենք կարող, խայտառակ վիճակում ենք, աշխարհում որևէ մեկը չի կարող պատկերացնել, որ դու կարող ես առևտուր կատարել, երկու տարի հետո նոր որոշել՝ ինչ գին պիտի վճարես: Մեզ ուզում են դարձնել անբարո, փչացած հասարակություն, որովհետև միայն նրանց վրա կարող ես իշխել»,- ասաց նա:

 

Աղբիւր՝ 1in.am

 
Category: Հրապարակումներ
Published on 14 December 2013
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր Երևանի կենտրոնում երթ անցկացրեց, որն ավարտվեց նախագահական նստավայրի դիմաց: Ազատության հրապարակից ԱԻՄ-ականները Երևանի փողոցներով քայլելով՝ քաղաքացիներին կոչ արեցին միանալ ազատ-անկախ Հայաստանի կառուցմանը, դեմ դուրս գալ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու կառավարության որոշմանը: 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց ոչ զանգվածային, ներընկերական գործնականությունը մի նպատակ ունի՝ բոլոր ազնիվ մարդկանց մատուցել ճշմարտությունը Մաքսային միությանն անդմակցելու Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ. «Իրականում Սերժ Սարգսյանը կամայական մոտեցում է ցույց տվել, մենք չենք ուզում, որ մարդիկ հիասթափվեն, մտածեն, թե պայքարի ենթակա ուժ չկա»: 

Պարույր Հայրիկյանը հավելեց, որ իրենց հիմնական հանրահավաքը կլինի փետրվարի 18-ին: Մեր այն դիտարկմանը, թե փետրվարին ազատամարտիկները ևս նախատեսում են հանրահավաքներ և իշխանափոխություն, Պարույր Հայրիկյանն ասաց, որ ազատամարտիկները քաղաքական ուժ չեն, իսկ իշխանափոխություն անելը քաղաքական ուժի գործ է. «Ես ողջունում եմ ազատամարտիկների քաղաքական գործնականությունը, բայց շատ պատասխանատու եմ վերաբերվում բոլոր քաղաքական գործերին»:

Նշենք նաև, որ երթի ողջ ընթացքում ԱԻՄ առաջնորդը «ԳԱԶել» մակնիշի մեքենայի մեջ նստած՝ բարձրախոսով ուղեկցում էր երթի մասնակիցներին: Նա «ԳԱԶել»-ից իջավ միայն նախագահական նստավայրի մոտ և րոպեներ անց հրաժեշտ տվեց թիմակիցներին:

 

Աղբիւր՝ 1in.am

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>