Category: Հրապարակումներ
Published on 24 January 2014
Print

Ազատության հրապարակում այսօր կայացավ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը՝ ընդդեմ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու: Հանրահավաքին մասնակցում էր մի քանի տասնյակ մարդ: “Տաս հոգին հազար արժե”,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:

 

Հանրահավաքի մասնակիցները նախ Հայաստանի հիմնը երգեցին, ապա աղոթք արեցին: «Որքան էլ մեր հակառակորդները չուզեն, մենք հայրենիք ունենք և պիտի այդ հայրենիքը հզորացնենք՝ ի հեճուկս КГБ-ի գործակալների»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

 

Նրա խոսքով՝ հարցերի հարցը մնում է Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը: “Վերջին ժամանակներում մեր ազգը կանգած էր ընտրության առաջ՝ ներկայացնում էին այսպես՝ կամ Եվրոպական միություն, կամ Ռուսաստան: Իրականում պատկերը այդպիսին չէր՝ կամ Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացում, կամ Ռուսաստանին ստրկացում: Եվ Հայաստանի իշխանությունները, որ անընդմեջ խոսում էին այն բանի մասին, որ մենք ունենք եվրոպական կողմնորոշում, հանկարծ շեղում թույլ տվեցին”,- ասաց Հայրիկայնը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանի առջև ծառացած բոլոր հարցերի հիմքում ընկած է մեկ հարց՝ ո՞ւմ ձեռքին է մտրակը, և այն ձեռքերը, որոնք մտրակ են պահում, այսօր պատրա՞ստ են սկուտեղ պահել նաև, որի վրա ժողովրդին ներկայացվող բարիք պետք է լինի:

 

“Հայաստանի քաղաքական ուժերի մի մասը նախընտրում են պայքարել մտրակի դեմ, այնինչ մեր պայքարը մտրակը պահողի և օգտագործողի դեմ է”,- հայտարարեց ԱԻՄ առաջնորդը:

 

Պարույր Հայրիկյանը նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ կրկնում է՝ Հայաստանի բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կողմ են Մաքսային միությանը, КГБ-ի գործակալներ են:

 

“Նրանք  այն նույն մարդկանց գործակալներին են, ովքեր կազմակերպում էին հայերի աքսորը”,- նշեց նա:

 

Աղբիւր՝ lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 22 January 2014
Print

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ներկայիս վարչապետ Տիգրան Սարգվսյանի վիրտուալ պատերազմը լուրջ չէ, հետևաբար, արժանի չէ հանրության ուշադրությանը: Այդ մասին հունվարի 21-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա հիշեցրել է, որ Քոչարյանի կառավարման օրոք Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահն էր և վայելում էր Քոչարյանի վստահությունը, հտևաբար, վարչապետին հասցեագրված մտավոր գնահատականներն ուղղված են հենց իրեն` Քոչարյանին, քանի որ խելացի մարդն «անհույս» տնտեսագետին այդ պաշտոնում չի նշանակի: Հայրիկյանն ընդսմին ընդգծել է, որ Քոչարյանն ընդհանրապես չպետք է հանդես գար մարտի մեկի իրադարձություններից հետո: «Մարդասպանն ընդհանրապես չպետք է երևա հասարակությանը, իսկ այն մարդիկ, ովքեր դրական են գնահատում նրա «հայտնությունը», ազգի թշնամի են», - հայտարարել է նա:

Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը «ԿԳԲ-ի գործակալներ են» և իրենց գործունեությամբ փորձում են խարխլել պետականության հիմքերը: Քաղաքական գործիչը, մասնավորապես, հայտարարել է, որ «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» կուսակցություններին համարում էր պետկանաստեղծ կուսակցություններ, սակայն այժմ. Նրա կարծիքով, նրանք նույնպես ընկել են «ԿԳԲ-ի ազդեցության տակ»: «Բոլոր այն կուսակցությունները, որոնք արմատականորեն չեն տրամադրված ընդդեմ ՄՄ-ին երկրի անդամակցությանը, խաղալիք են Ռուսաստանի և ԿԳԲ-ի ձեռքերում», - հայտարարել է Հայրիկյանը, հերթական անգամ հավաստիացնելով, որ ԿԳԲժ-ն դեռ գոյություն ունի և գաղտնի գործունեություն է վարում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում կոշտ քննադատության էր ենթարկել կառավարության աշխատանքը և վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ էր արել աշխատել` իր նախորդներին մեղադրելու փոխարեն: Ինչից հետո մի շարք հանրապետականներ հանդես եկան պատասխան հայտարարություններով, ինչի առնչությամբ երկրորդ նախագահի գհրասենյակը տարածեց հայտարարություն, որում նշում էր, թե «երիտհանրապետականները տառապում են հիշողության կորստով:

 

Աղբիւր՝ Arminfo

 
Category: Հրապարակումներ
Published on 17 January 2014
Print

Հայկական ժամանակ թերթը գրում է. Ռուսաստանում բնակչությունը 1000 խմ գազի դիմաց վճարում է 126 դոլար։ Բելառուսում այդ ցուցանիշը 84 դոլար է, Ղազախստանում՝ 69 դոլար։ Իսկ Հայաստանում 380 դոլար է։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում բնակչությունն ուղիղ 3 անգամ ավելի շատ է վճարում գազի դիմաց քան Ռուսաստանում, 4.5 անգամ ավելի շատ քան Բելառուսում, և 5.5 անգամ ավելի շատ քան Ղազախստանում։

 

Այսինքն, եթե դուք գնացել եք գազի հաշիվը վճարելու և պարզել եք, որ վճարելու եք ասենք 60 հազար դրամ, ապա Ռուսաստանի ներքին գներով վերահաշվարկելու դեպքում դա կլիներ 20 հազար դրամ, Բելառուսի ներքին գներով՝ 13 հազար դրամ, իսկ Ղազախստանի ներքին գներով՝ 11 հազար դրամ։

Բնակչության գազամատակարարման սկզբունքները բոլորովին չեն տարբերվում, օրինակ, ռուսական սկզբունքներից՝ գազն ինքն իրենից գնում է «Գազպրոմը», իր իսկ խողովակներով հասցնում տարածաշրջան ու վաճառում բաժանորդներին։ Տարբերությունը միայն այն է, որ Ռուսաստանում դա անում է հենց «Գազպրոմը», Հայաստանում՝ «Գազպրոմի» բացարձակ սեփականությունը հանդիսացող «Հայռուսգազարդը»։ Ռուսաստանի գազային խոշորագույն հանքավայրերից՝ օրինակ Ուրենգոյից կամ Յամբուրգից գազը Հայաստան հասցնելու ինքնարժեքն ընդամենը 10-15 տոկոսով է բարձր քան այդ նույն գազը, ասենք, Պսկով կամ Կրասնոդար հասցնելը։ Դրա արդյունքում բուն գազի գինը կարող է փոփոխվել ընդամենը 1-2 տոկոսով։

Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման արդյունքում գազը թանկանում է ընդամենը 10 տոկոսով, ոչ ավելին։ Այլ կերպ ասած՝ բոլոր հաշվարկները ցույց կտան, որ Մաքսային միության անդամ, այսինքն միևնույն տարածքի մաս կազմող Հայաստանի բնակչությանը վաճառվող գազի օբյեկտիվ գինը չի կարող գերազանցել 140-150 դոլարը, իսկ հիմա մենք վճարում ենք 380 դոլար։

 

Աղբիւր՝ Lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 21 January 2014
Print


Հունվարի 24-ին ԱԻՄ-ը կազմակերպում է հանրահավաք՝ հրավիրելով բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերին:  Հանրահավաքը լինելու է ընդդեմ Մաքսային միությանը միանալուն եւ, ըստ ԱԻՄ առաջնորդի՝ այն կհանդիսանա լակմուսի թուղթ: Ովքեր կմիանան իրենց՝ ընդդեմ Մաքսային միության՝ «կազատագրվեն» ԿԳԲ-ի գործակալ լինելու պիտակից:

Իսկ առայժմ Պարույր Հայրիկյանը  գրեթե բոլոր քաղաքական ուժերին եւ գործիչներին գնահատում է որպես ԿԳԲ-ի գործակալ՝ բացի «ԱԻՄ-ից եւ գուցե էլի մի քանի ուժերից, որոնք ինձ հայտնի չեն»:

Aravot.am-ի ճշտող հարցին՝ ո՞ր ուժերի մասին է խոսքը, պարոն Հայրիկյանը պատասխանեց, որ նախկինում որպես այդպիսիք  համարում էր նաեւ «Ժառանգությանը», «Ազատ դեմոկրատներին» եւ «Հանրապետություն» կուսակցությանը, որոնք արտահայտվում էին ընդդեմ Մաքսային միության, սակայն այժմ նկատում է, որ նրանք   նահանջ են գրանցել, եւ դա կապում է այդ կուսակցություններում եւս ԿԳԲ-ի գործակալների «սեւ աշխատանքի» հետ: 

 
Category: Հրապարակումներ
Published on 14 January 2014
Print

Ռոբերտ Քոչարյանն ու նրան սատարող ուժերը, ըստ «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի, Մաքսային միության կցորդներն են, և Քոչարյանը Կրեմլի համար «ձեռնտու անձ է»: 

«Ի վերջո, ինչո՞ւ Քոչարյանն այդպես էլ չի խոսում Մաքսային միության մասին», - լրագրողների հետ հանդիպմանը հարց բարձրացրեց Հայրիկյանը` շարունակելով. - «Ասում են` լռություն համաձայնության նշան է: Վերջ: Ռոբերտ Քոչարյանը, նրան սատարող կամ անցյալում սատարած ուժերը, կամ այսօր սատարելու պատրաստ ուժերը դրանք Մաքսային միության կցորդներն են: Մաքսային միության դեմ չի խոսում նաև առաջին կոչված նախագահը… Սրանք նույն թիմն են, սրանք նույն բոլշևիկյան, ռուսական կայսերապաշտական ուժերի հլու-հնազանդ թիմն են»:

Հայրիկյանի համոզմամբ` ժամանակին հենց Ռոբրտ Քոչարյանն է դրել Մաքսային միությանը Հայաստանի միանալու, այսինքն՝ ինքնիշխանությունը կորցնելու հիմքերը, երբ Պուտինի հետ կնքեց «Հայաստանի շահերի տեսանկյունից դավաճանական «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը». - «Ամենակարևոր հարցի մասին, այսպես կոչված երկրորդ նախագահը, ինչու եմ ասում այսպես կոչված. միայն Մարտի 1-ը կամ «Գույք` պարտքի դիմաց»-ը բավական է, որպեսզի ամեն հայ մարդ հասկանա, որ դա մեր ժողովրդի առաջնորդը չի եղել: Եթե ընտրվել է ինչ-որ պահի` 98 թվականին (փաստ է, դա չենք կարող մերժել), ընտրվել է: Բայց հետո իրեն չի պահել որպես նախագահ: Ուրեմն նրանք` ոչ միայն երկրորդ նախագահ կոչվածը, այլև առաջին նախագահը, ամեն ինչի մասին կխոսեն, որպեսզի հիմնականի մասին չխոսեն»:

Հայրիկյանի համոզմամբ` խորհրդարանական ոչ իշխանական ուժերը պարզապես միացել են կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող երիտասարդներին. - «Բայց այդ պարկեշտությունն էլ չունեն, որ ասեն` երիտասարդների նախաձեռնած հանրահավաքին մենք միանում ենք: Ասում են` մե'նք հանրահավաք ենք անում»:

ԱԻՄ առաջնորդը գազային համաձայնագրերն անվանեց «ղազագիր»` նշելով, որ երկրի նախկին նախագահները չեն խոսում դրանց մասին. - «Գոնե դրա մասին խոսեն, ակնհայտ կդառնա, որ Մաքսային միության բռնատիրական քայլերի կամ անազնիվ քայլերի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեն»: 

Հայրիկյանի խոսքով` Սերժ Սարգսյանը դեմ գնաց Հայաստանի շահերին ու հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու մասին: Իսկ այժմ էլ Ռոբերտ Քոչարյանի միջոցով Կրեմլը ձգտում է ուժեղացնել իր վերահսկողությունը Հայաստանում. - «Մոսկվան իր շահերի իրականացմանը լիարժեքորեն հասել է արդեն Սերժ Սարգսյանի պայմաններում, բայց Մոսկվան մշտապես Սերժ Սարգսյանին լրացուցիչ վախի մթնոլորտում պահելու ցանկություն կունենա: Որովհետև ինչպես մեկ օրվա ընթացքում միտքը փոխեց, դարձավ «մաքսավոր», այնպես էլ կարող է մեկ օրվա ընթացքում միտքը փոխել և դառնալ եվրոպամետ»:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի նպատակը ոչ թե երկրում իրավիճակ փոխելն է, այդ թվում իր նախագահության օրոք ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգին վերջ տալը, այլ այս փուլում` ընդամենը վարչապետի աթոռին տիրանալը:

«Նա առանձնապես և բացառապես խնդիր ունի միայն վարչապետի պաշտոնի հետ և այն զբաղեցնողի հետ: Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ չի քննադատել Սերժ Սարգսյանին, նրա վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը, թեպետ բոլորս ենք հասկանում, որ Տիգրան Սարգսյանը այդ քաղաքականությունն ապահովողների ընդամենը մի օղակն է: Եվ կարելի է վստահաբար ասել, որ Ռոբերտ Քոչարյանի համար միակ կարևոր խնդիրը դա վարչապետի պաշտոնն ազատելն է», - ասաց Սաֆարյանը` շարունակելով. - «Քոչարյանը փորձում է Հայաստանում բեմականացնել ռուսական հայտնի սցենարը: Երբ նախկինում Դմիտրի Մեդվեդևն էր նախագահ, Վլադիմիր Պուտինը` վարչապետ, ապա այժմ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է այդ նույն սցենարը կիրառել նաև Հայաստանի պարագայում: Հետևաբար չի կարելի ասել, թե սա ընդդիմադիր գործունեության միջոցով քաղաքականություն վերադառնալու փորձ է Ռոբերտ Քոչարյանի պարագայում, որովհետև ո'չ նա է ըստ էության ընդդիմադիր գնահատականներ տվել ներկայիս իրավիճակին, ո'չ էլ նրան սատարող քաղաքական շրջանակներն են ընդդիմադիր կեցվածք ցուցաբերում»:

 

Աղբիւր՝ Azatutyun.am

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>