Category: Հրապարակումներ
Published on 10 January 2014
Print

Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանն, ով այսօր մասնակցում էր ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ այսօր նման վերաբերմունք դրսևորած անձինք հետևողականորեն նսեմացնում են Հայաստանը համաշխարհային հանրության աչքին:

“Թե ինչով է բացատրվում այսօրվա իշխանավոր կոչվածների այս կամ այն քայլը, դրա մասին խոսելն ավելորդ է, այն բանից հետո, երբ երեք տարի Մաքսային միությանը դեմ խոսելուց հետո մեկ օրվա մեջ փոխեցին իրենց կարծիքը: Նրանց մասին արդեն խոսելն ավելորդ է, նրանք չկան ըստ էության”,- ասաց Հայրիկյանը:

Իշխանությունների այս մեսիջն, ըստ Պարույր Հայրիկյանի, ուղղված է աշխարհին, ասելով. “Մենք ուզում ենք համարվել երրորդական, տասներորդական պետություն, այնպես որ մեազնից հրաժարվեք, մենք ռուսների ճորտն ենք ուզում լինել”:

Մանրամասները տեսանյութում

 

 

Աղբիւր՝ lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 03 January 2014
Print

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանն ուզում է հավատալ, որ այս տարի իրենց կհաջողվի մարդկանց մտքերը հասունացնել ժողովրդավարության ուղղությամբ: «Ես մեր ժողովրդին նվիրել եմ բացարձակ ժողովրդավարության համակարգի գաղափարը` գրքերի տեսքով, և ուզում եմ հավատալ, որ այս ուղղությամբ մարդկանց մտքերը կկարողանանք ավելի հասունացնել, որովհետև այստեղ պետության հիմքում մարդկանց հարցն է, և այս սկզբունքի որդեգրումը կարող է Հայաստանին խիստ առանձնացնել աշխարհի ժողովուրդներից»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


Վերջինիս համոզմամբ՝ ժողովրդավարությունը որպես հենակետ օգտագործելով` Հայաստանը ոչ միայն համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրում կունենա, այլ նաև կավելացնի համակիրների բանակը:


Թե որն էր Հայաստանի անկախ պատմության ամենաբեղմնավոր տարին, Պարույր Հայրիկյանը մի քանիսը նշեց. «Այդ հարցին տարբեր տեսանկյուններից է պետք նայել: Անկախության հռչակագրից հետո ամենակարևորը անկախության հանրաքվեն էր, և սեպտեմբերի 21-ին առաջին անգամ մեր ժողովուրդը հավաքականորեն այո ասեց անկախության գաղափարին, հետո 1992 թվականը` որպես բանակի ստեղծման տարի, 1995-ը Սահմանադրության ստեղծմամբ կարելի է կարևոր համարել, 1998 թվականը՝ որպես առաջին արդար ընտրությունների տարի: Արդար ասում եմ նրա համար, որովհետև առաջին փուլում ոչ մեկը ոչ միայն չանցավ, այլև մեկը շատ մեծ գերակայություն չունեցավ մյուսի նկատմամբ: Դա առայժմ միակ արդար ընտրությունն է»:


Հայրիկյանի կարծիքով՝ կարելի է նաև սահմանադրական բարեփոխումները համարել ինչ-որ քայլ, որովհետև մինչ այդ ունեինք Սահմանադրություն, որտեղ նախագահը դիկտատոր էր:


Եվրոպական միության ուղղությամբ կողմնորոշվելը նույնպես ԱԻՄ առաջնորդը կարևոր համարեց, բայց նկատեց. «Ցավոք սրտի, այդպես մի տարի առանձնացնել որպես բարեփոխումների տարի, չենք կարող, որովհետև մեր կյանքում, չնայած այս կամ այն ոլորտում ունեցած որոշակի հաջողությունների, ընդհանուր առմամբ ոչ թե վերընթաց է եղել, այլ հակառակը»:

 

Աղբիւր՝ Tert.am

 
Category: Հրապարակումներ
Published on 28 December 2013
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր իր թիմի հետ անցկացրեց վերջին հավաքը: 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ այս տարին իր համար եղել է բավականին անհաջող, այդպիսին է եղել նաև հայ ժողովրդի համար. «Այս տարի Մաքսային միության խայտառակությանը միանալու որոշում ընդունվեց, և դա միանշանակ նշանակում է սառեցնել Եվրոպայի հետ մերձեցումը, տարին բացասական էր նաև այն իմաստով, որ իմ վրա կրակելով՝ փորձեցին վախեցնել ժողովրդին»:

Նա նշեց, որ մարդկանց մեջ մի պահ դրական տեղաշարժ կար դեպի ՄՄ, բայց գազային համաձայնագրերից հետո փոխվեց այդ կարծիքը: 

Նշենք նաև, որ ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս Պարույր Հայրիկյանն իր թիմակիցների երթն ուղեկցեց «ԳԱԶել»-ով:

 

Աղբիւր՝ 1in.am

 
Category: Հրապարակումներ
Published on 01 January 2014
Print

Հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, 1968թ.-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան Պարույր Հայրիկյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրուցել է 2014 թվականի հետ կապված իր ծրագրերի, գործած սխալների, ամանորյա սեղանի մասին:

Պարոն Հայրիկյան, ի՞նչ նպատակներ, ծրագրեր  ունեք՝  կապված 2014 թվականի հետ:

-Կարևորագույն նպատակս կմնա նույնը՝ «Բացարձակ ժողովրդավարության» մոդելի ամրագրումը, այն է՝ Հայաստանը դարձնել իսկապես  ժողովրդին պատկանող երկիր  և  դրան զուգահեռ ուղղել թույլ տված բոլոր սխալները, որոնք մինչև այսօր տեղի են ունեցել մեզնից անկախ:

Իսկ հնարավոր կլինի ՞  ուղղել այդ սխալները և որո՞նք են դրանք:

-Կյանքում անհնարին ոչինչ չկա: Հայաստանը դարձավ միջազգային իրավունքի ենթակա, բայց  այդպես էլ իրեն չդրսևորեց որպես միջազգային իրավունքի կարիքն ունեցող պետություն: Ազգային արժեքային համակարգի հարցում  նույնպես  Հայաստանը թերացավ: Այսինքն, արտաքին քաղաքականության մեջ մեր պարտքը չկատարեցինք մեր նախնիների հանդեպ, ապրեցինք՝ արհամարհելով սերնդի առջև ծառացած հարցերը: Մեր պետությունը, ինչպես ես էի հուշում, ինչ-որ չափով խոսեց Ցեղասպանության հետևանքները վերացնելու մասին. այն է՝ ոչ թե ճանաչում, այլ հետևանքների վերացում: Բայց որևէ քայլ չարեց: Մենք հեռացած ենք  մեր ազգային արմատներից և  մեր  կրթական համակարգում  այդ  առիթով ոչինչ չարվեց: Հայաստանը Սահմանադրություն ընդունեց, կարևորագույն չափորոշիչների մասին խոսեց, բայց, այդպես էլ  չդարձավ կազմակերպված իշխանությունների երկիր, Հայաստանը չպատկանեց քաղաքացուն, հիմա էլ նախապատվությունը տվեցինք 3 դիկտատորների համագործակցությանը, որը  պատմական մեծ խայտառակություն է:

Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ  կամ ամենատխուր Նոր տարին:

-Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել,  չեմ կարող ասել:

Ի՞նչ  ուտեստներ պետք է անպայման լինեն Ձեր ամանորյա սեղանին:

-Մեր հայրերն ու մայրերը ժամանակին կարևորել են Սուրբ ծնունդը, իսկ այսօր՝   բոլշևիզմից հեռանալուց  25 տարի հետո, Նոր տարին Հայաստանում դեռևս  ավելի մեծ տոն է համարվում, քան Սուրբ ծնունդը կամ Հարության տոնը: էլ չեմ խոսում այն մասին, որ մեր ազգային Հայկի ու Բելի կռիվը՝ մեր սկզբնավորման տոնը, ընդհանրապես չի նշվում:

Վերջին տարիներին հայկական ավանդույթի համաձայն դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ես պահք եմ պահում: Այդպես է նախատեսված: Եվ իմ պոլսեցի նախնիները ունեին  Նոր տարվա պահքին վերաբերող ուտեստներ. թոփիկ, անուշ ապուր..Ի դեպ, դա ինձ փրկում է  ամանորյա հարկադիր  ուտելիքներից:

Իսկ Դուք՝  ինքներդ,  որևէ  ուտեստ պատրասո՞ւմ եք Ամանորին:

-Չէ, կոնկրետ Ամանորին ոչինչ չեմ անում, եթե ի վիճակի եմ լինում՝ գնումներ եմ կատարում և այլն: Այդպես ստացվել է, պարզապես երեխաներս ինձ հերթ չեն տալիս:

Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:

-Կուզեի, որ հայ մարդիկ՝ այդ թվում և ես, կարողանայինք Աստծով ապրել, լինեինք ճշմարտության կողմնակից, չապրեինք նյութականով: Կատարեինք աստվածային պատվիրանները, որոնց դեպքում զզվանքով կվերաբերեինք «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքին ու կհասկանայինք, որ մանր ու մեծ խնդիրների պատճառով հայրենիքը լքել չի կարելի:

 

Աղբիւր՝ Asekose.am

 
Category: Հրապարակումներ
Published on 25 December 2013
Print


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ, վերջին օրերին Մաքսային միությանն անդամակցելու քայլում կարեւոր հստակեցում է տեղի ունեցել:

«Եթե փորձում ենք ՄՄ եւ ԵՄ կողմնորոշման հարցում պարզել քաղաքացիների դիրքորոշումը՝ դրանից պակաս կարեւոր չէր, թե քաղաքացիների իրական դիրքորոշման նկատմամբ ինչպիսի կեցվածք ունեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Գազային պայմանագրի քննարկման ժամանակ պարզվեց, որ քաղաքական կուսակցությունները, այդ թվում ընդդիմադիր կոչվածները, այնքան հեռու են ժողովրդից, որքան իշխանությունները»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:

Նրա կարծիքով, ՄՄ ուղղության հարցում միտված է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը. «Տրամադրված են Մաքսային միության օգտին… աթոռի հարցում կարող են իրար հետ վեճ ունենալ, բայց հայրենիքը Ռուսաստանին ծախելու հարցում բոլորը համամիտ են: Նրանց ընդդիմությունը մանր հարցերին է վերաբերում»:

ԱԻՄ առաջնորդը գազային համաձայնագրի շուրջ ստեղծված խորհրդարանական հակամարտությունն էլ բացատրում է հարցի պատճառահետեւանքային կապով. «Պատճառահետեւանքային կապի հետ խորհրդարանականները կապ չունեն: Եթե տրամադրված ես ժողովրդի համար օգտակար համարել Մաքսային միությունը, ապա պետք է կարողանաս օգտակար համարել գազային համաձայնագիրը՝ ողջ հակասահմանադրականությամբ: Եթե դա համարում ես ոչ բնականոն ու սխալ, վտանգավոր, դավաճանական, ապա ինչպես ես Մաքսային միության ածանցյալը տեսնելով՝ չես հասկանում էությունը : Այս հստակեցումը հօգուտ ժողովրդի չէ: Քաղաքական դաշտի մեծ մասն արդեն Մաքսային միությունից բռնազավթված է»:

Պարոն Հայրիկյանը նույնպես այն կարծիքին է, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները, բայց մի դեպքում միայն. «Եթե չորս կուսակցություն հրաժարվի մանդատներից, վախենալու կլինի: Հայաստանը կհայտնվի խորհրդարանական ճգնաժամի առաջ: Այդ քայլը կատարելուց առաջ պետք է նախապատրաստված լինի հաջորդ քայլը՝ ինչ են անելու: Հենց այնպես վայր դնելը կլինի ոչ քաղաքական գործչի պահվածքը»:

Վերջում էլ ասաց, որ այս շաբաթ օրը երթ ու հանրահավաք են նախատեսել՝ ոչ ՄՄ-ին կարգախոսով: Ապա կանխատեսեց, որ ՄՄ-ին մեծ ճգնաժամ է սպասվում.«Մաքսային միությունն ապրում է նավթով, նավթի գները կտրուկ անկում են ապրելու: Ամենաուշը միության ճգնաժամը կզգանք 2016 թվականին»:

 

Աղբիւր՝ Aravot.am

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>