Category: Հրապարակումներ
Published on 28 January 2014
Print

Ռուսաստանի տնտեսությունը բախվել է չտեսնված խնդիրների: Աճում են ինտերնետ-վաճառքների, ինչպես նաեւ բիտկոին էլեկտրոնային արժույթի կիրառման ծավալները, որի փոխարժեքը մեկ տարվա ընթացքում դոլարի համեմատ աճել է 90 անգամ: Ռուսաստանի համար, որի տնտեսությունը շարունակում է զարգանալ հին ձեւով, դա հավասարազոր է մահվան: Զուր չէ, որ ներկայում Մոսկվայում մարդիկ գրոհում են փոխանակման կետերը, որպեսզի ազատվեն ռուբլուց, որի կուրսը անցել է պատմական առավելագույն սահմանը:

Ռուսաստանի տնտեսությունը կառուցված է հետեւյալի վրա. վաճառվում է նավթ ու գազ, մեծ գումարներ են բերվում ու բաժանվում, ապահովելով սպառողական պահանջարկը: Ռուսաստանում առաջացել է սպառողական ահռելի շուկա, որտեղ ծախսվում է փողը:

Ինտերնետ-առեւտրի զարգացումը հանգեցրել է այն բանին, որ ռուսական սպառողական շուկան իր նավթադոլարներով մեկ-երկու տարվա ընթացքում «տեղափոխվել է» դեպի Արեւմուտք: Դա, ինչպես նաեւ բիտկոինը, դանդաղ սպանում են ռուսական ռուբլին, որը «փտում» է բանկերում:

Ռուսաստանի ղեկավարությունը ներկայում փորձում է պայքարել դրա դեմ՝ նոր մաքսատուրքեր է մտցնում ինտերնետ-առեւտրի ոլորտում, արգելում է բիտկոինով գործարքները, փորձում պահել ռուբլու փոխարժեքը: Սակայն առաջնթացի դեմ հին մեթոդներով պայքարելն արդեն չի ստացվում:

Մասնավորապես, առեւտրականներն ու գնորդները գտել են ելքը: Ինչպես գրում է Կոմերսանտը, առեւտուրն իրականացվում է Ղազախստանի միջոցով, որը հետագայում ապրանքներն առանց մաքսատուրքի ուղարկում է Ռուսաստան: Ռուսաստանի ղեկավարությանը չի հաջողվել համոզել Ղազախստանին, որպեսզի վերջինս բարձրացնի մաքսատուրքերը, իսկ դա նշանակում է, որ ձեռնարկված միջոցառումները չեն կրճատի ինտերնետ-առեւտրի ծավալները:

Կամ էլ, Ռուսաստանը ստիպված կլինի մաքսատուրքեր մտցնել Ղազախստանի հետ, ինչը փաստացի կդառնա Մաքսային միության վերջը:

Ընդհանրապես, այդ միությունում անհասկանալի է ինչ է կատարվում: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում: Հնարավոր է, նա նկատի ուներ, որ Հայաստանը չի անդամակցի, քանի որ դա կսպանի նրա տնտեսությունը: Դրա փոխարեն, Հայաստանը կդառնա Եվրասիական քաղաքական միության համահիմնադիր:

Այսօր հրապարակվել են տվյալներ, ըստ որոնց Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում է լինելու Մաքսային միություն մտնելու դեպքում: Այն երկրի հետ ինտեգրումը, որի տնտեսությունն ակնհայտորեն գնում է ստագֆլյացիայի, նման է անձնազոհության: Սակայն հանուն ինչի՞: Արդյոք բանը միայն Պուտինի անձնական հավակնություններն են, որը համառորեն ցանկանում է վերականգնել խորհրդային միությունը:

Աղբիւր՝ lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 28 January 2014
Print

Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցելը խիստ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Այսպիսի եզրակացություն է անում «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ ուսումնասիրելով խմբագրության ձեռքի տակ հայտնված ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի փաստաթուղթ, որում նշված է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով։

Թերթը նշում է, որ առնվազն 5 տոկոսով թանկանալու է Հայաստան ներկրվող տավարի միսը։ Եթե մինչև հիմա տավարի մսի վրա գործում էր 10 տոկոս մաքսատուրք, ապա ՄՄ-ին անդամակցելուց հետո մաքսատուրքը կբարձրանա մինչև 15 տոկոս։ Թռչնի միսը կթանկանա 15 տոկոսով․ գործող մաքսատուրքը 10 տոկոս է՝ կդառնա 25 տոկոս։ Կաթնամթերքը կթանկանա միջինը 8.3 տոկոսով, ցորենը կթանկանա 5 տոկոսով, բրինձը 13 տոկոսով, ձեթը, դեղորայքը 5 տոկոսով, օճառն ու կենցաղային քիմիան ավելի քան 13 տոկոսով, բենզինը` 5 տոկոսով և այլն։

«Ընդհանուր առմամբ, ոչ ՄՄ երկրներից ներկրվող ապրանքների համար մենք տարեկան ազգովի կվճարենք մոտ 100 միլիոն դոլար ավելի գումար»,–գրում է թերթը։

Աղբիւր՝ epress.am

 
Category: Հրապարակումներ
Published on 27 January 2014
Print

Մշակութաբան, թատերագետ Արա Նեդոլյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով քաղաքական գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին կոչ է արել միասին ձևակերպել հասարակական օրակարգը: 

Հանրային ակտիվ դեմքերի մասնակցությամբ հասարակական պահանջի ձևակերպումը Հայաստանում անհրաժեշտություն է ուկրաինական զարգացումների՞ն զուգահեռ, «Ազատության» հարցին Արա Նեդոլյանը պատասխանեց.- «Ուկրաինական դեպքերը ավելի շուտ նպաստում են, որ ակտիվանա այդ հասարակական խոսակցությունը, որը միշտ էլ կար Հայաստանում։ Բայց հիմա ես տեսնում եմ, որ ակտիվանում է և խոսակցությունը, և թեմաների առաջ քաշումը, և մյուս կողմից այդ կոնֆլիկտը, վեճը, մենամարտային ոճը»։

Արա Նեդոլյանի խոսքով, այսօր Հայաստանի քաղաքացուն պարզ չէ՝ ինչպես կարող է արդյունավետ ներգրավվել քաղաքացիական գործընթացներում։

«Հանրային ակտիվությունը շատ էական է ակցիաների ձևով, բայց դրանց ետևում կանգնած տեքստը թույլ է զարգանում»,- ասաց մշակութաբանը։

Մշակութաբանը կարևոր է համարում, որ Մաքսային միությանն ընդդիմանալու մղումը հստակեցվի և կոնկրետ ձևակերպվի որպես գաղափար.- «Միշտ կա այդ հուզումը, որ որտե՞ղ է քաղաքական պրոցեսը, որը հետևում է հասարակական հուզմանը։ Խնդիրների ակտուալիզացիայի համար մենք գոյություն ունենք, և խնդիրների և քննարկումը, և լուծումը հենց այն է, որ մեզնից սպասում է ժողովուրդը»։

Քաղաքական և քաղաքացիական ուժերի համախմբման միջոցով ընդվզում նախաձեռնելու հարցում 2008 թվականի դեպքերն առավելապես դիտարկվել որպես փորձառությո՞ւն, թե ընդդիմությունից հիասթափության առիթ:

«Դա փորձառություն է, եթե մենք հիմա կարողանանք ռեֆլեքսիայի ենթարկել»,- պատասխանեց Արա Նեդոլյանը։ 

Իսկ հերթական նախաձեռնությունն ի՞նչ կապ ունի ուկրաինական ընդվզման հետևանքների հետ.- «Ես անձամբ չեմ կարող պրոյեկտել հեղափոխություն, բայց գալու են տարբեր մարդիկ, միգուցե իրենք գիտեն ինչպես պրոյեկտել հեղափոխությունը։ Օրինակ, Շանթ Հարությունյանը ուներ տեսակետ՝ ինչպես պրոյեկտել հեղափոխությունը։ Եթե Շանթը կարողանա գալ կամ իր ներկայացուցիչները կարողանան գալ և բացատրել՝ ինչպես դա անել, այդտեղ մենք կաշխատենք, որ ոչ մի կարծիք չկորի, չմերժվի»,- ասաց մշակութաբանը։

Այսօր փորձեցինք նաև հարցումների միջոցով պարզել, թե շարքային քաղաքացիները որքանով են ուշադիր ուկրաինական զարգացումներին և այդ զարգացումներն ինչ ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքացիների կողմնորոշման հարցում։

Նրանց մեծ մասն ասում էր, որ ուշադրությամբ հետևում է ուկրաինական զարգացումներին, իսկ Հայաստանում նման դեպքերի կրկնության վերաբերյալ կարծիքները տարբեր էին։

 

Աղբիւր՝ Azatutyun.am

 
Category: Հրապարակումներ
Published on 25 January 2014
Print

Հայաստանի քաղաքական կյանքում վերջին 6 ամիսներին այնպիսի զարգացումներ տեղի ունեցան, որոնք իրապես կարող էին շրջադարձային լինել, սակայն, ցավոք, շրջադարձային չեղան: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Երբ Հայաստանը հանկարծակի կերպով արմատական շեղում կատարեց իր ուղուց՝ գնալով Մաքսային միություն, ԵՄ-ն մեզ հասկացրեց, որ չենք կարող միաժամանակ և խավարում լինել, և լույսի մեջ: Ռուս մի գործչի՝ Օլեգ Դերիպասկայի խոսքով, «Հայաստանը մեր ձեռքերում է» վիճակում ենք հայտնվել: Հիմա չգիտենք՝ գնում ենք խավար միջնադար, թե լույս աշխարհ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ նախագահի խոսքով՝ ՀՀ իշխանավորները, որպես ռուսական կայսրության հպատակներ, անում են ամեն բան՝ Հայաստանը հայերի համար անցանկալի երկիր դարձնելու: «Ռուսական իմպերիալիզմի սպասավորներ են դարձել բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք բացահայտորեն չեն հայտարարում ՄՄ-ին կողմ լինելու մասին, այնպիսիք, ինչպիսիք են ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն»,- ասաց նա:

Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վիճակին՝ քաղաքական գործիչն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանն այդպես էլ սատարող գործողությունների չի գնում: «Եթե անգամ պատերազմ սկսվի, և Ռուսաստանը կանգնի Հայաստանի կողքին, այդ երկրին ատող ամբողջ աշխարհի համակրանքը կշրջվի Ադրբեջանի կողմը: Միջազգային հանրությունը կասի՝ սա այն Ռուսաստանը չէ՞, որ Վրաստանում պատերազմ հրահրեց»:

Ամփոփելով՝ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ նաև Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին՝ նկատելով, որ լավ կլիներ՝ Հայաստանում ևս նման կրքեր բորբոքվեին, սակայն առանց բռնությունների: «Հիմա էլ մարդկանց կոչ եմ անում դուրս գալ փողոց և ընդվզել իշխանությունների վարած ապազգային քաղաքականության դեմ»,- ասաց նա:

 

Աղբիւր՝ 1in.am

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>