Category: Հրապարակումներ
Published on 03 February 2014
Print

Hayeli.am-ի զրուցակիցը քաղաքացիական ակտիվիստ Վրէժ Զատիկեանն է: Վրէժը Ազգային Միացյալ Կուսակության հիմնադիր Ստեփան Զատիկյանի որդին է, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի քրոջ որդին: http://hayeli.am/wp-includes/js/tinymce/plugins/wordpress/img/trans.gif

Ազգային Միացյալ Կուսակցությունը հիմնադրվել է 1966 թ. ապրիլի 24-ին. ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը եւ Շահեն Հարությունյանը /Շանթ Հարությունյանի հայրը/: 1968 թվին կուսակցության հիմնադիրների ձերբակալումից եւ բանտարկությունից հետո Պարույր Հայրիկյանը դառնում է Ազգային Միացյալ Կուսակցության ղեկավար: ԱՄԿ-ի հիմնական նպատակներն էին Խորհրդային Հայաստանի անկախությունը Խորհրդային Ռուսաստանից եւ 1915-1923 թ.թ. հայոց ցեղասպանության հետեւանքների վերացումը: 1973 թ.-ին ԱՄԿ-ի վերընտրված նախագահ Պարույր Հայրիկյանը հիմնել է անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով ռազմավարությունը:

Վրէժի՞նչ ես հիշում հորդ մասին:

Համարյա ոչինչ չեմ հիշում, որովհետև ես շատ փոքր էի, երբ գնդակահարությունից առաջ իրեն բռնեցին ու ձերբակալեցին՝ մեկ տարեկան եմ  եղել, քույրկս՝ 2 տարեկան:  Ես 7 տարեկանի էի, երբ իմացա, թե ով է եղել իմ հայրը: Այդ ժամանակ մենք դեռ Հայաստանում էինք ապրում, հետո արդեն, երբ 12 տարեկան էի, տեղափոխվեցինք ԱՄՆ, որտեղ էլ ապրել եմ կյանքիս հիմնական մասը:

Երբ իմացա, որ հայրս մահացել է, նրան գնդակահարել են, ես չհավատացի. ինձ մոտ բնական հարց առաջացավ` իսկ որտե՞ղ է դիակը: Ինձ ասացին, որ դիակ չկա: Սկսեցի մտածել` արդյո՞ք նրան գնդակահարել են: Մանկական հիշողություններիս մեջ հորս կերպարը միշտ փորձել եմ պատկերացնել, մի տեղ կար հորաքրոջս տանը` նեղ միջանցք էր, երբ որ արևն սկսում էր խփել, պատկերացնում էի, որ հայրիկի սիլուետը հիմա պետք է գա: Չգիտեմ ինչու, բայց ինձ միշտ թվում էր, որ ինքն հենց այդպես պետք է գա` արևի շողերի մեջ, լույսն ընկնելու հետ ուր որ է կհայտնվի: Դա իմ մանկական երազանքն էր: Կանգնում ու երջանիկ հայացքով երազում էի: Հորաքույրս, երբ ինձ այդտեղ կանգնած էր տեսնում, սկսում էր լաց լինել: Դրա համար փորձում էի այդ ամենը գաղտնի անել, սպասում էի, որ նա գնար հարևանի տուն, նոր էի գնում այդ պահը գտնելու:

Ինչպե՞ս իմացար հորդ մասինքեզ այստեղ՝ Հայաստանում երբևէ ասե՞լ են`տեռորիստի որդի եսորովհետև սովետական տարիներին դա արտառոց բան էր:

Ես առաջին անգամ հորս մասին իմացել եմ դպրոցում, մի դասատուից: Խոսում էինք հերոսների մասին, ես իմ քեռու մասին մի բան ասացի` նա այդ ժամանակ բանտում էր: Հիշում եմ` այդ ժամանակ մի պատմություն կար՝ շատ մեծ արձագանք էր ստացել, մի պատմություն` մեր հայտնի մարդկանցից մեկը վթարի ժամանակ մարդկանց էր փրկել: Դասի ժամանակ այդ պատմությունն էինք պատմում, մեր դասատուն ոգևորվեց և ինձ ասաց. «Դու դավաճանների ընտանիքից ես: Դուք փորձում եք մեր այս հսկա հայրենքիը փչացնել: Քո հայրիկն էլ տեռորիստ է»: Ես՝ 7 տարեկան երեխաս, ապշել էի: Ինձ տանը ասել էին, որ հայրիկս մահացել է ավտովթարից: Պատկերացրեք իմ վիճակը, ապշել եմ, շոկի մեջ եմ ընկել, անշարժ կանգնած եմ՝ ո՛չ կարողանում եմ խոսել, ո՛չ որևէ բան ասել: Այս դասատուն, նա իմ հիմնական դասատուն չէր, փոխարինող էր, իսկ իսկական ուսուցիչը հիանալի մարդ էր, ինձ դասից հանեց դուրս: Ասաց` գնա՛ տուն: Գլուխս կախած՝ տուն եմ գալիս, ճանապարհին պապիկիս տեսա: Հարցրեց` ի՞նչ է եղել: Պատմեցի, փաթաթվեց ինձ, գրկեց: Երևի հուզված էր, բայց աշխատում էր ինձ ցույց չտալ: Եկանք տուն, ու մայրիկս ու պապս ինձ պատմեցին, թե իմ հայրն ով է եղել:

Որ իմացարի՞նչ զգացիրհիշո՞ւմ ես:

Հպարտություն, անսահման հպարտություն: Ես դրանից հետո երբեք այդքան հպարտ չեմ զգացել ինձ: Ես այնքա՜ն եմ կարոտում իմ այդ պահի զգացողությանը, չեք պատկերացնի: Մինչև այդ պահը իմ հերոսը միայն քեռիս էր: Մինչև օրս էլ այս մոլորակի վրա իմ ամենասիրած մարդն է: Երբ փոքր էի, ամենամեծ երազանքս՝ քեռուցս նամակ ստանալն էր: Նա այդ ժամանակ բանտում էր. անհամբեր սպասում էի, թե երբ եմ տառերը սովորելու, որ ինքս նրան նամակ գրեմ, այլ ոչ թե տատիկիս ասեմ, տատիկս իմ ասածները գրի: Սպիտակ ծաղիկներ կան, փչում ես, ու մի տեսակ փետուրի նման տերևները թռնում են: Ասում էին, եթե սպիտակ մանր թերթիկները բոլորը թռնեն, անպայման նամակ կստանաս: Ես ամբողջ օրը փչում էի, որ քեռուցս նամակ ստանամ: Մինչև հիմա իմ ամենասիրած ծաղիկն է դա: Եվ երբ որ պապիկս ինձ պատմեց, որ հայրիկս քեռուս ընկերն է եղել ու նույն բանի համար է պայքարել, ինչ որ քեռիս, չեք պատկերացնի՝ ինչքան հպարտ էի ես: Պատկերացնո՞ւմ եք` իմ հայրիկը վթարից չի զոհվել, այսինքն` անիմաստ չի մահացել: Քեռուս պես մարդ է ինքը: Ես իսկապես կուզենամ, որ կյանքում մի այնպիսի բան պատահի, որ ես նորից ապրեմ այդ հպարտությունը. շատ հաճելի զգացողություն էր:

Տեղյա՞կ եսգիտե՞ս՝ ինչ հանգամանքներում է սպանվել հայրդ:

ԿԳԲ-ն ինչ-որ բաներ ասում է: Ասում են՝ գնդակահարել են, բայց ամեն ինչ մութ է: Ինքը լույսն է, իր ապրած կյանքը լույսն է, մնացածը մութ է: Բայց որքան մեծանում, այնքան ավելի եմ համոզվում, որ իմ մանկական պատկերացումը ճիշտ էր, երբ ես մտածում էի, թե հորս չեն գնդակահարել: Ես ինքս անմարդկային եմ զգում, երբ որ մտածում եմ, թե իմ հայրիկին գնդակահարել են: Ես այդպիսով, կրկնում եմ, այդ կայսրության` ստախոս, մարդասպան, ոճրագործ, ամենաշատ մարդ վերցրած ռեժիմի պատմությունն եմ ես պատմում: Ես իսկապես չգիտեմ, թե իմ հայրիկի հետ ինչ է պատահել, ինձ ու իմ ընտանիքին ոչինչ հայտնի չէ: Մենք ո՛չ դիակ ենք տեսել, ո՛չ գերեզման: Անգամ որևէ նկար չկա:

Իսկ չե՞ք փորձել ինչ-որ բան գտնել ԿԳԲ-ի արխիվներից:

Իմ քեռին` Պարույր Հայրիկյանը, փորձել է գտնել: Այն ժամանակ Ելցինն էր Ռուսաստանի նախագահը, ու չնայած որ արդեն կայսրությունը փլուզվել էր, պարզվեց, որ նույնիսկ այդ ժամանակ դա շատ ներքին ինֆորմացիա էր: Այդ մասին Ռուսաստանը որոշեց ոչինչ չասել: ԿԳԲ-ի արխիվները մինչև հիմա փակ են, ոչ միայն իմ հոր գործով, այլ բազմաթիվ այլ մարդկանց գործերով՝ նույնպես: Փակ են ոչ միայն ռուսական արխիվները, այլ նույնիսկ Հայաստանի արխիվներն են փակ: Հայաստանում էլ չեն բացում, որպեսզի չիմանանք, թե ովքեր են ագենտներ եղել, ով ում դեմ ինչպես և ինչեր է արել և այլն: Ըստ պաշտոնական տվյալների՝ Սովետական Հայաստանում 80-ականներին 300 հազար ԿԳԲ-ի գործակալ է եղել: Ես վստահ եմ, որ այդ գործակալներից եթե ոչ բոլորը, ապա շատ-շատերն այսօր կառավարության գլուխ են կանգնած: Սրա համար էլ Հայաստանի այսօրվա վիճակն ինձ համար ինչ-որ տեղ սովորական է. ես գտնում եմ, որ Հայաստանում իշխանափոխություն չի եղել: Առաջին նախագահը` իր ողջ վարչախմբով, ԿԳԲ-ի գործակալ էր, երկրորդն ու երրորդը՝ նույնպես: Այսինքն` մենք դեռ չենք ազատվել այդ համակարգից:

Առաջին նախագահը համարվում է Հայաստանի հիմնադիր նախագահընա հայտնի էորպես մարդով պայքարել է սովետական կայսրության դեմ և կարողացելՀայաստանն առանաձնացնել այդ կայսրությունից, հռչակագրով անկախ հռչակել:Նրան գործակալի մեղադրանք հասցեագրելու համար փաստեր ունե՞ք:

Ինքը հայտնի է որպես Հայաստանի անկախության դեմ պայքարող անձ: Իրենք Հայաստանի անկախությանը դեմ էին, երբ որ գոռում էին` Լենին, պարտյա, Գորբաչով: Նրանք պայքարում էին Հայրիկյանի դեմ: Երբ Հայրիկյանը ԱՄՆ վտարվելուց հետո վերադարձավ Հայաստան, ամեն ինչ արեցին, որ նա ուշ վերադառնա: Ինձ համար զարմանալի է, որ Դուք ասում եք` ինքը պայքարել է Հայաստանի անկախության համար:

Այսօր դու քաղաքական և քաղաքացիական պայքարի մեջ եսքեզ հաճախ կարելի էտեսնել թեժ կետերումԳենտիկ հիշողությա՞մբ ես շարունակում հորդ գործը:

Իմ հերոսը միշտ եղել է քեռիս` Հայրիկյանը, բայց ես միշտ հորս ներկայությունը նույնպես իմ կողքին զգացել եմ: Ես զգում եմ, որ իմ մեջ կա ազատության համար պայքարելու այդ ձգտումը՝ ոչ միայն ազգային, այլ համամարդկային արժեքների համար: Ես ապրել եմ ԱՄՆ-ում և 2007 թ.-ից ի վեր զբաղվում եմ քաղաքականությամբ՝ տարածելով ազատության գաղափարը:

Ինչպե՞ս եղավոր թողեցիր ԱՄՆ-ն ու եկար Հայաստան:

Ես մտադիր էի Հայաստան գալ 2017 թվականին: Երբ որ 2012 թվականին Պարույր Հայրիկյանը հայտարարեց նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, ես, անկեղծ, չհավատացի: Ես մտածում էի` այս, ներողություն բառիս համար, «խուժանների» հետ ինքն ի՞նչ կապ ունի: Ինչո՞ւ պիտի մասնակցի, երբ որ Հայաստանում ընտրություն չկա: Օրինակ՝ ԱՄՆ-ում մասնակցել ընտրություներին՝ նշանակում է բեմ դուրս գալ, ստանալ հարթակ, թե չէ, խոշոր հաշվով, այնտեղ էլ ընտրություն չկա: Կոնկրետ նախագահները շատ վաղուց այնտեղ ևս նշանակված են:

Փաստորեն, ազատության և քաղաքացիական արժեքների համար պայքարը նույնն էամեն տեղանկախ պետության հզորությունից, բնակչության սոցիալականվիճակից:

Իհա՛րկե այդպես է: Ազատությունը մարդու հոգում պիտի լինի` կարող ես ազատ լինել բանտում, և բանտարկված՝ ազատության մեջ: Օրինակ՝ այսօր Շանթ Հարությունյանն ինձ համար ավելի ազատ է, քան բազմաթիվ մարդիկ, ովքեր ազատության մեջ են: Վերադառնալով խնդրին՝ ասեմ, որ երբ քեռիս նոյեմբերին եկավ ԱՄՆ,  մի քանի ելույթներ ունեցավ: Նրան լսելուց հետո տագնապ ապրեցի: Հայաստան գալու որոշումս կայացրեցի օդանավակայանում. երբ քրոջս էի ճանապարհում, որոշեցի, որ ես անպայման պետք է գամ Հայաստան և աջակցեմ քեռուս: Ես ԱՄՆ քաղաքացի էի, հիմա արդեն երկքաղաքացի եմ և շուտով կստանամ իմ հայկական անձնագիրը: Ահագին պայքարել եմ, որ իմ ազգանունը ճիշտ ուղղագրությամբ գրեն:

Նկատի ունես, հավանաբար, դասական ուղղագրությունը:

Դասական չէ՝ դա ճիշտ ուղղագրությունն է: Անձնագրայինի պետը չէր համաձայնվում, բայց այնքան եմ հետները կռիվ տվել` վերջը համաձայնվեցին:

Փաստորեն, արդեն 1 տարի էինչ Հայաստանում ես. այստեղ ինչպե՞ս ես ապրում`Հայաստանում կենցաղային պայմանները դժվար ենլավ աշխատանքպատշաճվաստակ գտնելը հեշտ չէ:

ԱՄՆ-ում աշխատած փողերս եմ ծախսում /ծիծաղում է-խմբ./: Բայց որոշել եմ աշխատանք գտնել Հայաստանում, բայց թե ինչ, դեռ չգիտեմ: Մասնագիտությամբ համակարգչային ծրագրավորող եմ:

Իսկ քաղաքականությո՞ւնը:    

Քաղաքականությամբ զբաղվելու եմ անպայման: Ես ԱԻՄ-ական եմ փոքր տարիքից: Դրանից առաջ ես ԱՄԿ-ական էի: Ես միշտ պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ: Ինձ համար կարևոր չէ, թե ով ով է. եթե տվյալ պահին այդ մարդը պայքարում է լավ գործի, արժեքի համար, ես պատրաստ եմ նրա կողքը կանգնել, նրա հետ ցույցի դուրս գալ: Եթե անգամ մի բոլշևիկի այսօր իր քաղաքական հայացքների համար բանտարկեն, ես պատրաստ եմ իր իրավունքի համար փողոց դուրս գալ, որովհետև նա տվյալ պարագայում ինձ համար կլինի քաղբանտարկյալ, ում իրավունքները ոտնահարվել են:

Երբ Հայրիկյանի քարոզարշավի ժամանակ թակում էինք մարդկանց դռները և գումար խնդրում` դա ԱՄՆ-ում շատ նորմալ բան է, մտանք մի տուն: Ասացի, որ Հայրիկյանի օգտին ենք աշխատում, մարդ ու կին էին, շատ ուրախացան: «Վա՜յ,- ասացին, -վերջապես մի նորմալ թեկնածու կլինի»: Երբ ասացի, որ գումարի հարցով եմ եկել, անմիջապես հարցրեցին` ինչքա՞ն եք տալիս: Այդ հարցը որ լեսցի, չգիտեի ինչ ասել: Բացատրեցի, որ սխալ են հասկացել, պետք է իրենք տան ընտրության համար,  ոչ թե մենք:

Հետո ի՞նչ եղավ:

Մարդ ու կին սկսեցին վիճել. կինը ուզում էր՝ ամուսինը փող տա, ամուսինը չէր ուզում: Վերջը որ կինը շատ պնդեց, ամուսինը ստիպված 10 հազար դրամ փող տվեց: Բայց երբ մենք դռնից դուրս եկանք, սկսեցին իրար վրա գոռգոռալ ու կռվել. կինն ասում էր` մեծ բան չի, էդ մարդը 17 տարի բանտ է նստել, ամուսինն էլ ուրիշ բան էր ասում… /ծիծաղ-խմբ./:

Ամեն դեպքում, ապրելո՞ւ ես  Հայաստանումթե՞ կվերադառնաս ԱՄՆ:

Ես ապրելու եմ Մաքսային միությունում: Հիմա Հայաստանը Մաքսային միություն է մտնում, ես էլ ուզեմ-չուզեմ՝ այնտեղ եմ գնալու:

Հարցազրույցը` Կարինե Սարիբեկյանի

 

Աղբիւր՝ hayeli.am

 
Category: Հրապարակումներ
Published on 31 January 2014
Print

Փետրվարի 2-ին Ազատության հրապարակում կհավաքվեն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների հարազատները՝ տոնելու Շանթ Հարությունյանի և խորհրդանշական ձևով նրա ընկերների ծննդյան տարեդարձը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց քաղաքացիական ակտիվիստ, ԱԻՄ-ական Վրեժ Զատիկյանը:

«Այդ օրը գիշերը ծնվել է Շանթ Հարությունյանը, բայց մենք ունենք 15 քաղբանտարկյալներ, դրանցից առաջինն էր Վոլոդյա Ավետիսյանը: Ամսի 2-ի միջոցառման իմաստն այն է, որ նրանց ընտանիքները, բարեկամները հասկանան, որ իրենք աջակիցներ ունեն: Այս օրը մենք պետք է տոնենք քաղբանտարկյալների հայ լինելը: Էդվարդ Զորիկյանը այդ օրը մեզ կնվիրի իր երգերն ու բանաստեղծությունները, լինելու է խանդավառություն»,-ասաց նա:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ այն երկրներում, որտեղ կան քաղբանտարկյալներ, նշանակում է իշխանությունը չի հանդուրժում քաղաքական բազմակարծություն: Նա ընդգծեց, որ թեև ՀՀ-ն պարբերաբար ունեցել է քաղբանտարկյալներ, սակայն Շանթ Հարությունյանի դեպքը մի փոքր տարբերվում է մնացածից:

«Եթե մինչ այժմ քաղբանտարկյալների առկայությունը պայմանավորված էր տվյալ ռեժիմի անհամաձայնությամբ՝ որոշ քաղաքացիների հետ, ապա Շանթը քաղբանտարկյալ է ռուսական իշխանության հրահանգով, որովհետև նրա իրականացրած ակցիան ուղղված էր Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման դեմ: Սա մեկ այլ երկրի շահերի պաշտպանության տեսակետից է արվել, սա բոլորովին նոր երևույթ է: Շանթը քաղբանտարկյալ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում»,-ասաց նա և ընդգծեց, որ առաջիկա ակցիային ցույց են տալու, որ չեն հանդուրժելու ներկա իրավիճակը:

Իր հերթին երգահան Էդվարդ Զորիկյանն ընդգծեց, որ այսօր ապացուցում են, որ մեր երկիրը ազատ չէ, բայց նաև չպետք է ապացուցել, որ դու վասալ ես:

«Եթե դուրս ես գալիս հրապարակ ու ասում ես «ազատ, անկախ Հայաստան» ու քեզ ձերբակալում են, սա աբսուրդ է: Ես մտավախություն ունեմ, որ շուտով, երբ դու ուղղակի դուրս գաս հրապարակ, միայն դրա համար քեզ կարող են ձերբակալել: Քանի այս ամենը շարունակվում է մեր կյանքում, պետության և անկախության մասին խոսելը անիմաստ է: Ռուսաստանը չի ընդունել մեր անկախությունը»,-ասաց նա:

Էդվարդ Զորիկյանը նշեց, որ առաջիկա ակցիան կոչվում է «Գինի լից», քանի որ նախ ծննդյան տարեդարձ է նշվելու, իսկ հետո՝ մարդիկ պետք է ցույց տան, որ իրենք են տերը իրենց երկրի:

«Գինի ենք լցնելու, քեֆ ենք անելու, թող գան՝ բռնեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը):

 

Աղբիւր՝ Tert.am

 
Category: Հրապարակումներ
Published on 30 January 2014
Print

«Ինչ կասեն, չի կարելի հալած յուղի տեղ ընդունել, որովհետեւ այդ մարդիկ պաշտպանվելու, փրկվելու ուղիներ փնտրելու խնդիր ունեն: Հիմա մի բան կարող եմ փաստել, որ Սեդրակյանն ու իր փաստաբանը Սիրունյանը, մոռանում են, չեմ ասում ստում են, որ երբ ես դատարանում հանդես եկա միջնորդությամբ՝ պարզել թե ինչ գումարներով է ինքը խաղացել ու պահանջեցի որպես վկա հրավիրել հայր եւ որդի Աբրահամյաններին՝ գործում նշված է՝ Ռուսաստանի ԱԱԾ աշխատակիցը, Սեդրակյանն ու նրա, դժբախտ փաստաբանը, (ում դեռ ասելիք ունեմ, որովհետեւ կնոջը մեջտեղ գցեց, երբ ասացի, որ բոլոր նրանք, որոնք ասում են թե մահափորձ չի եղել՝ սրիկա են), դեմ արտահայտվեցին իմ միջնորդությանը, երբ դատարանը հարցրեց բոլորին՝ ով ինչ կարծիքի է: Ստացվեց այնպես որ մեղադրողը կողմը դեմ էր, որովհետեւ երեւի պետությունը խնդիրներ ուներ ու պաշտպանող կողմը դեմ է, մնացի միայն ես, դատարանն էլ հիմք ունեցավ որպես վկա չհրավիրելու: Հիմա անցնելուց հետո ի՞նչ կապ ունի, դու արել ես, թե ոչ: Եթե չես արել, ուրեմն դու եւ քո փաստաբանը ուրիշ բաների մասին չխոսեիք, խոսեիք նրա մասին, որ կապ չունեք: Փաստաբանն էլ սկսեց խոսել, թե մահափորձ չի եղել, Հայրիկյանի վրա չեն կրակել: Նրանք այսօր բարոյական իրավունք չունեն Աբրահամյանների մասին խոսելու, որովհետեւ իրենք դեմ են եղել Աբրահամյաններին դատարան հրավիրելու մեր պահանջին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ արձագանքելով էպոսագետի ձեռագիր նամակին:

Հիշեցնենք, որ «Առաջին լրատվականի» հրապարակած նամակում էպոսագետը անուններ է թվարկում, մասնավորապես ավիացիայի նախկին պետ Ալեքսանդր Աբրահամյանի ու նրա որդու Էդուարդ Աբրահամյանի անունները եւ պնդում , որ նրանք հովանավորել են իր նախընտրական քարոզարշավը, հետո հետ պահանջել ներդրած գումարները եւ հետ չստանալով՝ սպառնացել, որ վրեժ կլուծեն, դատի կտան, կնստեցնեն:

Հիշեցնենք նաեւ, որ 2013 թվականի հունվարի 16-ին Aravot.am-ը էպոսագետից հետաքրքրվել էր՝ ճիշտ են լուրերը, որ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալեքսանդր Աբրահամյանն է (նույն Ալեքսանդր Աբրահամյանը, ում անունը էպոսագետը իր նամակում նշել է) նրա քարոզարշավը հովանավորում, էպոսագետը հերքել էր՝ ասելով. «Հարցը լուրջ չէ քննարկման համար: Որովհետեւ դժվար թե այդ մարդը ինձ գումար տար, որ ես իմ համար առանձնատներ կառուցեի: Մի քիչ խորը մտածեք»:

Պարոն Հայրիկյանի խոսքով. «Դժբախտ մարդ է Վարդան Սեդրակյանը: Եթե մասնակցել է այդ գործին առավել դժբախտ, բայց բախտավոր այնքանով, որ չմահացա, ու ինքն էլ փրկվեց մահից, եթե մասնակցել է…»:

Նշենք նաեւ, որ էպոսագետի մատնանշած Էդուարդ Աբրահամյանն արդեն 20 օր է՝ Անգլիայում է:

 

Աղբիւր՝ Aravot.am

 
Category: Հրապարակումներ
Published on 31 January 2014
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր դեմ կատարված մահափորձից մեկ տարի անց կրկին վստահ է, որ կրակոցն իրեն չէր ուղղված, այլ բոլորին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանը նշեց, որ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը մեծ գումարներ էր տանուլ տվել, մասնավորապես՝ «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակներում բավական մեծ գումար է պարտվել՝ չունենալով եկամտի ոչ մի աղբյուր: Ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ բան արեց՝ բացահայտելու համար, թե ով է այդ գումարները նրան ուղարկել, սակայն մինչև վերջ չգնաց: 

«Պատվիրատուն ռուսական իմպերիալիզմն էր, ես դատարանում հնչեցրել եմ, որ այս մարդիկ ընդամենը պատվեր կատարողներ են, և այդ դրամն ուղարկողները կապ ունեն անմիջականորեն պատվեր տվողների հետ: Որտեղի՞ց Սեդրակյանին այդ գումարները: Մեկը եթե տուն գնի, կասեն՝ քեզ որտեղի՞ց այդ գումարը, հիմա նրան որևէ մեկը չի ասում՝ քեզ որտեղի՞ց այդ հարյուր հազար դոլարը, քեզ ուղարկողին՝ որտեղի՞ց: Հետքերը, պարզ է, տանում են ԿԳԲ-ի հատուկ ֆոնդեր»,- ասաց նա: 

Հայրիկյանի խոսքով՝ մի բան ակնհայտ է. այս քայլը նախաձեռնող ուժը շատ հզոր էր, նաև՝ զգուշավոր, դրանով հանդերձ՝ շատ լկտի, քանի որ հասարակական կարծիքը հենց առաջին պահից խեղվեց: Որևէ մեկի մահափորձի մասին լսած չեք լինի, որ ասեն՝ ինքն է կազմակերպել. Արկադի Ղուկասյանի վրա կրակեցին, ողջ մնաց, ոչ ոք չասաց՝ ինքն է իր վրա կրակել, իսկ մեզ մոտ առաջին իսկ պահից հայտարարեցին, որ մահափորձը կասկածելի է, և առաջին ջութակն, ըստ ԱԻՄ առաջնորդի, Բորդյուժան էր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ի՞նչ գործն էր այդպիսի հայտարարություն անել, ինքը, որպես ԿԳԲ գեներալ, ԿԳԲ-ի բոլոր գործակալներին հրահանգում էր անցնել հարձակման, ասել, որ մահափորձ չի եղել: 

Ըստ Հայրիկյանի՝ լկտիությունն այն էր, որ մարդկանց տարբեր առիթներով ասում էին՝ լռիր, եթե Ռուսաստանի դեմ խոսես, քեզ Հայրիկյանի ճակատագիրը կսպառնա: «Ես կրակոցից առաջ ընդամենը 12 տոկոս ունեի, այսինքն՝ թվում էր՝ վախենալու բան չունեին, բայց զգում էին, որ աճում է: Սեդրակյանը և մյուսներն ինձ բոլորովին չեն հետաքրքրում. քանի անգամ նրանց ազատ արձակելու միջնորդություն է եղել, ես չեմ առարկել, ասել եմ՝ դեմ չեմ: Դա ռուսական իմպերիալիզմի սադրանքն է: 

Նրա փաստաբանն աշխարհի ամենադժբախտ փաստաբանն է, ինձ չի կարելի վախեցնել նրան ազատելով՝ է, թող ազատվի: Ինձ կարելի է վախեցնել իմ ժողովրդին վնասելու սպառնալիքով: Եթե Սեդրակյանը վաղը բանտից ազատվի, ես ուրախ կլինեմ, որ նրա երեխաները որբ չեն մնա, իսկ թե ով էր գլխավոր կազմակերպիչը՝ բոլորիս հայտնի է. ինձ վրա կրակել են՝ որպես ձեր, մեր անկախությունը նախապատրաստած քաղաքական գործչի: 

Ես չեմ ընտրել հեղափոխություն, մենք հեղափոխականներ ունեինք, չէ՞, որ ասում էին՝ խելքը կարևոր չի, միայն զենքով կա հայոց փրկություն, և ի՞նչ կատարվեց, թուրքերն ասացին՝ դե, որ զենքով է, մենք ձեզանից շատ զենք կունենանք»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե հնարավորություն ունենա, նրանց երեքին էլ ինքը կազատի, կասի՝ գնացեք, փողի համար լակոտություններով չզբաղվեք, հաջորդ անձը կարող է ձեզ չներել: 

Անդրադառնալով Սեդրակյանի փաստաբանի՝ Ալեքսանդր Սիրունյանի՝ մինչև վերջ գնալու վճռականությանը՝ Հայրիկյանը նշեց, որ տխուր բան պիտի ասի. որպես մարդ՝ Սիրունյանն իր աչքից ընկավ, երբ կնոջը մեջտեղ գցեց իրեն վիրավորելու համար: Դա պատվաբեր չէ, ինքը հո կնոջը չէ՞ր պատասխանելու: «Երբ կինն իր ամուսնուն պաշտպանելով ասպարեզ իջավ, թե՝ դու փողի համար ես ամեն ինչ անում. է, 18 տարի ես փողի համա՞ր էի նստում, այ ողորմելի: Բայց կանանց հետ ես կռիվ չեմ տալիս՝ ոչ թե այն պատճառով, որ կանանց ստորադասում եմ, այլ ընդհակառակը՝ կանանց գերադասում եմ, վերադասում եմ: Ինքը ձախողակ է, որովհետև հազվադեպ է պատահում, որ դատախազը պահանջի 12 տարի, և փաստաբանի ելույթից հետո դատավորը տա 14 տարի: Նա պիտի ընդհանրապես հրաժարական տա փաստաբանությունից»,- ասաց նա: 

Հայրիկյանը Սեդրակյանի նամակը չի կարդացել և չի էլ պատրաստվում կարդալ այն մարդու գրածները, ով հետաքննության և նախաքննության ընթացքում ցուցմունքներ չէր տալիս. երբ այդ նամակը կցված կլինի գործին, կկարդա: 

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ պատրաստ է անգամ ներողություն խնդրել փաստաբան Սիրունյանից. եթե ինքն իրոք գտնում է, որ մահափորձ եղել է, ապա պատրաստ է ներողություն խնդրել: «Ես նրան ասել եմ՝ ստոր, սրիկա, տականք, որովհետև ինքն ասել է, որ մահափորձ չի եղել : Եթե ասի, որ մահափորձ եղել է, կասեմ՝ ներողություն եմ խնդրում, որ քեզ կոպտել եմ, հիմա դու ուղղվել ես, ես էլ ներողություն եմ խնդրում»,- ասաց նա:

 

Աղբիւր՝ 1in.am

 
Category: Հրապարակումներ
Published on 29 January 2014
Print

Բավականին շատ է խոսվում այն մասին, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում որոշ ապրանքներ շեշտակի կթանկանան։ Խոսքն այն ապրանքների մասին է, որոնք ներմուծվելու են ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից։ Թանկանալու են այն պատճառով, որ Հայաստանում գործող առավելագույն 10% մաքսատուրքի փոխարեն՝ ՄՄ-ում գանձվում է մի քանի անգամ ավելի մեծ մաքսատուրք։

Ենթադրություններ և մոտավոր գնահատականներ շատ են հնչել, սակայն կոնկրետ հաշվարկ՝ հիմնված փաստաթղթային տվյալների վրա՝ ոչ։

Մենք համացանցից գտանք Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միության ներմուծման մաքսատուրքերի չափերը՝ բոլոր ապրանքների համար։

Դրան դեռ հանգամանորեն կանդրադառնանք, իսկ առայժմ առանձնացրել ենք միայն բենզինով աշխատող մեքենաների մասը։ Կարծում ենք՝ այն կհետաքրքրի մեր ընթերցողներին։

Եվ այսպես, Հայաստանում ցանկացած ավտոմեքենայի մաքսազերծման համար, բացի բնապահպանական վճարներից, վճարվում է 20% ավելացված արժեքի հարկ և 10% մաքսատուրք։ Ռուսական արտադրության մեքենաների համար մաքսատուրք չի վճարվում։

Հիմա ուսումնասիրեք ստորև բերված աղյուսակը, որտեղ ներկայացված են ներքին այրման շարժիչով աշխատող մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերը՝ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան միության համար։ Խոսքը, իհարկե, վերաբերում է արտասահմանյան արտադրության մեքենաներին։ Ինչպես տեսնում եք, մաքսատուրքը 30%-ից բարձր է և որոշ դեպքերում, եթե մեքենայի արժեքը ցածր է, գործում են այլ պայմաններ, որոնք մաքսատուրքի գումարը դարձնում են գրեթե աստղաբաշխական։

Կոնկրետ օրինակի վրա ամեն ինչ թերևս ավելի պարզ կլինի։

Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք շահագործվում են որպես տաքսի։

Այդ մեքենաների (1997-1998 թվականների արտադրության) մանրածախ գինը տատանվում է 4-5 հազար դոլարի սահմաններում։ Դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է։ Այսինքն, ներառում է և ԱԱՀ-ն և 10% մաքսատուրքն ու մյուս վճարները։

Կարճ ասած, 1998 թվականի արտադրության Opel Astra-ի ներմուծման ժամանակ վճարվում է առավելագույնը 500 դոլար մաքսատուրք։

Հիմա տեսնենք՝ որքա՞ն կկազմի նույն մեքենայի մաքսատուրքը, եթե Հայաստանի համար նույնպես սկսեն գործել ՄՄ ընդհանուր տարիֆները։

Եթե 1998թ. արտադրության Opel-ի շարժիչի աշխատանքային ծավալը 1.4 լիտր է, ապա գործում է հետևյալ տարիֆը՝ 2.7 եվրո՝ 1 խսմ-ի համար։ Դա նշանակում է, որ միայն մաքսատուրքը կկազմի 3780 եվրո կամ մոտ 5000 դոլար։

Իսկ եթե մեքենայի շարժիչը 1.6 լիտրանոց է, ապա 1խսմ-ի համար պետք է վճարել 2.9 եվրո։ Ընդհանուր՝ 4640 եվրո։

Կամ, օրինակ, հզոր շարժիչ ունեցող շահագործված մեքեների գինը արդեն կարող է գլխապտույտ առաջացնել։

3 լիտր և դրանից ավելի աշխատանքային ծավալ ունեցող նոր մեքենաների մաքսատուրքը կազմելու է նվազագույնը 8400 եվրո (մոտ 11 հազար դոլար)։ Իսկ 5 տարվանից ավելի հնության մեքենաներինը՝ 17400 եվրո (5.8 եվրո՝ 1 խսմի համար)։

Մնացած տարբերակների մաքսազերծման արժեքը կարող եք ինքնուրույն հաշվել՝ օգտվելով այս աղյուսակից։

Կրկին շեշտենք, որ խոսքը միայն մաքսատուրքին է վերաբերում, որն այսօր 10% է Հայաստանում։ Մնացած տարիֆները՝ 20% ԱԱՀ, 2% վճար, բնապահպանական վճարներ, մնալու են նույնը։

Հիմա պա՞րզ է, որ երբ խոսվում է ավտոմեքենաների կրկնակի թանկացման մասին, դա իրականությունից հեռու չէ։ Ճիշտ է, մեր իշխանությունները հենց սկզբից ասում էին, որ Հայաստանի համար ՄՄ մաքսատուրքերը ձեռնտու չեն և վերջնական տարիֆները պետք է ճշգրտվեն բանակցությունների ընթացքում։ Սակայն ո՞վ իմանա՝ թե վերջում ինչ դրույքաչափերի վրա կանգ կառնեն։ Չէ՞ որ բարձր մաքսատուրքերից բյուջեն ավելի հեշտ կլինի լցնել։

Հ.Գ.1. Քանի որ հրապարակումը դեռ գիշերվանից տարբեր բուռն քննարկումների առարկա դարձավ, և հնչեցին տարբեր մեկնաբանություններ, անդրադառնանք մի քանիսին։ Նշվում է, որ այս օրենքը կբերի նրան, որ էժան, մաշված մեքենաներ քիչ կներմուծվեն։ Ճիշտ նույն պատճառաբանությամբ ՀՀ-ում մաքսազերծումը շատ ավելի թանկ է քան Վրաստանում, սակայն իրականության մեջ Հայաստանում հնամաշ մեքենաներն ավելի շատ են։ Թանկ մաքսազերծումը նպատակին չի ծառայել։ Բացի այդ, բոլորն էլ ցանկանում են ունենալ նոր մեքենա, սակայն քչերն ունեն 5 տարուց թարմ մեքենա գնելու հնարավորություն։

Հ.Գ. 2. Նշվում է, որ թանկարժեք մեքենաների մաքսազերծումը հակառակը՝ կէժանանա, քանի որ Հայաստանում բացի 20% ԱԱՀ-ից, 10% մաքսատուրքից և 2% վճարից գանձվում է նաև 20% շքեղության հարկ։ Նախ, շքեղության հարկը տարածվում է 25 միլիոն դրամից ավելի, 4.5լիտր աշխատանտային ծավալ և մինչև 2 տարի շահագործման ժամկետ ունեցող մեքենաների վրա։ Մինչև 25 միլիոն արժեցող մեքենաների դեպքում դա չի տարածվում։

Բացի այդ, ոչ ոք չի կարող ասել, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո շքեղության հարկը վերանալու է։

Հ.Գ. 3. – Նշվում է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ՌԴ ում հավաքվում են (արտադրվում են) շատ արտասահմանյան մեքենաներ։ Այսինքն՝ Opel Astra-ի փոխարեն կներմուծվի ռուսական արտադրության Chevrolet Astra: Ռուսական մեքենաների որակին բոլորը ծանոթ են, դրա համար էլ մարդիկ նախընտրում են գնել 10 տարվա Mercedes, ոչ թե լրիվ նոր ռուսական մեքենա։

Հ.Գ.4. Նշվում է, որ հին մեքենաների ներմուծման ժամանակ մուծվում է նաև բնապահպանական վճար։ Այո, 5-ից 10 տարվա հնության մեքենաների համար՝ 500 դրամ 1 ձիաուժի համար, 10-15 տարվա մեքենաների համար՝ 1500 դրամ, 15 տարուց հին մեքենաների համար՝ 3000 դրամ։ Օրինակ, մեր նշած Opel Astra-ն ունի 90-ից 100 ձիաուժ։ Դրա բնապահպանական վճարը պետք է կազմի 270-300 հազար դրամ։ Դա անհամեմատելի է 10% մաքսատուրքը 30% դարձնելու կամ ըստ շարժիչի ծավալի՝ մոտ 5000 դոլար մաքսատուրք վճարելու հետ։

Ու կրկին, ոչ ոք չի ասել, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո բնապահպանական վճարները վերանալու կամ նվազելու են։

Կարճ ասած, իրականությունն այն է, որ Հայաստանում ներկայումս գործող բոլոր տարիֆներին՝ ԱԱՀ, մաքսատուրք, բնապահպանական վճար, ավելանալու է ևս մի քանի հազար դոլար՝ ռուսական ավտոարտադրության հովանավորչության նպատակով։

 

ԱՏԳԱԱ կոդ Անվանումը   Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (տոկոս կամ եվրո)

8703

Մարդատար ավտոմեքենաներ

8703 21 Մինչև 1000 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար    
8703 21 109 0 Նոր   30, բայց ոչ պակաս, քան 1.2 եվրո՝ 1 խսմի համար (մինչև 1200 եվրո)
8703 21 909 2 Շահագործված։ 5 տարի և ավելի հին   2.5 եվրո՝ 1 խսմի համար (մինչև 2500 եվրո)
8703 21 909 8 Շահագործված։ այլ   35, բայց ոչ պակաս, քան 1.2 եվրո՝ 1 խսմի համար (մինչև 1200 եվրո)
8703 22 1000-1500 խսմաշխատանքայինծավալովշարժիչներիհամար    
8703 22 109 1 Նոր: Բնակվելու նպատակով օգտավործվող տրանսպորտային   30, բայց ոչ պակաս, քան 1.45 եվրո՝ 1 խսմի համար (1450 – 2175 եվրո)
8703 22 109 9 Նոր։ Այլ   30, բայց ոչ պակաս, քան 1.45 եվրո՝ 1 խսմի համար (1450 – 2175 եվրո)
8703 22 909 2 5 տարի և ավելի հին   2.7 եվրո՝ 1 խսմի համար (2700 – 4050 եվրո)
8703 22 909 8 այլ   35, բայց ոչ պակաս, քան 1.45 եվրո՝ 1 խսմի համար (1450 – 2175 եվրո)
8703 23 1500-3000 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար    
       
8703 23 191 0 Նոր : 1500-1800 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար   30, բայց ոչ պակաս, քան 1.5 եվրո՝ 1 խսմի համար (2250 – 2700 եվրո)
8703 23 192 1 Նոր: 1800-2300 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար   30, բայց ոչ պակաս, քան 2.15 եվրո՝ 1 խսմի համար (3870 – 4945 եվրո)
8703 23 192 2 Նոր : 2300-3000 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար   30, բայց ոչ պակաս, քան 2.15 եվրո՝ 1 խսմի համար (3870 – 4945 եվրո)
8703 23 901 Շահագործված։ 1500-1800 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար    
8703 23 901 2 5 տարի և ավելի հին   2.9 եվրո՝ 1 խսմի համար (4350-5220 եվրո)
8703 23 901 8 այլ   35, բայց ոչ պակաս, քան 1.5 եվրո՝ 1 խսմի համար (2250 – 2700 եվրո)
  Օգտագործված։ 1800-2300 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար:    
8703 23 902 1 5 տարի և ավելի հին   4 եվրո՝ 1 խսմի համար (7200 -9200 եվրո)
8703 23 902 4 այլ   35, բայց ոչ պակաս, քան 2.15 եվրո՝ 1 խսմի համար (3870 – 4945 եվրո)
8703 24 3000 ավելի խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար    
8703 24 109 0 Նոր:   30, բայց ոչ պակաս, քան 2.8 եվրո՝ 1 խսմի համար (սկսած 8400 եվրոյից)
8703 24 90 Շահագործված    
8703 24 909 2 5 տարի և ավելի հին   5.8 եվրո՝ 1 խսմի համար (17400 եվրոյից սկսած)
8703 24 909 8 այլ   35, բայց ոչ պակաս, քան 2.8 եվրո՝ 1 խսմի համար (սկսած 8400 եվրոյից)

 

Աղբիւր՝ 168.am

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>