Category: Հրապարակումներ
Published on 06 March 2014
Print

Ուկրաինական ճգնաժամի վրա խորանում է Ռուսաստան-Արեւմուտք հակադրությունը եւ կողմերը միմյանց սպառնում են պատժամիջոցներով, իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ նախապատերազմական է: Ռուսաստանը մնացել է գրեթե միայնակ: Անգամ Մաքսային միության գործընկերներ Բելառուսն ու Ղազախստանը մերժեցին նրա գործողությունն Ուկրաինայի դեմ:

Կրեմլի տերը նրանց հրավիրել է Մոսկվա խորհրդակցության: Խորհրդակցության մանրամասները հայտնի չեն, սակայն հավանական է, որ Պուտինին հետաքրքրողն այն է, որ Եվրասիական միության նախագիծը չտապալվի: Ներկայում Մոսկվայի համար այն ձեռք է բերում հատկապես կարեւոր նշանակություն:

Լուկաշենկոն ու Նազարբաեւն ըստ ամենայնի դեմ չեն լինի: Ռուսաստանը երեւի թե գտնվում է առավելագույն անկյուն քշված վիճակում, եւ Եվրասիական միությունը նրա համար շատ կարեւոր է: Բելառուսին ու Ղազախստանին այն ոչնչով չի խանգարի, սկզբունքային նշանակություն չունի՝ այդ միության մեջ են, թե դուրսը: Պարզապես ներկայիս պահին նրանք կարծես թե գտնվում են Ռուսաստանին պայմաններ թելադրելու ամենապատեհ ժամանակաշրջանում:

Ընդհանրապես, ներկայիս իրավիճակում Եվրասիական միության կամ դրա ուրվանկարի կոնֆիգուրացիան փոխվում է, ընդ որում՝ երկար ժամկետով: Ռուսաստանի համար առանց այդ էլ դժվար էր որեւէ բան թելադրել Բելառուսին ու Ղազախստանին: Այժմ, եւ սրանից հետո, դժվար է լինելու կրկնակի: Պարզապես Պուտինն այլ ելք չունի: Նա շատ կուզեր, որ Եվրասիական միությունից հրաժարվեին Բելառուսը կամ Ղազախստանը, բայց Լուկաշենկոն ու Նազարբաեւն այդքան հիմար չեն, որ իրենց համար թելադրելու ամենահարմար պահին հրաժարվեն այդ գործիքից: Հատկապես որ հեռանկարում առավել հավանական է, որ միությունը նրանց ձեռքին դեռ երկար է մնալու Ռուսաստանին թելադրելու գործիք:

Օդում կախված է մնում Հայաստանը, որը հայտարարել է Եվրասիական միության հիմնադիր լինելու ցանկության մասին եւ քառատրոփ սլանում է դեպի այդ միությունը: Հայաստանի սլացքը հասկանալի է: Սեպտեմբերի 3-ից հետո Սերժ Սարգսյանն իր վրա է վերցրել մի շարք պարտավորություններ Ռուսաստանի հանդեպ, մինչդեռ իրավունք՝ գոնե ձեւի համար, նա կստանա միայն ՄՄ-ի ու Եվրասիական միության լիարժեք անդամ լինելու դեպքում: Հայաստանը շտապում է ձեռք բերել գոնե ձեւական այդ իրավունքը եւ դուրս գալ օդից կախված վիճակից: Ռուսաստանին սակայն դա պետք չէ: Ինչու Հայաստանին օժտել թեկուզ ձեւական իրավունքով, առավել եւս, եթե կա հնարավորություն ձգել այդ գործընթացը:

Այդ իսկ պատճառով Նազարբաեւն ու Լուկաշենկոն հրավիրվում են Մոսկվա խորհրդակցության, իսկ Սերժ Սարգսյանը մեկնում է Դուբլին ԵԺԿ լիագումար նիստին ելույթ ունենալու: Այս իրավիճակում Հայաստանի համար լավագույն տարբերակը կլիներ հայտարարել Եվրասիական միությանն ու Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը դադարեցնելու կամ սառեցնելու մասին: Դրա համար կան բոլոր հիմքերը, ի դեմս ուկրաինական ճգնաժամի:

Սակայն դա քաղաքական որոշման հարց է, որից Պուտինը զրկել է ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաեւ նրա պառլամենտական ոչընկերներին: Նրանց որեւէ մեկին էլ Պուտինը չի վստահում, եւ ներկայում իր համար բարդագույն ժամանակահատվածում Հայաստանը փաթեթով օդից կախելը ամենահարմար տարբերակն է: Ըստ ամենայնի, հենց այդ պատճառով է, որ հայտնի քառյակը չի կարողանում համաձայնության գալ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցում: Ամեն ինչ, կամ բոլորն օդից կախված վիճակում են:

Սերժ Սարգսյանին ու նրա խորհրդարանական ոչընկերներին թվում էր, թե սեպտեմբերի 3-ն արագ կուլ կգնա այն բանից հետո, երբ Յանուկովիչն ուկրաինական խայտառակությամբ կստվերի Հայաստանի քայլը: Բայց, Ուկրաինայում իրադարձությունները զարգացան այլ կերպ, Մայդանը խառնեց պլանները, եւ Հայաստանի խայտառակությունը ծածկվելու փոխարեն, Մայդանի ֆոնին դարձավ էլ ավելի ակնառու, պետությունը եւ նրա շահը թողնելով օդից կախված:

 

Աղբիւր՝ lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 01 March 2014
Print

Մայդանում հանրահավաք էր, իսկ այսօր Ազատության հրապարակում լեւոնահավաք է: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Ազատության հրապարակում նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ ի պատասխան լրագրողներից մեկ հարցի, թե արդյոք հնարավոր է, որ այսօր Ազատության հրապարակում Մայդան տեղի ունենա: Նշենք, որ Պարույր Հայրիկյանն իր կողմնակիցների հետ երթով մտել է Ազատության հրապարակ: Նա նշեց, որ ժամանելով Ազատության հրապարակ, իրենք միանում են ոչ թե ՀԱԿ-ի հանրահավաքին, այլ ժողովրդին:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԱԻՄ-ականների եւ ՀԱԿ-ի կողմնակիցների միջեւ կոնֆլիկտ ու հրմշտոց տեղի ունեցավ, որը, սակայն, հարթվեց: ԱԻՄ-ականների ձեռքին կան պաստառներ հետեւյալ գրառումներով. «2008թ մարտի 1-ը 1996թ սեպտեմբերի 26-ի շարունակությունն է», «Մարտի 1-ի կուսակցական շահարկումը անբարոյականություն է» եւ այլն:

Հիշեցնենք, որ ուղիղ 6 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին, Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, որոնք խլեցին 10 մարդու կյանք: 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք տեւեցին 10 օր: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրեց Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:

Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում՝ 2 զինծառայող: Զոհերն էին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ  Համլետ Թադեւոսյանը: Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: Իշխանությունները տեղի ունեցածը համարեցին զանգվածային անկարգություններ:

Աղբիւր՝ News.am

 

 
Category: Հրապարակումներ
Published on 23 February 2014
Print

Եթե Ռուսաստանն այսքանից հետո համարձակվի անմիջականորեն միջամտել Ուկրաինայի գործերին, դա կլինի ռուսական իմպերիալիզմի ձախողման սկիզբը։ Ես ուրախ կլինեմ, որ Պուտինը գլուխն այնքան կորցնի, որ որոշի հակադրվել առողջ բանականությանը և այդպիսի քայլեր ձեռնարկի: Tert.am-ի հետ զրույցում Ուկրաինայում ծավալված իրադարձությունները մեկնաբանելով՝ այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը:

 

-Պարո՛ն Հայրիկյան, տեսակետներ են հնչում, որ Ուկրաինան Եվրոպայի և Ռուսաստանի հակամարտությունների թատերաբեմն է դարձել: Դուք ի՞նչ կարծիքի եք՝ Ուկրաինայում 100-ին հասնող զոհերը հանուն ազատությա՞ն էր, թե նրանք զոհվեցին, քանի որ Եվրոպան ու Ռուսաստանը չեն կարողանում իրար մեջ բաժանել երկիրը։

 

-Պարզունակություն է այն միտքը, որ ասում են, թե Ռուսաստանի և Եվրոպայի հակամարտության հարց կա: Բոլորի համար ակնհայտ է, որ Եվրոպա չի նշանակում որևէ խաղի կամ շահի հետևից գնացող միություն, այլ արժեքներ, ապրելակերպ: Այլ բան է Ռուսաստանը, որը նշանակում է դիկտատոր Պուտին և նրա հիվանդագին հավակնությունները՝ Ռուսաստանի իմպերիայի վերականգնում և այլն, և այլն։


Ուկրաինացիներն իրենց ազատության, ազգային արժեքների համար են պայքարում, ի վերջո կարելի է ասել՝ իրենց հայրերի երազը իրականացնելու համար։ Այսօր Մայդանում տեղի ունեցող ծայրահեղական համարվող դրսևորումները հակադարձում են բռնապետական դրսևորումներին։

 

-Հնարավոր համարու՞մ եք Ուկրաինայի բաժանումը՝ ռուսաստանամետ և եվրոպամետ մասերի։

 

-Դա հնարավոր է, եթե Ռուսաստանը այսքանից հետո համարձակվի անմիջականորեն միջամտել, իսկ դա կլինի ռուսական իմպերիալիզմի ձախողման սկիզբը։ Ես ուրախ կլինեմ, որ Պուտինը գլուխն այնքան կորցնի, որ որոշի հակադրվել առողջ բանականությանը և այդպիսի քայլեր ձեռնարկի։ Ես ամաչում եմ, որ մենք այսօր ունենք իրենց քաղաքակիրթ կոչող լակոտներ, իսկապես լակոտներ, որ Ուկրաինայի ազատության համար տրված զոհերը համարում են եվրոպական խարդավանքի դրսևորում: Եվրոպան բոլոր ազգերից, այդ թվում նաև հայերից, մեկ բան է ուզում՝ հարգանք քաղաքացու նկատմամբ: Դա ներկայացնել, թե Եվրոպան ուզում է տիրել՝ անհեթեթություն է: Եվրոպայում վաղուց տիրել հասկացությունը վերացած է։

 

-Կարծում եք՝ Ռուսաստանը ձեռքերը ծալա՞ծ կնայի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։

 

-Ռուսաստանի իշխանություններին դուք ձեր հարցով արդեն գնահատեցիք շատ բացասական կերպարներով՝ կայսերապաշտներ, մարդկային լեզվով ասած՝ սրիկաներ: Այդպիսի հարցադրումն արդեն ցույց է տալիս, որ ՌԴ-ի իշխանություններն ամենաանմխիթար վիճակում են։ Իրենց ի՞նչ գործն է՝ Ուկրաինան ինչ ճանապարհով կգնա։


-Բայց նույն սկզբունքով եվրոպացիներն էլ են միջամտում, չէ՞ , մասնակցում բանակցային գործընթացին։


-Նրանք ընդամենն ասում են՝ հարգեք ձեր քաղաքացիներին, մարդու իրավունքները։ Նրանք այդ սկզբունքի շուրջ են համախմբվել, և 28 եվրոպական երկրները շատ հանգիստ են նայում այն բանին, որ օրինակ Իսլանդիան կամ Նորվեգիան չմիացան Եվրոպական միությանը։ Ւսկ այսօրվա Ռուսաստանը, օգտագործելով գաղտնի ԿԳԲ-ական ցանցը, քրեական տարրերում է նաև փորձում է իր գերիշխանությունը հաստատել, որպեսզի դառնա «սուպերդերժավա»: Ուրեմն եթե Ռուսաստանը գնա այդ ճանապարհով և իր շահերից խոսի Ուկրաինայի հետ առնչվող հարցերում, ապա ՌԴ-ն ինքն իրեն կհասցնի ամենածանր հարվածը, որի համար ես տխուր չեմ։


Ես խաղաղ մեթոդների կողմնակիցն եմ եղել միշտ, բայց Ուկրաինայում պայքարում են հանուն իրենց ազատության։ Հանուն ազատության դու պետք է պատրաստ լինես ամենամեծ զոհողությունների, ինչի մասին գրված է նաև հիմներգում։

 

-Այսինքն՝ դուք կողմնակից եք նույնիսկ զոհերի գնով նման արդյունքի:


- Եթե այսօր ուկրաինացիները այդպիսի հետևողականությամբ պայքարում են, չեն խորշում ուրիշ զոհեր տալուց, որը իհարկե տառապանք է պատճառում ամբողջ ուկրաինական ժողովրդին, ցույց է տալիս, որ չեն ուզում զոհերից խուսափելու գնով լինել կախյալ վիճակի մեջ, ուզում են այսօր տալ առավելագույնը, որպեսզի վերջնական ազատվեն ռուսական իմպերիալիզմ կոչվող չարիքից ու կեղծիքից։

 

-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է որ Հայաստանում իրավիճակի փոփոխություն տեղի ունենա, օրինակ՝ ուկրաինական դեպքերից Ռուսաստանը Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն աննպատակահարմար համարի:

 

-Իրավիճակ կարող է փոխվել, բայց ոչ միայն դեպի դրականը: Եթե ուկրաինական դեպքերի զարգացումը չհանգեցնի ՌԴ-ի ինքազսպմանը կամ նրա համամարդկային ուժերի չափավորմանը, ապա Ռուսաստանը ավելի մեծ վայրագությամբ իր դաժանությունը պետք է օգտագործի ՀՀ-ի նկատմամբ, մանավանդ որ ՀՀ-ում պետական կեցվածքով պետական այրեր չկան, այլ կան ստրուկներ։ Բոլորովին այլ կերպ կլիներ պատկերը, եթե գոնե եվրոպամետ ուժերը համախմբվեն, էլ չեմ ասում, առողջ բանականությամբ համախմբվեն Հայրիկյանի դրոշի ներքո, կամ էլ համախմբվեն և ինձ էլ հրավիրեն համախմբվելու։ Զարմանալիորեն Դավիթ Շահնազարյանը, Գայանե Առուստամյանը Ուկրաինայի Մայդանի աջակցության կոմիտե են ստեղծում և չգիտես ինչու առաջամարտիկին այդ հարցերում չեն էլ իրազեկում։ Բայց ես հետին թվով ասում եմ՝ ոչինչ, ձեր պես կոմպլեքսավորված չեմ, ես պատրաստ եմ միանալ։ ԱԻՄ-ն ամբողջ կազմով պատրաստ է միանալ, այսինքն մի քանի հազար ստորագրություն կարող էինք միանգամից բերել, բայց .. եթե համախմբվեին առողջ բանականությամբ, ապա կարող էինք իրավիճակ փոխել՝ չափավոր, զուսպ գործողություններով:

 

Կա ճանապարհ, միայն պետք է մեծամիտ ու բարդույթավորված չլինել, Հայաստանում կա քաղաքական ուժ, որը ընդունակ է ուղղորդել, աջակցել բոլորին։

 

-Իսկ առանց եվրոպացիների օգնության հնարավո՞ր է, քանի որ, ինչպես տեսանք, Ուկրաինայի պարագայում եվրոպացիները աջակցեցին Մայդանին։

 

-Մենք մարդկությունից առանձնացված երևույթ չենք: Այո՛, մենք պետք է եվրոպացիներին օգնենք, եվրոպացիները՝ մեզ, մենք պետք է ռուս դեմոկրատներին օգնենք, նրանք՝ մեզ: Ոչ ոք հայերին այդքան չէր օգնում, որքան Սախարովը, բայց նա ռուս էր: Այնպես որ, մենք այդ օգնությունը չպետք է որպես չարիք ընդունենք։ Մենք պարտավոր ենք իրար աջակցել։ Հայաստանը, Սովետական միության քայքայելուն նպաստելով, ամբողջ աշխարհի ազատագրմանն էր նպաստում, այսինքն՝ որքան նրանք են մեզ պատրաստ օգնել, այնքան մենք ենք իրենց օգնում։ Իհարկե, օգնության դեպքում մենք ավելի արդյունավետ կաշխատենք։

 

Եթե Ռուսաստանը դառնա ավելի դեմոկրատական, դա նաև Եվրոպայի շահը կլինի: Ռուսաստանը պետք է մարդկային դեմք ընդունի, ազատվի ռուսական իմպերիալիզմի որևէ դրսևորումից ու դառնա համաշխարհային ընտանիքի մի մասը։ Այդ դեպքում ոչ միայն մենք կազատվենք, այլ նաև ինքը՝ Ռուսաստանը։

 

Աղբիւր՝ Tert.am

 
Category: Հրապարակումներ
Published on 25 February 2014
Print
Ռուսաստանի դաշնային Ռեգնում գործակալությունը հանդես է եկել աննախադեպ կոչով: Գործակալությունը հայկական «իրավապահ կառույցներին» կոչ է անում «օպերատիվ արձագանքել» հայկական մամուլի այն հրապարակումներին, որոնք գրում են հայ-ռուսական հարաբերությունների բացասական կողմերի մասին (ըստ Regnum-ի՝ հակառուսական հրապարակումներ):

Ինչո՞ւ է ռուսական դաշնային գործակալությունը որոշել նման կոչ անել հենց ներկայում: Եւ դա ի՞նչ ռազմավարական հարաբերություն է, եթե այն կարելի է սասանել մեկ-երկու ճիշտ դրված հարցադրումներով: Արդյոք գործակալությունը եւ նրա դաշնային իշխանությունն ունեն այս հարցերի պատասխանները, որոնք դնում են հայ լրագրողները՝ կապված Ռուսաստանի կայսերական քաղաքականության հետ:

Անկախ Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր են փակել օտարերկրյա այն գործակալության մուտքը, որը պարբերաբար, անթաքույց միջամտում է Հայաստանի ներքին գործերին եւ ռեպրեսիաներ առաջարկում մի պետության, որի Սահմանադրության մեջ ամրագրված է խոսքի ազատությունը:

Ռուսաստանում վերջին շրջանում աճում են ռեպրեսիաները ԶԼՄ-ների հանդեպ: Խորհրդային տիպի ագիտացիոն-քարոզչական հարթակների ստեղծումն ուղեկցվում է փոքրաթիվ ազատ ԶԼՄ-ների վրա ճնշումներով: Ինչ ասես արժե միայն Դոժդ հեռուստաընկերության դեպքը: Երեւում է, Կրեմլին դուր չի գալիս, որ հետխորհրդային երկրներում մամուլը զարգանում է ոչ խորհրդային ոճով, եւ Մոսկվան շտապում է ռեպրեսիաներն արտահանել նաեւ Հայաստան:

Հայաստանի դիվանագիտական ու իրավապահ մարմինները ոչ մի կերպ չարձագանքեցին, երբ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հռչակվեց ֆորպոստ, էքսկլավ, երբ հայկական ազգանունով ռուսաստանցի քաղաքագետ Կուրղինյանը Երեւանում հայտարարեց, որ Հայաստանին անկախություն պետք չէ:

Փոխարենը, հայ իրավապահները արդեն 4 ամիս փակի տակ են պահում Շանթ Հարությունյանին, ով հանդես է գալիս երկրի ինքնիշխանության եւ Ռուսաստանի կայսերական թելանդրանքից դուրս գալու օգտին:

Պարույր Հայրիկյանն իր դեմ մահափորձի մեջ մեղադրում է ռուսական իմպերիալիզմին ու ԿԳԲ-ին, հայտարարելով, որ կայսրությունը կանգ չի առնում ոչնչի առջեւ, երբ սպառնալիք է զգում: Ի՞նչ սպառնալիք է տեսնում Կրեմլը տոտալ հնազանդ Հայաստանում: Եւ արդյոք Regnum-ի կոչը չի հնչում որպես «Կանգնիր, կկրակեմ» (ովքեր ծառայել են խորհրդային բանակում, գիտեն սա ինչ է):

Նշենք, որ Regnum-ի գլխավոր խմբագրի անունը Վիգեն Հակոբյան է, որը ժամանակին գանգատվում էր, որ հաճախ իր ստորագրությամբ նյութեր են հրապարակվում, որոնց հետ ինքը հաճախ համաձայն չէ:

 

Աղբիւր՝ lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 23 February 2014
Print

Մարտի 1-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսը հրավիրել է հանրահավաք՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին: 

ԱԻՄ-ը նույնպես մասնակցելու է հանրահավաքին։ Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Անձամբ իմ մասին չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ՝ մարտի 1-ին որտեղ կլինեմ, բայց ԱԻՄ-ն անպայման մասնակցելու է»,- ասաց նա: 

Հայրիկյանը նաև պատմեց, որ Մարտի 1-ի 10 զոհերից մեկի` Զաքար Սարիբեկի Հովհաննիսյանի եղբայրն էլ զոհվել է ղարաբաղյան պատերազմում։ Լաչինում զոհված զինվորը ԱԻՄ-ական է եղել: Սակայն Հայրիկյանի խոսքով՝ կարևոր չէ Հովհաննիսյանն ԱԻՄ-ական էր, թե՝ ոչ, ինչպես կարևոր չէ այն, որ Մարտի 1-ի մնացած զոհերը ԱԻՄ-ականներ չեն:

«Կարևորը դա չէ, կարևորը քաղաքացին է։ Մարտի 1 է եղել, և այդ գործողությունները պետք է իրենց տարամաբանական ավարտին հասնեն։ Մարտի 1-ը պետք է մինչև վերջ բացահայտվի, որ հետագայում չունենանք այսօրվա մայդանի ողբերգությունները։ Յուրաքանչյուր հայ քաղաքացի պարտավոր է այդ օրը գնալ Ազատության հրապարակ՝ անկախ նրանից, թե ով կկազմակերպի, ով ինչ հակակրանքներ ու համակրանքներ ունի կազմակերպողների նկատմամբ»։

 

Աղբիւր՝ newsbook.am

 

Page 13 of 39

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>