Category: Հրապարակումներ
Published on 17 March 2014
Print

«Նախիջեւան» ազգային-քաղաքական նախաձեռնության մի խումբ անդամներ մարտի 17-ին քայլերթով գնացին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ հանձնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակը՝ հույս ունենալով ստանալ վերջինի քաղաքական գնահատականը Նախիջեւանում կատարված մշակութային ոճրագործությունների և հայ ժողովրդի միջազգային իրավունքի խախտման վերաբերյալ:

Նամակում նշված են 1921-ից առաջ, հետո եւ մինչեւ այժմ հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ միջազգային իրավունքի նկատմամբ կոպտագույն խախտումները, ցեղասպանության հատկանիշներ ունեցող տարբեր իրադարձություններ, ինչպես նաև Ջուղայի մոտ 10 000 խաչքարերի հարցը, որոնք 1990-ականներից մինչեւ 2006թ. վայրագորեն ոչնչացրել են ադրբեջանցիները:

«Ակնկալիքները քիչ են, այդ պատճառով է, որ այստեղ քիչ ենք հավաքվել: Հիմնական աշխատանքը սրանից հետո պետք է արվի՝ ինֆորմացիա հավաքել, խմբեր ստեղծել, որոնք կոնկրետ ուղղություններով կաշխատեն»,- ասաց նախաձեռնության անդամ Անի Նավասարդյանը:

Ակցիային էր միացել նաև ԱԻՄ միջազգային հարցերով պատասխանատու Կարո Եղնուկյանը, որը ՄԱԿ-ին ուղղված նամակը հանձելուց հետո, նախաձեռնւթյան անդամների հետ գնաց ԱԳՆ՝ նախարար Էդվարդ Նալբանդյանին փոխանցելու 1921թ. Մոսկվայի պայմանագրին առնչվող նամակը։

«Մենք փոխանցեցինք նամակն ԱԳՆ, որ մեր ԱԳՆ-ը Ռուսաստանի ու Թուրքիայի հետ հանդիպումներում այս հարցը բարձրացնի, որպեսզի երկուսից մեկը, գոնե այսպես կոչված, մեր բարեկամ Ռուսաստանը այս պայմանագիրը չեղյալ համարի»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Եղնուկյանը, սակայն, հույս չունի, որ ԱԳՆ-ը այս հարցը կբարձրացնի, քանի որ նրա կարծիքով՝ ԱԳՆ-ը, դժբախտաբար, չի առաջնորդվում մեր ժողովրդի շահերով։

 «ԱԳՆ-ը ոնց որ Կրեմլին կից կառույց լինի, եւ դրա համար ինչ որ Կրեմլն է թելադրում, դա էլ մեր ԱԳՆ-ն է անում»,- եզրափակեց Կարո Եղնուկյանը: genericoitalia.it

Մարտի 16-ին լրացավ Մոսկվայի պայմանագրի 93-րդ տարելիցը: Փաստաթղթով Թուրքիային հանձնվեց Հայաստանի Հանրապետության մի մասը, Ադրբեջանին՝ Նախիջեւանը։

 

Աղբիւր՝ News.am

 
Category: Հրապարակումներ
Published on 16 March 2014
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպման համար մեղադրվող Վարդան Սեդրակյանին Ալիկ Աբրահամյանի ու նրա որդու՝ նախընտրական շրջանում նրա լիազոր ներկայացուցիչ Էդուարդ Աբրահամյանի առնչության մասին փաստող ձայնագրությունը, որ ներկայացրել էր «Առաջին լրատվական»-ը, թվում է՝ հիմք է տալիս ենթադրելու, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման մեջ Սեդրակյանին մեղադրելն ընդամենը չլուծված ֆինանսական հարցերի համար հաշվեհարդար է: Ինքը՝ ԱԻՄ առաջնորդը, սակայն, այդ կարծիքին չէ: 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նորից նշեց, որ իր նպատակը Սեդրակյանին անազատության մեջ տեսնելը չէ, սակայն ձայնագրությունը նրա անմեղության մասին չի խոսում: «Դրանից ակնհայտ է դառնում հակառակը. ասում են՝ փողը տվել ենք, որ Հայրիկյանին խփես, չե՞ս խփել՝ դե, հետ տուր: Դա է ինձ համար ակնհայտ: Ասում է՝ ֆինանսավորել ենք Հայրիկյանին խփելու համար»,- ասաց նա: 

Դիտարկմանը՝ ֆինանսավորել են նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի քարոզարշավը, Հայրիկյանը նշեց. «Էդ հեքիաթներին դուք հավատո՞ւմ եք: Մեկուկես միլիոն դոլար են տալիս, որ ինքը հինգ հազար դոլարի ծա՞խս անի: Եթե անմեղ զոհ է, ուրեմն ինքը պիտի արդարանա ու ազատվի, նույնիսկ մեղավոր վիճակում, ես ասել եմ՝ թող ազատվի:Էդ տեսակ ողորմելիներով լիքն է Հայաստանը, ինձ համար ի՞նչ նշանակություն ունի՝ մի հոգի ավելի նստած կլինի՞, թե՞ չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ գումարի դիմաց չարագործություն անելու պատրաստ լիքը մարդ կա Հայաստանում, թող մեկն էլ ավելի լինի: 

Ինքը՝ ԱԻՄ առաջնորդը, ասել ու ասում է՝ Սեդրակյանի նստելն իրեն պետք չի, ինքը չի նրան նստեցրել: Հայրիկյանը նշեց, որ իր համար սկզբունքային ու կարևոր է պարզել՝ աղբյուրը ո՞րն է. եթե աղբյուրը Ռուսաստանից եկած փողն է, իսկ Ռուսաստանում բոլոր փողերն, ըստ ԱԻՄ առաջնորդի, գոյանում են ԿԳԲ-ի նախկին գործակալական ցանցի, ՀԴԲ-ի, Պուտինի հովանավորությամբ, այլ փող Ռուսաստանում չի գոյանում, ուրեմն ռուսական իմպերիալիզմն էր իրեն սպանել փորձողը, իսկ թե՝ Սեդրակյանի միջոցով, ինչ-որ Աբրահամյանի միջոցով՝ մեծ հաշվով Հայրիկյանի համար տարբերություն չկա: 

Սեդրակյանից բացի՝ իրեն վնասել փորձող այլ անձինք չէի՞ն կարող լինել, այլ վարկածներ արդյոք չի՞ տեսնում՝ հարցին Հայրիկյանը պատասխանեց. «Այլ վարկա՞ծ՝ ինչո՞ւ չկա: Ես պանիկյոր չեմ, բայց հիմա էլի ինչ-որ բան կա, որ մարդիկ ուղղակի ասում են՝ քեզ թունավորել են, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել, այնպես որ՝ ոչ մի վարկած չեմ բացառում: 

Ռուսներն ուղղակի ուզում էին շատ փնթի ձևով անել, որ ասեն, թե դուք՝ հայերդ, փնթի ժողովուրդ եք, այ, էսպես փնթի ձևով կարող եք ձեր առաջնորդին խփել, թե չէ՝ ի՞նչ դժվար էր հինգ հատ «սնայպեր» դնել կամ էն դեղը՝ պոլոնիում գցել: Երբ Անգլիայի դեսպանն ասաց՝ բայց եթեԿԳԲ-ն ուզենար սպանել, կսպաներ, ասացի՝ մի անհանգստացեք, դեռ կսպանի, ինչո՞ւ եք անհանգստանում, դեռ կհասցնի»: 

Հետաքրքրվեցինք՝ արդյոք հիմա Հայրիկյանն իր անվտանգությունը երաշխավորված համարո՞ւմ է, ինչինի պատասխան՝ նա նշեց. «Սեդրակյանը ռուսական իմպերիալիզմի առաջնո՞րդն է, ինքը հերթական միջնորդներից մեկն էր, կարող է՝ վաղը ձեր հարևանին ոչ թե մեկուկես միլիոն տան, այլ ընդամենը տասնհինգ հազար, նա էլ իր բախտը փորձի, չնայած էս անգամ ես սկզբիցգանգը կցրեմ, էդպես չեմ թողնի»:

 

Աղբիւր՝ 1in.am

 
Category: Հրապարակումներ
Published on 11 March 2014
Print

«Ես անկոչ հյուր չեմ լինում: Ես ու Կարո Եղնուկյանը ոնց որ անցյալ տարի էր, որ հանդիպեցինք Ծառուկյանի հետ՝ «բացարձակ ժողովրդավարության» թեմայով: Մեր կանոնադրությունն այնպիսին է, որ մեզ պարտադրում է, որ եթե որեւէ մեկը հանդես է գալիս մարդու իրավունքների, ժողովրդավարության նախաձեռնությամբ, ապա մենք ուղղակի պարտավոր ենք համագործակցել: Ես կամ որեւէ ԱԻՄ-ական խուսանավել դրանից չի կարող, անկախ նրանից, թե դա որեւէ անհատ կլինի, կուսակցություն, թե որեւէ կազմակերպություն: Բայց ուղիղ գծով մենք որեւէ հրավեր չենք ստացել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե չի՞ պատրաստվում մասնակցել ԲՀԿ-ի նախաձեռնած քննարկումների շարքին:

Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ իրենք էլ են հրավիրել բոլոր քաղաքական ուժերին քննարկման, բայց ոչ մեկը չի արձագանքել. «Այնպես որ, ձեր հարցին հստակ պատասխան տալ չեմ կարող: Հրավեր, որ լինի՝ մենք պարտավոր ենք արձագանքել, որովհետեւ դու կարող է ռազմավարական առումով տարբեր մոտեցում ունենաս, գաղափարախոսությամբ տարբեր լինես, բայց, օրինակ, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն…շատ հարցեր կան, որ գաղափարախոսականն անգամ չի հեռացնում իրարից»:

Մեր հարցին՝ այսօր ոչ իշխանական ուժերի կողմից հնարավորություն կա՞ կառավարություն փոխել, իշխանություն փոխել ներկայիս պայմաններում՝ պարոն Հայրիկյանը պատասխանեց.. «Ոչ միայն այս պայմաններում, այլեւ ավելի վատ պայմաններում ավելի մեծ գործեր կարելի է անել, քան իշխանություն փոխելը: Մենք դրա ապացույցն ունենք, չէ՞: 1987-ին, երբ ԱԻՄ-ը ստեղծվեց, կոմունիստական դիկտատուրա էր՝ իր ամբողջ համակարգով եւ մեզ էլ գիժ էին համարում: Իսկ մենք անցնում էինք անկախության հանրաքվեի ճանապարհով: Ընդամենը 4 տարվա ընթացքում դա դարձավ իրականություն, երբ բոլորի համար բացարձակապես անընդունելի բան էր՝ վերից վար: Այսօր ինչի՞ մասին է խոսքը՝ եթե իշխանափոխության մասին է խոսքը՝ դա փոքր հարց է, իսկ կառավարության փոփոխությունն ինձ համար մանրուք է, նույնիսկ անլուրջ: Բայց իշխանափոխությունը, այսինքն՝ ԱԺ մեծամասնության տրամադրվածության փոփոխությունը կամ նախագահի՝ դա իսկապես լուրջ հարց է: Բայց պիտի հստակեցվի՝ հանուն ինչի: Եթե հանուն նրա է, որ նրա փոխարեն ես լինեմ իշխանավոր՝ ի՞նչ: Դա ցանկացած բանական մարդու համար անհասկանալի է: Բայց եթե սկզբից կա նպատակ…Մեզ մոտ հստակ դրել ենք՝ ազգային արժեքային համակարգ, արտաքին քաղաքականության ռազմավարություն, մարդու իրավունքներ եւ մարդու՝ երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք, բացարձակ ժողովրդավարության մոդել: Հիմա պետք է իմանալ, թե փոփոխությունների ձգտողները մինչեւ ո՞ւր են պատրաստ գնալ: Անկախ նրանից, թե մինչեւ ուր են պատրաստ գնալ, այն հարցերը, որ մենք կգտնենք, որ օգտակար են, մենք առարկելու իրավունք չունենք: Մենք պիտի օգնության ձեռքն ընդունենք եւ օգնության ձեռք մեկնենք: Մի բան հաստատ է՝ որեւէ քաղաքական ուժ ինքնուրույն ոչինչ անել չի կարող: Ժամանակին, երբ միայն մենք էինք կոմունիստների մոտ, մենք ասում էինք՝ մենք ու ժողովուրդը հանրաքվեի կհասնենք եւ հանրաքվեով մեր «այո»-ն կասենք: Հիմա այդ փուլն անցել է, բազմակուսակցական համակարգ է»:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ի հետ համագործակցությունները հասարակությունը քննադատում է՝ ասելով, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, դրա մասին հայտարարել է անձամբ Գագիկ Ծառուկյանը, ձեզ համար ԲՀԿ-ի հետ համագործակցության եզրեր գտնելիս ինչքանո՞վ է կարեւոր՝ այդ ուժն իշխանակա՞ն է, ոչ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր քննադատում են այդ համագործակցությունը, ճիշտ են անում, որովհետեւ դեռեւս համագործակցություն չի եղել: Իհարկե, տեղին է քննադատել այն, ինչը չկա, բայց ներկայացվում է որպես համագործակցություն: Բայց ընդհանրապես նայած ինչ նպատակ է դրված եւ ինչ խնդիր է դրված: Եթե խոսում ես իշխանափոխության մասին, պետք է փոխես երկրում իրավիճակը: Եթե դու իշխանափոխության մասին չես խոսում, այլ խոսում ես անձը փոխելու մասին, ապա կարող ես ոչ միայն իշխանամետ լինել, այլ նաեւ՝ իշխանակիր կարող ես լինել: Դրա համար այստեղ պիտի նախեւառաջ հստակեցվի: Քանի որ մենք հասկանում ենք, որ խնդիրը նախեւառաջ վերաբերվում է մեր ժողովրդին, մենք առաջարկում էինք նաեւ հրապարակային քննարկումներ: Եթե միջկուսակցական հանդիպումներ են՝ հասարակությունից մի քիչ մեկուսացված, նույնիսկ այդ դեպքում պետք է երեւա ինչ նպատակադրումներ ունեն տարբեր քաղաքական ուժեր եւ իրենց նպատակները որքանով են ընդհանրական: Հետո նոր կկարողանան խուսափել կազմակերպչական հարցերի քննադատությունից: Այս պահին համագործակցության փորձ կա, համագործակցություն չկա, հետեւաբար բոլոր քննադատությունները կարելի է տեղին համարել»:

Աղբիւր՝ Aravot.am

 
Category: Հրապարակումներ
Published on 09 March 2014
Print

Մարտի 1-ի ՀԱԿ կուսակցության հանրահավաքի ազդեցության տակ՝ ներքին, ուկրաինական իրադարձությունների ֆոնին՝ աշխարհում տեղի ունեցող բուռն գործընթացների համատեքստում Հայաստանում գրեթե ուշադրության չարժանացավ մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի՝ «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցը, որն առնվազն մի քանի կարևորագույն ուղերձներ է պարունակում:

Դեսպանի հարցազրույցի տողատակերում արտահայտված մտքերը հիմք են տալիս ենթադրելու, որ առաջիկայում Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ-ը բավական լուրջ ծրագրեր ունի, որոնք, թերևս, գալիս են հերքելու տարածված այն կարծիքը, թե Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո Արևմուտքը կորցրել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը: Եթե անգամ այդ կարծիքը կարող է տեղին համարվել Եվրոպայի պարագայում, ապա թերևս նույնքան հիմնավոր կարելի է համարել տեսակետը, որ ԱՄՆ-ը՝ Եվրոպայի հետ ու ԵՄ-ի միջոցով կամ առանց նրա, սեպտեմբերի 3-ից հետո ոչ միայն չի վերանայել Հայաստանի հետ կապված ծրագրերը, այլև ավելի ինտենսիվ է դարձրել գործողությունները:

Այս պահին կարող է տարօրինակ ու անհավանական թվալ, սակայն, ըստ ամենայնի, չպետք է բացառել, որ ԱՄՆ-ը մտածում է նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կանխելու, կամ, եթե դա տեղի չունենա, տարածաշրջանում այնպիսի փոփոխություններ արձանագրելու մասին, որոնք՝ անգամ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, անիմաստ կդարձնեն ոչ միայն այդ անդամակցությունը, այլ ընդհանրապես Հայաստանում ու Հայաստանի միջոցով Հարավային Կովկասում Ռուսաստանի ունեցած ազդեցությունը: Նշված բոլոր ենթադրությունների հիմքերն առկա են Ջոն Հեֆերնի հարցազրույցում:

Քերիի այցից առա՞ջ, թե՞ հետո

Նախ՝ մեր լրատվական ու քաղաքական դաշտում դեսպանի հարցազրույցի՝ որոշակի արձագանքի արժանացած հատվածը վերաբերում էր այն տեղեկությանը, որ այս տարեվերջին Հայաստան կարող է այցելել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Երկկողմ հարաբերությունների մասին, դիվանագիտական առումով, թերևս, կարելի է դատել բարձրաստիճան փոխայցերի մակարդակին նայելով: Նախկին պետքարտուղար Քլինթոնը երկու անգամ է այցելել Հայաստան. մինչ այդ տասնութ տարի որևէ պետքարտուղար Հայաստան չէր եկել: Անցյալ տարվա վերջին, երբ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, նա ցանկություն ունեցավ Հայաստան այցելելու, և հուսով ենք, որ նա կայցելի Հայաստան այս տարվա վերջին»,- ասել է Ջ. Հեֆերնը: Հիշեցնենք, Քլինթոնն առաջին անգամ Հայաստան է այցելել 2010 թ. հուլիսին, երբ Հայաստանում դեռևս հաղթահարված չէին 2008 թվականի նախագահական ընտրությունների և Մարտի 1-ի հետևանքները: Այն ժամանակ Քլինթոնի այցը փորձագետների կողմից գնահատվում էր՝ որպես արևմտամետ արտաքին քաղաքականություն իրականացնող Սերժ Սարգսյանին աջակցություն հայտնելու և այդ կուրսին խոչընդոտող գործոնները վերացնելուն ուղղված քայլ:

Քլինթոնի երկրորդ և վերջին այցը 2012 թ. հունիսին էր: Դրանք այն ժամանակներն էին, երբ Հայաստանը դեպի Եվրամիություն էր սլանում ավելի քառատրոփ արագությամբ, քան հիմա՝ դեպի Մաքսային միություն: Քլինթոնի այդ այցն էլ դիտորդների կողմից գնահատվեց՝ որպես ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ուղղված քաղաքականության հարցում Սերժ Սարգսյանին ուղղված քաջալերանք և աջակցություն:

Թե ինչ եղավ հետո՝ հայտնի է բոլորին: 2013 թ. սեպտեմբերի 3-ին հայտարարվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասին: Ուշադրություն դարձրեք՝ Քերիի այցը, որի մասին խոսել է Հեֆերնը, նախատեսված է այս տարվա վերջին: Եթե Հայաստանն այդ ժամանակ անդամակցած լինի Մաքսային միությանը, ապա ԱՄՆ պետքարտուղարի այցն, ըստ էության, անիմաստ կլինի և հազիվ թե կայանա: Համենայնդեպս, թեև ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցությանը շատ լոյալ է ու չեզոք, սակայն փորձագիտական ու քաղաքական խողովակներով ամերիկյան կողմը բազմիցս է հնչեցրել այն գնահատականը, որ Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանը կորցնելու է ինքնիշխանությունը, և առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության հարցում որոշումներ կայացնելու մանդատը փոխանցելու է Մոսկվային: Հետևաբար, եթե տարեվերջին Հայաստանն անդամակցած լինի Մաքսային միությանը, ապա Քերիի այցը բովանդակազուրկ կլինի:

ԱՄՆ պետքարտուղարը որևէ երկիր է այցելում ոչ թե սոցիալական իրադրությունը կամ շրջակա միջավայրի պաշտպանության, այլ բացառապես արտաքին քաղաքական հարցեր քննարկելու համար: Իսկ Հայաստանի՝ ՄՄ անդամ լինելու դեպքում այդ հարցերն ԱՄՆ պետքարտուղարը կքննարկի Վլադիմիր Պուտինի կամ, լավագույն դեպքում, Սերգեյ Լավրովի հետ: Հետևաբար՝ եթե այսօր հայտարարվում է տարեվերջին Քերիի այցի մասին, ապա առնվազն չպետք է բացառել, որ ամերիկյան դիվանագիտությունը հաշվարկում է՝ Հայաստանն այդ ժամանակ չի լինի Մաքսային միության անդամ՝ կամ Հայաստանի անդամակցության գործընթացի կասեցման, կամ ընդհանրապես Մաքսային միության չկայացման պատճառով:

Ուշագրավ է նաև Ջոն Հեֆերնի մեկ այլ արտահայտություն, որով նա ցանկացել է ընդգծել հայ-ամերիկյան հարաբերությունների խորությունը, որոնք, ըստ նրա, արտահայտվում են ոչ միայն բարձրաստիճան այցերով: «…հարաբերությունների բովանդակային կողմն ավելի կարևոր է, քան բարձրաստիճան այցերը: Անցյալ տարվա վերջին արդյունավետ երկկողմ ձևաչափով աշխատանքային քննարկում ունեցանք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների վերաբերյալ: Դեկտեմբերին մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Այդ ամենն ուղղված է մեր համագործակցությանը թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության ոլորտում: Անվտանգության ոլորտում մենք ևս ամուր համագործակցություն ունենք, ՆԱՏՕ-ն ամուր համագործակցություն ունի Հայաստանի հետ, և դա շատ կարևոր է»:

Հայաստանի՝ ՄՄ անդամ դառնալու դեպքում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդհանրապես կարող են կասկածի տակ հայտնվել, քանի որ ռուսական քաղաքական շրջանակներն, առանց ավելորդ ձևականությունների, հասկացնում են, որ ՌԴ-ի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների անգամ այսօրվա մակարդակը, որն արտահայտվում է Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ ծրագրերում ներգրավվածությամբ: Հետևաբար՝ ԱՄՆ դեսպանի կողմից ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին հիշատակումն այս համատեքստում դժվար է համարել դիվանագիտական հերթապահ հայտարարություն:

Թերևս չպետք է պատահականություն համարել նաև այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունից հետո խոսեց ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանն անցում կատարելու, ասել է թե՝ մաքսային ու եվրասիական նախագծերում Հայաստանի ներգրավվածությունն էլ ավելի արագացնելու մասին: Քաղաքականության, հատկապես մեծ քաղաքականության մեջ նման պատահականություններ ու զուգադիպություններ չեն լինում:

Ռուսաստանը կհեռանա՞ Հարավային Կովկասից

Ջոն Հեֆերնի հարցազրույցի մյուս՝ նույնքան կարևոր ուղերձը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին և որոշակի հիմք է տալիս ենթադրելու, որ կամ այս տարեվերջին, կամ առնվազն հաջորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, հայ-թուրքական սահմանը կարող է բացված լինել: «Պետքարտուղար Քերին պաշտպանում է տարածաշրջանային հարցեր, ցանկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում, և այցը, բնականաբար, կլինի տարածաշրջանային,- ասում է Ջոն Հեֆերնը, ով խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, նաև նշում է,- Այդ արձանագրություններում որևէ նախապայմաններ չկան Հայաստանի, Թուրքիայի կամ որևէ երրորդ երկրի հետ կապված, և մենք շարունակում ենք հորդորել, որ երկրները վավերացնեն արձանագրություններն՝ առանց նախապայմանների: Մենք հարգում ենք Հայաստանին, որ արձանագրությունները դեռ պահպանվում են խորհրդարանում և հետ կանչված չեն: Հայաստանի համբերությունը գնահատվում է, չորս տարի է անցել, բայց Հայաստանի խորհրդարանը դեռ պահպանում է այդ արձանագրությունները:

Մեկ նկատառում ունեմ: Պետքարտուղար Քերիի աշխատանքի ընթացքում հասկացել եմ, որ «ստատուս-քվոյի» դրությունը նրան չի գոհացնում, և նա հավատացած է, որ ոչ մի հակամարտություն այնքան բարդ չէ, որ հնարավոր չլինի լուծում գտնել: Նա անձամբ զբաղվում է արտաքին քաղաքականության երկու ամենակարևոր հարցերով` Իրանի միջուկային ծրագրի և Միջին Արևելքի խաղաղության գործընթացի ու պաղեստինյան ճգնաժամի խնդիրներով»: Այսինքն՝ հայ-թուրքական սահմանի բացումն ԱՄՆ-ը շաղկապում է ավելի լայն տարածաշրջանային զարգացումների՝ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման հետ, ինչի հնարավորությունները սկսում են տեսանելի դառնալ:

Եվս մեկ ուշագրավ ձևակերպում դեսպանի հարցազրույցում: Պատասխանելով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ հնչող ամենամյա ուղերձներում «ցեղասպանություն» բառի բացակայության մասին հարցին, Ջոն Հեֆերնն ասում է. «Իր նախագահության օրոք արված բոլոր հայտարարություններում Օբաման փաստերը չի ժխտել: Դրանք շատ հստակ են` մեկուկես միլիոն տեղահանված հայեր, ովքեր ջարդերի են ենթարկվել, քսաներորդ դարի վատթարագույն ողբերգություններից մեկը, և այլն: Փաստերն ընդունվում են և դատապարտվում: Թե ինչպիսի տեսք կունենա հայտարարությունը հաջորդ տարի, ես չեմ կարող կանխորոշել, քանի որ հայտարարության տեքստի որոշումը կայացվում է Վաշինգտոնում»:

Այսինքն՝ դեսպանն ակնարկում է, որ, եթե ոչ՝ այս տարի, ապա 2015 թվականին ԱՄՆ նախագահի ուղերձում կարող է օգտագործվել «ցեղասպանություն» բառը, իմա՝ ԱՄՆ-ը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա կարելի է համարել նաև Հայաստանի իշխանությանն անուղղակիորեն արվող առաջարկ՝ Մաքսային միությանն անդամակցությունից հետ կանգնելու, ռուսական ազդեցությունից դուրս գալու դիմաց:

Ընդ որում, ակնհայտ է, որ այս երկու զարգացումները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը և ռուսական ազդեցությունից դուրս գալու հեռանկարը փոխկապակցված և փոխպայմանավորող են:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից ու սահմանի բացումից հետո ինքնաբերաբար վերանայվելու է Հայաստանում ռուսական ներկայության «հիմնավորումը» ինչպես՝ քաղաքական հարթությունում, այնպես էլ՝ հասարակական մտածողության, հանրային հոգեբանության մեջ: Եթե սրան ավելացնենք Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ դեսպանի՝ վերը նշված ընդգծումը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը, ինչին ևս իր հարցազրույցում անդրադարձել է Ջոն Հեֆերնը՝ դա ներկայացնելով որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության համար կարևոր խնդիր, պատկերն ավելի ամբողջական կդառնա:

2014-2015 թվականները Հայաստանի համար կարող են բեկումնային տարիներ լինել: Անկախ Հայաստանի իշխանությունների ու քաղաքական ուժերի կամքից ու նախաձեռնողականությունից:

Հարցն այն է՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունն ու կուսակցությունները, քաղաքական համակարգն, ընդհանուր առմամբ, կկարողանան ցուցաբերել բավարար ճկունություն և իմունիտետ՝ փոփոխությունների ալիքը Հայաստանի շահերին ծառայեցնելու և հերթական, բայց սկզբունքային աշխարհաքաղաքական մակընթացությունից հաղթանակած դուրս գալու համար: Խոսքը, հասկանալիորեն, բարոյական հաղթանակի մասին չէ:

Գառնիկ Գևորգյան

 

Աղբիւր՝ 168.am

 

Page 12 of 39

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>