Category: Հրապարակումներ
Published on 14 June 2014
Print

Ազգային ինքնորոշում միավորումը հանրության կողմից երբեմն ընկալվում է որպես հակառուսական ուժ: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հունիսի 14-ին տեղի ունեցած համահավաքի ժամանակ նշեց, որ իրենք հակառուսական են, նաև հակահայկական են, եթե գործ ունեն հայկական ֆաշիստների, հայ օլիգարխների կամ ռուս օլիգարխների հետ: «Բայց չէ՞ որ ռուսականը ռուս ֆաշիզմը չի, հայկականն էլ հայ օլիգարխը չի: Մենք հայկական ժողովրդավարական կազմակերպություն ենք»,- ասաց նա:

Հայրիկյանի խոսքով` վերջին քաղաքական լրջագույն իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում, ինչպես կոմունիստական ժամանակներում, կան միայն երկու կուսակցություններ` ազգային – ժողովրդավարական ԱԻՄ-ը և կրեմլյան կուսակցություններն` իրենց տարբեր մասնաճյուղերով ու տարբեր անուններով, որովհետև երբ այդպիսի կարևորագույն սկզբունքային հարցեր էին առաջանում` Հայաստանի արտաքին դիրքորոշմանը վերաբերող, պարզվեց, որ այդ ընթացքում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը զբաղված են ընդամենը առօրեական խնդիրներ բարձրացնելով կամ լավագույն դեպքում իշխանափոխության մասին խոսելով, բայց ոչ երբեք` ռազմավարական նահանջի մասին խոսելով:

«Հանկարծ պարզվեց` Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններն ուզում են մտնել Մաքսային միություն, նրանք էլ, ովքեր վախվորած ասում են` չէ, մենք դեմ ենք, ասում ենք` եկեք, ցույց տանք մեր ժողովրդին, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ հասկանում են դավադրությունը, սակայն նրանք ասպարեզում չեն երևում, այսինքն` դեմ են` ապահովության համար»,- ասաց նա:

 

Աղբիւր՝ 1in.am

 
Category: Հրապարակումներ
Published on 07 June 2014
Print

Պաշտոնական Երեւանը փաստացի առաջին անգամ հայտարարում է հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին: Այդ հայտարարությունն ուղղակի չէ, սակայն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ տեղեկություններ կան Նախիջեւանում ադրբեջանական զինուժին թուրքական աջակցության, վարձկանների եւ առանձին միավորների առկայության մասին: 

Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ամեն ինչ կանեն Նախիջեւանի հետ սահմանին հարաբերական հանդարտությունը վերականգնելու համար:

Հայաստանի իշխանությանը Նախիջեւանի պարագան կարծեք թե բավական անհանգստացրել է, կամ գուցե հիմք է տվել դրա հետեւում տեսնել շատ ավելի հեռուն տանող գործընթաց: Համենայն դեպս, Նախիջեւանի սահմանին միջադեպը Հայաստանի ՊՆ-ն շատ ավելի աղմկոտ արձագանքի է արժանացնում, քան շփման գծի մյուս հատվածներում տեղի ունեցող հրադադարի խախտումները:

Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի իշխանության հաջորդ քայլը պետք է լինի տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային կառույցների առավել գործուն ուշադրությունը հրավիրելը: Միեւնույն ժամանակ, Երեւանը ուղղակի պարտավոր էր արդեն իսկ հանդես գալ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումով, որի անդամներն այս օրերին թյուրքալեզու խրախճանքի մեջ են թուրքական ծովափնյա Բոդրումում: Ի դեպ, Նախիջեւանից երկու հայ զինծառայողներին գնդակահարելու միջադեպը տեղի է ունեցել թյուրքալեզուների Վեհաժողովի ընթացքում:

 

Դրան մասնակցում են ՀԱՊԿ-ում Հայաստանի «դաշնակից» պետությունները՝ Ղազախստանն ու Կիրգիզիան: Վեհաժողովին մասնակից Ադրբեջանն էլ կրակում է Հայաստանի վրա, ինչպես երեւում է՝ Թուրքիայի աջակցությամբ: ՀԱՊԿ գոյություն չունի, ինչը մենք տեսնում ենք այժմ: Այդ կառույցը եթե անգամ երբեւէ եղել է իրականում, ապա այժմ այն փլված է այնպես, ինչպես Երեւանում ՀԱՊԿ ակադեմիա կառուցելու համար փլեցին ճարտարապետական արժեք ներկայացնող դպրոցը:

Թուրքիայի դերակատարումն իհարկե առանցքային է: Տարածաշրջանային հնարավոր պատերազմի հարցում շատ բան կախված է Թուրքիայի դիրքորոշումից, եւ եթե թուրքերը Ադրբեջանին տան ազդանշանը, պատերազմը կարող է եւ սկսել:

Այս օրերին ակտիվ է Սեյրան Օհանյանը: Հայաստանի դիվանագիտական տապալումները սրբագրելու գործը մնացել է բանակին, ինչպես դարպասապահը ֆուտբոլում, որը վերջին մարդն է եւ նրա վրա է մնում բոլորի սխալները: Հայաստանի բանակը ներկայում նմանվում է դարպասապահի, որին հարձակվողները, պաշտպաններն ու կիսապաշտպանները իրենց սխալների պատճառով թողել են մրցակցի դեմ մեն մենակ: Պարզապես մրցակիցը ոչ թե գնդակով է, այլ «գնդացրով»՝ այսինքն մինչեւ ատամները զինված:

Դիվանագիտական խայտառակ բացթողումների եւ սխալների, Ռուսաստանի առաջ համակարգային կապիտուլյացիայի հետեւանքով Երեւանն այսօր չունի դիմելու որեւէ տեղ, որտեղ կարող է գտնել դաշնակիցներ: Երեւանի ֆորմալ դաշնակիցներն այսօր ինտենիսվորեն զբաղված են Հայաստանի հանդեպ օղակը սեղմելով: Այդ թվում, եւ առաջին հերթին Ռուսաստանը: Արդեն կան նախանշաններ, կամ առնվազն ենթադրության հիմքեր, որ Մոսկվան մոտ է գլխավորին՝ պատերազմ սկսելու հարցում Թուրքիային ու Ադրբեջանին համոզելուն:

Այժմ ողջ հարցը մնացել է այն, թե արդյոք Արեւմուտքում ինչ որոշում կկայացնեն՝ կորոշեն աջակցել պատերազմին եւ փորձել շահել դրանով, թե այդուհանդերձ կհամարեն, որ պատերազմում շահելու շանսերը քիչ են, եւ պետք է դա թույլ չտալ: Ադ իմաստով, հավանաբար իրավիճակը հարաբերական անորոշության փուլում կլինի մինչեւ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը Քարդիֆում, որտեղ կայացված որոշումներից շատ բան պարզ կլինի, թե ինչ կարող է սպասել Կովկասին:

 

Դա շա՞նս է Հայաստանի համար: Գուցե: Բայց դա կախված է նրանից, թե Հայաստանն ինչ քայլերի ի վիճակի կլինի այդ ընթացքում: Այսինքն ի վիճակի կլինի՞ սուբյեկտության գոնե խուլ ազդանշաններ տալ առ այն, որ դեռ հնարավոր է տարածաշրջանային խաղաղություն ու կայունություն պահել հայկական գործոնի վրա:

Այդ տեսանկյունից, Հայաստանում ամեն ինչ կախված է երկու գործոնից՝ բանակ եւ հասարակություն: Եթե այդ երկու սուբյեկտների միջեւ ձեւավորվի անգամ ոչ ֆորմալ, ոչ ինչ որ ձեւով մարմնավորված, ինչ որ կառույցի կամ կառուցվածքի ձեւ ստացած, այլ ընդամենը մթնոլորտային այսպես ասած բարոյա-քաղաքական դաշինք, ապա խաղաղությունը փրկելու շանսը դառնում է իրական: Դրանք են մնացել տնտեսա-քաղաքական «էլիտաների» վաճառած մյուս բոլոր շանսերից հետո:

 

Աղբիւր՝ lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 19 May 2014
Print

Այսօր ՀՀ մի խումբ քաղաքացիներ “Ոչ պուտինիզմին” խորագրով բողոքի ակցիա և երթ անցկացրեցին Երևանում: Ակցիան մեկնարկեց Ազատության հրապարակում, այնուհետև մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

Ոստիկանները չթույլատրեցին ակցիա անել դեսպանատան շենքի դիմաց: Ակցիայի մասնակցիները հավաքվել էին դեսպանատան հարևանությամբ գտնվող մայթին և բացականչում էին. “Պուտին, պերսոնա նոն գրատա” և Волынкин вон из Армении:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն իրավունք չունի հայաստանյան ՀԿ-ների մասին ֆաշիստական հայտարարություններ անել: Ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան մոտ Հայաստանի հիմնը երգեցին: Մասնակցիներից մի քանիսը նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատանը, որում նշվում է, որ հայ ժողովուրդը ոչ է ասում պուտինիզմին և որ Հայաստանն անկախ ու ազատ երկիր է:

ՌԴ դեսպանատուն նամակը հանձնեցին ՀՀ և ԵՄ դրոշները, ինչպես նաև հակապուտինյան պաստառները պարզած: Ավելի ուշ ակցիայի մասնակիցներից Արմեն Ուլիխանյանին և Վարուժան Տրիբունյանին ոստիկանները երթի ճանապարհին բերման են ենթարկել:

Մանրամասները տեսանյութում


 

 
Category: Հրապարակումներ
Published on 27 May 2014
Print
Ռուսական քարոզչությունը Հայաստանի հանդեպ խաղ է վարում մի քանի ճակատներով: Մասնավորապես, մոսկովյան փորձագետները, ովքեր մասնագիտացել են Հայաստանի վասալացման հարցում, սկսել են միաձայն խոսել այն մասին, թե Հայաստանը հրաժարվել է եվրասիական ինտեգրումից, առաջ քաշելով Արցախի հարցը: Մոսկովյան քաղաքագետները փորձում են «ապացուցել», որ Հայաստանի եվրասիական ինտեգրումը խափանվել է Երեւանի մեղքով:

Զուգահեռ անցկացվում է քարոզչական մեկ այլ գիծ՝ իր բոլոր ալիքներով Մոսկվան տեղեկատվություն է տարածում զենքի նոր տեսակների մասին, որը վաճառում է Ադրբեջանին՝ Սմերչ, տանկեր, կրականետ, մերձափնյա զենք:

Եւս մեկ ուղղություն՝ Հայաստանի վարկաբեկումը միջազգային ասպարեզում: Հայաստանի իշխանության թողտվության պայմաններում, Մոսկվան Երեւանին ներքաշում է անմաքուր գործընթացների մեջ եւ ամեն կերպ ցույց տալիս, որ հենց Մոսկվայում է որոշվում Հայաստանի քաղաքականությունը, իր անունից շրջափակում է բոլոր նախագծերը, որոնց կարող էր մասնակցել Երեւանը:

Այնպիսի զգացողություն է, որ Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Հայաստանին, նրան մեղադրելով այն բանում, որ «հանուն ինչ որ Ղարաբաղի» Երեւանը մերժում է Մոսկվայի բարեկամությունը: Իսկ Կրեմլը նման բան չի ներում:

Ընդ որում, ամենաուշագրավը հետեւյալն է: Ադրբեջանին զենք մատակարարելու տեղեկատվությունը միշտ տարածվում է այն ժամանակ, երբ լուրեր են տարածվում, թե իբր Հայաստանը մերժել է Ռուսաստանի այս կամ այն առաջարկը: Օրինակ, Սմերչի մատակարարումներին հետեւեց Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի որոշումը Եվրասոցիացիայից հրաժարվելու եւ Մաքսային միություն մտնելու վերաբերյալ: Իսկ Ադրբեջանին 4 միլիարդ դոլարի զենքի վաճառքի մասին տեղեկատվությունից հետո Պուտինը ժամանեց Հայաստան ու կնքեց Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող պայմանագրեր:

Այս անգամ ռուսնեըը, տարածելով Ադրբեջանի հետ զենքի նոր գործարքների մասին տեղեկատվությունը, թերեւս թիրախ են ընտրել մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական միության պայմանագրի ստորագրումը, որին կհետեւի ռուսական զորքի մուտքը եւ Ղարաբաղի բաժանումը:

Այս ամենն ուղեկցվում է շփման գոտում Ադրբեջանի զինված սադրանքներով, որոնք ակնհայտորեն ռուսական սխեմայի մասն են:

3 օր հետո Աստանայում կստորագրվի Եվրասիական միության մասին պայմանագիրը: Կիրգիզիան այսօր 375 միլիոն դոլարի հաշիվ է ներկայացրել Ռուսաստանին, ՄՄ մտնելու դիմաց: Հայաստանը ոչ մի հաշիվ չի ներկայացրել, սակայն հետեւում է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին տեղեկություններին եւ մտածում, թե արժե՞ արդյոք հերթական անգամ կուլ տալ «խայծը»:

 

Աղբիւր՝ lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 19 May 2014
Print

Պետք է փաստել, որ անկախության անցած երկու տասնամյակներին Հայաստանում ընդամենը մեկ քաղաքական գործիչ կա՝ Պարույր Հայրիկյանը: Դա ժամանակին խոստովանել էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր ձայնը 1991 թ. նախագահի ընտրությանը տվել էր Հայրիկյանին:

Հայրիկյանն արդեն երկու տասնամյակ հավատարիմ է իր գաղափարներին ու սկզբունքներին եւ որեւէ գործարքների չի գնում դրանց հաշվին: Ներկայում նա փաստացի միակ գործիչն է, ով պայքարում է Հայաստանի գաղութացման ու ինքնիշխանության կորստի դեմ:

Կարելի է համաձայն չլինել Հայրիկյանի գաղափարների հետ, կարելի է քննադատել պայքարի նրա մեթոդները, սակայն անհնար է չհամաձայնվել վերը նշվածի հետ, հատկապես եթե համեմատենք այլ քաղաքական ուժերի ու գործիչների հետ:

Օրինակ, ներկայում շատերն ասում են, որ սակավամարդ ակցիաներով նա վարկաբեկում է Հայաստանի ինքնիշխանության համար պայքարը: Սակայն, Հայրիկյանն ի՞նչ մեղք ունի, որ Հայաստանում այդ խնդիրը հետաքրքրում է մի քանի տասնյակ մարդու: Իսկ եթե խնդիրը նրա անձն է, ապա ինչո՞ւ չկան այլ ակցիաներ:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի այսպես կոչված քաղաքական համակարգը: Ժամանակի ընթացքում քաղաքական կուսակցությունները վերածվեցին ցուցանակների, որոնց տակ Հայաստանում տեղի ունեցավ իշխանության ուզուրպացիան քրեա-օլիգարխիկ համակարգի կողմից: Երկրում ոչնչացվեցին իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմները, հաստատվեցին քաղաքական ու տնտեսական անօրինական քվոտաներ ու արտոնություններ: Կուսակցությունները վերածվեցին քրեա-օլիգարխիկ համակարգի սպասարկուների: 2012 թ. խորհրդարանի ընտրությունն այս գործընթացի գագաթնակետն էր, երբ «համակարգային» կուսակցությունները լայն պայմանավորվածության արդյունքում մտան Ազգային ժողով:

ՀՀԿ-ն դարձել է քրեա-օլիգարխիայի ցուցանակ ու ակումբ, որն ունի «բացարձակ մեծամասնություն»: Համակարգի մյուս ցուցանակը՝ ԲՀԿ-ն սպասարկում է իր առաջնորդի եւ նրա մերձավորների անձնական շահերը, այդպիսով կանգնելով «ժողովրդի կողքին»: Դաշնակցությունը կողմ ըլլալով դեմ կըլլա, եւ հակառակը, նայած որ կողմից են մատուցելու նրա բաժինը: Կոնգրեսը ԲՀԿ-ի դռնապանն է, որի գործառույթն այն է, որ արդարացնի նրա գործողություններն ու նրան հռչակի ընդդիմություն: Ժառանգությունն ամորֆ ու անորոշ ինչ որ միավոր է, որն առեւտրի մեջ է բոլորի հետ:

Ի՞նչ է ուզում այս համակարգը: Պահպանել իշխանության ուզուրպացիայի մեխանիզմները եւ տեղ ունենալ կերակրատաշտի մոտ, սպասարկելով քրեա-օլիգարխիայի շահերը: Հանուն դրա, համակարգը գնաց երկրի ինքնիշխանությունը հանձնելու ամոթալի գործարքին, իր դիրքերը պաշտպանելու համար: Եւ հիմա էլ ձեռնամուխ է եղել արտաքին հովանավորի շահերի իրացմանը: Սա քաղաքագիտության մեջ կոչվում է կոլաբորացիոնիզմ:

Ոչ ոք չբողոքեց ինքնիշխանությունը հանձնելու դեմ, բոլորը ողջունեցին այն: Միով բանիվ, տեղի ունեցավ Հայաստանի պետականության դեմ ուղղված խմբակային հանցագործություն, ծանրացուցիչ հանգամանքներում:

Մնացյալ ամեն ինչ, որի մասին խոսում են հոգնած ու անարտահայտիչ դեմքերով առաջնորդները, ընդամենը դեմագոգիա է, միակ բանը, որին կատարելապես տիրապետում է «հայաստանածին քաղաքական դաշտը»:

Ինչո՞ւ է դեմագոգիա: Մի պարզ պատճառով, որովհետեւ հնարավոր չէ լուծել որեւէ հիմնախնդիր, եթե երկիրն ինքնիշխան չէ:

Հայաստանում ներկայում քաղաքականության իմաստն ինքնիշխանության, հայ ժողովրդի ազգային արժանապատվության վերականգնումն է: Եթե որեւէ քաղաքական ուժ այս նպատակները չի դնում իր առաջ եւ փորձում է զանազան պատրվակներով խուսափել դրանից, դա արդեն քաղաքական ուժ չէ, այլ նեղ մոտիվացիաներ ունեցող խմբավորում:

Երեւի զուր չէ, որ նախագահի 2013 թ. ընտրությանը կրակեցին հենց Պարույր Հայրիկյանի վրա:

 

Հեղինակ՝ ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ

Աղբիւր՝ lragir.am

 

Page 7 of 39

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>