Category: Հրապարակումներ
Published on 06 April 2013
Print

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը մեկնել է Հոլանդիա բուժման նպատակով` պետության աջակցությամբ, որի հետ կապված հնչեցին տարաբնույթ կարծիքներ, մեղադրանքներ եւ այլն: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Պարույր Հայրիկյանի  փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ: 
-Լրատվամիջոցներում տեղեկություն կար, որ Պարույր Հայրիկյանը մինչ Հոլանդիա մեկնելը հանդիպում է ունեցել մահափորձի մեջ մեղադրվող անձանց հետ եւ պաթետիկ ոճով հայտարարել, թե ՙուզում էիք ինձ սպանե±լ՚, իսկ մեղադրյալներից մեկն էլ, մոտավորապես ասել է. ՙԻ±նչ սպանել, ինչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք՚: Ինչ մեկնաբանություն կտաք սրա հետ կապված: 
- Մամուլում տպված այս տեղեկատվությունը ես համարում եմ անհեթեթ, ավելին` կարծում եմ, որ փորձ է արվում սույն քրեական գործը վերածել խեղկատակության եւ տպավորություն ստեղծել, որ մահափորձըª որպես այդպիսին, չէր կարող լինել: Այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում առկա են ապացույցներ, որ եղել է երկու կրակոց մարտական զենքից, որոնցից առաջինը եղել է դիմահար եւ ուղղված է եղել Հայրիկյանի կրծքին: 
Սա խոսում է այն մասին, որ կրակոցը ուղղակի չի եղել վախեցնելու նպատակով, քանի որ կրծքին ուղղված կրակոցըª մարտական զենքից, որպես կանոն, բերում է մահվան: Այլ խնդիր է, որ Հայրիկյանի դեպքը բացառություն էր, եւ արդյունքում, ճիշտ է, Հայրիկյանը չմահացավ, բայց ունեցավ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ, ինչը բերեց երկու ամիս ՀՀ-ի առաջնակարգ կլինիկաներում բուժվելուն, իսկ այժմ էլ արդեն արտերկրում, եւ դեռ հայտնի չէ, թե որքան կտեւի բուժումը:
-Ձեր կարծիքով, ինչ նպատակ են հետապնդում մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ իբրեւ թե չի եղել մահափորձ, այլ Հայրիկյանն ինքն է մեղավոր, որ այդ կրակոցը դիպել է իրեն փախեփախ անելու պատճառով: Կարելի± է ասել, որ ճնշում են գործադրում նախաքննության վրա կամ փորձում են այլ կեղծ ճանապարհով տանել գործը:
- Այո, ինչու չէ, չի բացառվում, որ նմանօրինակ հրապարակումները լինեն ավելորդ ճնշում նախաքննության վրա, իսկ բոլորիս հայտնի է, որ նախաքննության գործի շրջանակներում առաջադրվել է մեղադրանք` մահափորձ պետական քաղաքական գործչի նկատմամբ: Իսկ նման հրապարակումներով փորձ է արվում ստեղծել այնպիսի մի մարտավարություն, որ իբրեւ չէր կարող լինել մահափորձ, այլ ընդամենը վախեցնելու փորձ, ինչը եւ արվել է տվյալ ԶԼՄ-ի միջոցով: 
- Պարոն Բաղդասարյան, յուրաքանչյուր հանցագործություն ունի իր մոտիվը եւ այնպես չէր, որ էպոսագետը արդեն ընտրվում էր երկրի նախագահ, իսկ Պարույր Հայրիկյանը խլում էր նրա ձայները: Ինչ վերաբերում է անձնական հարաբերությունների վարկածին, որքանով տեղյակ ենք, Պ. Հայրիկյանը հայտնեց մամուլին, որ անձնական որեւէ հարաբերություն չկա եւ այն չէր կարող մոտիվ լինել: Ըստ Ձեզ, ո±րը կարող է լինել այս հանցագործության իրական մոտիվը:
- Սույնի հետ կապված, ժամանակին եղել են հրապարակումներ եւ, մեր կարծիքով, Հայրիկյանի մահափորձը կապված էր ոչ միայն քաղաքական գործիչ եւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ոչնչացման նպատակի հետ, այլ նաեւ ուղղված էր պետության դեմ: Վերջերս իմ պաշտպանյալը մամուլի ասուլիս տվեց, որտեղ ներկայացվեց նույնաբովանդակ միտք` ասելով, որ ցանկանում ենք, որ ողջամիտ ժամկետում այդ հարցի պատասխանը տրվի եւ, մեր կարծիքով, իրական պատվիրատուն դեռ ազատության մեջ է, եւ որից էլ պարզ կլինի Ձեր հարցի պատասխանը, թե որն էր մոտիվը: 
- Ստացվում է, որ տեղի ունեցածն ուներ քաղաքական բնո±ւյթ:
- Միանշանակ, այն քաղաքական էր եւ ուղղված էր քաղաքական գործչի եւ պետության դեմ: 
- Այսինքն, էպոսագետը շպիոն էր:
- Այդ հարցի պատասխանը կտա նախաքննությունը, եւ ես զերծ կմնամ որակումներ տալուց, բայց կասեմ հետեւյալը, որ էպոսագետը այս քրեական գործի մի ՙվինտիկն՚ էր:
- Դուք ասացիք, որ կան իրական պատվիրատուներ, ով է այդ ՙվինտիկի՚ պատվիրատուն:
- Այդ հարցի պատասխանը մենք ցանկանում ենք ստանալ նախաքննական մարմնից:
- Որից, եթե չենք սխալվում, Դուք դժգոհ եք, այդպես չէ:
- Նախաքննական մարմնի աշխատանքից մենք դժգոհ չենք: Բայց մենք կատարեցինք օպերատիվ քննչական գործողություններ, որի արդյունքում ձերբակալվեցին իրական կատարողը եւ այլ անձինք: 
- Ի±նչն է պատճառը, որ չեն կարողանում գտնել իրական պատվիրատուին:
- Ցավոք, նմանօրինակ գործը ոչ առաջինն  է, ոչ վերջինը: Ժամանակին եղել են քաղաքական սպանություններ, որոնք, ցավոք սրտի, բացահայտված չեն: Այս դրվագով մենք ունենք հետեւյալ պատկերը, առկա են ձերբակալված անձինք եւ կատարողը, ընթանում է նախաքննություն եւ պետք է սպասենք:
- Արդյո±ք Հայրիկյանի գործառույթը այնպիսին էր, որ նրան հարկավոր էր վերացնել:
- Չմոռանանք, որ իմ պաշտպանյալի դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս որպես նախագահի թեկնածու, եւ ավելի քան հասկանալի է, որ եթե ի կատար ածվեր ֆիզիկական հաշվեհարդար, որից Հայրիկյանը մահանար, ապա հետեւանքը լինելու էր այն, որ տեղի էին ունենալու նոր ընտրություններ` բխող բոլոր հետեւանքներով: 
- Այդ դեպքում ինչու հենց Պարույր Հայրիկյանը, այլ ոչ, ենթադրենք, Անդրեաս Ղուկասյանը, ով ավելի հասանելի էր մահափորձի համար, քանի որ նա գտնվում էր դրսում եւ հացադուլ էր անում:
- Այս դեպքում խնդիրը ե°ւ Հայրիկյանն էր, ում անձը անհամեմատելի էր այլ թեկնածուներից եւ անհատ Հայրիկյանը, ինչպես նաեւ պետական գործառույթը:
- Ձեր պաշտպանյալիª Հոլանդիա պետության փողերով բուժման մեկնելու հետ կապված եղան հայտարարություններ, թե ինչո±ւ պետք է հարկատուների հաշվին նա մեկնի: Սրան հակադարձեց Կարո Եղնուկյանը եւ ասաց, որ նմանօրինակ հայտարարությունը անբարոյականություն է: Նշենք նաեւ, որ շատերի մոտ հարց է առաջացել, թե այդ ինչպե±ս եղավ, որ պարոն Հայրիկյանը վիրահատության հենց հաջորդ օրը դուրս եկավ հիվանդանոցից, գնաց տուն, որպեսզի հավերին կեր տա: Չեք կարծո±ւմ, որ այս ամենը տարօրինակ է:
- Ինչ վերաբերում է արտերկրում բուժում ստանալուն, որ գործադիրը 20 միլիոն դրամ է տրամադրել, կարծում եմª հավանաբար Պարույր Հայրիկյանի ՙմեղավորությունը՚ այն է, որ վերջինս չարագործի կրակոցի արդյունքում պետք է զոհվեր, բայց չզոհվեց: Մարտական զենքով կրակոցից, որպես կանոն, մահանում են, հավանաբար բնական եւ նորմալ կլիներª դրանից հետո ստեղծված պատվիրակությունները պետական մակարդակով այն գումարները եւ մնացած այլ ծախսերը, որը կտրամադրվեր Պ. Հայրիկյանին: Մարդիկ նորմալ կընդունեին, եւ կգործեր ժողովրդական այն խոսքը. ՙԳնա մեռի, արի սիրեմ՚: Ես ավելի քան բնական եւ ճիշտ եմ համարում, որ եթե հրաշքով ողջ է մնացել քաղաքական գործիչը, ով այս հանրապետությունում վերջին մարդկանցից չէ եւ իր կենսագրությամբ ունի իր ուրույն տեղը մեր երկրում, արժանի է այդ աջակցությանը: Վստահ եմ, որ պատմությունը կտա Հայրիկյան մարդու եւ Հայրիկյան քաղաքական գործչի, եւ ինչու չէ, այս քրեական գործի մասին իր վերաբերմունքը մեջ: Գործադիրի կողմից տրամադրած այդ գումարը դիտարկում եմ իրավաչափ եւ ժամանակին: Հուսանք, որ այդ գումարը կծառայի նպատակին:  
Ինչ վերաբերում է հիվանդանոցից դուրս գալուն եւ հավերին կեր տալուն, այդ ժամանակ սրացումներ եւ բարդացումներ չկային, եւ նա մեկ-երկու ժամով ընդամենը դուրս էր եկել, եւ դրա տակ ոչ մի բան պետք չէ փնտրել: Հետագայում տեղի ունեցան որոշակի բարդացումներ, ինչի մասին արդեն հանրությունը տեղյակ է, մատները չէին աշխատում եւ այլն: Դրանից հետո մեր բժիշկները հարկ համարեցին, որ ստացիոնար բուժումը պետք է շարունակվի արտասահմանում:
- Իսկ երկրի ընտրությունն ում որոշումն է եղել:
- Այդ հարցը եւս որոշել են մասնագետները: 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻՐՈՒՆՅԱՆ. ՙՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ԴՈՒԽՈՎ ՈՒ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ՚


ՙՎարդան Սեդրակյանի կալանավորման գործով վճռաբեկ բողոքն երեկ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան՚,- այդ մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Այն հարցին, թե որքանո±վ է հնարավոր համարում իր պաշտպանյալի ազատ արձակման վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը, առավել եւս, որ գրեթե բոլորը համոզված են, որ Վարդան Սեդրակյանն է եղել ԱԻՆ առաջնորդ Պարույր Հարյրիկյանի վրա մահափորձ կատարելու պատվիրատուն, փաստաբանը նշեց.
- Ես չգիտեմª ինչ կարծիքի է Վարդան Սեդրակյանի մասին հասարակությունը, բայց իմ գործն է արդարություն վերականգնելը: Իսկ ինչ վերաբերում է Վարդան Սեդրակյանին, նա նույնպես  դուխով, փիլիսոփայորեն է տրամադրված: Հին հայկական խոսք կա` ցավից, փորձանքից ոչ ոք ապահովագրված չի: Մենք վստահ ենք, որ Վարդանի անմեղությունը ուշ թե շուտ կապացուցվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Աղբյուր՝ iravunk.com

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>