Category: Հրապարակումներ
Published on 04 February 2013
Print

«Պարույրի վրա կրակել են»,-հեռախոսի մեջ լսեցի բոթը ու աչքիս առաջ եկավ հորս դարակի մեջ պահված Պարույր Հայրիկյանի լուսանկարը. 80-ական թվերն էր, նա այդ ժամանակ բանտում էր, հերս նրան բանաստեղծություն էր նվիրել, ԿԳԲ-ն խուզարկության ժամանակ տարել էր: Հայրս հիշում էի Պարույրի գաղութից գրած նամակը, որտեղ իր դրական վերաբերմունքն էր հայտնել նրա մի հոդվածի մասին, ու նաև խոսել վախի մասին, գրել էր՝ այ հիմա դուք իմ նամակը կարդում ու վախենում եք:

Եթե տարածված «իմ հերոսը» արտահայտությունը ինձ համար կաշխատի, ապա պատանեկության տարիներին այդ հերոսը եղել է Պարույր Հայրիկյանը: Հետո եղան մեծ փոփոխություններ, որոնք փոխեցին նաև իմ աշխարհը, էլ հերոսներ չունեցա,  Պարույրն էլ պատանեկան պատկերացումներիս մեջ այն անթերի սուրբը չէր, մարդ է, հերոս, բայց մարդ՝ մարդկային հատկություններով: Բայց ինչ էլ աներ Պարույրը, նրա որ քայլի հետ համաձայն լինեի թե չլիեի, մեկ է, թե այս երկրում կա մեկը ում սազում է խորհրդանիշ բառը Պարույրն է, նա այնպիսի կենսագրություն է կերտել, որը նրան դարձրել է անկախության գաղափարի խորհրդանիշ: Ու Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի ճամփին զգացի, որ Պարույրը ինքնասիրահարվածության պատճառով չի  անընդհատ հիշեցնում իր անցած ուղին, իր համախմբող ու առաջնորդի դերը տարբեր ազգերի այլախոհների շրջանում: Նա ստիպված է հիշեցնում, անկախության ձգտող  երկրում իրենց Պարույրի փոխարեն դա կանեին ուրիշները, կենդանության օրոք մի փողոցի անուն կդնեին նրա անունով, բարձր թոշակ կնշանակեին, գուցե ամենաբարձրը բոլոր այլախոհների համար, կստեղծեին երկրի անկախության թանգարան՝ աքսորներից բերված մասունքներով, ԿԳԲ-ի արխիվների նյութերով, Պարույրն էլ գուցե հեռանար քաղաքականությունից ու վայելեր ժողովրդի հարգանքը: Այդ երկրները մերձբալթյան հանրապետություններն են, ուր ազգային գաղափարներն այնքան ուժեղ են, որ արգելակում են քաղաքական գործիչների, իշխանության եկածների անձնական հարստանալու տենչը, իշխանությունն ու տնտեսությունը մենաշնորհացնելու մոլուցքը ու երկրները տանում  ժողովրդավարական ու տնտեսական զարգացման ուղիով:  Չէ, Հայաստանը այդ երկիրը չի ու Պարույրը քաղաքականության մեջ մնալով միշտ ուզում է հիշեցնել, թե ինչ ուղի է անցել Հայաստանի անկախության գաղափարը և երբեմն դառնում հեգնանքի թիրախ:

Պարույրի լուսանկարը աչքիս առաջ ու զգացողությունը, որ կրակել են իմ պատանեկան տարիների երազանքի վրա:

Ու երբ, գիշերը  մահափորձի վարկածներն էին գլխումս պտտվում, մի բանի վրա կանգ առա՝ այդ կրակոցը ուղղված էր ոչ թե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, այլ նախագահի թեկնածու, անկախության խորհրդանիշ Պարույր Հայրիկյանին: 

Ականատեսների, բժիշկների վկայաություններով հստակ է՝ Պարույրին ուզել են սպանել, նա փրկվել է մահից:

Ինչո՞ւ էին ուզում սպանել Պարույրին:

Նախագահական ընտրությունների արտաքին ժողովրդավարական պատկերը ապահովված էր ինչպես երբեք, ընդդիմության մեջ մնացած լիդերները, երեք թեկնածուներ՝ Պարույր Հայրիկյանը Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահին մրցակից դառնալու համար կարճ ժամանակում ռեսուրս չէին կարող հավաքել, մեկուկես տարվա մեջ ընդդիմադիր ռեսուրսները կլանել էր Գագիկ Ծառուկյանը(այսինքն, բազմաթիվ գործարարներ ու նաև շարքային ընտրողներ ովքեր իշխանությունից ուզում էին ազատվել իրենց հույսը կապել էին Գագիկ Ծառուկյանի հետ), ով չդնելով իր թեկնածությունը այդ ամբողջ ռեսուրսը մորթեց Սերժի ոտքերի տակ: Ընդդիմադիր ավելի քիչ ռեսուրս ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանը նույնը արեց, նրան էլ հետևեց դաշնակցությունը: Լևոնի ու Ծառուկյանի թիմերը իրենց լիդերների թուլակամությունը ծածկելու համար սկսեցին վարկաբեկել նրանց ովքեր Սերժի դեմ դրեցին իրենց թեկնածությունը, ովքեր ավելի կարևոր են համարում իրենց քաղաքական հայացքները պրոպագանդելը, թեկուզ թույլ, բայց ինչ որ հույսով պայքարելը, քան իրենց կարողության համար դողալը(ինչպես Ծառուկյանը) և պարտությունից խուսափելը(ինչպես Լևոնը): (օրինակ ծաղրում են այս կամ այն թեկնածուին, թե ընտրություններից հետո կշնորհավորի Սերժին, բայց անտեսելով, որ Սերժին արդեն, մինչ նախագահական ընտրությունները շնորհավորել են Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը):

Իսկ եթե ռեսուրս չունես, չես կարող հսկել ընտրությունների ընթացքը, արձանագրել խախտումները, իսկ եթե խախտումները չես արձանագրում, ուրեմն ընտրությունները «մաքուր» են անցել: Պետք է հստակ արձանագրել՝ այն որ Բագրատյանը, Հայրիկյանը, Հովհաննիսյանը ռեսուրս չունեն մեղավորը ոչ թե Սերժ Սարգսյանն է այլ Գագիկ Ծառուկյանը ով այդ ռեսուրսները կլանեց ու ոչնչացրեց չստեղծելով ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու հնարավորություն ու նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ով թեկնածուներից գոնե մեկին, իր համախոհ Բագրատյանին զրկեց ռեսուրնսերից: Ինչ որ չափով նաև Դաշնակցությունը, որը իր բոլոր կառույցները զրկեց ընտրությունները հսկելու հնարավորությունից(Տաքսու վարորդից, կամ մեկ ուրիշից կլսես՝ Րաֆֆին լավ է, բայց ափսոս թիկունք չունի: Հենց այդ «թիկունքը» մնաց թեկնածություն չդրած ուժերի մոտ):

Այս իրավիճակում Սերժ Սարգսյանին մնում էր յուղի պես սղալով, առանց խոչընդոտի արձանագրել միջազգային հանրության առաջ, որ ժողովրդավարական ընտրություններում, առանց կեղծիքների դարձել է նախագահ և ստանալ ժողովրդավարական ընտրությունների պահանջ ներկայացնող ուժերի աջակցությունը:

Պարույրի դեմ արված մահափորձը ընտրությունների ժողովրդավարական պատկերը աղավաղում է: Ուրեմն, այն ոչ միայն ձեռնտու չէր Սերժին, այլև կարող էր նրա դեմ ուղղված լինել:  Եթե թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտները չեն վերանում(եթե սպանվեր), ըստ սահմանդրության 40 օր հետո նոր ընտրություններ էին նշանակվելու, իսկ դա Սերժին հեչ  ձեռնտու չէր, ամեն ինչ դասավորել է «մաքուր» հաղթելու համար, դե արի ամբողջը նորից սկսի:

Պետք է բավարար տեղեկություն ունենալ ենթադրելու համար, թե ով կարող էր պատվիրել սպանությունը: Հայաստանում այդպիս տեղեկութուններ մեկ երկու հոգի ունեն, որոնցից մեկը Սերժ Սարգսյանն է:

Վահան Իշխանյան
 
Աղբյուր՝ Tert.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>