Category: Հրապարակումներ
Published on 18 November 2013
Print

Դրա համա՞ր էին կրակել Հայրիկյանի վրա

Երբ նախագահի ընտրությանը տեղի ունեցավ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, դրանից անմիջապես հետո հնչող հարցերի մեջ գերակշռողներից մեկն այն էր, թե ինչու՞ պետք է կրակեին Հայրիկյանի վրա, եթե նա բոլորովին էլ «հաղթող թեկնածու» չէր եւ նույնիսկ որպես քաղաքական ուժ զգալիորեն մարգինալացել էր: Այդ հարցը տրվում էր երկար ժամանակ, գուցե մինչեւ հիմա էլ այն տրվում է: Հատկապես հիշարժան է նաեւ մահափորձից անմիջապես հետո ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտարարությունը, թե չի կարծում, որ Հայրիկյանի հետ պատահածը մահափորձ է: Իսկ թե ինչ է կարծում, Բորդյուժան այդպես էլ չի ասել:

Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ նոյեմբերի 28-ին եւ 29-ին պատրաստվում է Ազատության հրապարակում հանրահավաք անել՝ Մաքսային միությանն անդամակցելու իշխանության կամայական որոշման դեմ: Օրերս էլ Հայրիկյանը հրապարակեց սոցհարցման տվյալ, ըստ որի Հայաստանի բնակչության միայն 23 տոկոսն է կողմ այդ միությանն անդամակցելուն:

ՄՄ-ին անդամակցելու Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Հայաստանում քաղաքական բողոք չեղավ: Եղավ քաղաքական քննադատություն, սակայն ոչ թե անդամակցության դեմ, այլ այն ձեւերի, որով Սերժ Սարգսյանը գնացել է դրան: Լավագույն դեպքում ասացին, թե պետք չէր Եվրոպայով բարկացնել Պուտինին: Բայց, որ անդամակցելը սխալ է եւ Հայաստանը գաղութացնելու վերջին ակտը, որեւէ մեկը չասաց՝ Պուտինին որոշեցին չբարկացնել:

Պարույր Հայրիկյանը փաստացի միակն է քաղաքական գործիչներից, որ պատրաստվում է քաղաքական բողոքի, պատրաստվում է հանրահավաքի: Պարզ է, որ հանրահավաքը չի հանելու Հայաստանը ՄՄ-ից, կամ Հայաստանից չի հանելու ՄՄ-ն: Բայց այստեղ էականը հանրային դիրքորոշման քաղաքական փաթեթավորման փորձն է, որը մինչ այդ չի արել քաղաքական դասից ոչ ոք:

Շանթ Հարությունյանը հանրային բողոքի այսպես ասած հեղափոխական փաթեթավորման փորձ արեց, որի վերաբերյալ զարգացումները հանրությանը եւս մեկ անգամ հիշեցնելու անհրաժեշտություն թերեւս չկա:

Անկախ այն բանից, թե ով ինչ կարծիքի է Հայրիկյանի քաղաքական կշռի վերաբերյալ, փաստն այն է, որ հենց նա է այժմ փորձում քաղաքական կշիռ տալ Մաքսային միությանն անդամակցելուն դեմ հանդես եկող հանրային տրամադրություններին: Եվ միգուցե միայն Հայրիկյա՞նն էր, որ նախագահի ընտրությունից առաջ չէր կնքել Ռուսաստանի հետ լռության պակտը, չէր համաձայնել այդօրինակ գործարքի:

Հայրիկյանի գործով դատավարության ընթացքում այդպես էլ պարզ չեղավ, թե ինչու էին նրա դեմ մահափորձ կազմակերպելու համար մեղադրում էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին՝ որը եւս նախագահի թեկնածու էր: Սեդրակյանի որեւէ մոտիվ այդպես էլ չբացահայտվեց, ինչպես որ չբացահայտվեց այն՝ ի հեճուկս Հայրիկյանի բազմաթիվ պահանջների, թե ինչու է Սեդրակյանը այդ ժամանակահատվածում Ռուսաստանից ստացել 100 հազար դոլար:

Կարծես թե դատարանի նպատակն էր կամ կոծկել մահափորձի իրական պատվիրատուներին, կամ էլ անել այնպես, որ ստեղծվի հնարավորինս անհեթեթ վիճակ, եւ հանրության աչքին անլրջանա նաեւ տեղի ունեցածը: Ավելի ճիշտ, դրանք գուցե դատական գործընթացի երկու նպատակներն էին:

Ու այժմ, ամիսների հեռվից, կարծես թե որոշակիորեն ստացվում են եթե ոչ հստակ պատասխաններ, ապա գոնե պատասխանի մոտավոր տարբերակներ, թե ինչու էին կրակում «ոչ մեկին պետք չեղած» Հայրիկյանի վրա եւ ինչու էր ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը՝ որ մահափորձի օրն էր հեռացել Հայաստանից, ժամեր անց հայտարարում, թե չի կարծում, որ դա մահափորձ էր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԻսկ թե ինչ է կարծում, Բորդյուժան այդպես էլ չի ասել

Աղբիւր՝ lragir.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>