Category: Հրապարակումներ
Published on 18 November 2013
Print

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր Երևանի քաղաքապետարանին նոյեմբերի 28-ին և 29-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ կներկայացնի: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Պարույր Հայրիկյանը:

Մանրամասնելով հանրահավաքի նպատակները՝ նա ասաց. «Հանրահավաքը նրա համար է, որ մտքերի փոխանակում տեղի ունենա, բայց հիմնական ուղղվածությունն ակնհայտ է. նվազագույնը ցույց տալ, որ ոչխար չենք, հասկանում ենք, որ մեր վերաբերյալ Մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունելիս պետք է մեր՝ քաղաքացիներիս, կարծիքը հաշվի առնվեր, ոչ թե մի հոգի գնար: Մի բան, որի մասին արդեն ամբողջ աշխարհում են խոսում, երբ առանց քննարկումների տեղի ունեցած որոշում է կայացվել»:

Հայրիկյանի խոսքով՝ իրենք՝ իր գաղափարակիցները, ինչպես նաև մարդկանց 70%-ը խոսելու են այն բանի շուրջ, որ Մաքսային միությանն անդամակցելն անկախությանը դեմ է: Եթե Եվրոպական միության հետ ընդամենը ասոցացման մասին էր խոսքը, այսինքն՝ հարաբերությունները սերտացնելու, մերձենալու և այլն, ապա այստեղ շատ հստակ և կտրուկ ասվում է՝ Հայաստանը դառնում է ՄՄ-ի անդամ:

«Ես անձամբ չեմ բացառում, որ կարող է մեկը գալ և ասել, որ ճիշտ է Մաքսային միությանը միանալ, այսինքն՝ այդ տեսակետները պետք է իմանալ և դրանք քննարկելով ավելի մատչելի դարձնել քո մոտեցումը կամ հակառակը, այնպես որ ես ենթադրում եմ, որ դա բաց հանրահավաք կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն կան ելույթ ունենալու հայտ ներկայացրած մարդիկ, որոնցից ոչ բոլորն են կուսակցական. «Այնպես չէ, որ բոլորը մի թիմից են, բայց բոլորը հայ ժողովուրդ կոչված թիմից պետք է լինեն»:

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ մարդիկ ոչ թե իր գաղափարների կողքին են կանգնում, այլ ինքն է կանգնում անկախ Հայաստանի, Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցների, եվրոպական արժեքային համակարգի կողմնակիցների կողքին. «Փառք Աստծո, անցել են այն ժամանակները, երբ Հայրիկյանն անկախության առաջնորդն էր, ու մարդիկ պետք է միանային Հայրիկյանին: Փառք Աստծո, ժողովուրդը ազատատենչ ժողովուրդ է, և մենք մնում ենք մեր ժողովրդի հիմնական մասի կողքին: Եվ երբ մարդիկ լսեն, թե ինչ հարցադրում է կատարվում, գոնե պետք է ցույց տան, որ ոչխար չեն»:

Հանրահավաքն ընդվզում չէ, և ինչպես Հայրիկյանը նկատեց, մարդիկ կամ պետք է ցանկանան ցույց տալ, որ այլ կարծիք ունեն, կամ՝ ոչ:

Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովների հանդիպմանը, նա նշեց, որ ՄՄ-ի թեմայով հանդիպումները ցույց են տալիս, որ իրենք սկզբունք, հետևողականություն չունեն, իրենք իրենց հավատարիմ չեն. «Չէ որ նախագահն ընտրվել է դեպի եվրոպական արժեքային համակարգ հոգեբանության, տրամաբանության պայմաններում, եթե, իհարկե, ընտրվել է: Հիմա այդ նույն մարդիկ չէ որ պետք է անհարմարավետություն զգային, քանի որ այլ բանի մասին է խոսք գնում: Ուրեմն այդ ոգով ապրող մարդիկ մի հատ հայելու մեջ պետք է նայեն ու ասեն՝ արդյոք սա իմ պատկե՞րն է, չէ որ ես երեկ ուրիշ մարդ էի: Արդյոք կարելի՞ է այդքան անհետևանք ու անսկզբունք լինել, ուրեմն սրանք այն մարդիկ չեն, որոնք իրավունք ունեն նույնիսկ ընտանիք ղեկավարել, առավել ևս ազգ»:

ՄՄ-ին անդամակցելու հարցում հասարակության կարծիքի հետ հաշվի նստելը, ըստ Հայրիկյանի, կախված է այն բանից, թե որքանով վճռական կլինի ժողովուրդն իր կարծիքը ցույց տալու հարցում: «Նաև կախված է նրանից, թե որքան շնորհալի կլինեմ ես մարդկանց այդ բանը բացատրելու և դուրս հրավիրելու գործում, կախված է այն բանից, թե որքան այդ հարցի մասին խոսող մարդիկ՝ ճամարտակողները, կփոխեն իրենց կեցվածքը և կսկսեն իրատես աշխատել»,- ասաց նա և եզրափակեց. «Ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված, բայց ամեն մարդ պետք է իմանա, որ այս որոշման անարդարացի լինելը ոչ միայն մեզ համար է ակնհայտ, այլ նաև եվրոպական քաղաքական շրջանակների համար, այսինքն՝ ստորացուցիչ վիճակ է, մեզ ուզում են ուղղակի փչացնել»:

 

Աղբիւր՝ Tert.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>