Category: Հրապարակումներ
Published on 22 August 2013
Print

Շարունակելով ներկայացնել ՀՀ նախագահի` արդեն նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի պատմությունը, հիշեցնենք այն տարօրինակ պատկերը, որին հասանք` այս գործով գլխավոր մեղադրյալ, էլի նախագահի նախկին թեկնածու եւ ինքնահռչակ էպոսագետ Վարդան Սեդրակյանի կերպարն ուսումնասիրելու ընթացքում: Պարզվում է, որ մինչեւ 2009 թ. վերջերը բավականին համեստ եկամուտներ ունեցող ¥ինչպես որ ցույց են տալիս քրգործի նյութերը¤ էպոսագետը կարողացել է միանգամից այնպես հարստանալ, որ իրեն կարող էր թույլ տալ ՙվիվառոներում՚ միլիարդավոր դրամների խաղադրույքներ կատարել ու տանուլ տալ հարյուրավոր միլիոններ, էլ չասած նրա մյուս ճոխությունների եւ նախագահական ընտրարշավ իրականացնելու հսկայական ծախսերի մասին: 
Սեդրակյանի այդ հանկարծահաս հարստության գաղտնիքը նույն նախաքննական նյութերով, գոնե մասամբ բացահայտում է ՙՄիտք վերլուծական կենտրոն՚ ՀԿ-ի, ինչպես նաեւ ՙՉորրորդ հանրապետություն՚ կուսակցության ղեկավար Էդուարդ Աբրահամյանը, ով պնդելով, որ թեեւ Սեդրակյանի հետ ծանոթացել է միայն 2009-ին, այնուամենայնիվ նրան ոչ միայն ամսական 200000 դրամ աշխատավարձ է տվել, այլ նաեւ. ՙ2012 թ. նոյեմբերին նրան պարտքով տվել եմ 100 հազար ԱՄՆ դոլար՚: Իհարկե` այդ 100 հազարը Սեդրակյանի համար 2012-ին խղճուկ գումար էր, հաշվի առնելով, որ միայն ՙՎիվառոյում՚ կատարել է դրանից 10-11 անգամ մեծ գումարի խաղադրույքներ: Բայց ինչքան էլ ՙխղճուկ՚, այնուամենայնիվ միանգամայն անհավանական է, որ Էդուարդն էպոսագետին հենց այնպես 100 հազար դոլար ՙպարտք՚ կտար: Թերեւս` նաեւ այս տարօրինակությունը բացատրելուց խուսափելու համար է, որ Է. Աբրահամյանը վերջերս, ասում են` մշտապես, հեռացավ Հայաստանից` անտեր թողնելով իր վերլուծական կենտրոնն ու կուսակցությունը: Այսպիսով, բնականաբար, նա առհասարակ պետք է ձեռք քաշի Սեդրակյանին տված ՙպարտքը՚ վերադարձնելու մտքից, ուստիեւ իր արդիականությունն է պահպանում այդ գումարը Սեդրակյանին տալու իրական պատճառների հարցը:
Այդ հարցը, պարզվում է, որ նախաքննական մարմնին էլ է հետաքրքրել, եւ փորձել են դրա պատասխանն ստանալ Էդուարդի հորից` Ալեքսանդր Աբրահամյանից: Եվ այսպիսով` այս գործով սկսվում է ուրվագծվել անչափ ուշագրավ մեկ նոր կերպար:
Նախ ներկայացնենք, թե ի դեմս Ա. Աբրահամյանի, ում հետ գործ ունենք: 1956-ին Վրաստանի Բոլնիս քաղաքում ծնված Ալեքսանդրը թեեւ ՀՀ եւ ՌԴ քաղաքացի է, սակայն աշխատում է Սլովակիայում: Իհարկե բուն այս փաստը հետաքրքիր չէր լինի, եթե հաշվի չառնենք, որ նրա աշխատանքի վայրը Սլովակիայի ռազմական ակադեմիան է: Պարզենք ասվածի իմաստը. ներկայացնելով իր կենսագրությունը, Ա. Աբրահամյանը պատմում է. ՙ1977 թ. ավարտել եմ Ստավրոպոլի օդաչուական բարձրագույն զինվորական ուսումնարանը, որից հետո ծառայել եմ ԽՍՀՄ զինված ուժերում: 1986-ին ավարտել եմ Մոսկվայի բարձրագույն ռազմաքաղաքական ակադեմիան, որից հետո մինչեւ 1992 թ. ծառայել եմ Հեռավոր Արեւելքի կայազորում` որպես քաղաքական մասի պետ եւ գնդի հրամանատար...՚: Իհարկե` ծառայողական նման պատկերն ակնարկոմ է առնվազն խորհրդային հատուկ ծառայությունների հետ սերտագույն կապերի մասին: Ասենք նման ակնարկներ պարունակվում է նաեւ կենսագրության հաջորդ դրվագներում: Նկատի ունենք, որ Ա. Աբրահամյանը Հեռավոր Արեւելքից տեղափոխվելով Հայաստան, 1992-1996 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում` որպես Գլխավոր շտաբի ռազմաօդային վարչության պետ: Բայց` ՙ1993 թ. ստացել եմ նաեւ ՌԴ քաղաքացիություն՚, ինչը տարօրինակ է գոնե նրանով, որ հայաստանյան բանակի ռազմաօդային վարչության պետը պետք է որ լիներ բացառապես իր սեփական երկրի քաղաքացի: Առավել եւս, որ նա 1996-2000 թթ. տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն, ապա նորից բանակ, այս անգամ արդեն մինչեւ 2006-ը` որպես նախարարի խորհրդական: Միաժամանակ` 2003-ին ավարտել է ՌԴ Գլխավոր շտաբի բարձրագույն ակադեմիան, որտեղ էլ 2006-ին պաշտպանել է դոկտորական թեզ...
Միգուցե Պարույր Հայրիկյանը մոտավորապես այս կարգի կերպա±ր նկատի ուներ, երբ հայտարարում էր, թե իր նկատմամբ մահափորձի թիկունքին կանգնած է ԿԳԲ-ն: Սակայն փաստն այն է, որ իր կենսագրությամբ ավելի շատ հետախուզական գործակալ հիշեցնող Ա. Աբրահամյանը չգիտես` ինչ հրաշքով դարձել է բոլորովին այլ աշխարհաքաղաքական երկրի` Սլովակիայի ռազմական ակադեմիայի աշխատակից: Իր պնդմամբ նա այնտեղ է գործուղվել ՌԴ Գլխավոր շտաբի ակադեմիայի կողմից 2011-ին: Բայց դե...
Լավ, գանք Ա. Աբրահամյանի հարցաքննությանը, որով սակայն նա էլ ավելի է ՙխճճում՚ իր որդու` Էդուարդի կողմից Վարդան Սեդրակյանին 100 հազար դոլար ՙպարտք՚ տալու պատմությունը. ՙ2010թ. ընթացքում, ավելի ստույգ չեմ կարող մտաբերել, մոտ 100000-110000 ԱՄՆ դոլար մուտքագրել եմ որդուս` Էդուարդ Աբրահամյանի անվամբ ՙHSBC-Հայաստան բանկ՚ ՓԲ ընկերությունում բացված հաշվեհամարին, որպեսզի գործունեության ընթացքում անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենա ծախսելու կոնկրետ ուսումնական եւ հասարակական ծրագրերի իրագործման վրա: Որոշակի առումով ինքնուրույնություն տալով որդուս եւ չցանկանալով խառնվել նրա գործունեության մեջ, որեւէ հսկողություն չեմ սահմանել վերոհիշյալ դրամական միջոցների նկատմամբ: Սակայն մոտ 15-20 օր առաջ ¥այսինքն` մարտի երկրորդ կեսին, քանի որ հարցաքննությունը տեղի է ունեցել ապրիլի 8-ին- Ք. Ս.¤ ստուգելով վերոհիշյալ բանկում բացված հաշվեհամարի մնացորդները, տեսել եմ, որ այն զրոյական է, որ մոտ երկու տարի առաջ տրամադրած գումարային միջոցները չկան...՚:
Մինչ առաջ անցնելը նկատենք, որ այս բացատրությունն ամենեւին էլ սազական չէ նման անցյալ եւ փորձառություն ունեցող Ա. Աբրահամյանին: Թեկուզեւ այն առումով, որ այդքան ՙպատահաբար՚ ստուգելով որդու հաշվեհամարն ու այն դատարկ գտնելով, նա ամենեւին էլ չպետք է զարմանար: Չէ± որ հենց ինքն է ասում, որ այդ գումարը հատկացրել էր Էդուարդի վերլուծական կենտրոնի եւ կուսակցության գործունեության համար, ակնարկելով, որ այն այդ կառույցների կենսագործունեությունն ապահովող միակ աղբյուրն էր ¥հակառակ պարագայում պետք է բացատրել, թե որեւէ եկամուտ չակնկալող վերլուծական կենտրոնի եւ կուսակցության գործունեությունն այդ ի±նչ միջոցներով են ապահովել¤: Իսկ այստեղ, եթե միայն էպոսագետն էր ամսական 200 հազար դրամ կամ մոտ 500 դոլար աշխատավարձ ստանում, ապա դժվար չէ կռահել, որ ամսական ընդհանուր ծախսերը պետք է դրանից առնվազն 10-20 անգամ մեծ լինեին: Այդպիսով` մեկ-մեկուկես տարում այդ 100 հազար դոլարն արդեն ամբողջովին պետք է ծախսված լիներ: Ամեն դեպքում Ա. Աբրահամյանն ինքն է հաստատում, որ տեղյակ է եղել իր որդու ղեկավարած վերլուծական կառույցի գործունեությանը, որ այնտեղ բազում մարդիկ սեմինարներ, դասախոսություններ եւ նման այլ բաներ են կազմակերպում, եւ այդ ամենը, բնականաբար, ենթադրում էր բավականին կլորիկ ծախսեր:  Չնայած դրա, հաշվեհամարը դատարկ գտնելով, Ա. Աբրահամյանն անհասկանալիորեն զայրանում եւ ՙմիանգամից խիստ զրույց՚ է ունենում որդու հետ, ով էլ ՙպատմել է, որ 2012 թ. վերջերին 100000 դոլար գումար պարտքով տվել է՚ էպոսագետին: Այսինքն ի±նչ, հանուն էպոսագետին պարտք տալու Էդուարդը հորն է±լ է խաբել...
Կարող է այդպես էլ լինել: Բայց մեկ է, մի բան այնպես չէ: Կրկնում ենք` իր գործունեության այդ երկու տարիներին, դատելով հեքիաթներ պատմող էպոսագետին տրված ամսական աշխատավարձի չափերից, Էդուարդի ղեկավարած վերլուծական կենտրոնը պետք է բավականին լուրջ ծախսեր կատարեր` եւ հենց այդ բանկային հաշվից: Այսինքն` 2012թ. վերջերին այդ հաշվեհամարն իրոք պետք է ամբողջովին դատարկված լիներ: Իսկ դա տանում է այն առանցքային ենթադրությանը, որ ընդունել, թե էպոսագետին տրամադրված 100 հազարը պարտք էր եւ տրվել է Ա. Աբրահամյանի հիշատակած գումարից, առնվազն միամտություն կլիներ:
Հետեւաբար եւ հանգում ենք մեկ նույնքան առանցքային հարցադրման. իրականում ինչո±ւ է Էդուարդն իրեն հազիվ ծանոթ էպոսագետին նման կլորիկ գումար տվել, եւ ի±նչ ծագում ունի այդ փողը:


շարունակելի
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուր՝ iravunk.com

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>