Category: Հրապարակումներ
Published on 04 July 2013
Print

Հայկական դիվանագիտությունը ձախողել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով հայկական դիվանագիտության սխալներից:

Նա նշեց, որ այսօր այնպես է ստացվել, որ ՀՀ-ն աշխարհի միակ պետությունն է, որին հրապարակավ սպառնում են պատերազմով, և դա այնքան բնականոն է դարձել, որ լավագույն դեպքում բոլոր հանդիպումների ժամանակ ասում են, թե խաղաղ բանակցությունների կողմնակիցն են: Այնինչ պատերազմով սպառնալը միջազգային իրավունքի տեսակետից անթույլատրելի է: 

Նրա խոսքով՝ ասում են, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, իսկ դրան ի պատասխան՝ մեր դիվանագիտությունն ասում է, թե մենք ազգերի ինքնորոշման կողմնակիցն ենք, ուզում ենք բանակցությունների միջոցով հաջողության հասնել մեր հարևանների հետ: 

«Սակայն մեզ սպառնացող վտանգը շատ ավելին է, քան տարածքներ կորցնելը: Թուրքիայի իմպերիալիստական շրջանակներին ձեռնտու է, որ հետագայում զոհի կարգավիճակով հանդես եկող Հայաստանը ընկալվի որպես հանցագործ: Հայաստանը պետք է 1990-ական թթ. Անկախության վերականգնման առաջին պահից սկսած ահազանգած լիներ, որ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների 80%-ը բոլշևիկյան Ռուսաստանի աջակցությամբ գրավված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և դրա վերադարձը Ցեղասպանություն ապրած հայ ժողովրդին համաշխարհային հանրության պարտականությունն է: Ստալինյան սահմաններին Հայաստանն այդպես էլ չհակադրեց միջազգայնորեն ընդունված սահմանները»,- ասաց Պարույր Հայրիկյանը: 

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի գործարքին՝ նա նշեց, որ ՌԴ-ն պաշտոնապես ասում է, թե զենքի վաճառքն Ադրբեջանին բիզնես է: Բայց, Պարույր Հայրիկյանի խոսքով, պոռնիկի աշխատանքը ևս բիզնես է: Ուստի նա պարզաբանեց, որ կան բիզնեսի տեսակներ, որոնք անբարո և անթույլատրելի են համարվում: 

«Պատերազմող երկրի հետ այդ ոլորտում բիզնես-ցանկությունը դաշնակցի կողմից հանցավոր և անբարո մոտեցում է: ՌԴ-ն Հայաստանին ասում է, որ ՀՀ-ն իր ստրուկն է եղել, իր ստրուկն էլ կմնա»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

 

Աղբյուր՝ 1in.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>