Category: Հրապարակումներ
Published on 08 February 2013
Print

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանն այսօր Արցախյան ազատամարտի 25–ամյակի թեմայով կայանալիք ասուլիսին հրաժարվեց խոսել թեմայի շուրջ՝ դա պայմանավորելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձով։ «Այդ կրակոցները կտրուկ փոխում են իրավիճակը, և այսօր չենք կարող խոսել հիմնական թեմայից»,– ասաց նա՝ նշելով, որ շատ վաղ է այդ մասին եզրակացություններ անել, սակայն, ըստ նրա, մի բան հստակ է՝ «Հայրիկյանը անկախության խորհրդանիշն է և իր վրա կրակելով կրակում են Հայաստանի անկախության վրա»։


Վերջինիս խոսքով միայն հետագա դեպքերի զարգացումները ցույց կտան, թե այս ամենի ետևում ով է կանգնած։ «Սա այն վիճակն է, երբ ասում են «կուժ ասեմ, կուլա լսի»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե պարզվի, որ այս ամենը վհուկների որս սկսելու նպատակով է արված, այդ ժամանակ իրենք կմեկնաբանեն այլ կերպ։


Չուգասզյանը խոստացավ լրագրողներին, որ նախանշված թեմային իրենք կանդրադառնան ավելի ուշ։


Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակ են արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ուր նրան են այցելել ՀՀ նախագահի մի շարք թեկնածուներ և պետական այրեր, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև մեծ թվով քաղաքական գործիչներ:

 

Աղբյուր՝Թերթ.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>