Category: Հայտարարություններ
Published on 15 February 2014
Print

ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՓԵՏՐՈՒԱՐԻ 18-Ը ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՕՐ ԱԶԴԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
18-Ը ՓԵՏՐՈՒԱՐԻ 2014Թ., ԵՐԵՒԱՆ 

Այսօր, երբ Հայաստանը կանգնած է ռուսական իմպերիալիզմի նոր դրսեւորման՝ երեք բռնապետների դաշինք ՄՄ-ին բռնակցեուելու վտանգի առջեւ, մենք պարտաւոր ենք յիշել մեր պատմութիւնը եւ առաջնորդուել մեր արժանաւոր նախնիների դասերով։
1921 թ. Փետր. 18-ին հայ մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետութեան դէմ եւ ազատագրեցին Երեւանը։ Պատմական փաստ է, որ այն անհեռանկար էին համարում եւ նրան դէմ էին նաեւ դաշնակցականները։ Այսինքն, դա իսկապէս ժողովրդական ապստամբութիւն էր՝ առաջին հաղթական ընդվզումը ընդդէմ բոլշեւիկների։ Չնայած այդ յաջողութիւնը կարճատեւ եղաւ, սակայն նրա նշանակութիւնն անհնար է գերագնահատել։ Այդ ապստամբութեան արդիւնքում բոլշեւիկները գոնէ այդ փուլում դադարեցրին զանգուածային բռնութիւնները։ Դրան զուգահեռ հայ մարդն ապացուցեց, որ ազատութիւնն իր համար բացարձակ արժէք է, արժէք, յանուն որի նոյնիսկ ամենայուսահատական պայմաններում ինքը պատրաստ է անձնազոհ պայքարի։ Այդ պատճառով ԱԻՄ-ը, արդէն աւելի քան երկու տասնամեակ կոչ է անում հայ ժողովրդի ազատասիրութիւնը խորհրդանշող օրը՝ Փետրուարի 18-ն ազդարարել ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՕՐ։ 
Փետր. 18-ը դարձաւ նաեւ մի խորհրդանշական փարոս։ Ազգային իղձերի իրականացման նուիրեալները ոչ թէ տեսականօրէն, այլ պատմականօրէն գիտէին, որ հնարաւոր է ապստամբել եւ յաղթել ռուսական իմպերիալիզմին։
45 տարի առաջ՝ 1969 թուականի Փետր 18-ին, Հայաստանի անկախացման պայքարի 12 նուիրեալներ Ծիծեռնակաբերդի Հաւերժական կրակի մոտ ուխտեցին նուիրուել ազատութեան պայքարին։ Յետագայում դա աւանդոյթ դարձաւ։ Պահպանուեց նաեւ այն ժամանակ, երբ ԱՄԿ-ն ԱԻՄ դառնալով հրաժարուեց երդումից։ Փետրուարի 18-ին աիմականները Հաւերժական կրակի մոտ ազդարարում են, որ իրենք պարզապէս աիմական են։ 
Հայութեան ինքնորոշման իրաւունքի շարժման պայքարի 1988թ. թափ առած հրապարակային փուլը նոյնպէս սկսուել է Փետր. 18-ով։ Այդ օրը Գառնիում տեղի ունեցաւ ամկ-աիմականների՝ անկախականների առաջին հրապարակային հաւաքը։ Եւ 1969թ., եւ 1988 թ. Փետրուարի 18-ը պատահական չէր ընտրուած. պէտք էր վերածնել 1921թ. Փետրուարի 18-ի ոգին եւ դա արուեց։ 
Ազատութեան գաղափարը առաջնային արժէք է եղել մեր մեծ մտաւորականների համար։ Այն ամրագրուած է նաեւ մեր պետական հիմներգում՝ «...բայց երանի, որ իր ազգի ազատութեան կզոհուի․․․»։ Ազատութիւն արժեքին իր նուիրուածութեամբ հայ ժողովուրդը նուաճել է իր ազատասիրութիւնը խորհրդանշող օր ունենալու իրաւունքը եւ այդ օրը ՓԵՏՐՈՒԱՐԻ 18-ն է։ 

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՒՈՐՈՒՄ

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>