Category: Հրապարակումներ
Published on 29 March 2014
Print

Եվ այսպես, Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձեւին, որը վերաբերվում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանությանը եւ Ղրիմի հանրաքվեի անօրինականությանը: Հայաստանի հետ միասին դեմ է քվեարկել 10 պետություն՝ Ռուսաստանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Վենեսուելան, Բոլիվիան, Սուդանը, Զիմբաբվեն, Բելառուսը, Կուբան:

Ձեռնպահ քվեարկածների թվում են Չինաստանը, Բրազիլիան, Արգենտինան, Ղազախստանը, Հնդկաստանը: Մյուս պետությունները քվեարկել են կողմ:

Թերեւս կարիք չկա կրկնել, թե ինչ էր Ռուսաստանի արածը Ուկրաինայում. նույնիսկ ամենաանհույս ռուսամետին էլ արդեն պարզ է, որ Ղրիմը ոչ միայն նախադեպ չէր Ղարաբաղի համար, այլեւ վտանգավոր է որպես նախադեպ: Իրականում, այդ «նախադեպը» գործելու է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ, դա շուտով ակնհայտ է դառնալու:

Բացի այդ, Հայաստանը հայտնվեց «իզգոյ» պետությունների շարքում, որոնց սպասվում են ծանր ժամանակներ: Հայաստանը չկարողացավ համարժեք լինել աշխարհքաղաքական ներկայիս զարգացումների տրամաբանությանը, եւ ըստ այդմ դառնալու է այդ զարգացումների օբյեկտը:

Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը դեմ քվեարկել, կամ գոնե ձեռնպահ: Տեսականորեն այո, գործնականում սակայն, հետեւելով «հայ-ռուսական բարեկամության» ընթացքին, հնարավոր չէր: Դեկտեմբերի 2-ին Հայաստանը Ռուսաստանին է հանձնել իր սուբյեկտությունը եւ որոշումներ կայացնելու իրավունքը:

Հնարավո՞ր է արդյոք, որ այս քվեարկությամբ Հայաստանը քաղաքական առեւտրի մեջ է մտել Ռուսաստանի հետ, փորձելով ինչ որ բան ստանալ: Տեսականորեն՝ այո, սակայն գործնականում դա բացառվում է: Դեկտեմբերի 2-ից հետո Հայաստանը չի կարող որեւէ պահանջ դնել Ռուսաստանի առաջ, բացի նրանից, որ «Պուտինին չբարկացնեն»: Պուտինի չբարկանալը ամենամեծ շնորհն է Հայաստանին, որ կարող է տալ Մոսկվան: Այլ երաշխիքներ՝ ֆինանսական, ռազմական, անվտանգության, Մոսկվան չի կարող տալ, եթե նույնիսկ ցանկանա էլ:

Ի՞նչ է լինելու այս ամենի հետեւանքը: Թերեւս, մոտավորապես այն, ինչն այնքան ծանոթ է հայերին վերջին 150 տարում: Ռուսաստանը մեզ «պաշտպանելու է» ճիշտ այնպես, ինչպես ասենք առաջին աշխարհամարտի տարիներին, իսկ Գարեգին կաթողիկոսն էլ իր նախորդներից մեկի նմանությամբ ասելու է՝ մեր շերեփը թղթից էր, մեզ բան չհասավ:

Պատմությունը կրկնվում է խիստ որոշակի հանրույթների պարագայում, որոնք ոչ միայն դասեր չեն քաղում իրենց անցյալից, այլեւ իրենց մեջ խորը պահում են սարսափն աշխարհի հանդեպ, ստրկամտությունը, սեփական ուժերի հանդեպ անվստահությունը:

ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկությունը այս ամենի վերջը չէ, այլ՝ սկիզբը:

 

Աղբիւր՝ lragir.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>