Category: Հրապարակումներ
Published on 15 November 2013
Print

Պարույր Հայրիկյանն օրերս հրապարակեց սոցհարցման մի տվյալ, ըստ որի, Հայաստանի բնակչության ընդամենը 20 տոկոսից մի քիչ ավելին է կողմնակից Մաքսային միությանն անդամակցելուն: Մնացյալը կամ չեն կողմնորոշված, կամ դեմ են անդամակցությանը:

Հայրիկյանի այդ սոցհարցումը հանրային լայն գեներացիա չունեցավ հայաստանյան լրատվամիջոցներում: Փոխարենը շատ կարելի է հանդիպել այն մերկապարանոց պնդումներին, թե Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսը կողմնակից է Մաքսային միությանն անդամակցելուն:

Այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան պնդում, թե Հայաստանի բնակչության 80 տոկոսը տգետ է: Բանն այն չէ, որ բնակչությունը չի պատկերացնում երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգը, կամ չունի պետական արժանապատվություն, որն արդեն բազմակողմանի ոտնահարված է դեռ Մաքսային միություն չմտած:

Խնդիրը շատ ավելի հասարակ է: Հայաստանի բնակչության ահռելի մասը ներկայում ապրում է առեւտրով: Մարդիկ ապրանք են ներկրում արտերկրից՝ այսպես ասած երրորդ երկրներից, ու Հայաստանում վաճառում: Երբ Հայաստանը մտնի Մաքսային միություն, այդ ներկրումների մաքսատուրքերը կթանկանան: Այդ մասին նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր խոստովանել, թերեւս փորձելով նրբորեն ակնարկել Հայաստանի հասարակությանը, թե քաղաքացիներին ինչ է սպասում Մաքսային միությունում:

Արդեն իսկ ներկրող տասնյակ, հարյուր հազարավոր քաղաքացիները հարցուփորձ են անում իմացող-չիմացողին, թե ինչքան են բարձրանալու մաքսատուրքերը, երբ, արդյոք հիմա անդամակցել ենք արդեն, թե չենք անդամակցել, իսկ երբ կլինի դա: Այդ ամենը քաղաքացիները ուզում են իմանալ իրենց գլխի գալիքը պարզելու համար, հասկանալու համար, թե արդյոք կարող են ասենք առաջիկա ամիսների համար պլանավորել իրենց ներկրումները, թե կարող են գնալ ապրանքի հետեւից, իսկ վերադառնելիս արձանագրել, որ մաքսատուրքերն արդեն բարձրացել են կրկնակի, քանի որ Հայաստանը ՄՄ անդամ է դարձել:

Ինչպես կարող է Հայաստանի հասարակության 80 տոկոսը կողմ լինել այդ միությանը, եթե այդ մարդկանց գերակշիռ մեծամասնությանը այդ միությունը սպառնում է հացի խնդրով, սպառնում է նրանց բիզնեսին: Այդ պարագայում, ուղղակի բանականությունից դուրս է այն, որ մարդը կարող է կողմնակից լինել սեփական գործունեությանը խոչընդոտող ձեւաչափին:

Մարդն առավելագույնը կարող է լինել զգուշավոր, եթե նույնիսկ դեմ չէ, ապա զգուշավոր, հասկանալու համար, թե սեփական բիզնեսը խլելու դեպքում ինչ որ բան է առաջարկում ՄՄ-ն, կամ ինչ մեխանիզմ է առաջարկում այդ բիզնես գործունեությանը չվնասելու համար:

Եվ ի վերջո այս ամենին գումարվում է ազգային արժանապատվության զգացումը, որը գուցե հասարակության մոտ տարիներ շարունակ քնեցվել է, սակայն չի կարող քնած մնալ այն աղմուկից, որով Ռուսաստանը թե սեպտեմբերի 3-ից առաջ, թե հատկապես դրանից հետո նվաստացնում է Հայաստանի հանրապետությանը:

Հետեւաբար, պնդումները, թե Հայաստանի հասարակության 80 տոկոսը կողմ է ՄՄ-ին, ոչ այլ ինչ են, քան մերկապարանոց մանիպուլյացիաներ, եւ դրանք հավասարազոր են այն պնդումներին, թե Հայաստանի բնակչությունն իր ձայնը տվել է ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին:

Ընտրակեղծիքներին Հայաստանում պարզապես այժմ փոխարինում են «մաքսակեղծիքները», այսինքն կրկին կեղծում են հասարակության ձայնը, բայց մաքսային նպատակներով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Աղբիւր՝ lragir.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>