Category: Հրապարակումներ
Published on 12 October 2013
Print

Փետրվարի 20-ին Ազգային Ինքնորոշում Միավորման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում, Արցախյան շարժման 4-րդ տարեդարձի առթիվ, անցկացվեց հանրահավաք։ Այն սկսվեց նշանակված ժամից մի փոքր ավելի ուշ: Ազատության հրապարակում հավաքված հանրությունը հրաժեշտ էր տալիս Ղարադաղլու գյուղի ազատագրման ժամանակ նահատակված իր երկու որդիներին՝ «Արաբո» ջոկատի ազատամարտիկներ Սերգեյ Գրիգորյանին ու Արթուր Գոքորյանին։

Հանրահավաքը, որին մասնակցում էր մի քանի հազար մարդ, սկզբունքորեն գրեթե չէր տարբերվում երկու օր առաջ նույն կազմակերպության կողմից կազմակերպված հանրահավաքից։ Մասնակիցների սակավաթիվությունը կարելի է բացատրել նաեւ անբարենպաստ եղանակային պայմաններով՝ հանրահավաքի ողջ ընթացքում շարունակվում էր դեռեւս առավոտվանից տեղացող ձյունը։ Նախորդ հանրահավաքի «Անհապաղ ազգային բանակ», «Առանց ազգային բանակի սպարապետը զրո է», «Ազգային բանակի բացակայությունը նոր ցեղասպանության նախապատրաստում է», «Փետրվարի 18-ը ազգային զարթոնքի օր է», «Անհապաղ Սահմանադիր ժողով» կարգախոսներին այս անգամ ավելացել էին «Արցախի պայքարը հայության ազատատենչ ոգին է», «Ղարաբաղ» կոմիտեի ամոթը», «Արցախը փոխզիջման առարկա դարձնողը դավաճան է», «Մեր այսօրվա ծանր վիճակն արդյունքն է ՀՀՇ-ի քաղաքականության» եւ այլ կարգախոսներ։

Հանրահավաքի մասնակիցներին Արցախում վերջին օրերին կատարված իրադարձություններին ծանոթացրեց ԱԻՄ-ի լրատվական ծառայության ներկայացուցիչը։ Այնուհետեւ խոսափողը տրամադրվեց Ռ. Համբարձամյանին։ Նրա ելույթում վերստին հնչեցին նոր խորհրդարանական ընտրությունների եւ ազգային բանակ զորակոչելու նպատակահարմարության կոչեր, շեշտվեց Հայաստանի երեք ամենահեղինակավոր քաղաքական կազմակերպությունների կողմից կոալիցիոն կառավարության կազմավորման անհրաժեշտությունը։ Ցավոք, բանախոսը չնշեց, թե որ կազմակերպությունները նկատի ուներ։

Հավաքում ձայն խնդրեց եւ արտահայտվեց նաեւ Հայաստանի Երիտասարդական Միության ներկայացուցիչ Գ. Գրիգորյանը։ Ըստ նրա, ԱԻՄ-ի նախորդ հանրահավաքում իրենց ելույթից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը սկսել է ՀԵՄ-ը լուծարելու միջոցներ որոնել։ Նա նաեւ հանրահավաքի մասնակիցներին հիշեցրեց, որ Հայաստանի ներկա ղեկավարությունը իշխանության է եկել առանց գործունեության ծրագիր ներկայացնելու, որն էլ այսօրվա մեր տնտեսության, մեղմ ասած, մխիթար վիճակի պատճառն է:

Հանրահավաքը եզրափակվեց ԱԻՄ-ի նախագահ Պ. Հայրիկյանի ելույթով։ Իր կարճատեւ խոսքում Հայրիկյանն անդրադարձավ Արցախի հիմնահարցին, եւս մեկ անգամ շեշտելով, որ այն «պետական օժանդակություն պահանջող ինքնորոշման շարժում է»: Նրա ուշադրությունից չվրիպեցին մերթընդմերթ որոշ հռետորների կողմից ՀՀ Գերագույն խորհրդի ինքնալուծարքը պահանջող կոչերը։ Պ. Հայրիկյանը նշեց, որ այս պահին նման առաջադրումը ձեռնտու է միայն իշխանություններին։

Անդրադառնալով ՀՀ անկախության միջազգային ճանաչման փաստին, նա հայտարարեց, թե «այդ ճանաչումը ՀՀ արտաքին գործոց նախարարության կողմից ըստ էության չի օգտագործվում Արցախի խնդիրը միջազգային շրջանակներում արծարծելու ուղղությամբ»։ Ուստի ամենեւին էլ անսպասելի չէր հանրահավաքի մասնակիցներին ուղղված նրա կոչը՝ «Արցախի ճանաչում» վանկարկումով շարժվել դեպի ՀՀ արտաքին գործոց նախարարություն, ինչը եւ կատարվեց։ Ազատության հրապարակից երթով շարժվելով Բաղրամյան փողոց եւ խմբվելով նախարարության շենքի առջեւ, ցուցարարներն իրենց պահանջը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, տեղ հասցնելու համար Պ. Հայրիկյանի գլխավորությամբ մի պատվիրակություն ուղարկեցին նախարարություն: Ինչպես վերադառնալուց հետո հայտարարեց Պարույր Հայրիկյանը, նրանց ընդունել էր փոխնախարար Արման Նավասարդյանը և խոստացել 2 օրվա ընթացքում պատասխանել հանրահավաքի մասնակիցների պահանջին:

Աղբիւր՝ ankakhutyun.am՝

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>