Category: Հրապարակումներ
Published on 30 March 2013
Print

Սոցցանցերում և ԶԼՄ-ներում սկանդալի էֆեկտ ունեցավ կառավարության այն որոշումը, համաձայն որի՝ Պարույր Հայրիկյանին հատկացվել է 20 մլն դրամ՝ արտերկրում բուժում ստանալու համար: Ինչո՞ւ կառավարությունը երբևէ մի լումա չի հատկացնում սոցիալապես անապահով երեխաների բուժման համար, ինչո՞ւ այդ նույն կառավարությունը ականջալուր չի լինում զոհված ազատամարտիկի ընտանիքի մոր կամ երեխայի անհետաձգելի բուժման անհրաժեշտությանը արտերկրում, ինչո՞ւ կառավարությունը նույնքան մարդասեր չի գտնվում զինվորի, մտավորականի և վերջապես ցանկացած ՀՀ քաղաքացու հանդեպ, այն դեպքում, երբ այդ քաղաքացիների 40 տոկոսից ավելին, ըստ պաշտոնական տվյալների, աղքատ է: Սրանք, անշուշտ, արդարացված հարցադրումներ են, հանրային ընդվզումը նույնպես հասկանալի է, առավել ևս, որ մահափորձից հետո Պարույր Հայրիկյանի վարքագիծը դրա համար ստեղծում է բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Ես ուզում եմ մի քանի հարց հակառակ շեշտադրմամբ հնչեցնել.

1.Եթե Հայրիկյանը մահափորձի արդյունքում, Աստված մի արասցե, սպանված լիներ, և պետությունը նրա ընտանիքին ցմահ թոշակ նշանակեր, հասարակության վերաբերմունքը ինչպիսի՞ դրսևորում կունենար: Կարելի չկասկածել՝ դրվատելի, վեհ ու դրական: Սարսափելի է մտածել, որ մենք այն հասարակությունն ենք, որտեղ մեռելների համար հումանիզմի ու մարդասիրության սահմաններն անսահման են, իսկ ողջերի դեպքում՝ ճիշտ հակառակը:

2. Պետությունը պարտավո՞ր էր ապահովել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումը: Կարծում եմ՝ այո՛, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ՝ հրազենային վնասվածք ստանալու պահին Հայրիկյանն անձեռնմխելի էր:

3. Կա՞ր խիստ անհրաժեշտություն Հայրիկյանի բուժումը կազմակերպել արտերկրում: Հարցին պետք է պատասխանեն բացառապես բժիշկները:

4. Ի՞նչ նպատակ էր հետապնդում իշխանությունը՝ Հայրիկյանի բուժման համար բյուջեից փող հատկացնելով: Հնարավո՞ր չէր այդ գումարը հատկացնել ոչ թե կառավարության ուղղակի որոշմամբ, այլ, ասենք, մի քանի բարերարի միջոցով, թե՞ խնդիր էր դրված մինչև վերջ «փչացնել» Հայրիկյանին:

5. Հայրիկյանի 20 մլն-ի առնչությամբ բարոյական կոչերով հանդես եկողները ինչո՞ւ աղքատ ու հիվանդ երեխաների մասին չէին հիշում այն ժամանակ, երբ բյուջեից ավելի քան 120 մլն դրամ էր հատկացվում բարձրաստիճան պաշտոնյաներին ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար: Որևէ մեկը տեղյա՞կ է, թե քանի այդպիսի 20 մլն է հատկացվում տարբեր տրամաչափի պետական չինովնիկների արտասահմանյան այցերի համար, թե՞ դա շատ ավելի հարգելի բյուջետային ծախս է, քան Հայրիկյանի առողջությունը:

6. Իշխանության հետ քաղաքական առևտրի ու խարդավանքի գնալուց հետո Հայրիկյանի կենսագրությունից ջնջվե՞լ է նրա 17 տարվա բանտային տարեգրությունը՝ հանուն Հայաստանի անկախության: Հայրիկյանը դադարե՞լ է անկախության սիմվոլ լինելուց:

 

Աղբյուր՝ Hayeli.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>