Category: Հրապարակումներ
Published on 28 March 2013
Print

Իշխանության ինչի՞ն էր պետք հարվածել Պարույր Հայրիկյանին: Ի՞նչ տրամաբանությամբ կայացվեց նրա բուժօգնության ծախսը հոգալու որոշումը: Մի՞թե որոշում կայացնողների համար պարզ չէր, որ վստահության, սոցիալական ծայրահեղ բեւեռվածության, առողջական եւ սոցիալ-տնտեսական ահռելի խնդիրներին տիրապետող տեղեկատվական հանրույթի, 35 տոկոսից ավելի աղքատություն ունեցող հասարակության եւ պետության համար այդ որոշումից հետո Հայրիկյանը դառնալու էր ծաղրի, հեգնանքի, սարկազմի առարկա:

Նրա հանդեպ մահափորձն առանց այդ էլ բավական ենթարկվեց այդօրինակ վերաբերմունքի: Արժանի, թե ոչ, այլ խնդիր է: Կարծիքներն այստեղ տարբեր են, եւ ոմանք մահափորձի հետեւում տեսնում էին շատ լուրջ վտանգներ՝ ի դեպ, այդ թվում նաեւ Հայրիկյանին ծաղրի առարկա դարձնող որոշում կայացրած իշխանությունը, իսկ ոմանք մահափորձին այդպես էլ լուրջ չվերաբերեցին, իհարկե շատերը մարդկայնորեն ցավելով Հայրիկյանի համար:

 

Մի՞թե կառավարության համար քիչ էր եղած սարկազմը, հեգնանքը, որ կարիք կար նոր որոշումով ավելացնել այդ դոզան: Թե՞ կար հենց այդ խնդիրը, որ կամ իշխանությունն ինքն էր դրել իր առաջ, կամ հանձն էր առել որեւէ մեկի առաջ ունեցած պարտավորությունից ելնելով:

Դժվար է ասել, բայց որ խնդիրը լուծվել է գրեթե փայլուն կերպով՝ որոշելով Հայրիկյանի բուժման համար հարկատուների փողից հատկացնել 50 հազար դոլար, անկասկած է:

Միգուցե այլ հասարակության պարագայում, այլ իրավիճակում որոշումը լիներ ռացիոնալ: Հասարակական համակեցության, պետական կառավարման, պետություն-հասարակություն հարաբերությունների այլ որակի, քաղաքական համակարգի եւ ընդհանրապես քաղաքականություն հասկացության հանդեպ հանրային վստահության այլ մակարդակի եւ պատկերացումների պարագայում, երբ լիովին այլ կլիներ նաեւ պետական արժանապատվության հանրային զգացումը, քաղաքացիները գուցե իրենք պահանջեին կառավարությունից ֆինանսավորել մի մարդու առողջության վերականգնման գործընթացը, որն իր կյանքի երիտասարդությունը զոհել է խորհրդային բանտերին՝ Հայաստանի անկախության համար պայքարելով, եւ ում սպանելու փորձով ինչ որ ուժեր ցանկացել էին պետական կառավարման կարեւոր գործընթաց տապալել:

Բայց Հայաստանում իրականությունը բոլոր առումներով հեռու է դրանից, եւ իշխանությունը ամենից լավ գիտեր այդ մասին: Եվ իմանալով հանդերձ կայացվում է այդպիսի որոշում, հանրային գիտակցության եւ մահափորձի ենթարկված Հայրիկյանի միջեւ քաշելով նոր ու բավական խոսուն մի անջրպետ:

21-րդ դարում կան ֆինանսական աջակցության հարյուրավոր մեթոդներ, որոնցից ընտրվել է ամենաանցանկալիներից մեկը: Դա խոսում է կամ որեւէ դիտավորության, կամ պետական կառավարման համակարգում մարտահրավերների հանդեպ բացարձակ ոչ ադեկվատության, կամ էլ պարզապես Հայաստանի ինքնիշխանությունը սպասարկելու այդ համակարգի անկարողության մասին:

Պետական միջոցներով ֆինանսավորելով Հայրիկյանի բուժումը, իշխանությունն իհարկե գուցե ուզում է այլ մեսիջ փոխանցել, որ Հայրիկյանը գտնվում է պետական հոգածության ներքո եւ պետությունը հանդիսանում է նրա դեմ մահափորձի այսպես ասած «իրավատերը»:

Սակայն, «իրավատեր» լինելու լավագույն տարբերակը Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի լիարժեք բացահայտումն է, եւ որքան ուշանա այդ բացահայտումը, այդքան արժեզրկվելու են թե մահափորձը, թե պետության բաց թողած մեսիջները:

Բոլոր դեպքերում, հարցն իսկապես լուրջ է, եւ սեղանին ոչ այնքան 20 միլիոնն է, որքան անկախ պետականության 20 տարին:

 

Աղբյուր՝ lragir.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>