Category: Հրապարակումներ
Published on 17 February 2013
Print

1988 թուականի փետրուար... Երբ հայ ժողովրդի գերակշիռ մասը Լենին Պարտիայ –Գորբաչով վանկարկելով, ակնկալում էր ,որ Արցախի հարցը շուտով Մոսկուայում իր լուծումը պէտք է գտնի, հայ քաղաքական կեանքում, Տիրոջ կամքով, հայտնուեց մի մարդ, ով ասաց ողջ ճշմարտութիւնը. այն է՝ հայ ժողովրդի բոլոր խնդիրների՝ այդ թւում Արցախի հարցի յուծման բանալին Խորհրդային Հայաստանի անկախացումն է։ ԵՒ դա ոչ անյայտ Պարոյր Հայրիկեանն էր, ում խորհրդային բռնապետութեան 18 բանտային տաժանակիր տարիները ամենեւին էլ չէին ընկճել եւ ետ պահել իր պայքարից։ Հայրիկեանի վճռականութիւնից վախեցած մոսկովեան իշխանութիւնները փորձեցին նրան ֆիզիկապէս մեկուսացնել՝նախ ձերբակալելով եւ ապա ձեռնաշղթաներով Աֆրիկա ուղարկելով։ Սակայն հեռաւորութեան վրա էլ՝ ԽՍՀՄ-ից դուրս լինելով, Հայրիկեանը կայսրութեան անսասանութեանը, ամբողջականութեանը սպառնացող համար առաջին գործիչն էր։ Սա լաւ հասկանալով, Կրեմլը իր քարոզչամեքենայի ողջ զինանոցը օգտագործեց վարկաբեկելու եւ նսեմացնելու անկախութեան դրօշակակրին։ Այսպիսով Հայրիկեանի ազդեցութիւնը չէզոքացնելու նպատակով՝ փորձեցին հոգեպէս ու բարոյեապէս նրան սպանել։ Ինչ հերիւրանքներ ասես, որ չտարածեցին նրա մասին, նոյնիսկ ծաղրի սկսեցին ենթարկել նրա արտաքինը։ Այս ամէնում ցաւալին այն էր, որ Հայրիկեանի վարկաբեկմանը մասնակից էին ոչ միայն օտարազգի գործակալները, այլեւ դրանց հայազգի կամակատարների մեծ բազմութիւն։ Նրա դէմ սկսեցին գործել թէ՛ տեղի կոմունիստ-կոմսոմոլները , թէ ՛ դրսի աւանդական կուսակցութիւնները եւ թէ՛ իշխանութիւններին հլու հնազանդ չեկիստ մտաւորականներն ու լրագրողները, ըստ որոնց՝ Հայրիկեանը ներկայացւում է իբրեւ ազգի թշնամի։

Ժամանակը ցոյց տուեց, որ Կրեմլի մտավախութիւնները հիմնաւոր էին, որուհետեւ հէնց Պարոյր Հայրիկեանը դարձաւ Խորհրդային Միութեան եւ Արեւելեան Եւրոպայի ազգային-ժողովրդավարական շարժումների ընտրուած առաջնորդը, որին յետագայում ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարը յանձնեց պատուո տախտակ, որի վրա գրուած էր. «Ողջունում ենք Ձեր խիզախումը, որը սկիզբ հանդիսացաւ 300 մլն. ժողովրդի ազատագրմանը »։ Բարձրաստիճան պաշտօնեայի կողմից նման խօսքերի Հայրիկեանից բացի որեւէ գործիչ երբեք չի արժանացել։

Ի վերջոյ, ըստ Հարիկեանի նախանշած ճանապարհի, Հայաստանում 1991 թուականի սեպտեմբերին անցկացուեց անկախութեան հանրաքուէ։ Թւում էր թէ մեր նորանկախ պետութեան ղեկավարը պէտք է լիներ անկախութեան առաջնորդը, սակայն Հայաստանի նախագահ դարձաւ մէկը, ով յակառակը՝ հրապարակաւ յանդես էր եկել Անկախ Հայաստանի դէմ։

Բնականաբար ամէն նորանկախ երկիր, եւ յատկապէս թշնամաբար տրամադրուած հարեւան ունեցողը, պէտք է մտածի ազգային սահմանադրութիւն եւ բանակ ունենալու մասին։ ԵՒ ահա, երբ Հայրիկեանը սկսեց հանդես գալ դրանց ստեղծման հրամայականով, իշխող վարչախմբի կողմից դա թշնամաբար ընդունուեց։ Ամէն ինչ արւում էր Հայրիկեանին դարձեալ վարկաբեկելու եւ հեղինակազրկելու համար։

Երկրորդ նախագահն էլ իր հակահայրիկեանական քայլերով աւելի հեռուն գնաց՝ փակելով ազգային բոլոր արժեքաւոր գաղափարները հայ հանրութեանը մատուցած եւ նրան առաջնորդած

ԱԻՄ կազմակերպութեան բոլոր գրասենեակները։ Հիշենք ,որ այս նախագահի օրոք Հայաստանի ռազմավարական կարեւոր օբյեկտներն ինչ-որ պարտքի դիմաց յանձնուեցին Ռուսաստանին։

Ինչեւէ, 1988 թուականից արդէն քառորդ դար է անցել, եւ պատմութիւնը նոյնութեամբ կրկնւում է։ Անկախութեան առաջնորդ Պարոյր Հայրիկեանը մասնակցում է Հայաստանի Հանրապետութեան նախագահի ընտրութիւններին։ Իր ուղղերձը սկսում է հետեւեալ խօսքերով. «Մենք միասին վերականգնել ենք Անկախ Հայաստանը, այժմ եկել է ՊԱՀ-ը միասին կերտելու Ազատ Հայաստան»։ ԵՒ այն ժամանակ, երբ Հայրիկեանի խօսքով ժողովուրդը ձերբազատւում էր իրեն պարտադրուած վախից եւ հուսահատութիւնից, երբ սկսել էր աճել նրա վարկանիշը, երբ Հայրիկեանի ջանքերով հասունանում էր նաեւ միասնական թեկնածուի առաջադրման գաղափարը, երբ իրօք արդէն շոշափելի էր դառնում հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի լիակատար իրագործումը, այդ ժամանակ է, որ Պարոյր Հայրիկեանի հանդէպ հերթական մահափորձն է կատարւում։ ԵՒ ով կարող է պնդել, թէ դա նախկին ձեռագրով չի կատարուել, ինչի մասին, որ ասաց ինքը՝ Հայրիկեանը։

Սակայն ամենացաւալին ու զարմանալին ոչ թէ մահափորձի բուն գործողութիւնն էր, այլ դրան հետեւուած զարգացումները, յատկապէս այն պահից սկսած, երբ Հայրիկեանը սկսեց խօսել մահափորձի չեկիստական ձեռագրի մասին։ Կարծես թէ Կրեմլի հակահայրիկեանական հին քարոզչամեքենան գործի դրուեց։ 25 տարուա վաղեմութեան սցենարը սկսեց կրկին նոր թարմութեամբ գործել: Չչկարողանալով Հայրիկեանին ֆիզիկապէս ոչնչացնել, պէտք էր փորձել նրան բարոյեապէս սպանել։ ԵՒ ով ասես, որ չլծուեց այս գործին՝ թէ ՛ ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Բորդիւուժան, որը յայտարարեց, թէ Հայրիկեանի հետ կատարուածը մահափորձ չի եղել, եւ թէ՛ նրա գաղափարակից հայաստանեան կուսակցապետեր, նախագահի թեկնածուներ (մարդիկ, որոնք հայ ազգային քաղաքական կեանքում բացարձակապէս ոչ մի ներդրում չունեն), ծախու մտաւորականներ, լրագրողներ. մի խօսքով դիւային մի ստուար, բայց եւ ճղճիմ զանգուած։ Կարծես թէ ողջ աշխարհի թոյնն ու մաղձը հաւաքուել էր հայոց աշխարհում՝ վերջնականապէս խորտակելու Ազատութեան ասպետին։

Սրանք նախ սկսեցին մեղադրել Հայրիկեանին, թէ ինքն է կազմակերպել իր մահափորձը՝ վարկանիշը բարձրացնելու համար։ Հետոյ յայտարարեցին, թե Հայրիկեանը համագործակցում եւ առեւտուր է անում իշխանութիւնների հետ՝ ընտրութիւնները չյետաձգելու վերաբերեալ եւ մի շարք այլ հերյուրանքներ։

Եթե սրանք մարդ լինեին եւ ոչ թափթփուկ, ապա ոչ թէ կը մեղադրեին հանուն հայրենիքի իր կեանքը վտանգած, վիրաւոր վիճակում գտնուող Հայրիկեանին, այլ թեւ ու թիկունք կը լինեին ու կը սատարեին նրան՝ քաջ գիտակցելով, որ Հայրիկեանի վրա ձեռք բարձրացնողը, հարուածում է Հայաստանի ինքնիշխանութեանը:

Սրանք, եթէ կամակատար էլ չեն, ապա այնքան ստրկամիտ են, որ չեն կարողանում հասկանալ, թէ ինչու է Հայրիկեանը այս մահափորձի մեջ Ռուսասաստանի կայսերապաշտ ուժերին տեսնում։ Այդ առումով նախ նշենք, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակից պետութիւնը չէ. պարզապէս Հայաստանը կիսագաղութային կախվածութիւն ունի Ռուսաստանից։ Ռուսաստանը Հայաստանում տիրապետում է ռազմավարական նշանակութիւն ունեցող բոլոր օբյեկտները, որով մեր երկիրն իր ինքնիշխանութիւնը կորցնում է։ ԵՒ հետո Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ եւ ամէնեւին էլ շահագրգռուած չէ, որպեսզի Հայաստանում կայուն ժողովրդավարութիւն հաստատուի։ Այդ ի՞նչ կոյր մոլագար նուիրում է մեկի հանդէպ, ում համար

դու ոչ մի արժեք չունես։ Ով քո երկրի անկախութիւնը կործանեց եւ հողերի մեծ մասն էլ նուիրեց մեր հարեւաններին, սպանեց տասնեակ հազարաւոր մտաւորականների ու հոգեւորականների, Նժդեհը, որի անունն այդքան շատ ենք արտաբերում, իր մահկանացուն կնքեց ռուսական բանտում։ ԵՒ այդ մասին փոխանակ դուք խօսեք, ցեխ եք շպրտում նրա վրա, ով աներկիւղ այս ճշմարտութիւններն է ջրի երես հանում։

Այդ մարդկանց դիմելով, ես ուզում եմ ասել, որ որքան էլ սատանայի ջրաղացին ջուր լցնելով, փորձեք նսեմացնել Պարոյր Հայրիկեանին, դա ձեզ չի յաջողուի, քանզի Տիրոջ Աջը հովանի է նրան։ Այն ինչ այսօր կատարւում է Հայաստանում՝ Աստուածաշնչում հիշատակուած Գառան (Քրիստոսի) եւ Կարմիր գազանի պատերազմի շարունակութիւնն է, որում Քրիստոսը պատերազմի դրօշակը յանձնել է իր ընտրեալ հայորդուն։ Պատերազմելով նրա դեմ, դուք կը պատերազմեք Աստծոյ դէմ։ Դուք, որ փոշի եք հսկա ժայռի դիմաց, շուտով կանէանաք, երբ պատմութեան քամին փչի, ձեզանից ոչ մի հետք էլ չի մնա։

Մինչ փետրուարի 18-ը մի քանի օր է մնացել։ Այդ օրը խորհրդանիշն է հայ ժողովրդի ազատասիրութեան, քանի որ 1921 թուականի փետրուարի 18-ին տապալեցինք բոլշեւիկեան բռնատիրութիւնը եւ կարճ ժամանակով վերականգնեցինք Ազատ ու Անկախ Հայաստանը։ Ուրեմն այդ նուիրական օրը ազատութեան ձգտումը դարձեալ պէտք է հաղթի ստրկամտութեանը, արդարութիւնը՝ կեղծիքին, արժանապատւութիւնը՝ ստորաքարշութեանը, լոյսը՝ խաւարին։

 

ԱՐՍԷՆ ՊՕՂՈՍԵԱՆ

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>