Category: Հրապարակումներ
Published on 18 January 2013
Print

Քվեաթերթիկում առաջին համարին հավակնող Հրանտ Բագրատյանի կայքն այս օրերին մշակման փուլում է։ Այնուամենայնիվ, կայքէջի հասցե մուտք գործելով՝ որոշ բաների հնարավոր է ծանոթանալ։ Կայքում Բագրատյանի կենսագրական «այլ տվյալներ» բաժնի ներքո ներկայացված է նրա գործունեությունը, որին, թերեւս, երանի կտար գրանցված մյուս թեկնածուներից յուրաքանչյուրը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, ում կենսագրությունը լցված է այս կամ այն ոլորտում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու տարեգրությամբ։ Թեկնածու Բագրատյանի պաշտոնական կայքէջում ասվում է, որ նախկին վարչապետը Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս է, 1995թ. ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ, 1998թ. ՄԱԿ-ի եւ Քեմբրիջի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ, համարվում է մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը, 16 գրքի եւ 60 գիտական հոդվածի հեղինակ է, նրա գրքերը լույս են տեսել 4 լեզուներով եւ այլն։

www.bagratyanpresident.am կայքում թեկնածուն ունի նախասիրությունների ցանկ, որտեղ տեղադրված է նրա երաժշտական ստեղծագործությունների տեսագրության երկու ինտերնետային հղում (Բագրատյանը կիթառահար է, բլյուզի պրոֆեսիոնալ կատարող): Տեղադրված է նրա նախընտրական ծրագիրը, նաեւ՝ «Ազատություն» կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը։ Սակայն, դատելով նյութերի դիտումների քանակից, կարելի է եզրակացնել, որ Բագրատյանի եռալեզու կայքի մասին դեռեւս շատ քիչ մարդ գիտի։ Չնայած օտար՝ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով պատրաստված են միայն բաժինները (մենյու) եւ թեկնածուի կենսագրությունը։

www.hayrikyan.com։ Սա Պարույր Հայրիկյանի պաշտոնական կայքն է, հարուստ բովանդակությամբ։ Կայքէջում նյութերի մեծ մասը գրված է Հայրիկյանի նախընտրած դասական ուղղագրությամբ, մի մասն էլ, հիմնականում՝ մամուլի արտատպումներն ու Հայրիկյանի որոշ գրքեր՝ «1922 թ. Հայաստանին պարտադրուած ուղղագրութեամբ»։ Կայքի աջ կողմում տեսանյութերի ցանկն է, իսկ դրանից վերեւ՝ օնլայն դրամական նվիրատվություն կատարելու պատուհանը։ Սրա միջոցով համակիրներին հնարավորություն է տրված պլաստիկ քարտի հաշվեհամարից «նուիրատւութիւն» կատարել աշխարհի 17 դրամական միավորներով։ Հետաքրքիր է, որ հայկական դրամն այդ ցանկում չէ:

Պ. Հայրիկյանի պաշտոնական կայքէջը առատ է հայտարարություններով, հրապարակումներով, ասուլիսներով ու հարցազրույցներով, որ արվել են նախընտրական այս շրջանում։ «Գրադարան» բաժնում իր հեղինակած գրքերն են, ձայնադարանում՝ քնարական եւ հայրենասիրական երգերի ձայնագրություններ՝ անվանի սոպրանո Իրինա Զաքյանի, էստրադային երգիչներ Արսեն Սաֆարյանի ու Արման էլբերտի, Զարուհի Բաբայանի կատարումներով։ Տեսադարանում ֆիլմեր ու հաղորդումներ են Հայրիկյանի մասին։

Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքի փնտրտուքը բերեց հայտնի «Livejournal» բլոգային հարթակ, որտեղ նա դեռեւս 2008թ. նախագահական ընտրություններից հետո անձնական բլոգ էր բացել։ Այն մինչ օրս չի թարմացվել։

Վարդան Սեդրակյանի www.sedrakyan.net պաշտոնական կայքը լցված է էպիկական շնչով եւ կրում է «Արմենոիդների էպոսներ» խորագիրը։ Այստեղ նախագահի թեկնածուի «Deusvult! Կամոքն Աստծո» գիրքն է, որտեղ ներկայացված է հայ-ռուսական, հայ-անգլոսաքսոնական էպոսների համեմատական վերլուծությունները։ «Քնած հերոսներ» բաժնում տեղադրված են 12 ազգերի էպոսների մասին նյութեր, իսկ «Գրադարան» բաժնում Գ. Սրվանձտյանցի, Ալ. Ֆադեեւի, Ալ. Տոլստոյի, Լոուրենս Արաբիացու, Պ. Տիչինայի, Ուստա Հրանտի եւ այլոց նյութերը՝ «Սասնա ծռեր» էպոսի մասին։ Տեսանյութերի բաժնում Սեդրակյանի վարած էպոսագիտական սեմինարներից տեսանյութեր են։

Թեկնածուի կայքում, որպես «պրոֆիլի նկար» մուտքագրված է ասպետական ոճով թրի լուսանկար։ Երեւի իր շուրջ բարձրացրած աժիոտաժն է պատճառը, որ էպոսագետի էջը, ըստ կայքի հաշվիչի, արդեն մոտ 25 հազար 650 դիտող է ունեցել։

Վերը նշված բոլոր կայքերում պակասում է ընտրողների հետ անմիջական, ուղիղ կապով ֆորումներ կազմակերպելու հնարավորությունը։

Համացանցում անցկացրած փնտրտուքները՝ թեկնածուներ Ա. Հարությունյանի, Ր. Հովհաննիսյանի, Ա. Ղուկասյանի եւ Ա. Մելիքյանի պաշտոնական կայքերը հայտնաբերելու ուղղությամբ, անարդյունք էին։

ԳագիկԱՂԲԱԼՅԱՆ

Աղբյուր՝ «Հայկական ժամանակ»

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>