Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցելը խիստ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Այսպիսի եզրակացություն է անում «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ ուսումնասիրելով խմբագրության ձեռքի տակ հայտնված ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի փաստաթուղթ, որում նշված է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով։
Թերթը նշում է, որ առնվազն 5 տոկոսով թանկանալու է Հայաստան ներկրվող տավարի միսը։ Եթե մինչև հիմա տավարի մսի վրա գործում էր 10 տոկոս մաքսատուրք, ապա ՄՄ-ին անդամակցելուց հետո մաքսատուրքը կբարձրանա մինչև 15 տոկոս։ Թռչնի միսը կթանկանա 15 տոկոսով․ գործող մաքսատուրքը 10 տոկոս է՝ կդառնա 25 տոկոս։ Կաթնամթերքը կթանկանա միջինը 8.3 տոկոսով, ցորենը կթանկանա 5 տոկոսով, բրինձը 13 տոկոսով, ձեթը, դեղորայքը 5 տոկոսով, օճառն ու կենցաղային քիմիան ավելի քան 13 տոկոսով, բենզինը` 5 տոկոսով և այլն։
«Ընդհանուր առմամբ, ոչ ՄՄ երկրներից ներկրվող ապրանքների համար մենք տարեկան ազգովի կվճարենք մոտ 100 միլիոն դոլար ավելի գումար»,–գրում է թերթը։
Աղբիւր՝ epress.am