ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մշակած Սահմանադրության մոդելով Հայաստանը դառնալու է աշխարհի միակ բացարձակ ժողովրդավարական երկիրը: Այս մասին այսօր` օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդը:
«Սահմանադրական բարեփոխումների գլխավոր թերությունն այն է, որ այնտեղ քաղաքացիներին վերաբերող հստակ դրույթներ չկան, իսկ մեր տարբերակում Հայաստանը կդառնա աշխարհի առաջին և միակ բացարձակ ժողովրդավարական երկիրը»-ասաց ԱԻՄ` Պարույր Հայրիկյանը, հավելելով, որ եթե քաղաքական ուժերի հետ չստացվի, աշխատելու է ժողովրդի հետ:
Պարույր Հայրիկյանը նաև հիշեցրեց, որ ժամանակին ինքն է գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ինչի մասին հիմա գերադասում են չհիշել. «Տկարամիտներն անգամ ուրանում են, որ ես գլխավորել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Իսկ հիմա ես մարզիչի կարգավիճակում եմ»։
ԱԻՄ առաջնորդի կարծիքով` իր առաջարկած Բացարձակ ժողովրդավարական համակարգն այլընտրանք չունի, այն իր մեջ ներառում է խորհրդարանական, նախագահական և կիսանախագահական համակարգերի բոլոր առավելությունները ու զերծ է այդ համակարգերին բնորոշ թերություններից: Նրա մշակած մոդելի ամենակարեւոր կետերից մեկը պատգամավորների ձայնի իրավունքն է` ըստ նրա օգտին քվեարկած քաղաքացիների թվի։
«Յուրաքանչյուր քաղաքացի, ով մասնակցել է ընտրությանը, պետք է վստահ լինի, որ իր ձայնը հասնելու է խորհրդարան: Այսինքն` յուրաքանչյուր խորհրդարանական քվեարկելու է այնքան ձայներով, որքան ինքը ստացել է:» ասաց Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանի կարծիքով՝ մեր երկրում սահմանադրական բարեփոխումների հրատապ անհրաժեշտություն չկա, այդ պատճառով նա բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում միավորվել՝ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների. «Ո'չ, բոյկո'տ և բացարձակ ժողովրդավարություն ասողներ, եկեք միանանք իրար, ներկայացնենք միակ ամենաճիշտ տարբերակը և պայքարենք»:
Աղբիւր՝ News.am
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։