ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին

Category: Հայտարարություններ
Published on 23 July 2014
Print

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին
22 յուլիսի 2014թ., Երեւան
Համոզուած եմ, որ Ձեր համապատասխան ծառայութիւնից Ձեզ իրազեկել են, որ սոյն թուականի յուլիսի 10-ին ԱԻՄ ղեկավարութիւնը յանդէս է եկել յայտարարութեամբ առ այն, որ ներկայ ռազմավարական ճգնաժամի պայմաններում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից է բխում հրաժարումը Ձեր որդեգրած ուղուց եւ վերադարձը 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքուէով հայ ժողովրդի որդեգրած արժեքներին։ 
Անձամբ ինձ համար հասկնալի էր ու նոյնիսկ օրինաչափ Ձեր անակնկալ հրաժարումը եւրոպական կողմնորոշումից յանուն ռուսական կայսերապաշտութեան։ Այսօր որեւէ ուսանող գիտէ, որ մէկ-երկու տարուայ մէջ քաղաքագէտ եւ մանաւանդ քաղաքական գործիչ չես դառնայ։ Գաղտնիք չէ, որ ինչպէս ՀՀ առաջին նախագահին կրեմլը մի քանի տասնամեակ պատրաստում էր իրեն եւ ոչ անկախ Հայաստանին ծառայելու համար, ինչպէս երկրորդ նախագահին տասնամեակներ պատրաստում էր իրենց համակարգին ծառայելու համար (եւ դարձրել էին Մետաքսի կոմբինատի կոմկուսակացական կազմակերպութեան ղեկավար), այդպէս էլ Ձեզ Ձեր երիտասարդական տարիների ուսուցիչները չէին պատրաստում անկախ Հայաստանին ծառայելու համար։ Դուք նրանց պէտք էիք ռուսական իմպերիալիստական համակարգին ծառայելու համար (այն ժամանակ՝ կոմունիստական, այսօր՝ չեկիստական-պուտինական)։ Եւ դրանում Դուք որեւէ մեղաւորութիւն չունեք․ այդպիսին էին ժամանակները։ 
Ձեզ բախտ չի վիճակուել լինել Հայկազ Խաչատրեանի յետեւորդը, ով Ստեփան Զատիկեանին պատրաստում էր Անկախ Հայաստանի համար։ Ստեփան Զատիկեանն էլ ինձ էր պատրաստում, ես՝ ուրիշների։ Սակայն վերադառնանք ստեղծուած իրավիճակին։ Չէ՞ որ աւելի քան ակնյայտ է, որ անձամբ Դուք եւ ձեր սխալների պատճառով հայ Ժողովուրդը յայտնուել է կոտրուած տաշտակի առջեւ։ Մի՞թէ դժուար է պատկերացնել, որ այն, ինչ Դուք չեք կարողանում անել, կարող է ուրիշն անել։ Որեւէ անհատի համար անհնարինը չի նշանակում ընդհանրապէս անհնարին։ Եթէ Ձեզ սխալ նպատակների համար պատրաստելու հարցում ժամանակներն էին մեղաւոր, ապա այսօր այդ կրթամշակութային ուղեբեռով Ձեր «կերտած» ազգավնաս քաղաքականութեամբ Հայաստանի ղեկին Ձեր մնալը որեւէ արդարացում չունի։ Հայաստանը պէտք է կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականութիւնը եւ դրա առաջին համակարգային քայլը Ձեր հրաժարումն է ՀՀ նախագահի պաշտոնից։ Մնացեք խորհրդարանական մեծամասնութեան առաջնորդ, ղեկավարեք Ձեր կուսակցութիւնը, սակայն ընդունեք, որ ՀՀ արտաքին քաղաքականութեան հիմնական ուղեգծից՝ եւրոպական կողմնորոշումից հրաժարումով, Դուք արդէն կործանման նախաշեմին եք հասցրել մեր երկիրը։ Մի՞թէ դժուար է հասկանալ, որ կործանուող երկրում հնարաւոր չէ յաջողակ լինել նաեւ անհատապէս՝ անձնապէս։ 
Աւելի մեղմ իրավիճակում Ձեր երբեմնի առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեանը իր մէջ ուժ գտաւ հրաժարուելու նախագահի աթոռից։ Այժմ Ձեր հերթն է, սակայն ի տարբերութիւն անպատասխանատու եւ եսակենտրոն հրաժարականի, Ձեզնից ակնկալւում է մտածուած եւ ազգանպաստ հեռացում։ Ես պատրաստ եմ օգնել բոլոր փուլերում եւ բոլոր առումներով՝ սկսած ամենապատասխանատուներից մինչեւ պարզ խորհրդատւութիւնը։
Հրաժարականի մասին յայտարարութիւնը ներկայացնելուց առաջ Դուք պէտք է ՀՀԿ-ի արտահերթ վեհաժողով հրաւիրեք, ներկայացնեք իրավիճակը, ներողութիւն խնդրեք ձախողումների Ձեր բաժնի համար, հանդիպման հրաւիրեք դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներին, իրազեկեք Ռուսաստանի հետ հաւասարակշիռ հարաբերութիւններ պահպանելուն զուգահեռ Արեւտեան կողմնորոշման վերդառնալու Ձեր կուսակցութեան որոշման մասին։ Դրանից յետոյ պէտք է ակնյայտ եւրոպական կողմնորոշում ունեցող քաղաքական գործչի վստահուի ՀՀ վարչապետի (եւ մինչ նոր նախագահի ընտրութիւնը ՀՀ նախագահին փոխարինողի) պաշտոնը։ 
Անձամբ ես հնարաւոր համարեցի Ձեր հրաժարականով վիճակը շտկելու տարբերակի մասին Ձեզ հետ խօսել միայն այն բանից յետոյ, երբ նկատեցի, որ Դուք վերջնականապէս չեք դարձել Պուտինի կամակատարը, քանի որ Ձեզ թոյլ տուեցիք, ճիշտ է, շատ զգուշաւոր սակայն քննադատական խօսք ասել Ռուսաստանի քաղաքականութեան մասին։ 
Այսօր եւ միայն այսօր պէտք է կատարել ճիշտ քայլը։ Համոզուած եմ, գիտեք, որ պուտինեան Ռուսաստանը իր եւ քաղաքական, եւ տնտեսական հոգեւավարքն է ապրում։ Նրան հաւատարիմ մնացած Հայաստանը, անկախ նրանից թէ ինչով է առաջնորդուել, անպատիժ չի մնալու։ Արդէն ստացուած «մեսիջները» աւելի քան մտահոգիչ են։ Բանն հասաւ այնտեղ, որ դիկտատորական Ադրբեջանը ԱՄն Սենատի կողմից ընկալւում է աջակցութեան արժանի պետութիւն, իսկ Հայաստան անունն անգամ բացակայում է։
Արտագաղթը շարունակւում է, ռուսական «էժան» գազի գինը աշխարհի միջինից զգալիօրէն բարձր է, էլեկտրականութեան գինը բարձրացաւ, ռուսական զենքով վերազինուող Ադրբեջանի սպառնալիքներն ու սադրանքներն աւելի վտանգաւոր են դառնում, երկկողմանի (ադրբեջանա-թուրքկան) շրջափակմանը գալիս է միանալու վրացական (եւրոպական-տնտեսական) շրջափակումը, բոլոր մասնագէտները խօսում են կեանքի յետագայ թանկացումների մասին, փակուղի է մտնում արցախեան հակամարտութեան կարգաւորումը, նսեմացւում է անձամբ Ձեր եւ Հայաստանի ազգային արժանապատւութիւնը։ 
Էլ ինչի՞ եք սպասում, էլ ի՞նչ ձախողումներ պիտի լինեն, որ Դուք ընդունեք, որ այսպէս շարունակուել չի կարող։ Այսպիսի իրաւիճակում աշխարհի բոլոր երկրներում քաղաքական ուժերը հրաժարական են տալիս: 
Դուք գիտեք, ես շատ երկար ճանապարհ եմ անցել եւ հաւատացնում եմ Ձեզ, որ այս տողերը գրում եմ բարեկամաբար՝ յուսալով, որ Դուք չեք կորցրել իրականութեան զգացումը։
Հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան առաքելութեամբ դեռեւս անցեալ դարի կէսերին ասպարէզ իջած ԱՄԿ-ԱԻՄ-ը եւ անձամբ ես կոչ ենք անում Ձեզ առարկայօրէն ու պատմական պատասխանատւութեամբ մտածել Հայաստանի եւ հայ ժողովրդի քաղաքակիրթ աշխարհի հետ ազատ, ապահով եւ արժանապատիւ ապրելու իրաւունքի մասին։

Պարոյր Հայրիկեան ԱՄԿ-ԱԻՄ առաջնորդ

sdfsdfsdfsdfsdf