Ամենքս մեզ համարենք մշտարթուն զինուոր եւ ամեն օրը՝ պայքարի ամենավճռական օրը

Category: Հայտարարություններ
Published on 09 December 2013
Print

Հայ մարդիկ, ազնիւ մարդիկ, մի թերագնահատեք չարի սպասաւորների գւրծերը։ Դուք կարող է ուժեղ լինելով արհամարհեք-անցնեք, բայց միւսները, մանաւանդ, նոր կեանք մտնողներն, ընկնում են ազդեցութեան տակ ու իրենք էլ դառնում չարի խաղալիք։ 

ԱԻՄ-ականներ, պաշտոնական տուելներւով 20 000-ից աւել ենք։ Դա թիւ է․ բայց այսօր միայն մենք չենք ազգային ու համամարդկային արժեքների հետեւորդները։ Չպէտք է յուսահատուենք։ Յիշեք 87թ.-ին ազգային (նաեւ արցախեան-ինքնորոշման) շարժման սաղմնային փուլում մենք ընդամենը 5 հոգի էինք։ ԱԻՄ-ն ստեղծուեց, «Անկախութիւն» շաբաթաթերթը լոյս տեսավ։ Մեծ մասը չէին հասկանում կամ դէմ էին։ «Իշխանութիւններն» էլ՝ կոնկրետ Դեմիրճեանը, ասում էին՝ Հայրիկեանին կախել է պէտք, որովհետեւ անկախութիւն է ուզում։ Բայց գնացինք առաջ, չէ՞։ 5-ը դարձաւ 50, 50-ը 500 եւ որքան էլ փորձեցին «լենին-պարտա- գորբաչով»-ով շեղել ու ինձ էլ 4-րդ անգամ կալանաւորեցին ու արտաքսեցին Եթովպիա, երկրաշարժ սարքեցին, մէկ է, իրականացաւ մեր նպատակը՝ժողովուրդը 94 տոկոսով «այո» ասաց։ 

Դրանից յետոյ չարի սպասաւորները վարպետօրէն օգտագործելով նաեւ մարդկային արատներն ու թուլութիւնները՝ ընչաքաղցութիւն, նախանձ, բարդոյթներ, իշխանատենչութիւն, իշխանութեան բերելով իրենց մարդկանց մեզ փորձում են ետ տանել։ Ի՞նչ, պիտի յանձնուե՞նք։ Յիշենք Չերչիլի խօսքերը՝ երբեք, երբեք չյանձնուել։ 

Ուրեմն ամենքս մեզ համարենք մշտարթուն զինուոր եւ ամեն օրը՝ պայքարի ամենավճռական օրը։ 

Գործերի մասին առանձին կգրեմ։ Հաւանաբար միայն 14-ին (ժամը 15-ին) հրապարակում հանդիպենք։ Երթի թոյլտւութիւնն էլ կայ։ 13-ին, կարծում եմ, ճիշտ կլինի միայն ներկայացնել նոր հարցման արդիւնքները։ Տեսնես, այս քայլերից ու պետական քարոզչութիւնից յետոյ ինչպիսին են տրամադրութիւնները։ Մեր միակ մխիթարութիւնը մնաց հասարակական կարծիքը։ Դա էլ կորցնենք, վերջ․․․

Իմիջայլոց, հանրահաւաքի ժամանակ էն անշնորքի՝ (Նախալեան, կարծեմ) վերաբերեալ միջոցներ ձեռնարկելու կոչին, ընթացք չեմ տալիս, ոչ կոչն արհամարհելու պատճառով։ Պարզապէս էդ լկտիին երեւի բացատրել են, որ իր գրածը (ցաւում է, որ ինձ չեն կարողացել սպանել) քրեօրէն հետապնդելի է ու քանի որ բոլոր ամբարտաւանների նման վախկոտ է, իր գրածը ջնջել է։ Համենայն դէպս տղաները չգտան։ Դրա նմանները մէկը չեն, երկուսը չեն։ Մարդիկ ասում են՝«շան տեղ մի դրեք», բայց մենք ասենք՝ Աստուած իրենց հետ։

sdfsdfsdfsdfsdf