Պարույր Հայրիկյանի ընտրական շտաբի աշխատանքների համակարգող Մանյա Այվազյանի խոսքով, այս պահի դրությամբ իրենք արձանագրել են մի շարք ընտախախտումներ, որոնք առնչվում են հիմնականում ընտրողների անձնագրերից կնիքների անհետացմանը:
«Անձամբ իմ անձնագրից անհետացել է կնիքը, իսկ մեր համակիրներից ստանում ենք ահազանգեր: Մասնավորապես 7/10, 6/27, 12/38, 2/9 ընտրատեղամասերում քվեարկած մեր համակիրների անձնագրերից անհետացել են կնիքները: Մենք գրավոր արձանագրություն չենք ներկայացրել, բանավոր դիմել ենք ԿԸՀ և տեղյակ ենք պահել, որ նման բան է տեղի ունենում: Ես ասացի, որ ԿԸՀ-ում արձանագրություն կազմեն, բայց իրենք չկազմեցին»,- նշեց Մ. Այվազյանը, փոխանցում է Panorama.am-ը:
Նրա խոսքով, որ ԿԸՀ-ից իրեն հորդորել են' գրավոր դիմել, չնայած իր ասածին չեն հավատացել, կանչել են ԿԸՀ:
«Ես ասում եմ, որ դա փաստ է, իմ անձնագիրն է, ես ուրիշի ասածի հիման վրա չեմ ասում, իմ անձնագրում այլևս չկա այդ կնիքը: Հեգնական տոնով ասացին «բա, հլը բերեք տեսնենք Ձեր անձնագիրը»: Իրենք ասացին, որ շատ հեշտ է այդ կնիքը ջնջել: Ասում եմ՝ ի՞նչ է, դիտավորյա՞լ է արված, որ մարդիկ կարողանան հեշտությամբ ջնջել՝ մանավանդ, երբ մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ շատ տեղամասերում կրկնակի, եռակի, նույնիսկ քառակի քվեարկություն է լինում»,- ասաց Այվազյանը:
Պ. Հայրիկյանի շտաբի համակարգողը մասնավորապես նշեց, որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը շատ են Արարատի մարզից, սակայն նրանք վախենում են ներկայանալ:
«Արարատի մարզի Ոստան համայնքից են ահազանգել, որ նույն քաղաքացին մի քանի անգամ է քվեարկում: Սիսավանից են զանգահարել և փոխանցել, որ իրենց ասել են, թե չեք կարող մասնակցել քվեարկության, քանի որ արդեն ձեր փոխարեն քվեարկել են: Զանգել են Արթիկի Սարալանջի գյուղից, ասում են, որ այնտեղ քվեարկությունը բաց է տեղի ունենում: Մեր վստահված անձը գտնվում է Սարալանջում, հաղորդում է, որ 20 րոպե է տեղամասում է, սակայն ոչ մի ընտրող չի մտնում ընտրատեղամաս՝ գուցե հենց նրա համար, որ նրա ներկայությամբ բաց քվեարկություն չկատարեն. երևի դրսից հսկում են տարածքը»,- մանրամասնեց Մ. Այվազյանը: Նրա խոսքով, այդ խախտումների վերաբերյալ շտաբում կկազմվեն արձանագրություններ: