Հայրիկյանը տեսել է իր վրա կրակողին

Category: Հայտարարություններ
Published on 01 February 2013
Print

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այսօր ժամը 11:00-ին վիրահատելու են:Վիրահատությունը բարդ չի լինելու, նրա մարմնից հանելու են փամփուշտը:Այս մասին տեղեկացնում է slaq.am-ի թղթակիցը, ով գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին` ժամը 23.30-ի սահմաններում Տպագրիչների 9 հասցեում մահափորձ է իրականացվել ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ:

Նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Երեկվանից ԱԻՄ առաջնորդին այցելում են բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս պահին, մեր թղթակցի փոխանցմամբ, Պարույր Հայրիկյանին տեսակցության են գնացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս լրագրողներին տեղեկացրել է, որ Հայրիկյանն իր հետ զրույցում պատմել է, որ տեսել է այն մարդու դեմքը, ով կրակել է իր վրա, սակայն նրա դեմքը չի հիշում:

Նա շատ մոտիկից է կրակել Հայրիկյանի վրա` մոտ 25 սմ հեռավորությունից:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը,ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Աղբյուր` Slaq.am
sdfsdfsdfsdfsdf