Այսօր մարդկանց մեծ մասը իրեն համարում է կոտրված. Պ.Հայրիկյան

Category: Հայտարարություններ
Published on 21 January 2013
Print

Այսօր մարդկանց մեծ մասը իրեն համարում է կոտրված՝ կյանքում մի անգամ բարոյական օրենքները չպահած, ընկած. այդ մարդկանց պետք է ասել, որ իրենք լավն են, Աստծու ստեղծածն են, որ ոտքի կանգնեն. այս խնդրի մասին խոսեց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում:

«Ցավոք սրտի, մարդկանց մեջ՝ հատկապես, պետական համակարգում աշխատող մարդկանց մեջ, մեծ է վախը: Դա պատիվ չի բերում մեզ: Իշխանությունն ուղղակի չի ահաբեկել նրանց, բայց այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ նրանք իրենց զգում են այդ իրավիճակում: Այսօր ես ուզում եմ օգնել, որ նրանք հաղթահարեն դա: Իրենց կյանքում վախը մի կողմ դնեն ու գոնե մի ժամ ապրեն այնպես, ինչպես ես եմ ապրել ամբողջ 18 տարի՝ ոչ մի բանի առաջ կանգ չառնելով, չընկրկելով»,- ասաց նա:

Ըստ նրա՝ քանի դեռ ոմանք հանցավոր համագործակցության մեջ լինելով հարկայինի հետ՝ միլիոնատեր են դառնում՝ առանց հարկերը վճարելու, համագործակցելով դրա համար պատժողների հետ՝ չեն բռնվում ու դառնում մուլտիմիլիոնատեր, համակարգը կշարունակի գործել այսպես: «Ես առաջարկում եմ արմատական լուծում,- ասաց նա,- պետք չէ խաբել հասարակ մարդուն՝ տալով այսօրվա խոստումներ: Դրա մեջ շոուի տարրեր էլ կան, որ պետք է լինեն, բայց դա էլ չափ ունի: Մինչդեռ կան մարդիկ, որ նախագահական քարոզարշավի ժամանակ ասում են բաներ (ասենք, ես որ նախագահ դառնամ այսինչին վարչապետ կնշանակեմ), որոնք նախագահի լիազորությունների մեջ չեն մտնում»:

Հայրիկյանը կրկնեց մյուս թեկնածուներին ուղղված՝ համագործակցության իր առաջարկը: «Ես ոչ միայն ասում եմ՝ եկեք մտեք իմ ծրագրերի տակ, այլև ասում եմ՝ եթե դուք կտաք երաշխիքներ, որ կիրականացնեք իմ ծրագրերը, ես կսատարեմ ձեզ. ես դա մեկ անգամ արդեն արել եմ՝ լինելով երկրորդը հանել եմ թեկնածությունս»,- նշեց նա:

 
sdfsdfsdfsdfsdf