Վաղը բողոքի ցույց կմեկնարկի Ազատության հրապարակից

Category: Ասուլիսներ
Published on 17 May 2014
Print

«Վաղվա հավաքի նպատակն է ոչ ասել դեսպանին իր պահվածքով, որ իրեն պահում է որպես փոխարքա»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանի տեղեկացմամբ՝ վաղվա բողոքի ցույցը կմեկնարկի Ազատության հրապարակից՝ ժամը 14.00-ին: Հիշեցնենք, որ հավաքի նախաձեռնությունը ծնվեց օրեր առաջ, երբ Ազատության հրապարակում նախաձեռնել էին բողոքի երթ՝ դեպի Ռուսաստանի դեսպանատուն, սակայն նախաձեռնողներն այդպես էլ չհայտնվեցին:

Ուստի ծնվեց մայիսի 18-ին հավաք անցկացնելու քաղաքացիական նախաձեռնություն: Վաղը նախաձեռնության մասնակիցները Ազատության հրապարակից երթ կկազմակերպեն դեպի Ռուսաստանի դեսպանատուն՝ Աբովյան, Ամիրյան, Զաքյան փողոցներով ռուսական դեսպանություն, հնարավոր է ՌԴ դեսպանին հանձնեն նաև ուղերձ:

Իրազեկման երթը կշարունակվի Մաշտոցի պողոտայով, կլինի իրազեկման երթ, որի ընթացքում կբաժանվի այն ուղերձը, որը պետք է տրվի ՀՀ-ում ՌԴ դեսպանին: Այնուհետև հնարավոր է երթը շարունակվի ու ավարտվի նախագահի նստավայրի դիմաց»:

Պարոն Հայրիկյանը կոմունիստներին «հիվանդ» անվանեց՝ մատնանշելով նրանց մայիսմեկյան հանրահավաքը, երբ գովում էին Պուտինին: Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, թե «Պուտինը կոմունիստ» չէր, գոնե Զյուգանովին գովեին:

Դառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ նշեց. «ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ճորտերն ու հարճերն են: Մենք պիտի փորձենք սահմանազատվել մեր իշխանություններից որքան կարող ենք: Վաղը պիտի կարողանանք թեկուզ հարյուր հոգով ցույց տալ, որ այս իշխանությունները մերը չեն, ոչ, մենք բթամիտների հանրություն չենք: Մեր առաջին քայլն այն է, որ պետք է ՀՀ ժողովուրդը սահմանազատվի ՀՀ իշխանություններից»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք ծանո՞թ է կուտակայինի «լրամշակված» նախագծին՝ նշեց. «Նման մանր-մունր հարցերով մենք չենք զբաղվում: Այս հարցը ուշագրավ էր մեզ համար այնքանով, որ այս հարցում խոսվում էր քաղաքացիների ինքնորոշման իրավունքների մասին, եթե պարտադիր է, ուրեմն հակասում է քաղաքացու իրավունքներին: Մնացյալը ցույցեր արեցին, խաղացին, լաց եղան, պրիմիտիվ ներկայացումների շարք էր»:

Հարցին՝ այդ դեպքում հազարավոր քաղաքացիների բողոքն անհի՞մն էր, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Դեմ եմ» շարժումը զրո շարժում է: Երկու հարյուր քսան միլիոն մարդ հավաքված էր սովետական միության զրոյում: Առողջ մարդիկ գնում են հանուն ինչ-որ բանի, ոչ թե դեմ: Իրենք հպարտ են, որ դեմ են, դուք հպարտ եղեք, որ կողմ եք: Ցուլերը դեմ են կարմիր լաթին, կարմիր լաթը ցույց ես տալիս, դեմ են, ցույց չես տալիս դեմ չեն: Դրա համար ես ասում եմ, որ դա զրո շարժում է: Եթե դեմ էին, թող Մաքսայինին դեմ լինեին, բա ռուսական պապանե՞րը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աղբիւր՝ Aravot.am

sdfsdfsdfsdfsdf