Պուտինի համար Հայաստան չկա, կա Անդրկովկաս. Հայրիկյան

Category: Ասուլիսներ
Published on 04 December 2013
Print

Հայաստանյան պետական քարոզչամեքենան աշխատում է գոյություն չունեցողը պանծացնելու ուղղությամբ: Ստրուկներն ու ճորտերն աշխատում են իրենց տերերի համար: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու թեմային:

«Հայաստանը կամովին գլուխը մտցրեց մահաբեր օղակի մեջ: Ինչպես Երևանյան լճի մոտ կանգնողներին են ուրախացնում փողով, այնպես էլ ճորտ դարձած հայ իշխանավորներին Ռուսաստանըւ փորձում է ուրախացնել գազի սակագնի մի քանի կոպեկ էժանացմամբ: 

Ռուսաստանն աշխարհի ամենահետամնաց երկրներից մեկն է: Ի՞նչ տնտեսական աջակցության մասին են խոսում: ՄՄ-ին Հայաստանի անդամությունը մեր երկրի պատմության մեջ ամենանվաստացնող ու ստորացնող քայլերից էր: Կիսադեմոկրատական Հայաստանը այդ կառույցին անդամակցելու դեպքում կդառնա ամբողջովին դիկտատորական, ինչպիսին են ՄՄ-ի անդամ հանդիսացող Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը»,- ասաց ԱԻՄ ղեկավարը:

Նրա խոսքով՝ մենք ՌԴ-ի հետ պետք է այնպիսի հարաբերություններ ունենանք, ինչպիսին ունենք Ինդոնեզիայի կամ Թուրքիայի հետ: 

«Ռուսների հետ մենք երբեք բարեկամ չենք եղել, ռուսի մուտքը Հայաստան նշանավորվեց Դավիթ-Բեկի կործանմամբ, Խաչատուր Աբովյանին Սիբիր քշելով: Պուտինի համար Հայաստան չկա, Պուտինի համար կա Անդրկովկաս: Ռուսաստանի շովինիստների և Պուտինի ցանկությունն է եղել ոչնչացնել հայերին, Հայաստանը թողնել առանց հայերի:

Հիմա էլ գալիս, պաշտոնապես ասում է՝ «դուք հայ չեք, այլ անդրկովկասցի»: Վաղը-մյուս օրը, եթե այս տխմարները չսթափվեն, Հայաստանը կկոչվի Ռուսաստանի անդրկովկասյան պրովինցիա: Սա Ռուսաստանին, ԿԳԲ-ին ծախված ճորտերի մտայնություն է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Քաղաքական գործիչը նկատեց, որ նախկինում հայ ժողովրդի միայն 23 տոկոսն էր կողմ ՄՄ-ին անդամակցությանը, մինչդեռ իշխանությունների ջանքերով անհեթեթ գաղափարը պարտադրվեց բոլորին: 

«Անցկացված քարոզարշավի արդյունքում ՄՄ-ին անդամակցելու կողմ մարդկանց տոկոսը կհասնի ամենաշատը 30 տոկոսի»,- կանխատեսեց Հայրիկյանը:

Վերջում ԱԻՄ նախագահը հիշեցրեց, որ իրենց հանրահավաքը Ազատության հրապարակում տեղի կունենա ուրբաթ, երեկոյան ժամը 5-ին: 

«Նախորդ անգամ եղանակը մեր կողմից չէր, և քաղաքական շատ ուժերի ներկայացուցիչներ, ովքեր պետք է գային ու ելույթներ ունենային, փոխեցին իրենց մտադրությունը»,- պարզաբանեց նա:

 
 
Աղբյուր՝ 1in.am
 
sdfsdfsdfsdfsdf