Հայաստանի բնակչության 70% դեմ է ՄՄ-ին. Հայրիկյանը կոչ է անում դուրս գալ փողոց

Category: Ասուլիսներ
Published on 13 November 2013
Print


Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր կայացած ասուլիսին ներկայացրեց Հայաստանում Մաքսային միության և Եվրոպական միության վերաբերյալ իրենց կողմից իրականացված հարցման արդյունքները՝ հայտարարելով, որ Հայաստանի բնակչության 70% դեմ է ՄՄ-ին։

«Ես անձամբ սոցիոլոգիայով զբաղվում են 40 տարի, հարցումն անցկացրել ենք բոլոր տեղերում՝ բացառությամբ երկու մարզերի, հարցաթերթիկի բովանդակությունն այն է, թե տեղյա՞կ են արդյոք ԵՄ-ից և ՄՄ-ից։ Մասնակցել է 1 284 հոգի, 27%-ը չի կողմնորոշվում, ոչ մեկին նախընտրել է 22%-ը, ՄՄ-ին՝ 22%, ԵՄ-ին՝ 28,04%: Ստացվում է, որ վաղը, երբ ՀՀ-ն միանա ՄՄ-ին, էս 70 տոկոսը «վեշերը» հավաքողներ են լինելու»,- ասաց նա և ավելացրեց. «Երևանի կենտրոնում մենք ստացել ենք ՄՄ-ին կողմ ընդամենը 7 տոկոս, բայց տրամաբանորեն հարց է առաջանում, Երևանի կենտրո՞նն է տրամադրված ՄՄ-ին գնալու»:

Այդ հարցումներից հետո Պարույր Հայրիկյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, դրանք ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները սխալ ճանապարհի վրա են. «Ռազմավարական նշանակության խնդրի առջև ենք կանգնած ազգովի, պետք է սխալ թույլ չտալ, երբ ժողովուրդն է սխալվում, կարող է իր սխալն ուղղել, երբ դա անում է քաղաքական գործիչը, այդտեղ որևէ արդարացում չկա: Հանկարծակի մի օրվա մեջ եվրոպական կողմնորոշում ունեցող մեր իշխանավորները որոշեցին գնալ Մաքսային միություն: Դրան նախագահն է կողմ, ոչ թե ժողովուրդը: Ես ժողովրդավարության կողմնակից եմ, իսկ դա նշանակում է, որ պետք է լսել ժողովրդին»:

Դառնալով ՄՄ-ին անդամակցելու ՀՀ նախագահի որոշմանը՝ ավելացրեց. «Ընտրություններից առաջ ասում ես՝ գնալու ենք Եվրոպա, ընտրություններից հետո՝ Մաքսային միություն: Ո՞ր հայն է ուզում ռասիզմ քարոզող Ռուսաստանում ապրել: Ռուսաստանի դեմ ոչ ոք չի խոսում, բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր Խաչատուր Աբովյանից սկսած և վերջացրած Պարույր Սևակով զոհվել են ռուսական իմպերիալիզմի պատճառով»:

Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ պետք է կոչ անել հանրությանը մի օր դուրս գալ փողոց և ասել, որ դեմ են ՄՄ-ին: «Եթե ՀՀԿ-ն ստրկատիրական կառուցվածք չունենար, նրանցից գոնե մի հոգի դուրս կգար և կասեր, որ դեմ է ՄՄ-ին: ՀՀ քաղաքական կուսակցությունների հիմնական մասը ստրկատիրական կառույցներ են»,- ասաց նա:

 

Աղբիր՝ Tert.am

sdfsdfsdfsdfsdf