«Հիշում եմ «մահ կամ ազատություն» գոռացող պոռոտախոսներին, ովքեր հենց առիթ եղան՝ փախան արտասահման». Պ. Հայրիկեան

Category: Ասուլիսներ
Published on 23 October 2013
Print

«Ինձ առաջարկել են Բելգիայում, Հոլանդիայում 8 օրվա ընթացքում հայտնել հպատակություն եւ ստանալ ամեն ինչ, ինչ մարդուն անհրաժեշտ է՝ ներառյալ առողջական բուժօգնություն»,- այսօր «Զարկերակ» ակումբում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Այդ առաջարկից հետո Հայրիկյանն ընկել է մտքերի մեջ՝ գնա՞լ, թե՞ ոչ. «Ես հիշեցի, որ մենք յուրահատուկ ազգ ենք: Մեր ավանդական հերոսները փախնող են կամ փախած՝ սկսած Փոքր Մհերից, որ նեղացած գնաց մտավ Ագռավաքարի հետեւի իր կացարանը: Այն օրերին, երբ այստեղ մթնոլորտը նողկալի հայտարարություններով էր հագեցած, թե Հայրիկյանը ինքն իր վրա կրակեց, դա սարքեց, որպեսզի ինչ-որ հաջողությունների հասնի, լսեց Սերժ Սարգսյանին եւ չհետաձգեց ընտրությունները…Հիշում էի նաեւ մեծ հերոս Զորավար կոչված Անդրանիկի կերպարը, ով Հայաստանի անկախացումից հետո լքեց հայրենիքը: Հիշեցի նաեւ երիտասարդ տարիների իմ պատկերացումը, որ եթե չկարողանամ որեւէ բանի հասնել, գոնե կկերտեմ անմնացորդ, ազնիվ հայի կերպար: Հետո հիշում եմ «մահ կամ ազատություն» գոռացող պոռոտախոսներին, ովքեր հենց առիթ եղան՝ փախան արտասահման»: Պարույր Հայրիկյանն ասաց, որ երեք ամիսը մեկ պարտավոր է գնալ ստուգումների, մինչեւ պարզի՝ առաջընթաց կա՞ առողջության հետ կապված, թե՞ չկա. «Ես լավ եմ, ոտքի վրա եմ, միայն աջ ձեռքիս մատները չեն աշխատում, ճկույթով կարողանում եմ գործիք բռնել, ձեռքս աստիճանաբար բարականում է, որը նշանակում է, որ աջ ձեռքս խնդիրներ ունի»: Տեւական ժամանակ Պարույր Հայրիկյանն այդպես էլ հստակ չէր ասում՝ արտերկիր գնալուց հետո վերադառնալո՞ւ է, թե՞ ոչ. «Եթե նմանվեմ ձեր հերոսներին, ովքեր մահ կամ ազատ Հայաստան ասացին ու փախան արտասահման, ապա կարող է ուզեմ լինել ձեր ազգային հերոսներից մեկը եւ չեմ գա, եթե չնմանվեմ, կգամ՝ որպես Պարույր Հայրիկյան եւ կվերադառնամ Հայաստան»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե որոշեք չվերադառնալ՝ նեղացա՞ծ կմնաք՝ նա պատասխանեց. «Կդառնամ ձեր ազգային հերոսներից մեկը, էս ազգը նեղացածներին սիրում է չէ՞, աբիժնիկներին, Անդրանիկին…»: Հարցին՝ հիմա մնալո՞ւ եք, թե՞ չեք մնալու եւ ինչո՞վ եք զբաղվելու, եթե մնաք արտերկրում՝ նա պատասխանեց. «Միայն հուշերս բավական են: Իմ ասածից ընտրեցիք այն հատվածը, որը ձեզ հաճելի՞ է: Եթե ես նշեցի ձեր հերոսների մասին, ես չեմ ուզում նմանվել նրանց»: Ավելի ուշ պարոն Հայրիկյանն ասաց, որ գնալու է 3 օրից եւ հետ է գալու հավանաբար 3 օրից. «Ինչքան բժիշկներն ասեն»: Խոսելով «Անկախություն» թերթի մասին՝ Պարույր Հայրիկյանն ասաց, որ այն բացառիկ պատմական դեր է կատարել մեր ժողովրդի կյանքում. «Մենք երախտամոռ թափթփուկներ ենք, եթե չենք նշում ազգային ազատագրական պայքարի սկիզբը: Եթե նշում ենք ֆուտբոլի թիմի 40-ամյակը, պիտի դա էլ նշենք: Մենք նախանձից ելնելով՝ պատրաստ ենք ինքներս մեզ ոչնչացնել, դրա համար ոչ միայն ՄՄ կմտնենք, այլ նաեւ Թուրքային միություն, սա է մեր ողորմելի էությունը»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Աղբիւր՝ Aravot.am

sdfsdfsdfsdfsdf