Պարոյր Հայրիկեանի ասուլիսի թողարկում 19 սեպտեմբերի 2013թ.

Category: Ասուլիսներ
Published on 19 September 2013
Print
Այսօր ես հրաւիրուած եմ «Փոսթ Սքրիպթում» մամուլի ակումբ խօսելու սեպտեմբերի 21-ի հետ կապուած ձեռքբերումների եւ թերացումների մասին։
                Սեպտեմբերի 21-ի միակ ձեռքբերումն այն է, որ մեր տեւական պատմութեան ընթացքում առաջին անգամ հայ ժողովուրդը ինքնորոշուեց։ Դա ինքնին էական համազգային ձեռքբերում է՝ մեծագոյն դարակազմիկ ձեռքբերում, որն ունեցել է իր հիասքանչ, մաքառումներով ու նուիրումով լի նախապատմութիւնը։www.hayrikyan.com կայքէջում կայ այդ ճանապարհը ներկայացնող «ՆՈՐՕՐԵԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄՈՌԱՑՈՒՈՂ ԷՋԵՐԻՑ» եռամաս վաւերագրական շարժանկար։
 Այո, դա հանրաքուէ էր անկախութեան վերաբերեալ, բայց նախ եւ առաջ հանրաքուէ էր։ Այսօր բթամտաբար սեպտեմբերի 21-ը շարունակւում է կոչուել՝ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՕՐ։ Այսինքն՝ մենք միայն 22 տարուա՞ ազգային պետականութեան պատմութիւն ունենք։ Գուցէ ճի՞շտ են մեր այն հակառակորդները, որոնք հայտարարում են, թէ հայերը քոչուոր ցեղեր են եղել եւ իրենց անկախութեան 95 ամեակը նշող ազերիների նախնիները այդ թափառական քոչուորներին տուել են իրենց երկրի մի մասը ու ասել՝ ապրեք։  
                Լաւ, ընդունենք, որ ազգային արժեքային համակարգից հեռու մարդիկ էին նրանք, ովքեր անցեալ դարի 90-ականներին մոռացել էին ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ (1990թ.օգոստոսի 23) ընդունման մասին, տեղեակ չէին, որ ազատասէր հայերը 70 տարուց աւելի որպէս անկախութեան օր նշում էին ՄԱՅԻՍԻ 28-ը, ոչ էլ իմացել էին, որ Հայաստանի անկախութեան 70-ամեակի օրը՝1988թ.-ի մայիսի 28-ին Հայաստանում վերածածանուել էր եռագոյնը... Իսկ նրանցից յետոյ եկողնե՞րը․․․
                Օրերս ես գտա պատասխանը։  Եթէ ինքնրոշման օրը անկախութեան օր համարելը եւ որպէս այդպիսին մեր ժողովրդին պարտադրելը միայն սակաւամտութիւն համարենք, կսխալուենք։ Խնդիրը շատ աւելի խոր հիմքեր ունի։ Ինչպէս աշխարհի բոլոր բռնկալներն ու օրինազանցները, այդպէս էլ մերոնք սարսափում են ինքնորոշում երեւոյթից։ Հայերն ինքնորոշման սկզբունքի մասին յիշեցնող ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ (որ նոյնն է՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ) տօ՞ն ունենան։ Չէ՞ որ դա կարտամղի Լեւոն-որոշումը, Ռոբերտ-որոշումը, Սերժ-որոշումը։ «Ուրեմն,-մտածում են այդպիսիները,- եկեք մէկ այլ վեհ գաղափարի հետ կապենք այդ օրը ու մոռացութեան մատնենք համադարման հանդիսացող ինքնորոշման սկզբունքը»։
                Այսպէս, յանուն հետին նկատառումների խեղւում է մեր պատմութիւնը, մեր մտածելակերպը։
                Իրականում սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը՝ ԻՆՔՆՈՐՈՇՈՒԵԼՈՎ  «ԱՅՈ» է ասել դրանից 13 ամիս առաջ ընդունուած ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ։
Հայ ժողովրդի անկախութեան գիտակցութիւնը հազարամեակների պատմութիւն ունի, իսկ տօները այդ փորձառութիւնը խտացուած մատուցելու առաքելութիւն ունեն։ Սա մեր առաջնային թերացումն է, որն ուղղելը պիտի որ օրերի հարց լիներ, որովհետեւ ժամանակին բոլոր քաղաքական ուժերը եւ գիտական շրջանակները համաձայնել են, որ սխալ է այս օրն անկախութեան օր կոչելը։ Համաձայնել են, բայց ոչ մի շարժ, որովհետեւ գրեթէ բոլորի մտքում առաջին հերթին աթոռն է՝ պատգամաւորի, նախագահի, դեսպանի կամ այլ, միայն թէ անձնական օգուտ բերող աթոռ լինի։
 
                Պետականութեան վերականգնումից յետոյ թերացումներն այնքան շատ են՝ արտաքին քաղաքականութիւն, ազգային արժեքային համակարգ, ժողովրդավարութիւն, մարդու իրաւուքներ եւ այլն,  որ դրանց մասին խօսելն աւելորդ է։ Ես այսօր որոշեցի միայն մէկ շեշտադրում կատարել։ Միւսների մասին կխօսեմ պահանջի առկայութեան դէպքում։                             
sdfsdfsdfsdfsdf