21 նոյ. 2012թ. Երեւան, Հենարան ակումբ

Category: Ասուլիսներ
Published on 09 December 2012
Print

Ես անկեղծօրէն ուրախ եմ, որ այսօր խօսակցութեան առանցքում է յայտնուել քաղաքական մշակոյթի հետ կապուած՝ պետական համակարգում փոփոխութիւններ կատարելու հարցը։ Սա խօսում է այն բանի մասին, որ մեր կուսակցութիւնները արդէն իրական քաղաքական կազմակերպութիւններ են դառնում եւ ասպարէզ են իջնում ոչ միայն մասնաւոր կուսակցական, այլեւ ընդհանրական ազգային նպատակադրումներով։ Այսքանը ուրախացնողն է որպէս երեւոյթ, սակայն բովանդակային առումով մենք պիտի մտահոգուենք։

Խօսւում է նուազ ժողովրդավարական համակարգի անցելու մասին։ Համախմբման գործոն է դարձել խորհրդարանական համակարգի անցնելու նպատակը։ Բայց դա մի համակարգ է, որի բացասական փորձառութեանը մենք առնչուել ենք 1920 թ.-ին, երբ որեւէ հակակշիռ չունեցող խորհրդարանական մեծամասնութիւնը չկարողացաւ պահպանել Հայաստանը։ Պատմութիւնը մեր ուսուցիչն է եւ պատմական փաստերին անիրազէկութիւնը կարող է անցեալի սխալները կրկնելու պատճառ դառնալ։

Միւս կողմից հստակ պատկեարցնենք, թէ ժողովրդավրարութիւնը արժեք ազդարարած ուժերը որքանով են հետեւողական ժողովրդավարութեան կայացման հարցում։ Նախ հանրամատչելի կերպով հասկանանք թէ որոնք են հիմնական պետական համակարգերը եւ որն է խորհրդարանականի առանձնայատկութիւնը։

Բոլոր ժողովրդավարական համակարգերն էլ ունեն ժողովրդի կողմից ընտրուած խորհրդարաններ՝ օրէնսդիր իշխանութիւն։ Դրան զուգահեռ գործում են, այս կամ այն կերպ ձեւաւորուող դատական իշխանութիւններ։ Պետական համակարգերի հիմնական տարբերութիւնն արտայայտւում է գործադիր իշխանութեան ղեկավարի ընտրութեամբ կամ նշանակումով։ Խորհրդարանական կոչուող պետութիւններում վարչապետին նշանակում է խորհրդարանը (իր մեծամասնութեամբ), նախագահական պետութիւններում՝ ժողովուրդը հիմնականում ուղղակի ընտրութիւններով։ Ակնյայտ է, որ

ա) նախագահական համակարգում ժողովուրդը երկու անգամ աւելի է մասնակցում իշխանութիւնների ձեւաւորման գործընթացին, քան խորհրդարանականում

բ) պայմանականօրէն՝«սխալ գործող» նախագահ ունենալու դէպքում ժողովուրդը կարող է հակակշռել «ճիշտ գործող» խորհրդարանով եւ հակառակը՝ խորհրդարանին հակակշռել նախագահով։

Այս իրողութիւններն հաշուի առնելով ո՞ր համակարգին պիտի նախապատւութիւն տայ ժողովրդավար քաղաքական գործիչը։

Հայաստանն այսօր կիսանախագահական պետութիւն է համարւում, սակայն եթէ նախագահը չլինի խորհրդարանական մեծամասնութեան ներկայացուցիչը, ապա նա խորհրդարանական մեծամասնութեան կողմից կարող է անտեսուել եւ արհամարհուել, ինչը կատարւում է հարեւան Վրաստանում։ Դա կարող է նաեւ լուրջ քաղաքական ճգնաժամի պատճառ դառնալ։

Արձանագրենք, որ մեր սահմանադրական բարեփոխումներից յետոյ Հայաստանն արդէն դարձել է հիմնականում խորհրդարանական պետութիւն։

ՀՀ Սահմանադրութիւն .Հոդված 55-ում ասուած է.

Հանրապետության Նախագահը՝
4) Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:

Եթէ պիտի խօսենք աւելի ժողովրդավարական համակարգի մասին, ապա դա պէտք է լինի ոչ թէ նուազ ժողովրդավարական խորհրդարանական համակարգը, այլ մաքուր նախագահական (ես դա կկոչեի՝ վարչապետական) համակարգը։ Ինձ համար ուշագրաւ է, որ վարչապետին եւ նախագահին համատեղող վարչապետական (նախագահական) հանրապետութեան օգտին թեեւ մեծ ուշացումով արտայայտուել են եւ առաջին (1998 թուականին) , եւ երկրորդ (2012 թ.-ին) նախագահները։

Խորհրդարանի ընտրական համակարգը՝ համամասնական կամ մեծամասնական ոչ մի կապ չունի ընդհանուր պետական համակարգի հետ։ Բազմաթիւ նախագահական-վարչապետական երկրների խորհրդարաններ ընտրւում են մեծամասնական ընտրական համակարգի համեմատութեամբ շատ աւելի ներկայացուցչական համամասնական ընտրակարգով։

Ինձ արդէն չի զարմացնում մեր քաղաքական գործիչների կեցուածքը իմ առաջարկած եւ բազմաթիւ կուսակցութիւնների ընդունած եւ համատեղ կերպով Ազգային Ժողով եւ ՀՀ նախագահին ներկայացրած կատարեալ ժողովրդավարական համակարգի նկատմամբ։ Ես փորձում եմ հասկանալ նրանց։ Եւ քանի որ առայսօր ոչ մի ուժ չի ժխտել առաջարկի դրական բնոյթը, համամարդկային ընդգրկմամբ նրա առաջադիմականութիւնը, մնում է դա քստմնելի նախանձի թոյնով բացատրել։

Ի՞նչ արած, ես իմ անելիքն արել եմ եւ կանեմ։ Իրենց էլ մաղթում եմ շուտափոյթ առողջացում։

sdfsdfsdfsdfsdf