Ձեռնաշղթաներով Պարույր Հայրիկյանը

Category: Հրապարակումներ
Published on 12 September 2015
Print

Պարույր Հայրիկյան: «Հայք», 14 նոյեմբերի, 1990թ.:

1988-ի հուլիսին ձեռնաշղթաներով Աֆրիկա՝ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբա արտաքսվեց Խորհրդային վարչակարգի դեմ պայքարող ամենից հայտնի այլախոհներից Պարույր Հայրիկյանը:

Նա պետք է դառնար ԽՍՀՄ-ից արտաքսված վերջին քաղաքական գործիչը:

Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի այս որոշումը զարմանալի էր, քանի որ հենց նրա ղեկավարության շրջանում՝ 1986-ից, բազմազգ կայսրության բոլոր այլախոհները՝ տասնյակ տարիներով բանտերում և աքսորավայրերում անցկացնելուց հետո, սկսել էին ժամկետից շուտ տուն դառնալ:

17 երիտասարդ տարիներ աքսորներում անցկացնելուց հետո տուն էր եկել նաև Պարույրը:

1987-ի աշնանը նա արդեն բացահայտ քաղաքական գործունեություն էր ծավալում, խոսում Հայաստանի անկախության անհրաժեշտության մասին, նույն 87-ի հոկտեմբերից տպագրում «Անկախություն»-ը (այս տողերի հեղինակը 90-ականների սկզբին մի քանի տարի թղթակցել է այդ թերթին):

Սեպտեմբերին Հայրիկյանը 4-5 համախոհների հետ հիմնադրել էր «Ազգային ինքնորոշում միավորումը» (ԱԻՄ), որը Խորհրդային Միության տարածքում բացահայտ գործող առաջին քաղաքական կազմակերպություններից էր:

Հայրիկյանը և նրա գաղափարները այդ օրերին անհասկանալի էին Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնության, գրեթե բոլորի համար: 1988-ի մարտին, երբ Պարույրն ու նրա ընկերը, այն ժամանակ անհայտ, այսօր Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը եռագույնը բերեցին թատերական, այսօրվա՝ Ազատության հրապարակ, ցուցարարները չէին հասկանում դրա իմաստը:

Ի՞նչ անկախություն, ի՞նչ եռագույն…

Գորբաչովը, ով պերեստրոյկայով ու գլասնոստով բացել էր կայսրության բոլոր ժողովուրդների աչքերը, հավատում էր ԽՍՀՄ գոյությանը, ապագային: Հավատում էին նաև Երևանի Մատենադարանի ավագ գիտաշխատող Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ղարաբաղմետաքսկոմ»-ի կուսկազմակերպության առաջին քարտուղար Ռոբերտ Քոչարյանը, ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական Սերժիկ (հետագայում՝ Սերժ) Սարգսյանը:

1988-ի գարնանը Հայրիկյանը Մոսկվայում արտասահմանյան լրագրողների համար կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում և ամենուր հայտարարում էր, որ Հայաստանի ճանապարհը անկախությունն է: Հայրիկյանը նաև պնդում էր, թե Արցախյան շարժումը հրահրել է Մոսկվան, որպեսզի մեկ շղթայով շղթայի Հայաստանն ու Ադրբեջանը: Ազգային ոգու բարձրակետին հասած հայ ժողովրդի համար նման խոսքերը դավաճանության նման մի բան էին:

Մոսկվայում նա իր անկախական հայտարարությունների համար ձերբակալվեց, ուղարկվեց Երևան, մի քանի ամիս պահվեց ՊԱԿ-ի մեկուսարանում, իսկ հուլիսին տեղափոխվեց Մոսկվա՝ Լեֆորտովոյի բանտ, որտեղ վեց-յոթ ամիս անց պիտի իրենց տեղն ունենային «Ղարաբաղ կոմիտեի» անդամներից մի քանիսը (մյուսները «Մատրոսկայա տիշինա» բանտում էին):

Մի քանի օր անց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Գրոմիկոն ստորագրեց հրամանագիր (որոշումներ կայացնողը Միխայիլ Սերգեևիչն էր, բայց քանի որ նա կուսակցության առաջնորդ էր, իրավաբանորեն իրավունք չուներ նման հրամանագիր ստորագրել) «Հայրիկյանին քրեական պատասխանատվությունից ազատելու, նրան ԽՍՀՄ քաղաքացիությունից զրկելու և ԽՍՀՄ-ի սահմաններից արտաքսելու մասին»: Այս հրամանագիրը անհեթեթ էր նրանով, որ Հայրիկյանը այդ ժամանակ դատված չէր, հետևաբար՝ անմեղ էր, իսկ անմեղ մարդուն քրեական պատասխանատվությունից չեն կարող ազատել: Ավելի անհեթեթ էր այն, անմեղ մարդուն ներում են և նույն որոշման երկրորդ կետով պատժում՝ զրկելով քաղաքացիությունից և արտաքսում երկրից:

Հավանաբար, Հայրիկյանը Գորբաչովի ու ԽՍՀՄ-ի համար վտանգ էր ներկայացնում իր անկախական հայացքների համար: Այլապես, ի՞նչպես բացատրել Միխայիլ Սերգեևիչի նման քայլը: Այն օրերին Հայրիկյանը հեղինակություն էր նաև խորհրդային այլ հանրապետությունների այլախոհների համար, ովքեր ևս ձգտում էին ինքնորոշման և անկախության:

Այսպես, ձեռնաշղթաներով Պարույրին արտաքսեցին Եթովպիա, որտեղից նա անցավ Իտալիա, Ֆրանսիա, ապա հաստատվեց Միացյալ Նահանգներում: Նրա ամեն կանգառը իրադարձություն էր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների համար:

Հայրիկյանի Հայաստան վերադարձին, որ տեղի ունեցավ 1990-ի աշնանը, կանդրադառնանք այս շարքի այլ հրապարակումով:

Մոտենում է Սեպտեմբերի 21-ը:

Ես, սիրելի ընթերցող, քեզ ուզում եմ տանել այն երանելի օրերը, երբ Հայաստանը վերածնվում էր և անկախանում հոգեվարք ապրող կայսրությունից:

Այսօր, երբ Հայաստանը նորից բռնել է ռուսական փեշը, ավելի կարոտով եմ հիշում այն օրերը:

Հայաստանը, թվում է, վերադառնում է այնտեղ, որտեղից հեռացել էր:

Դրա համար Պարույրը և մի քանի անկախության նվիրյալներ տասնյակ տարիներ անցկացրին աքսորում: Դրա համար էին ձեռնաշղթաներով Պարույրին աքսորում Ադիս Աբեբա:

Տեսնես՝ ի՞նչ է մտածում Հայրիկյանը:

Տեսնես՝ ի՞նչ է մտածում Միխայիլ Սերգեևիչը:

«Հայաստանը անկախության ճանապարհին» ՝ հետևե՛ք հրապարակումների իմ այս շարքին:

 

Հեղինակ՝Թաթուլ Հակոբյան 

Աղբիւր՝ civilnet

sdfsdfsdfsdfsdf