Ամենասարսափելին, որ կպարզվի վերջում

Category: Հրապարակումներ
Published on 31 August 2014
Print

ՆԱՏՕ-ի 7 երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան եւ Նիդեռլանդները պատրաստվում են ստեղծել համատեղ արագ արձագանքման էքսպեդիցիոն կորպուս, որն ունենալու է մոտ 10 հազար անձնակազմ եւ ներառելու է ռազմա-օդային, ռազմա-ծովային եւ հետեւակային ուժեր:

Նպատակը Հյուսիսատլանտյան ուժերի ուժեղացումն է ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների, գրում է Financial Times-ը:

Այս նախաձեռնության մասին պաշտոնապես հայտարարելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կեմերոնը Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի վեհաժողովում:

Այս շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը հայտարարել էր, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը ծրագրում է նոր բազաներ ստեղծել Արեւելյան Եվրոպայում: Նրա խոսքով, Ուելսի վեհաժողովը պետք է հաղթահարի տարաձայնությունները Ռուսաստանի սահմաններին դաշինքի ներկայությունն ուժեղացնելու հարցում:

Նա ասել է, որ դաշինքն ընդունելու է գործողությունների ծրագիր, Եվրոպայում անվտանգության լիովին նոր միջավայրին արագ արձագանքելու նպատակով:

Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համաձայնագիրը, ըստ որի Դաշինքը հրաժարվում էր բազաներ տեղակայել Արեւելյան Եվրոպայում, փաստացի դադարել է գործել: Դրա առիթը եղել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում: Ղրիմի բռնակցումից հետո Դաշինքը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը կորցրել է ուժը:

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի խոշոր բազաների ստեղծումը լիովին նոր իրավիճակ է ստեղծում: Այս հարցի շուրջ ՆԱՏՕ-ում կան տարաձայնություններ, մասնավորապես Գերմանիան եւ Թուրքիան դեմ են այդ ծրագրին: Սակայն ԱՄՆ-ն հասկացնել է տվել, որ եթե Ուելսի վեհաժողովում այդ հարցը չլուծվի, ԱՄՆ-ն ինքն է ձեռնամուխ լինելու բազաների ստեղծման խնդրին, ՆԱՏՕ-ից անջատ:

Փաստացի, Ուելսի վեհաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի եւ վեց պետությունների վերոհիշյալ նախաձեռնությունը նույնպես այն դեպքի համար է, եթե Ուելսի վեհաժողովում համապատասխան որոշումը չընդունվի:

Բացի այդ, Ուելսի վեհաժողովում կարող են կարեւոր որոշումներ ընդունվել նոր գործընկերների, մասնավորապես Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ հարաբերությունների ձեւաչափի վերաբերյալ: Քննարկվում է այս երկրների հետ սերտ հարաբերությունների ռեժիմի խնդիրը, առանց անդամակցության:

ՆԱՏՕ-ն փաստացի մտադիր է Սեւ ծովից Կասպից ծով անվտանգության գոտի ստեղծել, ինչը չի կարող չառնչվել Հայաստանին: Օրերս Հայաստանում մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն ակնարկել է, որ նպատակահարմար կլիներ Ուելսի վեհաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ՀՀ նախագահի մակարդակով: Նա ասել է նաեւ, որ Հայաստանը յուրահատուկ արժեքավոր փորձ ունի՝ հաջողությամբ ու արդյունավետ համագործակցում է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ:

Սակայն, այդ իրավիճակը կարծես թե մոտենում է «հանգուցալուծմանը»: Բանն այն է, որ ի պատասխան ՆԱՏՕ-ի այս նախաձեռնությունների, Մոսկվան փորձում է հյուսիս-ատլանտյան դաշինքին հակադրել իր ռազմական բլոկը՝ ՀԱՊԿ-ը: Երեկ շտապ տեղեկություն հրապարակվեց, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է խաղաղարար գործողություններ իրականացնել նաեւ դաշինքի անդամ երկրների տարածքից դուրս, այդ թվում՝ Ուկրաինայում: Մոսկվան պատրաստվում է դիմակայության, ներգրավելով նաեւ ՀԱՊԿ անդամ երկրներին:

Հայաստանը փաստացի կանգնում է ընտրության առջեւ, քանի որ դժվար թե հաջողվի շարունակել հաջողությամբ համագործակցել դիմակայության մեջ մտնող երկու բլոկների հետ: Իհարկե, տեսական հնարավորություններ կան, սակայն Մոսկվան ՆԱՏՕ-ի հետ «կապերը» դժվար թե փորձի իրագործել Հայաստանի միջոցով: Դրա համար կան Գերմանիան ու Թուրքիան:

Կա իհարկե նաեւ «չեզոքության» տարբերակը, սակայն առայժմ չի երեւում, թե ինչի հաշվին կարելի է դա իրագործել:

Ուելսի վեհաժողովը լինելու է բախտորոշ իրադարձություն, որտեղ վճռվելու է «նոր աշխարհակարգի» ձեւավորման հերթական փուլի հարցը: Սա լեգիտիմ եւ օբյեկտիվ գործընթաց է: Այս գործընթացում Ռուսաստանը եւ նրա դաշնակիցները լինելու են «չարիքի կայսրության» դերում, որքան էլ դա «տհաճ ու անարդարացի» լինի պրո-ռուսական բլոկի համար:

Ընդ որում, ամենատհաճը Ռուսաստանի «դաշնակիցների» համար կպարզվի վերջում, երբ հայտնի կդառնա, որ Ռուսաստանը մասնակցել է «նոր աշխարհակարգի» ստեղծման գործընթացին, իսկ նրա «դաշնակիցները» եղել են ընդամենը անհրաժեշտ զոհաբերությունը, որոնց հաշվին տեղի է ունենալու աշխարհի նոր վերաձեւումը:

 

Աղբիւր՝ lragir.am

sdfsdfsdfsdfsdf