ՀԱՊԿ-ը քանդվել է: Հայաստանի մենակությունն ու շանսը

Category: Հրապարակումներ
Published on 07 June 2014
Print

Պաշտոնական Երեւանը փաստացի առաջին անգամ հայտարարում է հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին: Այդ հայտարարությունն ուղղակի չէ, սակայն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ տեղեկություններ կան Նախիջեւանում ադրբեջանական զինուժին թուրքական աջակցության, վարձկանների եւ առանձին միավորների առկայության մասին: 

Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ամեն ինչ կանեն Նախիջեւանի հետ սահմանին հարաբերական հանդարտությունը վերականգնելու համար:

Հայաստանի իշխանությանը Նախիջեւանի պարագան կարծեք թե բավական անհանգստացրել է, կամ գուցե հիմք է տվել դրա հետեւում տեսնել շատ ավելի հեռուն տանող գործընթաց: Համենայն դեպս, Նախիջեւանի սահմանին միջադեպը Հայաստանի ՊՆ-ն շատ ավելի աղմկոտ արձագանքի է արժանացնում, քան շփման գծի մյուս հատվածներում տեղի ունեցող հրադադարի խախտումները:

Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի իշխանության հաջորդ քայլը պետք է լինի տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային կառույցների առավել գործուն ուշադրությունը հրավիրելը: Միեւնույն ժամանակ, Երեւանը ուղղակի պարտավոր էր արդեն իսկ հանդես գալ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումով, որի անդամներն այս օրերին թյուրքալեզու խրախճանքի մեջ են թուրքական ծովափնյա Բոդրումում: Ի դեպ, Նախիջեւանից երկու հայ զինծառայողներին գնդակահարելու միջադեպը տեղի է ունեցել թյուրքալեզուների Վեհաժողովի ընթացքում:

 

Դրան մասնակցում են ՀԱՊԿ-ում Հայաստանի «դաշնակից» պետությունները՝ Ղազախստանն ու Կիրգիզիան: Վեհաժողովին մասնակից Ադրբեջանն էլ կրակում է Հայաստանի վրա, ինչպես երեւում է՝ Թուրքիայի աջակցությամբ: ՀԱՊԿ գոյություն չունի, ինչը մենք տեսնում ենք այժմ: Այդ կառույցը եթե անգամ երբեւէ եղել է իրականում, ապա այժմ այն փլված է այնպես, ինչպես Երեւանում ՀԱՊԿ ակադեմիա կառուցելու համար փլեցին ճարտարապետական արժեք ներկայացնող դպրոցը:

Թուրքիայի դերակատարումն իհարկե առանցքային է: Տարածաշրջանային հնարավոր պատերազմի հարցում շատ բան կախված է Թուրքիայի դիրքորոշումից, եւ եթե թուրքերը Ադրբեջանին տան ազդանշանը, պատերազմը կարող է եւ սկսել:

Այս օրերին ակտիվ է Սեյրան Օհանյանը: Հայաստանի դիվանագիտական տապալումները սրբագրելու գործը մնացել է բանակին, ինչպես դարպասապահը ֆուտբոլում, որը վերջին մարդն է եւ նրա վրա է մնում բոլորի սխալները: Հայաստանի բանակը ներկայում նմանվում է դարպասապահի, որին հարձակվողները, պաշտպաններն ու կիսապաշտպանները իրենց սխալների պատճառով թողել են մրցակցի դեմ մեն մենակ: Պարզապես մրցակիցը ոչ թե գնդակով է, այլ «գնդացրով»՝ այսինքն մինչեւ ատամները զինված:

Դիվանագիտական խայտառակ բացթողումների եւ սխալների, Ռուսաստանի առաջ համակարգային կապիտուլյացիայի հետեւանքով Երեւանն այսօր չունի դիմելու որեւէ տեղ, որտեղ կարող է գտնել դաշնակիցներ: Երեւանի ֆորմալ դաշնակիցներն այսօր ինտենիսվորեն զբաղված են Հայաստանի հանդեպ օղակը սեղմելով: Այդ թվում, եւ առաջին հերթին Ռուսաստանը: Արդեն կան նախանշաններ, կամ առնվազն ենթադրության հիմքեր, որ Մոսկվան մոտ է գլխավորին՝ պատերազմ սկսելու հարցում Թուրքիային ու Ադրբեջանին համոզելուն:

Այժմ ողջ հարցը մնացել է այն, թե արդյոք Արեւմուտքում ինչ որոշում կկայացնեն՝ կորոշեն աջակցել պատերազմին եւ փորձել շահել դրանով, թե այդուհանդերձ կհամարեն, որ պատերազմում շահելու շանսերը քիչ են, եւ պետք է դա թույլ չտալ: Ադ իմաստով, հավանաբար իրավիճակը հարաբերական անորոշության փուլում կլինի մինչեւ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը Քարդիֆում, որտեղ կայացված որոշումներից շատ բան պարզ կլինի, թե ինչ կարող է սպասել Կովկասին:

 

Դա շա՞նս է Հայաստանի համար: Գուցե: Բայց դա կախված է նրանից, թե Հայաստանն ինչ քայլերի ի վիճակի կլինի այդ ընթացքում: Այսինքն ի վիճակի կլինի՞ սուբյեկտության գոնե խուլ ազդանշաններ տալ առ այն, որ դեռ հնարավոր է տարածաշրջանային խաղաղություն ու կայունություն պահել հայկական գործոնի վրա:

Այդ տեսանկյունից, Հայաստանում ամեն ինչ կախված է երկու գործոնից՝ բանակ եւ հասարակություն: Եթե այդ երկու սուբյեկտների միջեւ ձեւավորվի անգամ ոչ ֆորմալ, ոչ ինչ որ ձեւով մարմնավորված, ինչ որ կառույցի կամ կառուցվածքի ձեւ ստացած, այլ ընդամենը մթնոլորտային այսպես ասած բարոյա-քաղաքական դաշինք, ապա խաղաղությունը փրկելու շանսը դառնում է իրական: Դրանք են մնացել տնտեսա-քաղաքական «էլիտաների» վաճառած մյուս բոլոր շանսերից հետո:

 

Աղբիւր՝ lragir.am

sdfsdfsdfsdfsdf