Պարույր Հայրիկյանի գնդակահարությունը

Category: Հրապարակումներ
Published on 19 May 2014
Print

Պետք է փաստել, որ անկախության անցած երկու տասնամյակներին Հայաստանում ընդամենը մեկ քաղաքական գործիչ կա՝ Պարույր Հայրիկյանը: Դա ժամանակին խոստովանել էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր ձայնը 1991 թ. նախագահի ընտրությանը տվել էր Հայրիկյանին:

Հայրիկյանն արդեն երկու տասնամյակ հավատարիմ է իր գաղափարներին ու սկզբունքներին եւ որեւէ գործարքների չի գնում դրանց հաշվին: Ներկայում նա փաստացի միակ գործիչն է, ով պայքարում է Հայաստանի գաղութացման ու ինքնիշխանության կորստի դեմ:

Կարելի է համաձայն չլինել Հայրիկյանի գաղափարների հետ, կարելի է քննադատել պայքարի նրա մեթոդները, սակայն անհնար է չհամաձայնվել վերը նշվածի հետ, հատկապես եթե համեմատենք այլ քաղաքական ուժերի ու գործիչների հետ:

Օրինակ, ներկայում շատերն ասում են, որ սակավամարդ ակցիաներով նա վարկաբեկում է Հայաստանի ինքնիշխանության համար պայքարը: Սակայն, Հայրիկյանն ի՞նչ մեղք ունի, որ Հայաստանում այդ խնդիրը հետաքրքրում է մի քանի տասնյակ մարդու: Իսկ եթե խնդիրը նրա անձն է, ապա ինչո՞ւ չկան այլ ակցիաներ:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի այսպես կոչված քաղաքական համակարգը: Ժամանակի ընթացքում քաղաքական կուսակցությունները վերածվեցին ցուցանակների, որոնց տակ Հայաստանում տեղի ունեցավ իշխանության ուզուրպացիան քրեա-օլիգարխիկ համակարգի կողմից: Երկրում ոչնչացվեցին իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմները, հաստատվեցին քաղաքական ու տնտեսական անօրինական քվոտաներ ու արտոնություններ: Կուսակցությունները վերածվեցին քրեա-օլիգարխիկ համակարգի սպասարկուների: 2012 թ. խորհրդարանի ընտրությունն այս գործընթացի գագաթնակետն էր, երբ «համակարգային» կուսակցությունները լայն պայմանավորվածության արդյունքում մտան Ազգային ժողով:

ՀՀԿ-ն դարձել է քրեա-օլիգարխիայի ցուցանակ ու ակումբ, որն ունի «բացարձակ մեծամասնություն»: Համակարգի մյուս ցուցանակը՝ ԲՀԿ-ն սպասարկում է իր առաջնորդի եւ նրա մերձավորների անձնական շահերը, այդպիսով կանգնելով «ժողովրդի կողքին»: Դաշնակցությունը կողմ ըլլալով դեմ կըլլա, եւ հակառակը, նայած որ կողմից են մատուցելու նրա բաժինը: Կոնգրեսը ԲՀԿ-ի դռնապանն է, որի գործառույթն այն է, որ արդարացնի նրա գործողություններն ու նրան հռչակի ընդդիմություն: Ժառանգությունն ամորֆ ու անորոշ ինչ որ միավոր է, որն առեւտրի մեջ է բոլորի հետ:

Ի՞նչ է ուզում այս համակարգը: Պահպանել իշխանության ուզուրպացիայի մեխանիզմները եւ տեղ ունենալ կերակրատաշտի մոտ, սպասարկելով քրեա-օլիգարխիայի շահերը: Հանուն դրա, համակարգը գնաց երկրի ինքնիշխանությունը հանձնելու ամոթալի գործարքին, իր դիրքերը պաշտպանելու համար: Եւ հիմա էլ ձեռնամուխ է եղել արտաքին հովանավորի շահերի իրացմանը: Սա քաղաքագիտության մեջ կոչվում է կոլաբորացիոնիզմ:

Ոչ ոք չբողոքեց ինքնիշխանությունը հանձնելու դեմ, բոլորը ողջունեցին այն: Միով բանիվ, տեղի ունեցավ Հայաստանի պետականության դեմ ուղղված խմբակային հանցագործություն, ծանրացուցիչ հանգամանքներում:

Մնացյալ ամեն ինչ, որի մասին խոսում են հոգնած ու անարտահայտիչ դեմքերով առաջնորդները, ընդամենը դեմագոգիա է, միակ բանը, որին կատարելապես տիրապետում է «հայաստանածին քաղաքական դաշտը»:

Ինչո՞ւ է դեմագոգիա: Մի պարզ պատճառով, որովհետեւ հնարավոր չէ լուծել որեւէ հիմնախնդիր, եթե երկիրն ինքնիշխան չէ:

Հայաստանում ներկայում քաղաքականության իմաստն ինքնիշխանության, հայ ժողովրդի ազգային արժանապատվության վերականգնումն է: Եթե որեւէ քաղաքական ուժ այս նպատակները չի դնում իր առաջ եւ փորձում է զանազան պատրվակներով խուսափել դրանից, դա արդեն քաղաքական ուժ չէ, այլ նեղ մոտիվացիաներ ունեցող խմբավորում:

Երեւի զուր չէ, որ նախագահի 2013 թ. ընտրությանը կրակեցին հենց Պարույր Հայրիկյանի վրա:

 

Հեղինակ՝ ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ

Աղբիւր՝ lragir.am

sdfsdfsdfsdfsdf