«Ցեղասպանությունը ռուս-թուրքական դավադրության հետևանք էր». Պարույր Հայրիկյանl (Լուսանկարներ)

Category: Հրապարակումներ
Published on 24 April 2014
Print

«Ցեղասպանության հետևանքով Հայաստանին, հայ ժողովրդին պատկանող միջազգայնորեն ճանաչված տարածքների 80 տոկոսը բռնազավթված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Էլի եմ ասում՝ խոսքը միջազգայնորեն ճանաչված տարածքների մասին է»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ պետականության ստեղծումից հետո մեր մեծագույն խնդիրը Ցեղասպանության հետևանքների վերացումն է: Նա ընդգծեց, որ Ցեղասպանության մասին խոսելիս պետք է անպայման  խոսել նաև դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: Ըստ նրա՝ Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում պետք է խոսի, որ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքների միայն 20 տոկոսն է այսօր  Հայաստամնում և Թուրքիային բարեկամաբար առաջարկի նվազագույնի հասցնել Ցեղասպանության հետևանքները:

«Ցեղասպանություն, որպես կանոն, իրականացնում են բռնատիրական իշխանությունները, դրանք լինում են նաև կայսրություններ: Սա ռուս-թուրքական դավադրության հետևանք էր: ԵՄ ընդունած բանաձևում Ցեղասպանության  ժամանակային հատվածը նշված է որպես 1915-1923 թթ., ոչ թե միայն 1915թ., ինչպես ասում են սակավամիտ հայերը: 1915-23թթ. Մենք կորցրինք ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը»,- ընդգծեց  Հայրիկյանը, ով Ծիծեռնակաբերդ էր բարձրացել մեր եռագույն և Եվրամիության դրոշներով: «Եթե նկատեցիք՝ ԵՄ դրոշների վրա սև երիզներ կան: ԵՄ-ն այսօր մեծագույն կառույցն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, դատապարտել այն և խոսել ոչ միայն Թուրքիայի, այլև Սովետական Հայաստանի մասին: Դա մոռանալ չի կարելի: Մենք եվրոպական արժեհամակարգին հետևող ժողովուրդ ենք՝ անկախ նրանից, թե օրվա իշխանություններն ինչ կանեն»,- ասաց նա:

PressIdent.am-ի հարցին՝ ո՞րն է մեր երկրի ամենամեծ բացթողումը, որի պատճառով 100 ամյակի նախաշեմին աշխարհը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը, նա պատասխանեց. «Ամբողջ աշխարհի ճանաչելն ինձ չի հետաքրքրում: Բավարար չափով ցեղասպանությունը ճանաչված է: Մեծագույն բացթողումն այն է, որ Հայաստանի իշխանությունները՝ առաջին, երկրորդ, երրորդ, իրենց համարժեք չպահեցին: Չնայած անկախության հռչակագրում նշվեց Ցեղասպանության մասին, միջազգային ատյաններում Հայաստանը երբեք չներկայացավ որպես ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավաժառանգորդ»:

 

Ամալյա Հովհաննիսյան



Աղբիւր՝ pressident.am

sdfsdfsdfsdfsdf