Մոսկվան սպառնացել է հայ «էքստրեմիստներին»

Category: Հրապարակումներ
Published on 23 April 2014
Print

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Եկատերինբուրգում տեղի ունեցած Եվրասիական երիտասարդական ֆորումի մասնակիցների առաջ գնահատել է Ուկրաինայի զարգացումների վտանգը ՀԱՊԿ երկրների համար: Բորդյուժան հայտարարել է, որ ուկրաինական իրադարձությունները սպառնում են «էքստրեմիզմի տարածմամբ դեպի ՀԱՊԿ երկրներ»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հետեւանքն է Ուկրաինան ԱՊՀ-ից կտրելու տարիների փորձերի եւ անվտանգության հարցերը «կոլեկտիվ լուծելու հնարավորությունից» խուսափելու Ուկրաինայի քաղաքականության:

Ռուսաստանը բացում է բոլոր խաղաքարտերը եւ բացեիբաց հայտարարում, թե ինչ է սպառնում նրանց, ովքեր կհամարձակվեն դուրս գալ ռուսական կայսրության տիրապետությունից: «Էքստրեմիզմի» տարածման մասին Բորդյուժայի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սպառնալիք բոլոր այն պետություններին, որոնք կհամարձակվեն պայքարել ինքնիշխանության համար: Մոսկվայի ենթակայության տակ չլինելու որեւէ քայլ կդիտարկվի որպես «էքստրեմիզմ»՝ ծայրահեղականություն, որն էլ կպատժվի պատերազմով, ինչպես Ուկրաինայում:

Ահա թե ինչ է ասում Բորդյուժան, ով դեռեւս ամիսներ առաջ հոդված էր հրապարակել «գունավոր հեղափոխությունների» մասին եւ նախանշել, որ դրանք սպառնալիք են ՀԱՊԿ անվտանգությանը: Ընդ որում, հատկանշական է, որ այն թեզերը, որ այդ հոդվածում հրապարակել էր Բորդյուժան, ներկայում կրկնում են հայաստանյան որոշ գործիչներ, հայտարարելով, թե «գիշատիչ Արեւմուտքը երիտասարդներին սովորեցնում է չլսել մեծերին եւ ամեն ինչից վեր դասել ազատությունը»:

Ինքնիշխանությունը հասցված է թիվ մեկ մարտահրավերի կարգավիճակի, ինչը միանգամայն բնական է, երբ դրված է ռուսական կայսրության վերականգնման խնդիր՝ լինի դա ԽՍՀՄ տեսքով, թե որեւէ այլ խառնածնի: Ի վերջո, հիշողության մեջ թարմ են Պուտինի խոսքերը, որ ԽՍՀՄ-ը դա Ռուսաստանն էր, այլ անունով, բայց Ռուսաստանը: Հետեւաբար, Պուտինը վերականգնում է Ռուսաստանը, եւ օրինաչափ է դառնում, որ նախկին ԽՍՀՄ տարածքում անկախության, ինքնիշխանության որեւէ միտք հանդիսանում է «էքստրեմիզմ»:

Բնական է, որ բոլոր թույլ օղակներում Ռուսաստանն անհապաղ փորձելու է վերականգնել ԽՍՀՄ-Ռուսաստանը: Իսկ Հայաստանն ակնհայտորեն թույլ օղակն է: Եվ թույլ է թե սոցիալ-տնտեսական առումով, եւ թե պարզապես քաղաքական իշխող ու չիշխող «էլիտաների» որակի, տեսակի ու մտածողության, աշխարհայացքի եւ աշխարհընկալման: Պատահական չէ, որ հենց այդ «էլիտաներն» են Հայաստանը անկախության 23 տարիների ընթացքում քայլ առ քայլ, միմյանց փոխարինելով եւ փոխլրացնելով հասցրել մի վիճակի, երբ Հայաստանը կրկին կանգնած է մի իրողության առաջ, որ անկախության եւ արժանապատվության համար պայքարը գնահատվում է իբրեւ «էքստրեմիզմ»:

Առայժմ անորոշ է միայն, թե ինչն է Ռուսաստանին հիմք տվել անցնել բացահայտ սպառնալիքների ու շանտաժի՝ ինքնավստահությո՞ւնը, թե պարզապես հոգեվարքի զգացողությունը, երբ օրեցօր պարզ է դառնում, որ կայսերական հավակնությունները բուտաֆորիա են, հիմք եւ հեռանկար չունեն, ու մնացել է պարզապես ահաբեկելու տարբերակը. ով վախեցավ՝ վախեցավ:

 

Աղբիւր՝ lragir.am

sdfsdfsdfsdfsdf