Ըստ Հայրիկյանի՝ «թեթեւսոլիկներն են պահանջել կառավարության հրաժարականը»

Category: Հրապարակումներ
Published on 09 April 2014
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ, Հայաստանում խորհրդարանական միատարր մեծամասնության պայմաններում ներկա ներքաղաքական իրավիճակում վարչապետի փոփոխությունից ակնկալիքներ ունեցողին պետք է մաղթել քաղաքագիտական նվազագույն գիտելիքների ձեռքբերում:

«Վարչապետի փոփոխությամբ Հայաստանում որեւէ բան չի փոխվի: Վարչապետի փոփոխություն տեղի ունեցավ ռուսական ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում նույնպես: Սրանից կարելի է հետեւություն անել, որ բոլոր դեպքերում եղել է արտաքին ազդեցություն»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:

Նա խորհուրդ տվեց չոգեշնչվել վարչական կադրային փոփոխությամբ.«Հայաստանին պետք են փոփոխություններ, բայց վարչապետի եւ կառավարության փոփոխությունը անպտուղ գործ է, եւ դրա հետ կապված ընդդիմադիրների ճիգերը ոչ այլ ինչ են, քան հանրության ուշադրությունը կարեւոր հարցերից շեղելու եւ խորհրդարանում ոչ իրենց մեղքով անարդյունավետ ներկայությունը արդարացնելու փորձ»:

Նրա խոսքով, մինչեւ վարչապետի հրաժարականը, թեթեւսոլիկներն ասում էին, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ լուրջ մարդիկ ասում էին՝ եկեք պայքարենք ՄՄ-ի դեմ:

Հարցին՝ ինչպես պետք է պայքարել ՄՄ-ի դեմ, եթե արդեն խոսվում է՝ մայիսին Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու մասին կհայտարարի, ասաց. «Ինչպես եմ պայքարել կոմունիստական կայսրության դեմ, հրապարակում հինգ հոգի կողքիս կանգնում են, երբ հենց այնպես դուրս եմ գալիս»:

Վերջում էլ առաջարկեց բոլոր հասարակական, քաղաքական ուժերին միասնական ճակատ կազմել՝ հանուն Հայաստանի փրկության:

 

Աղբիւր՝ Aravot.am

sdfsdfsdfsdfsdf