Հայաստանը կարող է հրաժարվել Մաքսային միությունից

Category: Հրապարակումներ
Published on 09 March 2014
Print

Մարտի 1-ի ՀԱԿ կուսակցության հանրահավաքի ազդեցության տակ՝ ներքին, ուկրաինական իրադարձությունների ֆոնին՝ աշխարհում տեղի ունեցող բուռն գործընթացների համատեքստում Հայաստանում գրեթե ուշադրության չարժանացավ մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի՝ «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցը, որն առնվազն մի քանի կարևորագույն ուղերձներ է պարունակում:

Դեսպանի հարցազրույցի տողատակերում արտահայտված մտքերը հիմք են տալիս ենթադրելու, որ առաջիկայում Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ-ը բավական լուրջ ծրագրեր ունի, որոնք, թերևս, գալիս են հերքելու տարածված այն կարծիքը, թե Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո Արևմուտքը կորցրել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը: Եթե անգամ այդ կարծիքը կարող է տեղին համարվել Եվրոպայի պարագայում, ապա թերևս նույնքան հիմնավոր կարելի է համարել տեսակետը, որ ԱՄՆ-ը՝ Եվրոպայի հետ ու ԵՄ-ի միջոցով կամ առանց նրա, սեպտեմբերի 3-ից հետո ոչ միայն չի վերանայել Հայաստանի հետ կապված ծրագրերը, այլև ավելի ինտենսիվ է դարձրել գործողությունները:

Այս պահին կարող է տարօրինակ ու անհավանական թվալ, սակայն, ըստ ամենայնի, չպետք է բացառել, որ ԱՄՆ-ը մտածում է նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կանխելու, կամ, եթե դա տեղի չունենա, տարածաշրջանում այնպիսի փոփոխություններ արձանագրելու մասին, որոնք՝ անգամ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, անիմաստ կդարձնեն ոչ միայն այդ անդամակցությունը, այլ ընդհանրապես Հայաստանում ու Հայաստանի միջոցով Հարավային Կովկասում Ռուսաստանի ունեցած ազդեցությունը: Նշված բոլոր ենթադրությունների հիմքերն առկա են Ջոն Հեֆերնի հարցազրույցում:

Քերիի այցից առա՞ջ, թե՞ հետո

Նախ՝ մեր լրատվական ու քաղաքական դաշտում դեսպանի հարցազրույցի՝ որոշակի արձագանքի արժանացած հատվածը վերաբերում էր այն տեղեկությանը, որ այս տարեվերջին Հայաստան կարող է այցելել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Երկկողմ հարաբերությունների մասին, դիվանագիտական առումով, թերևս, կարելի է դատել բարձրաստիճան փոխայցերի մակարդակին նայելով: Նախկին պետքարտուղար Քլինթոնը երկու անգամ է այցելել Հայաստան. մինչ այդ տասնութ տարի որևէ պետքարտուղար Հայաստան չէր եկել: Անցյալ տարվա վերջին, երբ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, նա ցանկություն ունեցավ Հայաստան այցելելու, և հուսով ենք, որ նա կայցելի Հայաստան այս տարվա վերջին»,- ասել է Ջ. Հեֆերնը: Հիշեցնենք, Քլինթոնն առաջին անգամ Հայաստան է այցելել 2010 թ. հուլիսին, երբ Հայաստանում դեռևս հաղթահարված չէին 2008 թվականի նախագահական ընտրությունների և Մարտի 1-ի հետևանքները: Այն ժամանակ Քլինթոնի այցը փորձագետների կողմից գնահատվում էր՝ որպես արևմտամետ արտաքին քաղաքականություն իրականացնող Սերժ Սարգսյանին աջակցություն հայտնելու և այդ կուրսին խոչընդոտող գործոնները վերացնելուն ուղղված քայլ:

Քլինթոնի երկրորդ և վերջին այցը 2012 թ. հունիսին էր: Դրանք այն ժամանակներն էին, երբ Հայաստանը դեպի Եվրամիություն էր սլանում ավելի քառատրոփ արագությամբ, քան հիմա՝ դեպի Մաքսային միություն: Քլինթոնի այդ այցն էլ դիտորդների կողմից գնահատվեց՝ որպես ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ուղղված քաղաքականության հարցում Սերժ Սարգսյանին ուղղված քաջալերանք և աջակցություն:

Թե ինչ եղավ հետո՝ հայտնի է բոլորին: 2013 թ. սեպտեմբերի 3-ին հայտարարվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասին: Ուշադրություն դարձրեք՝ Քերիի այցը, որի մասին խոսել է Հեֆերնը, նախատեսված է այս տարվա վերջին: Եթե Հայաստանն այդ ժամանակ անդամակցած լինի Մաքսային միությանը, ապա ԱՄՆ պետքարտուղարի այցն, ըստ էության, անիմաստ կլինի և հազիվ թե կայանա: Համենայնդեպս, թեև ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցությանը շատ լոյալ է ու չեզոք, սակայն փորձագիտական ու քաղաքական խողովակներով ամերիկյան կողմը բազմիցս է հնչեցրել այն գնահատականը, որ Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանը կորցնելու է ինքնիշխանությունը, և առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության հարցում որոշումներ կայացնելու մանդատը փոխանցելու է Մոսկվային: Հետևաբար, եթե տարեվերջին Հայաստանն անդամակցած լինի Մաքսային միությանը, ապա Քերիի այցը բովանդակազուրկ կլինի:

ԱՄՆ պետքարտուղարը որևէ երկիր է այցելում ոչ թե սոցիալական իրադրությունը կամ շրջակա միջավայրի պաշտպանության, այլ բացառապես արտաքին քաղաքական հարցեր քննարկելու համար: Իսկ Հայաստանի՝ ՄՄ անդամ լինելու դեպքում այդ հարցերն ԱՄՆ պետքարտուղարը կքննարկի Վլադիմիր Պուտինի կամ, լավագույն դեպքում, Սերգեյ Լավրովի հետ: Հետևաբար՝ եթե այսօր հայտարարվում է տարեվերջին Քերիի այցի մասին, ապա առնվազն չպետք է բացառել, որ ամերիկյան դիվանագիտությունը հաշվարկում է՝ Հայաստանն այդ ժամանակ չի լինի Մաքսային միության անդամ՝ կամ Հայաստանի անդամակցության գործընթացի կասեցման, կամ ընդհանրապես Մաքսային միության չկայացման պատճառով:

Ուշագրավ է նաև Ջոն Հեֆերնի մեկ այլ արտահայտություն, որով նա ցանկացել է ընդգծել հայ-ամերիկյան հարաբերությունների խորությունը, որոնք, ըստ նրա, արտահայտվում են ոչ միայն բարձրաստիճան այցերով: «…հարաբերությունների բովանդակային կողմն ավելի կարևոր է, քան բարձրաստիճան այցերը: Անցյալ տարվա վերջին արդյունավետ երկկողմ ձևաչափով աշխատանքային քննարկում ունեցանք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների վերաբերյալ: Դեկտեմբերին մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Այդ ամենն ուղղված է մեր համագործակցությանը թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության ոլորտում: Անվտանգության ոլորտում մենք ևս ամուր համագործակցություն ունենք, ՆԱՏՕ-ն ամուր համագործակցություն ունի Հայաստանի հետ, և դա շատ կարևոր է»:

Հայաստանի՝ ՄՄ անդամ դառնալու դեպքում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդհանրապես կարող են կասկածի տակ հայտնվել, քանի որ ռուսական քաղաքական շրջանակներն, առանց ավելորդ ձևականությունների, հասկացնում են, որ ՌԴ-ի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների անգամ այսօրվա մակարդակը, որն արտահայտվում է Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ ծրագրերում ներգրավվածությամբ: Հետևաբար՝ ԱՄՆ դեսպանի կողմից ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին հիշատակումն այս համատեքստում դժվար է համարել դիվանագիտական հերթապահ հայտարարություն:

Թերևս չպետք է պատահականություն համարել նաև այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունից հետո խոսեց ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանն անցում կատարելու, ասել է թե՝ մաքսային ու եվրասիական նախագծերում Հայաստանի ներգրավվածությունն էլ ավելի արագացնելու մասին: Քաղաքականության, հատկապես մեծ քաղաքականության մեջ նման պատահականություններ ու զուգադիպություններ չեն լինում:

Ռուսաստանը կհեռանա՞ Հարավային Կովկասից

Ջոն Հեֆերնի հարցազրույցի մյուս՝ նույնքան կարևոր ուղերձը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին և որոշակի հիմք է տալիս ենթադրելու, որ կամ այս տարեվերջին, կամ առնվազն հաջորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, հայ-թուրքական սահմանը կարող է բացված լինել: «Պետքարտուղար Քերին պաշտպանում է տարածաշրջանային հարցեր, ցանկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում, և այցը, բնականաբար, կլինի տարածաշրջանային,- ասում է Ջոն Հեֆերնը, ով խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, նաև նշում է,- Այդ արձանագրություններում որևէ նախապայմաններ չկան Հայաստանի, Թուրքիայի կամ որևէ երրորդ երկրի հետ կապված, և մենք շարունակում ենք հորդորել, որ երկրները վավերացնեն արձանագրություններն՝ առանց նախապայմանների: Մենք հարգում ենք Հայաստանին, որ արձանագրությունները դեռ պահպանվում են խորհրդարանում և հետ կանչված չեն: Հայաստանի համբերությունը գնահատվում է, չորս տարի է անցել, բայց Հայաստանի խորհրդարանը դեռ պահպանում է այդ արձանագրությունները:

Մեկ նկատառում ունեմ: Պետքարտուղար Քերիի աշխատանքի ընթացքում հասկացել եմ, որ «ստատուս-քվոյի» դրությունը նրան չի գոհացնում, և նա հավատացած է, որ ոչ մի հակամարտություն այնքան բարդ չէ, որ հնարավոր չլինի լուծում գտնել: Նա անձամբ զբաղվում է արտաքին քաղաքականության երկու ամենակարևոր հարցերով` Իրանի միջուկային ծրագրի և Միջին Արևելքի խաղաղության գործընթացի ու պաղեստինյան ճգնաժամի խնդիրներով»: Այսինքն՝ հայ-թուրքական սահմանի բացումն ԱՄՆ-ը շաղկապում է ավելի լայն տարածաշրջանային զարգացումների՝ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման հետ, ինչի հնարավորությունները սկսում են տեսանելի դառնալ:

Եվս մեկ ուշագրավ ձևակերպում դեսպանի հարցազրույցում: Պատասխանելով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ հնչող ամենամյա ուղերձներում «ցեղասպանություն» բառի բացակայության մասին հարցին, Ջոն Հեֆերնն ասում է. «Իր նախագահության օրոք արված բոլոր հայտարարություններում Օբաման փաստերը չի ժխտել: Դրանք շատ հստակ են` մեկուկես միլիոն տեղահանված հայեր, ովքեր ջարդերի են ենթարկվել, քսաներորդ դարի վատթարագույն ողբերգություններից մեկը, և այլն: Փաստերն ընդունվում են և դատապարտվում: Թե ինչպիսի տեսք կունենա հայտարարությունը հաջորդ տարի, ես չեմ կարող կանխորոշել, քանի որ հայտարարության տեքստի որոշումը կայացվում է Վաշինգտոնում»:

Այսինքն՝ դեսպանն ակնարկում է, որ, եթե ոչ՝ այս տարի, ապա 2015 թվականին ԱՄՆ նախագահի ուղերձում կարող է օգտագործվել «ցեղասպանություն» բառը, իմա՝ ԱՄՆ-ը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա կարելի է համարել նաև Հայաստանի իշխանությանն անուղղակիորեն արվող առաջարկ՝ Մաքսային միությանն անդամակցությունից հետ կանգնելու, ռուսական ազդեցությունից դուրս գալու դիմաց:

Ընդ որում, ակնհայտ է, որ այս երկու զարգացումները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը և ռուսական ազդեցությունից դուրս գալու հեռանկարը փոխկապակցված և փոխպայմանավորող են:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից ու սահմանի բացումից հետո ինքնաբերաբար վերանայվելու է Հայաստանում ռուսական ներկայության «հիմնավորումը» ինչպես՝ քաղաքական հարթությունում, այնպես էլ՝ հասարակական մտածողության, հանրային հոգեբանության մեջ: Եթե սրան ավելացնենք Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ դեսպանի՝ վերը նշված ընդգծումը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը, ինչին ևս իր հարցազրույցում անդրադարձել է Ջոն Հեֆերնը՝ դա ներկայացնելով որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության համար կարևոր խնդիր, պատկերն ավելի ամբողջական կդառնա:

2014-2015 թվականները Հայաստանի համար կարող են բեկումնային տարիներ լինել: Անկախ Հայաստանի իշխանությունների ու քաղաքական ուժերի կամքից ու նախաձեռնողականությունից:

Հարցն այն է՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունն ու կուսակցությունները, քաղաքական համակարգն, ընդհանուր առմամբ, կկարողանան ցուցաբերել բավարար ճկունություն և իմունիտետ՝ փոփոխությունների ալիքը Հայաստանի շահերին ծառայեցնելու և հերթական, բայց սկզբունքային աշխարհաքաղաքական մակընթացությունից հաղթանակած դուրս գալու համար: Խոսքը, հասկանալիորեն, բարոյական հաղթանակի մասին չէ:

Գառնիկ Գևորգյան

 

Աղբիւր՝ 168.am

sdfsdfsdfsdfsdf