«Կանգնիր, թե չէ կկրակեմ»

Category: Հրապարակումներ
Published on 25 February 2014
Print
Ռուսաստանի դաշնային Ռեգնում գործակալությունը հանդես է եկել աննախադեպ կոչով: Գործակալությունը հայկական «իրավապահ կառույցներին» կոչ է անում «օպերատիվ արձագանքել» հայկական մամուլի այն հրապարակումներին, որոնք գրում են հայ-ռուսական հարաբերությունների բացասական կողմերի մասին (ըստ Regnum-ի՝ հակառուսական հրապարակումներ):

Ինչո՞ւ է ռուսական դաշնային գործակալությունը որոշել նման կոչ անել հենց ներկայում: Եւ դա ի՞նչ ռազմավարական հարաբերություն է, եթե այն կարելի է սասանել մեկ-երկու ճիշտ դրված հարցադրումներով: Արդյոք գործակալությունը եւ նրա դաշնային իշխանությունն ունեն այս հարցերի պատասխանները, որոնք դնում են հայ լրագրողները՝ կապված Ռուսաստանի կայսերական քաղաքականության հետ:

Անկախ Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր են փակել օտարերկրյա այն գործակալության մուտքը, որը պարբերաբար, անթաքույց միջամտում է Հայաստանի ներքին գործերին եւ ռեպրեսիաներ առաջարկում մի պետության, որի Սահմանադրության մեջ ամրագրված է խոսքի ազատությունը:

Ռուսաստանում վերջին շրջանում աճում են ռեպրեսիաները ԶԼՄ-ների հանդեպ: Խորհրդային տիպի ագիտացիոն-քարոզչական հարթակների ստեղծումն ուղեկցվում է փոքրաթիվ ազատ ԶԼՄ-ների վրա ճնշումներով: Ինչ ասես արժե միայն Դոժդ հեռուստաընկերության դեպքը: Երեւում է, Կրեմլին դուր չի գալիս, որ հետխորհրդային երկրներում մամուլը զարգանում է ոչ խորհրդային ոճով, եւ Մոսկվան շտապում է ռեպրեսիաներն արտահանել նաեւ Հայաստան:

Հայաստանի դիվանագիտական ու իրավապահ մարմինները ոչ մի կերպ չարձագանքեցին, երբ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հռչակվեց ֆորպոստ, էքսկլավ, երբ հայկական ազգանունով ռուսաստանցի քաղաքագետ Կուրղինյանը Երեւանում հայտարարեց, որ Հայաստանին անկախություն պետք չէ:

Փոխարենը, հայ իրավապահները արդեն 4 ամիս փակի տակ են պահում Շանթ Հարությունյանին, ով հանդես է գալիս երկրի ինքնիշխանության եւ Ռուսաստանի կայսերական թելանդրանքից դուրս գալու օգտին:

Պարույր Հայրիկյանն իր դեմ մահափորձի մեջ մեղադրում է ռուսական իմպերիալիզմին ու ԿԳԲ-ին, հայտարարելով, որ կայսրությունը կանգ չի առնում ոչնչի առջեւ, երբ սպառնալիք է զգում: Ի՞նչ սպառնալիք է տեսնում Կրեմլը տոտալ հնազանդ Հայաստանում: Եւ արդյոք Regnum-ի կոչը չի հնչում որպես «Կանգնիր, կկրակեմ» (ովքեր ծառայել են խորհրդային բանակում, գիտեն սա ինչ է):

Նշենք, որ Regnum-ի գլխավոր խմբագրի անունը Վիգեն Հակոբյան է, որը ժամանակին գանգատվում էր, որ հաճախ իր ստորագրությամբ նյութեր են հրապարակվում, որոնց հետ ինքը հաճախ համաձայն չէ:

 

Աղբիւր՝ lragir.am

sdfsdfsdfsdfsdf